Գլխավոր տեղեկություն
Համար
N 1273-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.11.2003-21.09.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.29/53(288) Հոդ.1008
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.09.2013

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հոկտեմբերի 2003 թվականի N 1273-Ն

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ԵՎ ՍԱՂՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին և 14րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 13
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 2-ի N 1273-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  ՈՒ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ԵՎ ՍԱՂՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

l. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են վերարտադրողականության դոնորի (այսուհետ՝ դոնոր), ինչպես նաև դոնոր չհանդիսացող քաղաքացու (այսուհետ՝ քաղաքացի) կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները:

2. Սեռաբջիջները (սպերմատոզոիդներ ու ձվաբջիջներ) և սաղմն ստացվում ու դրանք պահպանվում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման նպատակով:

3. Սեռաբջիջների ու սաղմի ստացման, դրանց պահպանման ու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մասին տվյալները համարվում են բժշկական գաղտնիք, և դրանց հետ կապված բոլոր փաստաթղթերը պահվում են չհրկիզվող պահարանում:

4. Սեռաբջիջների և սաղմի ստացման ու պահպանման, ինչպես նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված բժշկական ծառայությունները մատուցում են այն առողջապահական հաստատությունները, որոնք օրենքով սահմանված կարգով ունեն բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակով զբաղվելու լիցենզիա, ինչպես նաև պահպանում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման համար օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված պայմանները:

5. Քաղաքացու կողմից պահպանման տրված, չիրացված կամ ժամկետանց սեռաբջիջների և սաղմի ոչնչացման (թափոնման) փաստը գրանցվում է բժշկական փաստաթղթերում, գրավոր հավաստվում քաղաքացու կամ նրա ներկայացուցչի կողմից, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ բուժանձնակազմի կազմած արձանագրությամբ:

 

II. ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ (ՍՊԵՐՄԱՏՈԶՈԻԴՆԵՐ ԵՎ ՁՎԱԲՋԻՋՆԵՐ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Սեռաբջիջները (սպերմատոզոիդներ և ձվաբջիջներ) առողջապահական հաստատությանը տրամադրվում են՝

ա) դոնորների կողմից` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ժամանակ դոնորության կազմակերպման նպատակով.

բ) այն քաղաքացիների կողմից, ովքեր գտնվում են կյանքը վտանգող իրավիճակում կամ ենթարկվում են սերնդարարման ունակությունը կորցնելու ռիսկի (առողջության համար վտանգ ներկայացնող մասնագիտական գործունեություն, զինվորական պարտականությունների կատարում, ինչպես նաև այլ բժշկասոցիալական ցուցումներ)` պահպանման նպատակով:

7. Դոնորն իր բեղմնունակ սերմը կամ ձվաբջիջը տրամադրելու համար կարող է ստանալ դրամական հատուցում` համապատասխան առողջապահական հաստատության կամ սեռաբջիջն օգտագործող անձի կամ անձանց կողմից` նախապես կնքված և սահմանված կարգով վավերացված պայմանագրի համաձայն:

8. Քաղաքացիների և առողջապահական հաստատության միջև սեռաբջիջների տրամադրման ու պահպանման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրով, որով պետք է սահմանվեն պայմանագրի կողմերը, նրանց իրավունքները և պարտականությունները, սեռաբջջի ու սաղմի պահպանման ժամկետը, տնօրինման իրավունքը, ինչպես նաև, կողմերի համաձայնությամբ, այլ պայմաններ։

9. Սպերմատոզոիդների (սերմի) դոնոր կարող են դառնալ 18-35 տարեկան բեղմնունակ սերմ ունեցող տղամարդիկ, ովքեր կամավորության սկզբունքով ենթարկվում են բժշկագենետիկական հետազոտման, և արդյունքում ժխտվում են դոնոր լինելու բժշկական հակացուցումները:

10. Դոնորը, որը համաձայնվում է կանոնավորապես հանձնել սերմ, կոչվում է ակտիվ դոնոր: Ակտիվ դոնորությունը թույլատրվում է 5 տարվանից ոչ ավելի, իսկ սերմի հանձնումը՝ ամսական 5 անգամվանից ոչ ավելի։

11. Ձվաբջիջների դոնոր կարող են դառնալ 18-35 տարեկան, կանոնավոր դաշտանային ֆունկցիա ունեցող կանայք, ովքեր կամավորության սկզբունքով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտման, և արդյունքում ժխտվում են դոնոր լինելու բժշկական հակացուցումները:

12. Պահպանման նպատակով սեռաբջիջներ կարող են տրամադրել այն քաղաքացիները, որոնց տարիքը մեծ է 18-ից, ունեն բեղմնունակ սեռաբջիջներ և չեն տառապում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով:

13. Դոնորները պետք է ենթարկվեն հետազոտման՝ համաձայն սույն կարգի ու պայմանների 13.1-ին և 13.2-րդ կետերի պահանջների:

13.1. Սերմի դոնորների հետազոտման համար անհրաժեշտ է իրականացնել`

ա) սերմի հետազոտում և բեղմնունակության (պիտանիության) գնահատում:

Սերմը համարվում է պահպանման և հետագա արհեստական սերմնավորման նպատակով օգտագործման համար պիտանի, եթե սերմի ծավալը 4 և ավելի միլիլիտր է, մեկ միլիլիտր սերմում առկա է առնվազն 60 միլիոն սպերմատոզոիդ, որոնց 60 և ավելի տոկոսը կատարում են ակտիվ-համընթաց շարժումներ, և ախտաբանական ձևերը չեն գերազանցում 20 տոկոսը: Հետազոտումն իրականացվում է սերմի յուրաքանչյուր հանձնման դեպքում.

բ) զննում` թերապևտի, ուրոլոգի, անդրոլոգի կողմից, անհրաժեշտության դեպքում` այլ մասնագետների ներգրավմամբ` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.

գ) արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշում` միանվագ.

դ) հոգեթերապևտի կողմից զննում և բժշկագենետիկական հետազոտություն՝ միանվագ.

ե) սերմնահեղուկի մանրէադիտակային հետազոտություն և մանրէաբանական ցանքս` յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ.

զ) սեռավարակների, այդ թվում՝ մարդու իմունային անբավարարության վիրուսակրության, հեպատիտ Բ-ի և սիֆիլիսի հայտնաբերման նպատակով հետազոտություն՝ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:

13.2. Ձվաբջջի դոնորների հետազոտման համար անհրաժեշտ է իրականացնել`

ա) զննում` թերապևտի, գինեկոլոգի, ուրոլոգի կողմից, անհրաժեշտության դեպքում` այլ մասնագետների ներգրավմամբ՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.

բ) լաբորատոր հետազոտություն` արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշում՝ միանվագ.

գ) հեշտոցի քսուքի մանրէադիտակային հետազոտություն և մանրէաբանական ցանքս՝ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ.

դ) սեռավարակների, այդ թվում՝ իմունային անբավարարության վիրուսակրության, հեպատիտ Բ-ի և սիֆիլիսի հայտնաբերման նպատակով հետազոտություն՝ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ.

ե) ձվազատման հետազոտության ապահովում՝ ֆունկցիոնալ ախտորոշման թեստերով և էխոսկոպիկ ֆոլիկուլոմետրիայի միջոցով` առնվազն 3 դաշտանային պարբերաշրջանի ընթացքում.

զ) զննում` հոգեթերապևտի կողմից, և բժշկագենետիկական հետազոտություն՝ միանվագ.

է) ներքին սեռական օրգանների վիճակի գնահատում` հետազոտման ժամանակակից մեթոդների օգնությամբ, արգանդի խոռոչի պարունակության արտածծում` հետագա ախտահյուսվածքաբանական քննությամբ, լապարոսկոպիա, հիստերոսկոպիա՝ միանվագ.

ը) նախքան ձվաբջջի հանձնումը գնահատվում է հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարանային համակարգի ֆունկցիոնալ վիճակը՝ համապատասխան հորմոնային հետազոտությունների միջոցով (ֆոլիկուլոխթանող հորմոն, լյուտենիզացնող հորմոն, պրոլակտին, էստրադիոլ):

14. Հետազոտումից ստացված դրական արդյունքների հիման վրա տղամարդը կամ կինը կարող է ընտրվել որպես դոնոր` նրա պաշտոնական գրավոր համաձայնության դեպքում:

15. Քաղաքացիների կողմից պահպանման նպատակով առողջապահական հաստատություններին սեռաբջիջների տրամադրման դեպքում համապատասխանաբար ապահովվում է սույն կարգի ու պայմանների 13.1-ին կետի «ա», «գ», «ե» (միանվագ), «զ» (միանվագ) և 13.2-րդ կետի «բ», «գ» (միանվագ), «ե» և «ը» ենթակետերով նախատեսված հետազոտությունների իրականացումը:

 

lll. ՍԵՐՄԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

16. Նախքան սերմը հանձնելը դոնորը և (կամ) քաղաքացին 4 օր պետք է խուսափեն սեռական հարաբերությունից և ալկոհոլի օգտագործումից, ինչպես նաև պետք է սահմանափակեն ծխելը: Հանձնված սերմի որակը յուրաքանչյուր անգամ ենթակա է բժշկական ստուգման:

17. Սերմը հավաքվում և հանձնվում է ախտազերծված ապակե սրվակի մեջ: Այս գործողությունը կատարվում է առանձին մուտք, համապատասխան հարմարություն` սանհանգույց և լվացարան ունեցող հատուկ սենյակում:

18. Սերմի ստացման վերաբերյալ գրանցումը կատարվում է հետազոտությունների և դրանց արդյունքների գրանցամատյանում, որտեղ նշվում են սերմի հանձնման ամսաթիվը, հանձնողի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրային տվյալները, սերմի ծավալը և բժշկի ազգանունը, անունը, հայրանունը, իսկ դոնորի դեպքում` նաև նրա սոցիալ-կենսաբանական տվյալները:

19. Թարմ կամ կրիոկոնսերվացված սերմի ստացման, պահպանման և օգտագործման վերաբերյալ գրանցումները կատարվում են դոնորի և (կամ) քաղաքացու անհատական քարտում, որի ձևը հաստատում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:

 

IV. ՁՎԱԲՋԻՋՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

20. Նախքան ձվաբջջի ստացումը կնոջը նախապատրաստում են դրան։

21. Ձվաբջջի ստացման համար անհրաժեշտ է կնոջը նշանակել`

ա) կլոմիֆեն ցիտրատ (100 միլիգրամ) + 5000 - 10.000 միավոր խորիոնային գոնադոտրոպին.

բ) գոնադոտրոպիններ (5000 - 10.000 միավոր + մետրոդին (դաշտանային պարբերաշրջանի 2-րդ օրվանից` օրական 2-3 սրվակ) + 5000 - 10.000 միավոր խորիոնային գոնադոտրոպին).

գ) կլոմիֆեն ցիտրատ (դաշտանային պարբերաշրջանի 2-6-րդ օրը` 100 միլիգրամ + գոնադոտրոպիններ` 1-3 սրվակ)՝ դաշտանային պարբերաշրջանի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ օրերին (+ 5000 - 10.000 միավոր խորիոնային գոնադոտրոպին).

դ) կլոմիֆեն ցիտրատ (դաշտանային պարբերաշրջանի 2-6-րդ օրը` 100 միլիգրամ + գոնադոտրոպիններ` դաշտանային պարբերաշրջանի 6-րդ օրվանից մինչև հասուն ֆոլիկուլի զարգացումը) + 5000 - 10.000 միավոր խորիոնային գոնադոտրոպին.

ե) կլոմիֆեն ցիտրատ (դաշտանային պարբերաշրջանի 5-9-րդ օրերին` 100 միլիգրամ) + գոնադոտրոպիններ` դաշտանային պարբերաշրջանի 9-րդ օրվանից մինչև հասուն ֆոլիկուլի զարգացումը) + 5000 - 10.000 միավոր խորիոնային գոնադոտրոպին.

զ) լյուտեինիզացնող հորմոնի ռելիզինգ գործոնի համարժեքներ + գոնադոտրոպիններ + 5000 - 10.000 միավոր խորիոնային գոնադոտրոպին.

է) ձվարանների խթանման սկիզբը և գոնադոտրոպինների նախնական դեղաքանակը որոշվում են հորմոնային և գերձայնային հսկողությամբ.

ը) դեկապեպտիլ (դաշտանային պարբերաշրջանի 2-3-րդ օրը՝ 0.5 միլիգրամ ենթամաշկային, կամ 0.1 միլիգրամ՝ դաշտանային պարբերաշրջանի 9-րդ օրվանից մինչև ձվազատման մեկնարկը (+ 5000 միավոր խորիոնային գոնադոտրոպին): Դեկապեպտիլի դեպոն՝ 3.75 միլիգրամ՝ մեկ անգամ՝ միջմկանային ներարկմամբ պետք է օրգանիզմ ներմուծվի դաշտանային պարբերաշրջանի 2-րդ կամ 21-րդ օրը)։

22. Ֆոլիկուլների զարգացման և աճի նկատմամբ հսկողության համար պետք է իրականացնել գերձայնային ֆոլիկուլոմետրիա, էստրադիոլի, ֆոլիկուլոխթանող, լյուտեինիզացնող հորմոնների խտության որոշում ծայրամասային արյան մեջ։

23. Երբ գերիշխող ֆոլիկուլը հասնում է 18-20 միլիմետր չափերի, էնդոմետրիումի հաստությունը` առնվազն 8 միլիմետրի, էստրադիոլի քանակը` առնվազն 300 պիկոգրամ/միլիլիտրի, կատարում են ձվազատման մեկնարկ` 5000-10.000 միավոր խորիոնային գոնադոտրոպին, որի ներմուծումից 35-36 ժամ հետո կատարվում է պունկցիա:

24. Ձվաբջիջն ստացվում է ներհեշտոցային պունկցիայի միջոցով, որը կատարվում է գերձայնային հսկողության ներքո՝ հատուկ պունկցիոն ասեղների միջոցով։

25. Ներհեշտոցային պունկցիան կատարվում է անհապաղ վիրահատական օգնության համար պահանջվող բոլոր անհրաժեշտ պարագաներով հագեցված վիրահատարանում (թոքերի արհեստական օդափոխության ապարատ և այլն)։

26. Ցավազրկման մեթոդի ընտրությունը որոշվում է անհատական` կախված ֆոլիկուլների քանակից, դոնորի հոգեբանական վիճակից և այլն։

27. Ֆոլիկուլյար հեղուկի արտածծման (ասպիրացիա) համար հնարավոր է օգտագործել ինչպես ավտոմատ արտածծման (ասպիրացիոն) համակարգեր, այնպես էլ սովորական ներարկիչներ: Ստացված ֆոլիկուլի արտածծուկը (ասպիրատը) փորձանոթի մեջ անմիջապես պետք է փոխանցվի սաղմնաբանին։

28. Նշված միջամտության ավարտից հետո կինն առնվազն 2 ժամ պետք է մնա բուժանձնակազմի հսկողության ներքո։

 

V. ՍԱՂՄԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

29. Սաղմն ստացվում է փորձանոթում` ձվաբջիջների բեղմնավորման միջոցով:

30. Սաղմն ստացվում և մինչև արգանդի խոռոչ փոխադրվելը պահպանվում է համաձայն հետևյալ պահանջների`

ա) մեկ կամ մի քանի արտածծված ֆոլիկուլների պարունակությունն անմիջապես պետք է ենթարկել մանրադիտակային զննման.

բ) հայտնաբերված ձվաբջիջները պետք է փոխադրել 2-3 միլիլիտրանոց պատրաստի սնուցող միջավայր պարունակող ախտազերծված Պետրի բաժակի մեջ.

գ) այնուհետև պետք է կատարել ձվաբջիջների կազմաբանական (մորֆոլոգիական) գնահատում՝ մի շարք չափանիշների միջոցով, որի ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել կումուլյուսի խտությունն ու «փխրունությունը», ճաճանչաձև պսակի և հենց ձվաբջիջների վիճակը (դրանում բևեռային մարմնիկի առկայությունը).

դ) ձվաբջիջների ավելի ստույգ գնահատումը պետք է իրականացնել 100-200 անգամ մեծացնող մանրադիտակով.

ե) հասուն ձվաբջիջներն աճի համար պետք է փոխադրել քառամաս բաժակների մեջ: Յուրաքանչյուր 0.5 միլիլիտր սնուցող միջավայր պարունակող փոսիկի մեջ (լունկա) պետք է տեղադրել ոչ ավելի, քան 3-4 ձվաբջիջ: Այնուհետև ձվաբջիջներ պարունակող բաժակը պետք է տեղադրել 37 աստիճան ջերմությամբ թերմոստատի մեջ, որը պարունակում է 5 տոկոս ածխաթթու գազ և ունի մինչև 95 տոկոս խոնավություն.

զ) հասուն ձվաբջիջները 2-4 ժամվա ընթացքում թերմոստատի մեջ ինկուբացվում և հարմարվում են փորձանոթային պայմաններին.

է) նախքան ձվաբջիջներին սպերմատոզոիդներ ավելացնելը սպերմատոզոիդները ենթարկվում են կապացիտացիայի, այսինքն` ձեռք են բերում բեղմնավորման ընդունակություն: Այս գործընթացի էությունն այն է, որ սպերմատոզոիդները լվացվում են սերմնային պլազմայի տարրերից, որոնք ունեն սպերմատոզոիդների ակտիվությունն արգելակող հատկություն: Պետք է կատարվի լվացված սպերմատոզոիդների կրկնակի լվացում՝ հատուկ միջավայրերով, ընդ որում, մեկ միլիլիտր սերմին ավելացվում է 5 միլիլիտր միջավայր.

ը) երկրորդ ցենտրիֆուգումից հետո նստվածքի վրա պետք է զգուշորեն ավելացնել Մենեզո Բ2-ի կամ փոխարինող այլ նյութի մի քանի կաթիլ: Շարժուն սպերմատոզոիդները լուծույթի երես են դուրս գալիս 40 րոպեի ընթացքում: Ակտիվ սպերմատոզոիդներով հագեցված վերանստվածքային հեղուկը մազանոթով պետք է դուրս քաշել և օգտագործել ձվաբջիջների բեղմնավորման համար: Ձվաբջիջների սերմնավորման համար սպերմատոզոիդները սնուցող միջավայրի մեջ ավելացվում է յուրաքանչյուր մեկ միլիլիտրին առնվազն 50000 սպերմատոզոիդ.

թ) սպերմատոզոիդը ձվաբջջի թափանցիկ զոնայով դեպի միջվետելինային տարածություն ներթափանցում է սպերմատոզոիդները սնուցող միջավայրին ավելացվելուց մոտավորապես 5-7 ժամվա ընթացքում: Այդ ընթացքում ձվաբջիջներն ավարտում են մեյոզի երկրորդ բաժանումը, և կազմավորվում է պրոնուկլեուսը.

ժ) ձվաբջջի կորիզի հետ սպերմատոզոիդի կորիզի միաձուլումից հետո սկսվում է սաղմնային փուլը: Այս փուլում սաղմերը պետք է տեղափոխել մաքուր սնուցող միջավայրով լի նոր փոսիկի մեջ: Որպես կանոն, սերմնավորումն սկսվելու պահից 24 ժամ հետո նկատվում է սաղմի առաջին տրոհումը, որին հաջորդում է երկրորդը` վաղ սաղմնային փուլը (բլաստոմերների առաջացումը).

ժա) 2-րդ-4-րդ-8-րդ բլաստոմերների փուլերում պետք է սաղմը տեղափոխվի արգանդի խոռոչ կամ՝ պահպանման նպատակով կրիոկոնսերվացվի:

31. Կրիոկոնսերվացված սաղմի պահպանման առավելագույն ժամկետը 6 ամիս է:

 

VI. ՍԵՐՄԻ, ՍԱՂՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

32. Սերմը կարող է օգտագործվել թարմ վիճակով կամ կրիոկոնսերվացված:

33. Սերմի պահպանման նպատակով այն պետք է կրիոկոնսերվացվի և ծածկագրավորվի: Կրիոկոնսերվացված սերմը կարող է պահպանվել անժամկետ:

34. Սպերմատոզոիդների կենսունակության ապահովման և ցածր ջերմաստիճանի ազդեցությունից սպերմատոզոիդների պահպանման նպատակով անհրաժեշտ է օգտագործել կրիոպրոտեկտորներ:

35. Սերմի անհրաժեշտ նմուշի կամ ձվաբջջի, սաղմի ընտրության ու պահպանման աշխատանքների ճիշտ կազմակերպման և դրանց վերաբերյալ բժշկական գաղտնիքի պահպանման նպատակով անհրաժեշտ է կատարել կրիոկոնսերվացված սերմի, սաղմի ծածկագրավորում ու նշագրում:

36. Յուրաքանչյուր դոնոր կամ քաղաքացի պետք է ունենա իր ծածկագիրը` կազմված դոնորի ազգանվան առաջին և երրորդ տառերից, ծննդյան ամսաթվի, ամսվա ու ծննդյան տարեթվի վերջին երկու թվից, այնուհետև պետք է նշվի սերմի, սաղմի պահպանման տեղը, իսկ կրիոկոնսերվացման դեպքում` նաև ամսաթիվը:

37. Պետք է նշվեն նաև ազոտ պարունակող փորձանոթի համարը՝ ըստ առկա անոթների թվի, կասետի համարը, սերմի, ձվաբջջի հանձնման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը:

38. Ծածկագրով պետք է նշագրվեն այն պոլիմերային փորձանոթները, որոնք պարունակում են սառեցված սերմի ձողիկները, սաղմը:

39. Ազոտի յուրաքանչյուր կասետի մեջ կարելի է տեղավորել միայն մեկ դոնորի կամ քաղաքացու սերմի նմուշները, մեկ սաղմ:

40. Սերմի, սաղմի ծածկագրերը պետք է գրանցվեն նաև դոնորի կամ քաղաքացու անհատական քարտում, իսկ արհեստական սերմնավորման կամ բեղմնավորման դեպքում` նաև կնոջ ամբուլատոր քարտում:

41. Սերմի պահպանմանը և օգտագործմանը ներկայացվում են հետևյալ պահանջները՝

ա) թարմ սերմը կարելի է օգտագործել այն հանձնելուց 2 ժամից ոչ ուշ.

բ) սերմը հանձնելուց հետո պետք է թողնել հեղուկացման՝ 20-40 րոպե.

գ) սերմի ստացումից հետո այն պետք է անցնի ինքնաջրիկացման փուլ, որը կատարվում է սենյակային ջերմաստիճանի պայմաններում պահելու դեպքում՝ 10-60 րոպեի ընթացքում.

դ) կրիոկոնսերվանտը պետք է ավելացվի արդեն ջրիկացած սերմի 1:1 հարաբերությամբ, որից հետո պետք է կատարվի սերմի վերաբաշխում պոլիմերային ձողիկների մեջ.

ե) կրիոկոնսերվացման գործընթացը պահանջում է, որպեսզի սերմը սառեցվի մինչև բացասական 196 աստիճան (այսինքն՝ հեղուկ ազոտի ջերմաստիճանի), որը լավագույն միջավայր է համարվում սերմի երկարատև պահպանման համար.

զ) սերմի սառեցումը պետք է կատարվի հատուկ սարքի միջոցով.

է) եթե միաժամանակ սառեցվում է մի քանի դոնորի սերմ, ապա դրանք պետք է լինեն առանձնացված.

ը) սերմի սառեցման ժամանակ գոյություն ունի 2 վտանգավոր ջերմաստիճանային շեմք` բացասական 20 աստիճան - դրական 5 աստիճան, դրական 5 աստիճան - դրական 20 աստիճան, այդ պատճառով սերմը պետք է կրիոկոնսերվացնել աստիճանաբար՝ 1 աստիճան/րոպե արագությամբ, 30-60 րոպե տևողությամբ, որն անհրաժեշտ է սպերմատոզոիդների շարժունության կայունացման համար: Հետագա սառեցումը պետք է կատարել ավելի արագ՝ բացասական 20 աստիճան/րոպե արագությամբ մինչև բացասական 70 աստիճան, որից հետո սերմի նմուշներով խողովակները պետք է տեղափոխվեն հեղուկ ազոտի մեջ՝ դասավորելով նշագրված պոլիմերային փորձանոթների մեջ, և պահպանվեն մինչև օգտագործումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.08.2013, N 907-Ն 21.09.2013, N 1273-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան