Գլխավոր տեղեկություն
Համար
N 982-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.09.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.29/44(279) Հոդ.805
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2003 թվականի N 982-Ն

 

ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԵՎ ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԼԱՆՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ, ՍՊԱՌՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ, ՀԱՆՔԱՀՈՐԵՐԻ ՈՒ ԲԱՑ ՀԱՆՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի 7-րդ և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 17-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և իրավասու այլ մարմինների հետ համատեղ եռամսյա ժամկետում մշակել ու հաստատել ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 14
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 10-ի N 982-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԵՎ ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԼԱՆՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ, ՍՊԱՌՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ, ՀԱՆՔԱՀՈՐԵՐԻ ՈՒ ԲԱՑ ՀԱՆՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության տրամադրման կարգը:

2. Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործումն արտահոսքի նպատակներով թույլատրվում է ջրօգտագործման թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների եզրակացությունների, ինչպես նաև ընդերքօգտագործողի համաձայնության առկայության դեպքում:

3. Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման թույլտվությունը, որպես պարտադիր պայման, պետք է ներառի կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակները, որոնց պահանջների ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

4. Արգելվում է կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործումն արտահոսքի նպատակներով, եթե այն հանգեցնում կամ կարող է հանգեցնել ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրերի ստանդարտների խախտմանը:

5. Սույն կարգի պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 104-րդ հոդվածում նշված ջրային ռեսուրսների կամ դրանց մասի օգտագործման վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ