Գլխավոր տեղեկություն
Համար
N 925-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.08.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.20/42(277) Հոդ.765
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

 7 օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2003 թվականի N 925-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության բարեփոխումների ծրագրերով նախատեսված գործընթացների շրջանակներում իրականացվող գույքային հարաբերություններն առավել արդյունավետ կազմակերպելու և Կոտայքի, Արարատի, Արմավիրի ու Արագածոտնի մարզերի մի շարք համայնքների ջրամատակարարումը բարելավելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ջրատարներից սնվող Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի մի շարք համայնքների առաջարկությունները՝ նրանց պատկանող ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը (ջրմուղ-կոյուղու ցանցեր, օրվա կարգավորման ջրամբարներ, պոմպակայաններ, սարքավորումներ, շենքեր, շինություններ, մեքենա-մեխանիզմներ և այլն) Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պայմանագրային հիմունքներով, 50 տարի ժամկետով, անհատույց օգտագործման հանձնելու մասին։

2. Առաջարկել սույն որոշման 1-ին կետում նշված մարզերի համայնքների ղեկավարներին իրականացնել համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի գույքագրման աշխատանքները։

3. Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզպետներին՝ ապահովել համայնքներին պատկանող ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի սեփականության իրավունքի և անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը։

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ իրականացնել համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի՝ գույքագրման արդյունքներով վերագնահատման աշխատանքները։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզպետներին՝ եռամսյա ժամկետում համայնքների ղեկավարների միջոցով ավարտել սույն որոշմամբ նախատեսված գույքագրման, վերագնահատման, սեփականության իրավունքի և անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման աշխատանքները։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ վարկային ծրագրի նախապատրաստման ժամանակ նախատեսել սույն որոշմամբ անհատույց օգտագործման վերցված՝ համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի (ներքին ցանցեր և ինժեներական կառուցվածքներ) բարելավման միջոցառումները։

7. Սահմանել, որ Կոտայքի, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի համապատասխան համայնքների կողմից ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած դեբիտորական և կրեդիտորական պարտքերը ենթակա չեն հաշվեգրման Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշիռներում:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն անհատույց օգտագործման վերցված ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի շահագործման արդյունքում Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունում և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունում առաջացող ֆինանսական ճեղքվածքների փակման վերաբերյալ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հուլիսի 23

Երևան