Գլխավոր տեղեկություն
Համար
N 762-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.07.2003-27.11.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.16/37(272) Հոդ.662
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2003 թվականի N 762-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքային ենթակայության «Մհեր Մկրտչյան» մշակութային կենտրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների։

2. Ընդունել ի գիտություն, որ «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները համապատասխանաբար հանդիսանում են «Մհեր Մկրտչյան» մշակութային կենտրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդը՝ փոխանցման ակտերի հիման վրա։

3. «Մհեր Մկրտչյան» մշակութային կենտրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող՝ 355.2 հազ. դրամ և 13839.0 հազ. դրամ արժողությամբ համապատասխան գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին։

4. «Մհեր Մկրտչյան» մշակութային կենտրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինության՝ 16716.4 հազ. դրամ և 16221.8 հազ. դրամ արժողությամբ համապատասխան շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր։

5. Սահմանել, որ «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության առարկան և նպատակը մշակութային (թատերական և համերգային) գործունեության իրականացումն է։

6. «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) տեսագրությունների և ձայնագրությունների (սեփական ներկայացումների և համերգների) վերարտադրություն.

բ) ձայնագրությունների (սեփական) հրատարակություն.

գ) ռադիո- և հեռուստասարքերի մեծածախ առևտուր (սեփական ձայնապնակների, ձայներիզների, խտաշար (կոմպակտ) սկավառակների և տեսահոլովակների մեծածախ առևտուր).

դ) ուրիշ խմբավորումներում չներառված պոլիգրաֆիական գործունեություն (թատերական և համերգային ազդագրերի ու ծրագրերի տպագրություն).

ե) թատերական և համերգային դահլիճների գործունեություն։

7. «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին։

8. Երևանի քաղաքապետին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.

բ) ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցումները.

գ) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը։

9. «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմավորման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան։

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 25
Երևան