Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Base act (21.01.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2009.12.30/11(19) Հոդ.1
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
03.03.1973
Ստորագրման ամսաթիվ
03.03.1973
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2009

ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՈՒ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

Ստորագրվել է 1973 թվականի մարտի 3-ին, Վաշինգտոնում

Լրամշակվել է 1979 թվականի հունիսի 22-ին, Բոննում

 

Պայմանավորվող պետությունները,

ընդունելով, որ վայրի կենդանական ու բուսական աշխարհն իր բազմաթիվ հրաշալի և բազմազան տեսակներով երկրագնդի բնական համակարգերի անփոխարինելի մասն է կազմում, որը պետք է պաշտպանվի ներկայիս ու ապագա սերունդների համար,

գիտակցելով վայրի կենդանական ու բուսական աշխարհի անընդհատ աճող արժեքը գեղագիտության, մշակույթի, հանգստի և տնտեսության տեսանկյուններից,

ընդունելով, որ քաղաքացիներն ու պետությունները հանդիսանում են ու պետք է հանդիսանան վայրի կենդանական ու բուսական աշխարհի լավագույն պաշտպանները,

ընդունելով նաև, որ միջազգային համագործակցությունը կարևոր է վայրի կենդանական ու բուսական աշխարհի որոշ տեսակների պաշտպանության համար միջազգային առևտրում դրանց գերշահագործման գործում,

համոզված լինելով այդ նպատակների համար անհրաժեշտ հրատապ միջացառումներ ձեռնարկելու հարցում,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ I

 

ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար, եթե այլ բան նախատեսված չէ համատեքստով.

ա) «Տեսակներ» նշանակում է` որևէ տեսակ, ենթատեսակ կամ դրանց աշխարհագրական առանձին պոպուլյացիա.

բ) «Նմուշ» նշանակում է՝

i) որևէ կենդանի կամ բույս` լինի կենդանի կամ մահացած.

ii) կենդանական տեսակների դեպքում. I և II հավելվածներում ընդգրկված տեսակների համար` տեսակների հեշտությամբ ճանաչելի որևէ մաս կամ ածանցյալ, իսկ III հավելվածում ընդգրկված տեսակների համար՝ III հավելվածում նշված տեսակների հեշտությամբ ճանաչելի որևէ մաս կամ ածանցյալ.

iii) բուսատեսակների դեպքում. I հավելվածում ընդգրկված տեսակների հեշտությամբ ճանաչելի որևէ մաս կամ ածանցյալ, իսկ II և III հավելվածներում ընդգրկված տեսակների համար՝ II և III հավելվածներում նշված տեսակների հեշտությամբ ճանաչելի որևէ մաս կամ ածանցյալ.

գ) «Առևտուր» նշանակում է` արտահանում, վերարտահանում, ներմուծում և ծովից ներմուծում.

դ) «Վերարտահանում» նշանակում է` նախկինում ներմուծված ցանկացած նմուշի արտահանում.

ե) «Ծովից ներմուծում» նշանակում է` որևէ տեսակի նմուշների փոխադրում որոշակի պետություն, որը վերցվել է ծովային միջավայրում, որը չի գտնվում որևէ պետության իրավասության ներքո.

զ) «Գիտական մարմին» նշանակում է` IX հոդվածի համաձայն նշանակված ազգային գիտական մարմին.

է) «Կառավարման մարմին» նշանակում է` IX հոդվածին համապատասխան նշանակված ազգային կառավարման մարմին.

ը) «Կողմ» նշանակում է` պետություն, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտել։

 

ՀՈԴՎԱԾ II

 

ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

1. I հավելվածում ընդգրկված են անհետացման եզրին գտնվող բոլոր այն տեսակները, որոնց վրա ազդում է կամ կարող է ազդել առևտուրը։ Մասնավորապես, այս տեսակների նմուշների առևտուրը պետք է ենթարկվի խիստ կանոնակարգման, որպեսզի հետագայում չվտանգվի նրանց գոյատևումը, և պետք է թույլատրվի միայն բացառիկ պայմաններում։

2. II հավելվածն ընդգրկում է.

ա) բոլոր այն տեսակները, որոնք ներկայումս չեն գտնվում անհետացման վտանգի տակ, սակայն կարող են այդպիսին դառնալ, եթե նման տեսակների նմուշների առևտուրը չենթարկվի խիստ կանոնակարգման` իրենց գոյատևման հետ անհամատեղելի օգտագործումից խուսափելու նպատակով.

բ) մյուս տեսակները, որոնք պետք է ենթարկվեն կանոնակարգման` սույն պարբերության «ա» ենթապարբերության մեջ նշված որոշակի տեսակի նմուշների առևտուրը արդյունավետորեն վերահսկելու նպատակով:

3. III հավելվածն ընդգրկում է բոլոր այն տեսակները, որոնք, ցանկացած մասնակից պետության բնորոշմամբ, ենթակա են կարգավորման իր իրավասության շրջանակներում՝ շահագործումը կանխարգելելու կամ սահմանափակելու նպատակով, և որոնց նկատմամբ անհրաժեշտ է մյուս Կողմերի համագործակցությունը առևտրի վերահսկողության հարցում։

4. Մասնակից պետությունները չպետք է թույլ տան I, II և III հավելվածներում ընդգրկված տեսակների նմուշների առևտուրը, եթե այլ բան չի նախատեսվում սույն Կոնվենցիայի դրույթներով։

 

ՀՈԴՎԱԾ III

 

I ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. I հավելվածում ընդգրկված տեսակների նմուշների բոլոր տեսակի առևտուրն իրականացվում է սույն հոդվածի դրույթների համաձայն:

2. I հավելվածում ընդգրկված տեսակների ցանկացած նմուշի արտահանման համար անհրաժեշտ է արտահանման թույլտվության նախնական տրամադրում։ Արտահանման թույլտվությունը տրամադրվում է միայն հետևյալ պայմանները բավարարելու դեպքում.

ա) արտահանող պետության գիտական մարմինը եզրակացություն է տվել, որ նման արտահանումը չի սպառնում այդ տեսակների գոյատևմանը.

բ) արտահանող պետության կառավարման մարմինը հավաստիացել է, որ նմուշը ձեռք չի բերվել տվյալ պետության` բուսական ու կենդանական աշխարհի պաշտպանության մասին օրենքների խախտմամբ.

գ) արտահանող պետության կառավարման մարմինը հավաստիացել է, որ ցանկացած կենդանի նմուշ կնախապատրաստվի և կփոխադրվի այնպես, որ նվազագույնի կհասցվի վնասման, առողջության համար և կոպիտ վերաբերմունքի վտանգը, և

դ) արտահանող պետության կառավարման մարմինը հավաստիացել է, որ ներմուծման թույլտվությունը տրամադրվել է տվյալ նմուշի համար։

3. I հավելվածում ընդգրկված որևէ նմուշի ներմուծման համար պահանջվում է ներմուծման թույլտվության և արտահանման կամ վերարտահանման հավաստագրի նախնական տրամադրում։ Ներմուծման թույլտվությունը տրամադրվում է միայն հետևյալ պայմանները բավարարելու դեպքում.

ա) ներմուծող պետության գիտական մարմինը եզրահանգել է, որ նման ներմուծումը չի վտանգի ներգրավված տեսակների գոյատևումը.

բ) ներմուծող պետության գիտական մարմինը հավաստիացել է, որ կենդանի նմուշի առաջարկվող ստացողն ունի անհրաժեշտ սարքավորումներ նմուշի պահպանման ու խնամքի համար.

գ) ներմուծող պետության կառավարման մարմինը հավաստիացել է, որ նմուշը չի օգտագործվի հիմնականում առևտրային նպատակներով։

4. I հավելվածում ընդգրկված տեսակների ցանկացած նմուշի վերարտահանման համար պահանջվում է վերարտահանման հավաստագրի նախնական տրամադրում։ Վերարտահանման հավաստագիրը տրամադրվում է միայն հետևյալ պահանջները բավարարելու դեպքում`

ա) վերարտահանող պետության կառավարման մարմինը հավաստիացել է, որ նմուշը ներմուծվել է այդ պետություն սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն.

բ) վերարտահանող պետության կառավարման մարմինը հավաստիացել է, որ ցանկացած կենդանի նմուշ կնախապատրաստվի և կփոխադրվի այնպես, որ նվազագույնի կհասցվի վնասման, առողջության համար և կոպիտ վերաբերմունքի վտանգը.

գ) վերարտահանող պետության կառավարման մարմինը հավաստիացել է, որ ներմուծման թույլտվությունը տրամադրվել է ցանկացած կենդանի նմուշի համար։

5. I հավելվածում ընդգրկված տեսակների որևէ նմուշի ծովից ներմուծման համար պահանջվում է ներմուծող պետության կառավարման մարմնի կողմից հավաստագրի նախնական տրամադրում։ Հավաստագիրը տրվում է միայն հետևյալ պայմանները բավարարելու դեպքում.

ա) ներմուծող պետության գիտական մարմինը եզրակացություն է տալիս, որ ներմուծումը չի սպառնա ներգրավված տեսակների գոյատևմանը.

բ) ներմուծող պետության կառավարման մարմինը հավաստիացել է, որ կենդանի նմուշի առաջարկվող ստացողն ունի անհրաժեշտ սարքավորումներ նմուշի պահպանման ու խնամքի համար.

գ) ներմուծող պետության կառավարման մարմինը հավաստիացել է, որ նմուշը չի օգտագործվի հիմնականում առևտրային նպատակներով։

 

ՀՈԴՎԱԾ IV

 

II ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. II հավելվածում ընդգրկված տեսակների բոլոր նմուշների առևտուրը պետք է իրականացվի սույն հոդվածի դրույթներին համապատասխան։

2. II հավելվածում ընդգրկված տեսակների ցանկացած նմուշի արտահանման համար պահանջվում է արտահանման թույլտվության նախնական տրամադրում։ Արտահանման թույլտվությունը տրամադրվում է միայն հետևյալ պահանջները բավարարելու դեպքում.

ա) արտահանող պետության գիտական մարմինը եզրակացություն է տվել, որ նման արտահանումը չի վտանգում այդ տեսակների գոյատևումը.

բ) արտահանող պետության կառավարման մարմինը հավաստիացել է, որ նմուշը ձեռք չի բերվել պետության` կենդանական ու բուսական աշխարհի պաշտպանության մասին օրենքների խախտմամբ.

գ) արտահանող պետության կառավարման մարմինը հավաստիացել է, որ ցանկացած կենդանի նմուշ կնախապատրաստվի և կփոխադրվի այնպես, որ նվազագույնի կհասցվի վնասվածքի, առողջության համար վտանգի կամ դաժան վերաբերմունքի ռիսկը։

3. Յուրաքանչյուր Կողմի գիտական մարմին վերահսկում է ինչպես պետության կողմից II հավելվածում ընդգրկված տեսակների նմուշների համար տրամադրված արտահանման թույլտվությունները, այնպես էլ նման նմուշների փաստացի արտահանումները: Այն դեպքում, երբ գիտական մարմինը որոշում է, որ այդպիսի որևէ տեսակի նմուշների արտահանումը պետք է սահմանափակվի` այդ տեսակներն իրենց ամբողջ տիրույթում պահպանելու նպատակով այն մակարդակում, որը համապատասխանում է էկոհամակարգում իր դերակատարությանը, որտեղ այն հանդիպում է, և զգալիորեն բարձր է այն մակարդակից, որտեղ տվյալ տեսակը կարող է հավակնել I հավելվածում ընդգրկվելու համար, գիտական մարմինն առաջարկում է համապատասխան կառավարման մարմնին այն համապատասխան միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն` տվյալ տեսակների նմուշների արտահանման թույլտվությունները սահմանափակելու համար:

4. II հավելվածում ընդգրկված տեսակների ցանկացած նմուշի ներմուծման համար պահանջվում է արտահանման թույլտվության կամ վերարտահանման հավաստագրի նախնական տրամադրում:

5. II հավելվածում ընդգրկված տեսակների ցանկացած նմուշի վերարտահանման համար պահանջվում է վերարտահանման հավաստագրի նախնական տրամադրում: Վերարտահանման հավաստագիրը տրամադրվում է միայն հետևյալ պայմանները բավարարելու դեպքում.

ա) արտահանող պետության կառավարման մարմինը հավաստիացել է, որ այդ նմուշը ներմուծվել է տվյալ պետություն սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան.

բ) վերարտահանող պետության կառավարման մարմինը հավաստիացել է, որ կենդանի նմուշը պետք է նախապատրաստվի և փոխադրվի այնպես, որ նվազագույնի հասցվի վնասվելու, առողջության համար վտանգի կամ դաժան վերաբերմունքի ռիսկը:

6. II հավելվածում ընդգրկված` ծովից ցանկացած տեսակի ներմուծման համար պահանջվում է ներմուծող պետության կառավարման մարմնի կողմից հավաստագրի նախնական տրամադրում: Հավաստագիրը շնորհվում է միայն հետևյալ պահանջները բավարարելու դեպքում.

ա) ներմուծող պետության գիտական մարմինը եզրակացություն է տալիս, որ տվյալ ներմուծումը չի սպառնա ներգրավված տեսակների գոյատևմանը.

բ) ներմուծող պետության կառավարման մարմինը հավաստիացել է, որ ցանկացած կենդանի նմուշ կհանձնվի այնպես, որ նվազագույնի կհասցվի վնասվելու, առողջության համար վտանգի կամ դաժան վերաբերմունքի ռիսկը:

7. Սույն հոդվածի 6-րդ պարբերության մեջ նշված հավաստագրերը կարող են տրվել գիտական մարմնի առաջարկով, այլ ազգային գիտական մարմինների կամ, առիթը ներկայանալու դեպքում, միջազգային գիտական մարմինների հետ խորհրդակցելուց հետո` նման ժամանակահատվածում ներմուծման ենթակա նմուշների ընդհանուր թվի համար մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածներում:

 

ՀՈԴՎԱԾ V

 

III ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

1. III հավելվածում ընդգրկված տեսակների նմուշների ցանկացած տեսակի առևտուրն իրականացվում է սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

2. III հավելվածում ընդգրկված տեսակների ցանկացած նմուշի` ցանկացած երկրից արտահանման համար, որն ընդգրկել է այդ տեսակները III հավելվածում, պահանջվում է արտահանման թույլտվության նախնական տրամադրում: Արտահանման թույլտվությունը տրամադրվում է միայն հետևյալ պահանջները բավարարելու դեպքում.

ա) արտահանող պետության կառավարման մարմինը հավաստիացել է, որ նմուշը ձեռք չի բերվել տվյալ պետության` բուսական ու կենդանական աշխարհի պաշտպանության մասին օրենքների խախտմամբ.

բ) արտահանող պետության կառավարման մարմինը հավաստիացել է, որ ցանկացած կենդանի նմուշ կնախապատրաստվի և կփոխադրվի այնպես, որ նվազագույնի հասցվի վնասվելու, առողջության համար վտանգի կամ դաժան վերաբերմունքի ռիսկը:

3. III հավելվածում ընդգրկված տեսակների ցանկացած նմուշի արտահանման համար, բացառությամբ այն դեպքերի, որոնց նկատմամբ կիրառելի է սույն հոդվածի 4-րդ պարբերությունը, պահանջվում է ծագման հավաստագրի և, եթե նմուշը ներմուծվել է այնպիսի պետությունից, որն ընդգրկել է այս տեսակները III հավելվածում, արտահանման թույլտվության նախնական տրամադրում:

4. Վերարտահանման դեպքում կառավարման մարմնի կողմից տրամադրված հավաստագիրն առ այն, որ նմուշը վերամշակվել է այդ պետությունում կամ վերարտահանվում է, պետք է ներմուծող պետության կողմից ընդունվի որպես ապացույց, որ սույն Կոնվենցիայի դրույթները տվյալ նմուշի մասով համապատասխանում են:

 

ՀՈԴՎԱԾ VI

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

 

1. III, IV և V հոդվածների դրույթներին համապատասխան տրամադրված թույլտվություններն ու հավաստագրերը պետք է համապատասխանեն սույն հոդվածի դրույթներին:

2. Արտահանման թույլտվությունը պարունակում է IV հավելվածում նախատեսված մոդելում սահմանված տեղեկատվությունը և կարող է օգտագործվել արտահանման համար թույլտվության տրամադրման օրվանից վեց ամսվա ընթացքում:

3. Յուրաքանչյուր թույլտվություն կամ հավաստագիր պարունակում է սույն Կոնվենցիայի անվանումը, թույլտվություն ու հավաստագիր տրամադրող կառավարման մարմնի անվանումն ու նույնականացման կնիքը, ինչպես նաև կառավարման մարմնի կողմից տրված ստուգման համարը:

4. Կառավարման մարմնի կողմից տրված թույլտվության կամ հավաստագրի բոլոր պատճենների վրա պետք է հստակ նշված լինի, որ դրանք միայն պատճեններն են, և այդպիսի օրինակները չեն կարող օգտագործվել բնօրինակների փոխարեն` բացառությամբ այդ օրինակի տեքստում նշված դեպքերի:

5. Տեսակների ցանկացած փոխադրման համար պահանջվում է առանձին թույլտվություն կամ հավաստագիր:

6. Որևէ նմուշ ներմուծող պետության կառավարման մարմին չեղյալ է հայտարարում և պահպանում արտահանման թույլտվությունը կամ վերարտահանման հավաստագիրը, ինչպես նաև տվյալ նմուշի ներմուծման ցանկացած համապատասխան թույլտվություն:

7. Առիթը ներկայանալու կամ հնարավորության դեպքում կառավարման մարմինը կարող է նշագրել ցանկացած նմուշի վրա` նմուշի նույնականացումը հեշտացնելու նպատակով: Այդ նպատակների համար «նշան»-ը նշանակում է` անջնջելի դրոշմ, կապարակնիք կամ նմուշի նույնականացման այլ համապատասխան միջոցներ, որոնք կատարվել են այնպես, որ դրա կեղծումն այլ անձանց կողմից լինի ծայրաստիճան բարդ:

 

ՀՈԴՎԱԾ VII

 

ԱՌԵՎՏՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. III, IV և V հոդվածների դրույթները չեն կիրառվում Կողմի տարածքում կամ տարածքով նմուշների տարանցիկ փոխադրման նկատմամբ, երբ այդ նմուշները գտնվում են մաքսային վերահսկողության տակ:

2. Եթե արտահանող կամ վերարտահանող պետության կառավարման մարմինը հավաստիանա, որ նմուշը ձեռք է բերվել նախքան սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումը տվյալ նմուշի նկատմամբ, III, IV և V հոդվածների դրույթները չեն կիրառվի այդ նմուշի նկատմամբ, որի համար կառավարման մարմինը տրամադրում է հավաստագիր:

3. III, IV և V հոդվածների դրույթները չեն կիրառվում այն նմուշների նկատմամբ, որոնք համարվում են անձնական կամ տնային օգտագործման պարագաներ: Այս բացառությունը չի կիրառվում.

ա) I հավելվածում ընդգրկված տեսակների նմուշների նկատմամբ, եթե դրանք ձեռք են բերվել մշտական բնակության վայրից/պետությունից դուրս

գտնվող սեփականատիրոջ կողմից, և այդ նմուշները ներմուծվում են տվյալ պետություն, կամ

բ) II հավելվածում ընդգրկված տեսակների նմուշների նկատմամբ.

i) դրանք ձեռք են բերվել մշտական բնակության պետությունից դուրս

գտնվող սեփականատիրոջ կողմից և այն պետությունում, որտեղից ստացվել է նմուշը.

ii) դրանք ներմուծվում են սեփականատիրոջ մշտական բնակության երկիր հանդիսացող պետություն, և

iii) եթե այն պետությունը, որտեղ տեղի է ունեցել նմուշի հանումը վայրի կենդանական և բուսական աշխարհից, պահանջում է արտահանման թույլտվությունների նախնական տրամադրում նախքան նման նմուշների արտահանումը, եթե կառավարման մարմինը չի հավաստիանում, որ նմուշը ձեռք է բերվել նախքան նման նմուշների նկատմամբ սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումը:

4. I հավելվածում ընդգրկված` առևտրային նպատակներով բուծված կենդանական տեսակների նմուշները կամ I հավելվածում ընդգրկված` առևտրային նպատակներով աճեցված բուսատեսակների նմուշները համարվում են II հավելվածում ընդգրկված տեսակների նմուշներ:

5. Եթե արտահանող պետության կառավարման մարմինը հավաստիանում է, որ կենդանական տեսակների ցանկացած նմուշ բուծվել է անազատ պայմաններում, կամ բուսատեսակների նմուշներն աճեցվել են արհեստականորեն կամ նման կենդանու կամ բույսի մաս են հանդիսանում կամ դրանցից են սերվում, այդ նպատակով կառավարման մարմնի կողմից տրված հավաստագիրն ընդունվում է III, IV կամ V հոդվածների դրույթներով պահանջվող ցանկացած թույլտվության կամ հավաստագրի փոխարեն:

6. III, IV և V հավելվածի դրույթները չեն կիրառվում ոչ առևտրային վարկերի, նվիրատվությունների կամ գիտնականների կամ պետության կառավարման մարմնի կողմից գրանցված գիտական ինստիտուտների միջև փոխանակումների նկատմամբ` կապված չորացած բույսերի հավաքածուների, այլ պահպանված, չորացված կամ սպիրտի մեջ զետեղված թանգարանային նմուշների և կենդանի բույսի նյութերի հետ, որոնք ունեն կառավարման մարմնի կողմից տրված կամ հաստատված պիտակ:

7. Ցանկացած պետության կառավարման մարմին կարող է հրաժարվել III, IV և V հոդվածներով նախատեսված պահանջների կատարումից և տեղաշարժը թույլ տալ առանց այն նմուշների թույլտվությունների կամ հավաստագրերի, որոնք կազմում են շարժական կենդանաբանական այգիների, կրկեսների, բույսերի ցուցահանդեսների կամ այլ շարժական ցուցահանդեսների մաս, եթե.

ա) արտահանողը կամ ներմուծողը այդ կառավարման մարմնում նման նմուշները գրանցի ամենայն մանրամասնությամբ.

բ) նմուշները սույն հոդվածի 2-րդ կամ 5-րդ պարբերություններում նախատեսված խմբերում են.

գ) կառավարման մարմինը հավաստիանում է, որ ցանկացած կենդանի նմուշ կփոխադրվի և կխնամվի այնպես, որ նվազագույնի հասցվի վնասվելու, առողջության վտանգի կամ կոպիտ վերաբերմունքի ռիսկը:

 

ՀՈԴՎԱԾ VIII

 

ԿՈՂՄԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿՎԵԼԻՔ ՄԻՋՈՑՆԵՐ

 

1. Կողմերը պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման և դրանց խախտման դեպքում նմուշների առևտուրն արգելելու համար: Այս միջոցները ներառում են.

ա) պատժամիջոցների կիրառում նման նմուշների առևտրի կամ տնօրինման կամ երկուսի համար, և

բ) առգրավելը կամ նման նմուշները վերադարձնելը արտահանող պետությանը:

2. Ի լրումն սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն ձեռնարկված միջոցների` մասնակից պետությունը կարող է անհրաժեշտության դեպքում նախատեսել սույն Կոնվենցիայի դրույթների խախտմամբ վաճառված նմուշների առգրավման արդյունքում առաջացած ծախսերի ներքին փոխահատուցման ցանկացած մեթոդ:

3. Հնարավորության դեպքում Կողմերն ապահովում են, որ առանց ուշացման նմուշները ենթակա են առևտրի համար պահանջվող ձևակերպման: Ձևակերպման նման իրականացումը խթանելու նպատակով Կողմերը կարող են նշել ելքի և մուտքի կետեր, որտեղ նմուշները պետք է ներկայացվեն մաքսային ձևակերպումների համար: Կողմերն ապահովում են, որ բոլոր կենդանի նմուշները տարանցիկ փոխադրման, պահման կամ փոխադրման ցանկացած ժամանակահատվածում պատշաճ կերպով խնամվեն այնպես, որ նվազագույնի հասցվի վնասվելու, առողջության վտանգի կամ կոպիտ վերաբերմունքի ռիսկը:

4. Երբ կենդանի նմուշը առգրավվում է սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված միջոցառումների արդյունքում`

ա) նմուշը վստահվում է նմուշը առգրաված պետության կառավարման մարմնին.

բ) կառավարման մարմինը արտահանող պետության հետ խորհրդակցելուց հետո պետք է նմուշը վերադարձնի տվյալ պետությանը վերջինիս հաշվին կամ փրկարար կենտրոնին կամ նման այլ վայր, եթե կառավարման մարմինը սույն Կոնվենցիայի նպատակներին համապատասխան և տեղին համարի, և

գ) կառավարման մարմինը կարող է ստանալ գիտական մարմնի առաջարկը կամ կարող է ցանկության դեպքում խորհրդակցել Քարտուղարության հետ` սույն պարբերության «բ» ենթապարբերության համաձայն որոշումների կայացմանը նպաստելու նպատակով, ներառյալ փրկարար կենտրոնի կամ այլ վայրի ընտրությունը:

5. Սույն հոդվածի 4-րդ պարբերության մեջ նշված փրկարար կենտրոն-ը նշանակում է` կառավարման մարմնի կողմից նշանակված հաստատություն, որը պետք է հետևի կենդանի նմուշների, մասնավորապես առգրավված նմուշների ապահովությանը:

6. Յուրաքանչյուր Կողմ կվարի I, II և III հավելվածներում ընդգրկված տեսակների նմուշների առևտրի գրանցումները, որոնք պետք է ներառեն.

ա) արտահանողների և ներմուծողների անուններն ու հասցեները, և

բ) տրամադրված թույլտվությունների և հավաստագրերի թիվն ու տեսակը, այն պետությունները, որոնց հետ կատարվում է նման առևտուր, նմուշների թիվը կամ քանակը և տեսակները, I, II և III հավելվածներում ընդգրկված տեսակների անվանումները, եթե կիրառելի է, տվյալ նմուշների չափսն ու սեռը:

7. Յուրաքանչյուր մասնակից պետություն սույն Կոնվենցիայի իրականացման վերաբերյալ պատրաստում է պարբերական հաշվետվություններ և դրանք փոխանցում Քարտուղարությանը.

ա) տարեկան հաշվետվություն, որը պարունակում է սույն հոդվածի 6-րդ պարբերության «բ» ենթապարբերության մեջ նշված ամփոփ տեղեկատվությունը, և

բ) երկամյա հաշվետվություն սույն Կոնվենցիայի դրույթների իրականացման համար ձեռնարկված օրենսդրական, կարգավորիչ և վարչական միջոցառումների վերաբերյալ:

8. Սույն հոդվածի 7-րդ պարբերության մեջ նշված տեղեկատվությունը պետք է մատչելի լինի հանրությանը, եթե չի հակասում համապատասխան Կողմի օրենքներին:

 

ՀՈԴՎԱԾ IX

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Կողմ սույն Կոնվենցիայի նպատակների համար կնշանակի.

ա) մեկ կամ ավելի կառավարման մարմիններ, որոնք տվյալ Կողմի անունից թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու իրավասություն կունենան, և

բ) մեկ կամ ավելի գիտական մարմիններ:

2. Յուրաքանչյուր պետություն, որն ի պահ է հանձնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու իր փաստաթուղթը, պետք է հենց այդ ժամանակ տեղեկացնի ավանդապահ Կառավարությանը այն կառավարման մարմնի անվանման ու հասցեի մասին, որն իրավասու է հաղորդակցվելու այլ Կողմերի և Քարտուղարության հետ:

3. Սույն հոդվածի դրույթներով նախատեսված բոլոր նշանակումներում կամ լիազորություններում կատարված փոփոխությունների մասին համապատասխան Կողմը պետք է ծանուցի Քարտուղարությանը, որպեսզի վերջինս այն փոխանցի մյուս բոլոր Կողմերին:

4. Սույն հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված ցանկացած կառավարման մարմին այլ Կողմի Քարտուղարության կամ կառավարման մարմնի պահանջելու դեպքում պետք է վերջինիս ներկայացնի կապարակնիքների, կնիքների կամ այլ միջոցների դրոշմվածքները` թույլտվությունների կամ հավաստագրերի իսկությունը հաստատելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ X

 

ԱՌԵՎՏՈՒՐ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

 

Սույն Կոնվենցիայի Կողմ չհանդիսացող պետություն արտահանման կամ վերարտահանման կամ այնտեղից ներմուծման դեպքում տվյալ պետության իրավասու մարմինների կողմից տրված նմանատիպ փաստաթուղթ, և որը հիմնականում համապատասխանում է սույն Կոնվենցիայի` թույլտվությունների և հավաստագրերի պահանջներին, կարող է ընդունվել վերոնշյալ թույլտվությունների և հավաստագրերի փոխարեն ցանկացած Կողմի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ XI

 

ԿՈՂՄԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

 

1. Քարտուղարությունը Կողմերի խորհրդաժողով կգումարի սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարուց ոչ ուշ:

2. Այնուհետև Քարտուղարությունը հերթական նիստերը կգումարի առնվազն երկու տարին մեկ անգամ, եթե խորհրդաժողովն այլ որոշում չկայացնի, իսկ արտահերթ նիստերը` ցանկացած ժամանակ` Կողմերի առնվազն 1/3-ի գրավոր պահանջով:

3. Ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ նիստերի ժամանակ Կողմերը քննարկում են սույն Կոնվենցիայի իրականացման ընթացքը և կարող են.

ա) ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են Քարտուղարությանը հնարավորություն տալու համար կատարելու իր պարտականությունները, ինչպես նաև ընդունելու ֆինանսական դրույթներ.

բ) դիտարկել և ընդունել լրամշակումներ I և II հավելվածներում` XV հոդվածին համապատասխան.

գ) վերանայել I, II և III հավելվածներում ընդգրկված տեսակների վերականգնման, պահպանման ուղղությամբ արձանագրած առաջընթացը.

դ) ընդունել և դիտարկել Քարտուղարության կամ որևէ Կողմի կողմից ներկայացված ցանկացած հաշվետվություն, և

ե) հարկ եղած դեպքում առաջարկություններ անել սույն Կոնվենցիայի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

4. Յուրաքանչյուր հերթական նիստի ժամանակ Կողմերը կարող են սահմանել հաջորդ հերթական նիստի ամսաթիվն ու վայրը, որը պետք է տեղի ունենա սույն հոդվածի 2-րդ պարբերության դրույթներին համապատասխան:

5. Ցանկացած նիստի ժամանակ Կողմերը կարող են սահմանել և ընդունել նիստի համար ընթացակարգային կանոններ:

6. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված գործակալություններն ու Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը, ինչպես նաև սույն Կոնվենցիայի Կողմ չհանդիսացող ցանկացած պետություն կարող են խորհրդաժողովի նիստերում ներկայացված լինել դիտորդների կարգավիճակով, ովքեր ունեն մասնակցության, բայց ոչ քվեարկության իրավունք:

7. Կենդանական ու բուսական աշխարհի վայրի տեսակների պաշտպանության, պահպանման կամ կառավարման ոլորտում մասնագիտացված ցանկացած մարմին կամ գործակալություն, որն իրազեկել է Քարտուղարությանը խորհրդաժողովի նիստերում դիտորդի կարգավիճակով ներկայացված լինելու ցանկության մասին, կարող է ներկա գտնվել նիստերին, եթե ներկա գտնվող Կողմերի առնվազն 1/3-ը չառարկի դրա դեմ.

ա) միջազգային գործակալությունները կամ մարմինները` պետական կամ հասարակական ու ազգային կառավարական գործակալություններն ու մարմինները, և

բ) ազգային հասարակական կազմակերպությունները կամ մարմինները, որոնք այս նպատակով հաստատվել են այն պետության կողմից, որտեղ գտնվում են: Ընդունման դեպքում այս դիտորդներն իրավունք կունենան մասնակցելու քննարկումներին առանց քվեարկելու իրավունքի:

 

ՀՈԴՎԱԾ XII

 

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի հարցերով ծրագրի գործադիր տնօրենն ապահովում է Քարտուղարության կազմակերպումը: Այն մասով և ձևով, որը նա հարկ կհամարի, նրան կարող են աջակցել համապատասխան միջկառավարական կամ հասարակական կազմակերպությունները կամ ազգային գործակալություններն ու մարմինները, որոնք տեխնիկապես մասնագիտացած են բուսական և կենդանական աշխարհի վայրի տեսակների պաշտպանության, պահպանման և կառավարման ոլորտում:

2. Քարտուղարության գործառույթներն են.

ա) Կողմերի հանդիպումների կազմակերպումն ու սպասարկումը.

բ) սույն Կոնվենցիայի XV և XVI հոդվածների դրույթներով իրեն վերապահված գործառույթների կատարումը.

գ) Կողմերի խորհրդաժողովի կողմից հաստատված ծրագրերի համաձայն` գիտատեխնիկական ուսումնասիրությունների նախաձեռնումը` սույն Կոնվենցիայի իրականացմանը նպաստելու համար, ներառյալ կենդանի նմուշների պատշաճ նախապատրաստման և փոխադրման չափորոշիչների ու տեսակների նույնականացման միջոցների վերաբերյալ ուսումնասիրությունները.

դ) Կողմերի հաշվետվություններն ուսումնասիրելը և Կողմերի հաշվետվությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն պահանջելը, որը Քարտուղարությունն անհրաժեշտ կհամարի` սույն Կոնվենցիայի իրականացումն ապահովելու նպատակով.

ե) սույն Կոնվենցիայի նպատակներին առնչվող ցանկացած խնդրի վրա մասնակիցների ուշադրությունը հրավիրելը.

զ) I, II և III հավելվածների ընթացիկ հրատարակությունները ցանկացած այլ տեղեկատվության հետ միասին պարբերաբար հրապարակելն ու Կողմերին ներկայացնելը, որը կդյուրացնի սույն հավելվածներում ներառված տեսակների նմուշների նույնականացումը.

է) Կողմերի համար իրենց աշխատանքների և սույն Կոնվենցիայի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունների, ինչպես նաև այլ հաշվետվությունների պատրաստումը, որոնք կարող են պահանջվել Կողմերի խորհրդաժողովների նիստերի ընթացքում.

ը) սույն Կոնվենցիայի նպատակների և դրույթների իրականացման համար առաջարկություններ անելը, ներառյալ գիտական կամ տեխնիկական բնույթի տեղեկատվության փոխանակումը.

թ) ցանկացած այլ գործառույթի իրականացում, որը կարող է Քարտուղարությանը հանձնարարվել Կողմերի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ XIII

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

1. Եթե Քարտուղարությունը ստացված տեղեկատվության լույսի ներքո գտնում է, որ I կամ II հավելվածներում ընդգրկված ցանկացած տեսակի վրա բացասաբար է ազդում այդ տեսակների նմուշների առևտուրը, կամ որ սույն Կոնվենցիայի դրույթները արդյունավետ կերպով չեն իրականացվել, Քարտուղարությունը տարածում է նման տեղեկատվությունը շահագրգիռ Կողմի կամ Կողմերի լիազորված կառավարման մարմնին:

2. Եթե որևէ Կողմ ստանում է հաղորդագրություն, ինչպես նշված է սույն հոդվածի 1-ին պարբերությունում, մասնակից պետությունը հնարավորինս սեղմ ժամկետներում տեղեկացնում է Քարտուղարությանը բոլոր փաստերի վերաբերյալ, որոնք նախատեսվում են օրենսդրությամբ, և անհրաժեշտության դեպքում առաջարկում իրավական քայլեր: Եթե Կողմը ցանկանում է հետաքննություն իրականացնել, ապա նման հետաքննությունը կարող է իրականացվել տվյալ Կողմի` դրա համար հատուկ լիազորված մեկ կամ մի քանի անձանց կողմից։

3. Տեղեկատվությունը, որը տրամադրվել է Կողմի կողմից կամ սույն հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված որևէ հարցման արդյունք է, քննարկվում է Կողմերի հաջորդ խորհրդաժողովի նիստում, որի ընթացքում կարող է արվել ցանկացած առաջարկություն, որն անհրաժեշտ կհամարվի:

 

ՀՈԴՎԱԾ XIV

 

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՎՐԱ

 

1. Սույն Կոնվենցիայի դրույթները որևէ կերպով չեն խոչընդոտում Կողմերին ձեռնարկելու.

ա) ավելի խիստ ներպետական քայլեր I, II և III հավելվածներում ներառված տեսակների նմուշների առևտրային պայմանների, ընդունման, տնօրինման կամ փոխադրման կամ դրանց ամբողջովին արգելելուն ուղղված միջոցներ, կամ

բ) ներպետական միջոցներ, որոնք սահմանափակում կամ կանխարգելում են I, II և III հավելվածներում չընդգրկված տեսակների առևտուրը, ընդունումը, տնօրինումը կամ փոխադրումը:

2. Սույն Կոնվենցիայի դրույթները որևէ կերպով չեն ազդում Կողմերի որևէ ներպետական միջոցառման դրույթների կամ պարտավորությունների վրա, որոնք բխում են որևէ պայմանագրից, կոնվենցիայից կամ միջազգային համաձայնագրից` նմուշների առևտրի, ընդունման, տնօրինման կամ փոխադրման այլ հայեցակետերի հետ կապված, որոնք գործում են կամ կարող են ուժի մեջ մտնել ավելի ուշ` ցանկացած Կողմի համար, այդ թվում` մաքսային օրենսդրության, առողջապահության, կենդանիների կամ բույսերի կարանտինի հետ կապված որևէ միջոցառում:

3. Սույն Կոնվենցիայի դրույթները որևէ կերպով չեն ազդում որևէ պայմանագրից, կոնվենցիայից կամ միջազգային համաձայնագրից բխող դրույթների և պարտավորությունների վրա, որոնք կարող են կնքվել միություն կամ տարածաշրջանային առևտրային համաձայնագիր ստեղծող պետությունների միջև, որով սահմանվում կամ պահպանվում է ընդհանուր արտաքին մաքսային վերահսկողությունը, և Կողմերի միջև մաքսային վերահսկողությունը վերացվում է այնքանով, որքանով դա վերաբերում են այդ միության կամ համաձայնագրի անդամ պետությունների միջև առևտրին:

4. Սույն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող պետությունը, որը նաև այլ պայմանագրի, կոնվենցիայի կամ միջազգային համաձայնագրի մասնակից է, որոնք գործում են սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից, և որոնց դրույթները ենթադրում են II հավելվածում ընդգրկված ծովային տեսակների պահպանություն, ազատվում է սույն Կոնվենցիայով իր վրա դրված պարտավորություններից` կապված II հավելվածում ներառված տեսակների նմուշների առևտրի հետ, որոնք ձեռք են բերվել տվյալ պետությունում գրանցված նավերի կողմից` նման այլ պայմանագրի, կոնվենցիայի կամ միջազգային համաձայնագրի դրույթներին հապատասխան:

5. Չնայած III, IV և V հոդվածի դրույթներին` սույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն ձեռք բերված նմուշի ցանկացած արտահանման համար պահանջվում է միայն ներմուծող պետության կառավարման մարմնի հավաստագիրն առ այն, որ տեսակները ձեռք են բերվել այլ պայմանագրի, կոնվենցիայի կամ միջազգային համաձայնագրի դրույթներին համապատասխան:

6. Սույն Կոնվենցիայում ոչինչ վնաս չի հասցնի Միավորված ազգերի կազմակերպության խորհրդաժողովի Ծովի մասին օրենքի շրջանակներում ընդունված ծովի մասին օրենքների դասակարգմանն ու մշակմանը, որը գումարվել է համաձայն Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովի հմ. 2750 C (XXV) բանաձևի, ինչպես նաև վնաս չի հասցնի որևէ պետության` ներկայիս և հետագա պահանջներն ու իրավական դիրքորոշումները, որոնք վերաբերում են ծովի մասին օրենքներին ու ափամերձ և դրոշի պետության իրավասության բնույթին ու աստիճանին:

 

ՀՈԴՎԱԾ XV

 

I ԵՎ II ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

1. I և II հավելվածներում փոփոխությունների և լրացումների մասով Կողմերի խորհրդաժողովի նիստերի ընթացքում կիրառվում են հետևյալ դրույթները.

ա) ցանկացած Կողմ կարող է փոփոխություններ և լրացումներ առաջարկել I կամ II հավելվածում` հաջորդ նիստի ընթացքում քննարկելու համար: Առաջարկված փոփոխության տեքստը ներկայացվում է Քարտուղարությանը հանդիպումից առնվազն 150 օր առաջ: Քարտուղարությունը խորհրդակցում է մյուս Կողմերի և շահագրգիռ մարմինների հետ փոփոխությունների շուրջ, համաձայն սույն հոդվածի 2-րդ պարբերության «բ» և «գ» ենթապարբերությունների դրույթների, և պատասխանը ներկայացնում է Կողմերին ոչ ուշ, քան նիստից 30 օր առաջ.

բ) փոփոխություններն ու լրացումներն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Կողմերի երկու երրորդ մեծամասնության կողմից: Այս նպատակով «քվեարկությանը ներկա գտնվող և մասնակցող Կողմեր» արտահայտությունը վերաբերում է այն Կողմերին, որոնք ներկա են գտնվում և «դեմ» կամ «կողմ» են քվեարկում: «Ձեռնպահ» քվեարկող Կողմերը չեն հաշվարկվում երկու երրորդի մեջ, որն անհրաժեշտ է փոփոխության ընդունման համար.

գ) նիստի ընթացքում ընդունված փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում այդ նիստի օրվանից 90 օր հետո, բոլոր Կողմերի համար` բացառությամբ նրանց, որոնք վերապահումներ կանեն` համաձայն սույն հոդվածի 3-րդ պարբերության:

2. Հետևյալ դրույթները կիրառվում են I և II հավելվածներում փոփոխությունների և լրացումների նկատմամբ Կողմերի խորհրդաժողովների նիստերի միջև ընկած ժամանակահատվածում.

ա) ցանկացած Կողմ կարող է I կամ II հավելվածում փոփոխություններ և լրացումներ առաջարկել` նիստերի միջև ընկած ժամանակահատվածում քննարկելու համար, սույն պարբերության մեջ ամրագրված փոստային ընթացակարգով.

բ) ծովային տեսակների վերաբերյալ առաջարկված փոփոխության և լրացման տեքստն ստանալուն պես Քարտուղարությունն այն անհապաղ փոխանցում է Կողմերին: Նա նաև խորհրդակցում է միջկառավարական մարմինների հետ, որոնք պարտավորություններ ունեն այդ տեսակների նկատմամբ, հատկապես նպատակ ունենալով ձեռք բերել գիտական տվյալներ, որոնք այս մարմինները կարող են տրամադրել, և ապահովել նման մարմինների կողմից իրականացվող բնության պահպանման միջոցառումների համակարգումը: Քարտուղարությունը հնարավորինս սեղմ ժամկետում Կողմերին փոխանցում է այս մարմինների կարծիքներն ու տրամադրված տվյալները, ինչպես նաև իր եզրակացություններն ու առաջարկությունները.

գ) ոչ ծովային տեսակների վերաբերյալ առաջարկված փոփոխության և լրացման տեքստն ստանալուն պես Քարտուղարությունը այն անմիջապես փոխանցում է Կողմերին, իսկ դրանից հետո` հնարավորինս սեղմ ժամկետում, նաև իր առաջարկությունները.

դ) ցանկացած Կողմ, համաձայն սույն պարբերության «բ» կամ «գ» ենթապարբերությունների, Քարտուղարության կողմից Կողմերին իր առաջարկությունների ներկայացման օրվանից 60 օրվա ընթացքում կարող է Քարտուղարությանը փոխանցել առաջարկված փոփոխության և լրացման վերաբերյալ ցանկացած դիտողություն, ներառյալ տվյալ հարցին առնչվող գիտական բոլոր տվյալներն ու տեղեկատվությունը.

ե) Քարտուղարությունը հնարավորինս շուտ իր առաջարկությունների հետ միասին Կողմերին փոխանցում է ստացված պատասխանները.

զ) եթե Քարտուղարությունը չստանա որևէ առարկություն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ սույն պարբերության «ե» ենթապարբերության դրույթներին համապատասխան պատասխանների և առաջարկությունների փոխանցման օրվանից հետո 30 օրվա ընթացքում, փոփոխությունն ուժի մեջ կմտնի 90 օր հետո, բոլոր Կողմերի համար` բացառությամբ նրանց, ովքեր վերապահումներ են արել` համաձայն սույն հոդվածի 3-րդ պարբերության.

է) եթե Քարտուղարությունը Կողմերից որևէ մեկի կողմից առարկություն ստանա, առաջարկված փոփոխությունը կդրվի փոստային քվեարկության` սույն պարբերության «ը», «թ» և «ժ» ենթապարբերությունների դրույթներին համապատասխան.

ը) Քարտուղարությունը տեղեկացնում է Կողմերին, որ առարկության վերաբերյալ ծանուցում է ստացել.

թ) եթե Քարտուղարությունը չի ստանում մասնակիցների առնվազն 1/2-րդի «կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ» ձայները, համաձայն սույն պարբերության «ը» ենթապարբերության, ծանուցման օրվանից 60 օրվա ընթացքում, առաջարկված փոփոխությունը ներկայացվում է խորհրդաժողովի հաջորդ նիստի քննարկմանը.

ժ) եթե ձայներն ստացվել են մասնակիցների 1/2-ից, փոփոխությունն ընդունվում է «կողմ» կամ «դեմ» քվեարկած Կողմերի 2/3 ձայների մեծամասնությամբ.

ժա) Քարտուղարությունը ծանուցում է բոլոր մասնակիցներին քվեարկության արդյունքների մասին.

ժբ) եթե առաջարկված փոփոխությունն ընդունվում է, այն ուժի մեջ է մտնում Քարտուղարության կողմից ընդունման վերաբերյալ ծանուցման օրվանից 90 օր հետո, բոլոր Կողմերի համար` բացառությամբ նրանց, ովքեր վերապահումներ են արել` համաձայն սույն հոդվածի 3-րդ պարբերության:

3. Սույն հոդվածի 1-ին պարբերության «գ» ենթապարբերությամբ կամ 2-րդ պարբերության «ժբ» ենթապարբերությամբ նախատեսված 90 օրվա ընթացքում ցանկացած Կողմ կարող է, ավանդապահ կառավորությանը գրավոր ծանուցելով, փոփոխության վերաբերյալ վերապահում անել: Քանի դեռ նման վերապահումը չի հանվել, Կողմը համարվում է սույն Կոնվենցիայի կողմ չհանդիսացող պետություն տվյալ տեսակների առևտրի մասով:

 

ՀՈԴՎԱԾ XVI

 

ՀԱՎԵԼՎԱԾ III ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ցանկացած Կողմ կարող է ցանկացած պահի Քարտուղարությանը ներկայացնել այն տեսակների ցանկը, որոնք Կողմը սահմանում է որպես իր իրավասության շրջանակներում կանոնակարգման ենթակա տեսակներ II հոդվածի 3-րդ պարբերության մեջ նշված նպատակների համար: III հավելվածը ներառում է այն Կողմերի անվանումները, որոնք տեսակները ներկայացրել են հավելվածում ներառելու համար, ներկայացված տեսակների գիտական անվանումներն ու համապատասխան կենդանիների կամ բույսերի ցանկացած մասերը կամ ածանցյալները, որոնք նշվել են տեսակների առնչությամբ I հոդվածի «բ» ենթապարբերության նպատակների համար:

2. Սույն հոդվածի 1-ին պարբերության դրույթների ներքո ներկայացված ցանկացած ցանկ պետք է Քարտուղարության ստանալուց հետո` հնարավորինս սեղմ ժամկետներում, փոխանցվի բոլոր Կողմերին: Ցանկն ուժի մեջ է մտնում, որպես III հավելվածի մաս, այն ներկայացնելու օրվանից 90 օր հետո: Նման ցանկ ներկայացնելուց հետո ցանկացած Կողմ ցանկացած ժամանակ կարող է, ավանդապահ Կառավարությանը գրավոր ծանուցելով, վերապահում անել որևէ տեսակի կամ որևէ մասի կամ ածանցյալի վերաբերյալ, և քանի դեռ նման վերապահումը չի հանվել, պետությունը չի համարվում սույն Կոնվենցիայի Կողմ տվյալ տեսակի կամ մասերի կամ ածանցյալների առևտրի մասով:

3. Կողմը, որը ներկայացրել է որևէ տեսակ III հավելվածում ներառելու համար, կարող է այն հետ վերցնել ցանկացած ժամանակ` ծանուցելով Քարտուղարությանը, որն էլ իր հերթին հետ վերցնելու մասին տեղեկացնում է բոլոր Կողմերին: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում նման ծանուցման օրվանից 30 օր հետո:

4. Ցանկացած Կողմ, որը ցանկը ներկայացրել է համաձայն սույն հոդվածի 1-ին պարբերության դրույթների, Քարտուղարությանը ներկայացնում է նման նմուշների պաշտպանության նկատմամբ կիրառելի բոլոր ներպետական օրենքների կամ կանոնակարգերի օրինակները, ինչպես նաև ցանկացած մեկնաբանություն, որը Կողմն անհրաժեշտ կհամարի, կամ Քարտուղարությունը կպահանջի: Քանի դեռ տվյալ տեսակը ներառված է III հավելվածում, Կողմը ներկայացնում է նման օրենքներում կամ կանոնակարգերում կատարված ցանկացած փոփոխություն կամ լրացում կամ ցանկացած նոր մեկնաբանություն դրանց ընդունման ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ XVII

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

1. Կողմերի խորհրդաժողովի արտահերթ նիստը գումարվում է Քարտուղարության կողմից, մասնակից պետությունների առնվազն 1/3-ի գրավոր պահանջով` սույն Կոնվենցիայում կատարվող փոփոխություններն ու լրացումները քննարկելու և ընդունելու նպատակով: Նման փոփոխություններն ու լրացումներն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկող մասնակիցների 2/3 մեծամասնության կողմից: Այս նպատակների համար «ներկա գտնվող և քվեարկող Կողմեր» արտահայտությունը վերաբերում է այն Կողմերին, որոնք ներկա են և «կողմ» կամ «դեմ» են քվեարկում: «Ձեռնպահ» քվեարկող Կողմերը չեն հաշվարկվում 2/3-ի մեջ, որն անհրաժեշտ է փոփոխության և լրացման ընդունման համար:

2. Քարտուղարությունը պետք է առաջարկված ցանկացած փոփոխության և լրացման տեքստ փոխանցի բոլոր Կողմերին նիստը գումարելուց առնվազն 90 օր առաջ:

3. Փոփոխությունն ուժի մեջ է մտնում այն Կողմերի համար, որոնք ընդունել են այն, Կողմերի երկու երրորդի կողմից փոփոխության և լրացման ընդունման փաստաթուղթը ավանդապահ Կառավարությանն ի պահ հանձնելուց 60 օր հետո: Այնուհետև փոփոխությունն ու լրացումն ուժի մեջ են մտնում ցանկացած այլ Կողմի համար` տվյալ Կողմի կողմից փոփոխության և լրացման ընդունման վերաբերյալ իր փաստաթուղթն ի պահ հանձնելուց 60 օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ XVIII

 

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

1. Ցանկացած վեճ, որը ծագում է երկու կամ ավելի Կողմերի միջև սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ժամանակ, ենթակա է լուծման վեճում ներգրավված Կողմերի միջև բանակցությունների միջոցով:

2. Եթե վեճը չի կարող լուծվել համաձայն սույն հոդվածի 1-ին պարբերության, Կողմերը կարող են, փոխադարձ համաձայնությամբ, վեճը փոխանցել Հաագայում գտնվող Միջնորդ մշտական դատարանին: Դատարանի որոշումը պարտադիր է վեճը փոխանցած Կողմերի համար:

 

ՀՈԴՎԱԾ XIX

 

ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

 

Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար մինչև 1973 թվականի ապրիլի 30-ը` Վաշինգտոնում, իսկ հետագայում` Բեռնում, մինչև 1974 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

ՀՈԴՎԱԾ XX

 

ՎԱՎԵՐԱՑՈՒՄ, ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ

 

Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Շվեյցարիայի Համադաշնության Կառավարությանը, որն ավանդապահ Կառավարությունն է:

 

ՀՈԴՎԱԾ XXI

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼԸ

 

Սույն Կոնվենցիան անսահմանափակ ժամանակահատվածով բաց է միանալու համար: Միանալու վերաբերյալ փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահ Կառավարությանը:

 

ՀՈԴՎԱԾ XXII

 

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ 10-րդ փաստաթուղթն ավանդապահ Կառավարությանն ի պահ հանձնելու օրվանից 90 օր հետո:

2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու 10-րդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նման պետության կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ իր փաստաթուղթն ի պահ հանձնելուց 90 օր հետո:

 

ՀՈԴՎԱԾ XXIII

 

ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Կոնվենցիայի դրույթները ենթակա չեն ընդհանուր վերապահումների: Որոշակի վերապահումներ կարող են արվել համաձայն սույն հոդվածի և XV ու XVI հոդվածների դրույթների:

2. Ցանկացած պետություն վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ իր փաստաթուղթն ի պահ հանձնելու պահից կարող է վերապահումեր անել.

ա) I, II և III հավելվածներում ընդգրկված ցանկացած տեսակի վերաբերյալ, կամ

բ) III հավելվածում ընդգրկված տեսակների հետ առնչություն ունեցող ցանկացած մասի կամ ածանցյալի վերաբերյալ:

3. Քանի դեռ Կողմը չի հանել սույն հոդվածի դրույթների համաձայն արված վերապահումը, նա կհամարվի սույն Կոնվենցիայի Կողմ չհանդիսացող պետություն կոնկրետ տեսակների կամ մասերի կամ ածանցյալների առևտրի մասով:

 

ՀՈԴՎԱԾ XXIV

 

ՀՐԱԺԱՐՈՒՄ

 

Ցանկացած Կողմ ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել սույն Կոնվենցիային միանալուց` դրա մասին ավանդապահ Կառավարությանը գրավոր ծանուցելով: Հրաժարումն ուժի մեջ է մտնում ծանուցումն ավանդապահ Կառավարության ստանալուց 12 ամիս հետո:

 

ՀՈԴՎԱԾ XXV

 

ԱՎԱՆԴԱՊԱՀ

 

1. Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը նույնական են, ի պահ է հանձնվում ավանդապահ Կառավարությանը, որը դրանց պատճեններն ուղարկում է բոլոր այն պետություններին, որոնք ստորագրել են այն կամ ի պահ են հանձնել դրան միանալու վերաբերյալ փաստաթուղթը:

2. Ավանդապահ Կառավարությունը տեղեկացնում է Կոնվենցիան ստորագրած և դրան միացած բոլոր պետություններին և Քարտուղարությանը ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերի հանձնման, սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, նրանում կատարված փոփոխությունների և լրացումների, վերապահումներ անելու և դրանք հետ վերցնելու վերաբերյալ ծանուցումների մասին:

3. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուն պես ավանդապահ Կառավարությունը Կոնվենցիայի հաստատված պատճենները գրանցման ու հրապարակման համար փոխանցում է Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությանը` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան:

Ի վկայություն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

Կատարված է Վաշինգտոնում հազար ինը հարյուր յոթանասուներեք թվականի մարտի երեքին:

 

Կոնվենցիան ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2009թ. հունվարի 21-ից:

 

Appendices I, II and III

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան