Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Base act (15.04.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.11.26/6(14)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
16.12.1997
Ստորագրման ամսաթիվ
12.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2004

ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 72-ՐԴ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի 52/164 ԲԱՆԱՁԵՎԸ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՌՄԲԱՀԱՐՈՒՄՆԵՐՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

(Վեցերորդ հանձնաժողովի զեկույցի հիման վրա A/52/653)

 

Գլխավոր ասամբլեան,

 

վկայակոչելով իր 1994թ. դեկտեմբերի 9-ի 49/60 Բանաձևը, որով ընդունել է Միջազգային ահաբեկչության բացառման միջոցների մասին Հռչակագիրը, և 1996թ. դեկտեմբերի 17-ի 51/210 Բանաձևը,

քննարկելով Գլխավոր ասամբլեայի 1996թ. դեկտեմբերի 17-ի 51/210 Բանաձևով ստեղծված Ad Hoc հանձնաժողովի և Վեցերորդ հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից մշակված՝ Ահաբեկչական  ռմբահարումներն արգելելու մասին Կոնվենցիայի նախագծի տեքստը՝

1. ընդունում է սույն Բանաձևին կից՝ Ահաբեկչական ռմբահարումներն արգելելու մասին միջազգային Կոնվենցիան և որոշում է այն բացել ստորագրման համար Նյու Յորքում՝ Միավորված ազգերի գլխավոր գրասենյակում, 1998թ. հունվարի 12-ից մինչև 1999թ. դեկտեմբերի 31-ը.

2. բոլոր պետություններին կոչ է անում ստորագրել և վավերացնել, ընդունել կամ հաստատել Կոնվենցիան կամ միանալ դրան:

 

Մ Ի Ջ Ա Զ Գ Ա Յ Ի Ն  Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՌՄԲԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունված է Գլխավոր ասամբլեայի 1997 թվականի դեկտեմբերի 16-ի 52/164 բանաձևով

Բաց է ստորագրման համար 1998թ. հունվարի 12-ից

Սույն Կոնվենցիայի Կողմ պետությունները,

նկատի ունենալով Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության նպատակներն ու սկզբունքները միջազգային խաղաղության և անվտանգության պահպանության, պետությունների միջև բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների և համագործակցության խրախուսման առնչությամբ,

խորապես մտահոգված լինելով ամբողջ աշխարհում ահաբեկչական գործողությունների բոլոր ձևերի և դրսևորումների ծավալմամբ,

վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության հիսուներորդ  տարեդարձի կապակցությամբ 1995թ. հոկտեմբերի 24-ին ընդունված Հռչակագիրը,

վկայակոչելով նաև Գլխավոր ասամբլեայի 1994թ. դեկտեմբերի  9-ի 49/60  Բանաձևին կից՝ Միջազգային ահաբեկչության բացառման միջոցների մասին Հռչակագիրը, որով, ի թիվս այլոց, «Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունները հանդիսավոր վերահաստատել են  իրենց կողմից ահաբեկչության բոլոր գործողությունների և մեթոդների կիրառման անվերապահ դատապարտումը՝ որպես հանցավոր և անարդարացի, որտեղ և ում կողմից էլ որ դրանք կատարվեն, ներառյալ այն արարքները, որոնք վտանգում են պետությունների և ժողովուրդների միջև բարեկամական  հարաբերությունները և սպառնում են պետությունների տարածքային ամբողջականությանը և նրանց անվտանգությանը»,

նշելով, որ Հռչակագրում պետություններին առաջարկվում է նաև «անհապաղ կարգով վերանայել ահաբեկչության  բոլոր ձևերի և դրսևորումների կանխման, խափանման և բացառման վերաբերյալ գործող միջազգային իրավական նորմերի ոլորտը՝ նպատակ ունենալով ապահովելու բազմածավալ իրավական շրջանակների առկայությունը, որը կներառի հարցի բոլոր  կողմերը»,

վկայակոչելով Գլխավոր ասամբլեայի 1996թ. դեկտեմբերի 17-ի 51/210 Բանաձևը և դրան կից Հռչակագիրը, որը լրացնում է 1994թ. Միջազգային ահաբեկչության վերացման միջոցառումների մասին Հռչակագիրը,

նշելով, որ պայթուցիկ նյութերի կամ այլ մահաբեր սարքավորումների գործադրման միջոցով ահաբեկչական հարձակումները ձեռք են բերում առավել լայն մասշտաբներ,

նշելով նաև, որ միջազգային իրավունքի առկա բազմակողմ դրույթներում այդ հարձակումները պատշաճորեն չեն դիտարկվում,
      համոզված լինելով, որ անհրաժեշտ է պետությունների միջև ամրապնդել միջազգային համագործակցությունը՝  այդպիսի ահաբեկչական գործողությունները կանխելու համար արդյունավետ և գործնական միջոցներ մշակելու և ընդունելու և մեղավորներին քրեորեն հետապնդելու և պատժելու համար,

հաշվի առնելով, որ նման արարքների կատարումը միջազգային հանրության համար լուրջ մտահոգության առարկա է հանդիսանում,
      նշելով, որ պետությունների զինված կազմավորումների գործողությունները կարգավորվում են սույն Կոնվենցիայի շրջանակներից դուրս` միջազգային իրավունքի նորմերով, և որոշակի գործողությունների բացառումը սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտից չի ազատում պատասխանատվությունից այլ հարաբերություններում ապօրինի արարքների համար, դրանք օրինական չի դարձնում և չի խոչընդոտում այլ օրենքների հիման վրա նախատեսված պատասխանատվության ենթարկմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար՝

1. «Պետական կամ կառավարական հիմնարկ»՝ ցանկացած մշտական կամ ժամանակավոր գործող հիմնարկ կամ տրանսպորտային միջոց, որն օգտագործվում կամ զբաղեցվում  է պետության ներկայացուցիչների, կառավարության անդամների, օրենսդիր կամ դատական մարմինների ներկայացուցիչների կամ պետական պաշտոնյաների կամ  աշխատակիցների կամ որևէ այլ պետական մարմնի կամ հաստատության կամ միջկառավարական կազմակերպության աշխատակիցների կամ պաշտոնատար անձանց կողմից՝ կապված նրանց ծառայողական պարտականությունների կատարման հետ:

2. «Ենթակառուցվածքային հիմնարկ»՝ պետական կամ մասնավոր սեփականության ներքո գտնվող ցանկացած հաստատություն, որը բնակչության շահերի համար տրամադրում կամ մատուցում  է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են ջրամատակարարումը, կոյուղին, էներգամատակարարումը, ջեռուցումը կամ կապը:

3. «Պայթուցիկ կամ այլ մահաբեր սարքավորում» նշանակում է՝

ա) պայթուցիկ կամ բռնկվող զենք կամ սարքավորում, որը նախատեսված է կամ կարող է առաջացնել մահ, ծանր մարմնական վնասվածք կամ էական նյութական վնաս, կամ

բ) զենք կամ սարքավորում, որը նախատեսված է կամ կարող է առաջացնել մահ, ծանր մարմնական վնասվածք կամ էական նյութական վնաս թունավոր քիմիկատների, կենսաբանական բաղադրիչների կամ թույների կամ նմանատիպ նյութերի, ճառագայթահարման կամ ճառագայթահարող նյութերի բացթողնման, տարածման կամ ազդեցության միջոցով:

4. «Պետության զինված ուժեր» նշանակում է՝ պետության զինված ուժեր, որոնք, նրա ներքին  օրենսդրության համապատասխան, կազմակերպվում, ուսուցանվում և սպառազինվում են, առաջին հերթին, ազգային պաշտպանության  կամ անվտանգության խնդիրների կատարման համար, և անձինք, ովքեր գործում են  այդ զինված ուժերին աջակցելու համար՝ գտնվելով նրանց պաշտոնական հրամանատարության, վերահսկողության և պատասխանատվության ներքո:

5. «Հասարակական օգտագործման վայրեր»՝ ցանկացած շինության, հողամասի,  փողոցի, ջրագծի կամ այլ տեղանքի մասեր, որոնք մշտապես, ժամանակ առ ժամանակ կամ պարբերաբար մատչելի կամ բաց են բնակչության համար և ներառում են ցանկացած առևտրային, գործնական, մշակութային, պատմական, լուսավորչական, պաշտամունքային, պետական, զվարճալի, հանգստի կամ  նմանատիպ վայր, որը այդպիսով մատչելի և բաց է բնակչության համար:

6. «Հասարակական տրանսպորտի համակարգ»՝ բոլոր հիմնարկները, տրանսպորտային միջոցները և օժանդակ տարրերը, անկախ դրանց պետական կամ մասնավոր լինելուց, որոնք օգտագործվում են մարդկանց կամ բեռների փոխադրումների հետ կապված հանրամատչելի ծառայությունների տրամադրման նպատակների համար կամ դրանց ընթացքում:

 

Հոդված 2

 

1. Սույն Կոնվենցիայի շրջանակներում ցանկացած անձ կատարում է հանցագործություն, եթե տվյալ անձը ապօրինի և միտումնավոր մատակարարում, տեղադրում, գործի է դնում կամ պայթեցնում է պայթուցիկ նյութեր կամ մահաբեր սարքավորումներ հասարակական օգտագործման վայրերում, պետական կամ կառավարական հիմնարկներում, հասարակական տրանսպորտի համակարգում կամ ենթակառուցվածքային  հիմնարկներում կամ այնպիսի ձևով, որը ուղղված է դրանց դեմ՝

ա) մահ կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու միտումով, կամ

բ) նման վայրերում, հիմնարկում կամ համակարգում նշանակալից ավերածություն առաջացնելու մտադրությամբ, երբ նման ավերածությունն առաջ է բերում կամ կարող է առաջացնել խոշոր տնտեսական վնաս:

2. Ցանկացած անձ հանցագործություն կատարում է նաև, եթե փորձում է կատարել սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված հանցագործություններից որևէ մեկը:

3. Ցանկացած անձ հանցագործություն է կատարում նաև, եթե նա՝

ա)  որպես հանցակից՝ մասնակցում է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարմանը, կամ

բ) կազմակերպում կամ ղեկավարում է այլ անձանց՝ սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը կատարելու նպատակով, կամ

գ) ցանկացած այլ եղանակով աջակցում է ընդհանուր նպատակով գործող անձանց խմբի կողմից սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված մեկ կամ ավելի հանցագործությունների կատարմանը. նման օժանդակությունը պետք է լինի դիտավորյալ և կատարվի խմբի հանցավոր գործունեության ընդհանուր բնույթին կամ նպատակներին աջակցելու համար կամ կատարվի՝ տեղյակ լինելով խմբի կողմից համապատասխան հանցագործության կամ հանցագործությունների կատարման մտադրությանը:

 

Հոդված 3

 

Սույն Կոնվենցիան չի կիրառվում, եթե հանցագործությունը կատարվել է մեկ պետության շրջանակներում, ենթադրյալ հանցագործը  և տուժողներն այդ պետության  քաղաքացիներ են,  ենթադրյալ հանցագործը  գտնվել է այդ պետության  տարածքում, և ոչ մի այլ պետություն, 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, հիմքեր չունի իրականացնելու իր իրավազորությունը՝ բացառությամբ, երբ համապատասխան հանգամանքներում այդ դեպքերի նկատմամբ կիրառվում են 10-15-րդ հոդվածների դրույթները:

 

Հոդված 4

 

Յուրաքանչյուր Կողմ պետություն ընդունում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են լինել անհրաժեշտ՝

ա) սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված արարքները, իր ներպետական օրենսդրության համաձայն, քրեական հանցագործություններ ճանաչելու համար,

բ) հաշվի առնելով հանցագործությունների ծանրության աստիճանը՝ համապատասխան պատժամիջոցներ սահմանելու համար:

 

Հոդված 5

 

Յուրաքանչյուր Կողմ պետություն ընդունում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, ներառյալ, նպատակահարմարության դեպքում, ներպետական օրենսդրությունում, երաշխավորելով, որ սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները, մասնավորապես, երբ դրանք նպատակաուղղված են պետությանը, հասարակությանը կամ անձանց որոշակի խմբին կամ առանձին անձանց  ահաբեկելուն, ոչ մի հանգամանքում չեն արդարացվի՝ հաշվի առնելով դրանց քաղաքական,  փիլիսոփայական, գաղափարախոսական, ռասայական, էթնիկական, կրոնական կամ այլ նմանատիպ բնույթը և կհանգեցնեն դրանց ծանրության աստիճանին  համարժեք պատժամիջոցների կիրառման:

 

Հոդված 6

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր իրավազորությունը հաստատելու համար 2-րդ հոդվածով սահմանված հանցագործությունների նկատմամբ, երբ`

ա) հանցագործությունը կատարվել է տվյալ պետության  տարածքում, կամ

բ) հանցագործությունը կատարվել է տվյալ պետության դրոշի ներքո նավարկող նավի վրա կամ հանցագործության կատարման պահին տվյալ պետության օրենքներով գրանցված օդանավում, կամ

գ) հանցագործությունը կատարվել է տվյալ պետության քաղաքացու կողմից:

2. Կողմ պետությունը կարող է իր իրավազորությունը հաստատել նաև ցանկացած նման հանցագործության նկատմամբ, եթե՝

ա) հանցագործությունը կատարվել է տվյալ պետության քաղաքացու դեմ, կամ

բ) հանցագործությունը կատարվել է արտասահմանում տվյալ պետության պետական կամ կառավարական հիմնարկի դեմ, ներառյալ տվյալ պետության դեսպանատունը, դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության այլ շենքերը, կամ

գ) հանցագործությունը կատարվել է քաղաքացիություն չունեցող անձի կողմից, որը մշտապես բնակվում է տվյալ պետության տարածքում, կամ

դ) հանցագործությունը կատարվել է՝ փորձելով պետությանը հարկադրել կատարելու որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից, կամ

ե) հանցագործությունը կատարվել է տվյալ պետության կառավարության կողմից շահագործվող օդանավում:

3. Յուրաքանչյուր Կողմ պետություն սույն Կոնվենցիան վավերացնելիս, ընդունելիս, հաստատելիս կամ դրան միանալիս պետք է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցի սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան իր իրավազորությունը հաստատելու մասին՝ ներպետական օրենսդրության հիման վրա: Որևէ փոփոխության դեպքում համապատասխան Կողմ պետությունն այդ մասին անհապաղ ծանուցում է Գլխավոր  քարտուղարին:

4. Յուրաքանչյուր Կողմ պետություն նույն ձևով ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ հաստատելու համար իր իրավազորությունը 2-րդ հոդվածում սահմանված հանցագործությունների նկատմամբ՝ այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է նրա տարածքում, և նա չի հանձնում այդ անձին որևէ Կողմ պետության, որն իր իրավազորությունը հաստատել է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերին համապատասխան:

5. Սույն Կոնվենցիան չի բացառում Կողմ պետության կողմից, նրա ներպետական օրենսդրության համապատասխան, ցանկացած քրեական իրավազորության իրականացում:

 

Հոդված 7

 

1.  2-րդ հոդվածում սահմանված հանցագործությունը կատարած անձի կամ ենթադրյալ հանցագործի` իր տարածքում գտնվելու մասին տեղեկատվություն ստանալով՝ Կողմ պետությունը ձեռնարկում է իր ներպետական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցները՝ հետազոտելով տեղեկատվության մեջ առկա փաստերը:

2.  Համոզված լինելով, որ հանգամանքներն այդ են պահանջում, Կողմ պետությունը, որի տարածքում գտնվում է հանցագործը կամ ենթադրյալ հանցագործը, ձեռնարկում է իր ներպետական օրենսդրության համապատասխան անհրաժեշտ միջոցներ՝ տվյալ անձի ներկայությունը քրեական հետապնդման կամ  հանձնման նպատակների համար:

3. Ցանկացած անձ, որի նկատմամբ կիրառվել են սույն հոդվածի 2-րդ կետում նշված միջոցները, իրավունք ունի.

ա) անհապաղ կապվել իր քաղաքացիության պետության մոտակա համապատասխան ներկայացուցչի կամ այն մարմնի հետ, որն այլ կերպ իրավասու է պաշտպանելու տվյալ անձի իրավունքները, կամ եթե քաղաքացիություն չունեցող անձ է, ապա իր մշտական բնակության վայրի պետության ներկայացուցչի հետ,

բ) տվյալ պետության ներկայացուցչի հետ հանդիպմանը,

գ) տեղեկացված լինել, «ա» և «բ» ենթակետերի համաձայն, իր իրավունքների մասին:

4.  Սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված իրավունքները իրականացվում են այն պետության օրենսդրության համապատասխան, որի տարածքում գտնվում է հանցագործը կամ  ենթադրյալ հանցագործը. ընդ որում, նշված օրենսդրությունը պետք է ամբողջությամբ հնարավորություն ընձեռի՝ հասնելու այն նպատակներին, որոնց համար 3-րդ կետով տրամադրվող իրավունքները նախատեսված են:

5.  Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները չեն վնասում որևէ Կողմ պետության իրավունքին՝ հավակնելու 6-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի կամ 2-րդ կետի «գ» ենթակետում նախատեսված իրավազորությանը՝ հրավիրելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ այցելել ենթադրյալ հանցագործին կամ հաղորդակցվել նրա հետ:

6.  Երբ Կողմ պետությունը, սույն հոդվածին համապատասխան, կալանքի տակ է վերցրել անձին, ապա նա անմիջականորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով պետք է անհապաղ ծանուցի այն Կողմ պետություններին, որոնք իրենց իրավազորությունը հաստատել են 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, և եթե նա նպատակահարմար գտնի, ցանկացած այլ շահագրգիռ Կողմ պետության՝ տվյալ անձի կալանքի տակ գտնվելու և այն  հանգամանքների մասին, որոնք պահանջում են, որ նա կալանքի տակ գտնվի: Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հետաքննությունն իրականացնող պետությունը պետք է  անհապաղ տեղեկացնի նշված Կողմ պետություններին իր եզրահանգումների մասին և հայտնի, թե արդյոք մտադիր է իրավազորություն իրականացնելու:

 

Հոդված 8

 

1.  Այն Կողմ պետությունը, որի տարածքում գտնվում է ենթադրյալ հանցագործը այն դեպքերում, որոնց նկատմամբ կիրառվում է 6-րդ հոդվածը, եթե չի հանձնում տվյալ անձին, ապա պարտավորվում է առանց որևէ բացառության և անկախ նրանից՝ հանցագործությունն իր տարածքում է կատարվել, թե ոչ, առանց անհիմն ձգձգման քրեական հետապնդման նպատակով գործը հանձնել իր իրավասու մարմիններին՝ իր օրենսդրության համապատասխան դատավարություն անցկացնելու համար: Այդ մարմինները որոշում են ընդունում նույն կարգով, ինչպես նախատեսված է տվյալ պետության օրենսդրությամբ՝ որևէ այլ ծանր բնույթի  հանցագործության դեպքում:

2. Բոլոր դեպքերում, երբ Կողմ պետության ներքին օրենսդրությամբ թույլատրվում է վերադարձման պայմանով հանձնել կամ այլ կերպ փոխանցել իր քաղաքացիներից մեկին, որպեսզի նա կրի դատավարության կամ գործի քննության արդյունքում դատավճռով նշանակված պատիժը, որի համար պահանջվում է այդ անձի հանձնումը կամ փոխանցումը, և տվյալ պետությունը կամ անձի հանձնումը հայցող պետությունը համաձայն են այդ տարբերակին և այլ համապատասխան պայմաններին, ապա այդպիսի պայմանական հանձնումը կամ փոխանցումը բավարար են սույն հոդվածի 1-ին կետում սահմանված պարտավորությունների կատարման համար:

 

Հոդված 9

 

1. 2-րդ հոդվածով նշված հանցագործությունները՝ որպես հանձնման ենթակա հանցագործություններ, պետք է ընդգրկվեն Կողմ պետությունների միջև կնքված՝ հանձնման մասին ցանկացած պայմանագրում մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը: Կողմ պետությունները պարտավորվում են նման հանցագործությունները՝ որպես հանձնում առաջացնող  հանցագործություններ, ներառել միմյանց միջև հետագայում կնքվելիք՝ հանձնման մասին բոլոր պայմանագրերում:

2. Երբ Կողմ պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, մեկ այլ Կողմ պետությունից, որի հետ նա հանձնման մասին պայմանագիր չունի, ստանում է հանձնման մասին հարցում, ապա հայցվող պետությունը կարող է, իր հայեցողությամբ, սույն Կոնվենցիան որպես իրավական հիմք դիտել 2-րդ հոդվածում նախատեսված հանցագործություններով հանձնում իրականացնելու համար: Հանձնումն իրականացվում է հայցվող պետության օրենսդրությամբ նախատեսված այլ պայմանների պահպանմամբ:

3. Կողմ պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, դիտում են միմյանց միջև 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները որպես հանձնում առաջացնող հանցագործություններ՝ հայցվող պետության  օրենսդրությամբ նախատեսված պայմանների պահպանմամբ:

4. Անհրաժեշտության դեպքում 2-րդ հոդվածում նախատեսված հանցագործությունները Կողմ պետությունների կողմից դիտվում են հանձնման նպատակների համար, եթե դրանք կատարվել են ոչ միայն դրանց կատարման վայրում, այլև այն պետությունների տարածքներում, որոնք իրենց իրավազորությունը հաստատել են 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:

5. Կողմ պետությունների միջև հանձնման մասին բոլոր պայմանավորվածությունների և պայմանագրերի դրույթները` 2-րդ հոդվածով նշված հանցագործությունների վերաբերյալ, դիտվում են Կողմ պետությունների միջև հարաբերություններում փոփոխված այնքանով, որքանով դրանք անհամատեղելի են սույն Կոնվենցիայի հետ:

 

Հոդված 10

 

1. Կողմ պետությունները միմյանց առավելագույն օգնություն են տրամադրում 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների` հետաքննություն, քրեական հետապնդում կամ հանձնման գործընթացները սկսելու կապակցությամբ, ներառյալ դատավարության համար անհրաժեշտ, իրենց տրամադրության ներքո գտնվող ապացույցների ձեռքբերման աջակցությունը:

2. Կողմ պետությունները սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված իրենց պարտավորություններն իրականացնում են միմյանց միջև առկա փոխադարձ իրավական օգնության մասին ցանկացած պայմանագրի կամ այլ պայմանավորվածության համապատասխան: Նման պայմանագրերի կամ պայմանավորվածությունների բացակայության դեպքում Կողմ պետությունները միմյանց օգնություն են տրամադրում իրենց ներպետական օրենսդրության համաձայն:

 

Հոդված 11

 

2-րդ հոդվածում նախատեսված հանցագործություններից ոչ մեկը հանձնման կամ փոխադարձ իրավական օգնության նպատակով չի կարող դիտվել  որպես քաղաքական կամ քաղաքական  հանցագործության հետ կապ ունեցող հանցագործություն կամ  քաղաքական շարժառիթներով կատարված հանցագործություն: Համապատասխանաբար, այդ հանցագործությունների վերաբերյալ գործերով հանձնման կամ փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքը չի կարող մերժվել միայն այն հիմքով, որ  դա առնչվում է  քաղաքական կամ  քաղաքական հանցագործության հետ կապ ունեցող կամ քաղաքական շարժառիթներով  կատարված հանցագործության հետ:

 

Հոդված 12

 

Ոչինչ սույն Կոնվենցիայում չպետք է մեկնաբանվի որպես պարտավորեցնող` որևէ անձի հանձնման կամ փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու համար, եթե հայցվող պետությունը էական հիմքեր ունի ենթադրելու, որ 2-րդ հոդվածում նշված  հանցագործությունների առնչությամբ հանձնման կամ  փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքի նպատակն է անձին դատական կարգով հետապնդելը կամ նրան պատժելը՝ ելնելով նրա ռասայից, դավանանքից, քաղաքացիությունից, էթնիկական ծագումից կամ քաղաքական համոզմունքներից, կամ որ տվյալ խնդրանքի բավարարումը կարող է վատթարացնել տվյալ անձի վիճակը` այս պատճառներից մեկի հիման վրա:

 

Հոդված 13

 

1. Կողմ պետություններից մեկի տարածքում կալանքի տակ գտնվող կամ պատիժը կրող անձը, որի ներկայությունը մյուս Կողմ պետության տարածքում պահանջվում է սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հետաքննություն կամ քրեական հետապնդում իրականացնելիս ցուցմունքներ տալու, անձը հաստատելու նպատակով կամ ապացույցների ձեռքբերման գործում այլ օգնություն տրամադրելու համար, կարող է փոխանցվել հետևյալ պայմանների պահպանմամբ, եթե.

ա) անձը ազատորեն տալիս է իր համաձայնությունը լրիվ տեղեկատվության հիման վրա, և

բ) երկու պետությունների իրավասու իշխանությունները համաձայնության են գալիս այնպիսի պայմանների վերաբերյալ, որոնք իրենք ընդունելի են համարում:

2. Սույն հոդվածի նպատակների համար՝

ա) այն պետությունը, որին փոխանցվել է անձը, իրավասու է և պարտավոր է փոխանցված անձին պահել կալանքի տակ մինչև  փոխանցող պետության կողմից որևէ այլ պահանջ ներկայացվելը կամ պատժատեսակ սահմանվելը,

բ) այն պետությունը, որին փոխանցվել է անձը, պետք է առանց ձգձգումների կատարի փոխանցող պետության տիրապետության ներքո այդ անձին վերադարձնելու իր պարտավորությունը՝ երկու պետությունների իրավասու իշխանությունների միջև նախնական կամ այլ համաձայնեցվածության համապատասխան,

գ) այն պետությունը, որին փոխանցվել է անձը, չպետք է փոխանցող պետությունից պահանջի, որ անձի վերադարձման համար հարուցի հանձնման ընթացակարգ,

դ) փոխանցող պետության կողմից փոխանցվող անձը պետք է երաշխավորվի, որ այն պետության տարածքում կալանքի տակ գտնվելու  ժամանակահատվածը, որին ինքը փոխանցվել է, հաշվարկվելու է պատժի կրման ժամկետի մեջ:

3. Սույն հոդվածին համապատասխան փոխանցվող անձը, անկախ իր քաղաքացիությունից, չի կարող այն պետության կողմից, որին ինքը փոխանցվել է, ենթարկվել հետապնդման կամ կալանավորվել կամ ենթարկվել անձնական ազատության որևէ սահմանափակման այն արարքների կամ համոզմունքների համար, որոնք նախորդել են փոխանցող պետության տարածքից այդ անձի մեկնելուն՝ առանց փոխանցող պետության համաձայնության:

 

Հոդված 14

 

Յուրաքանչյուր անձ, որը գտնվում է կալանքի ներքո, կամ որի նկատմամբ կիրառվել է ցանկացած այլ միջոց, կամ, սույն Կոնվենցիային համապատասխան, իրականացվում է դատաքննություն, երաշխավորվում է արդարացի վերաբերմունք, այդ թվում՝ նրա գտնվելու պետության օրենսդրությանը, ինչպես նաև միջազգային իրավունքի գործող նորմերը, ի դեմս մարդու իրավունքների մասին դրույթներին համապատասխան՝  բոլոր իրավունքներից և երաշխիքներից օգտվելը:

 

Հոդված 15

 

Կողմ պետությունները համագործակցում են 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կանխարգելման գործում, մասնավորապես.

ա) ձեռնարկելով  բոլոր հնարավոր միջոցները, անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրական միջոցներով, կանխելու և  հակազդելու իրենց տարածքներում կամ դրանցից դուրս հանցագործություններ նախապատրաստելը, ներառյալ՝ իրենց տարածքներում արգելել անձանց, կազմակերպությունների անօրինական գործունեությունը, որն ուղղված է 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների խրախուսմանը, դրդմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը կամ դրանցում ներգրավմանը,

բ) փոխանակելով հավաստի և ստուգված տեղեկատվություն, իրենց ազգային օրենսդրության համապատասխան, և համակարգելով 2-րդ հոդվածում նշված հանցագործությունների կատարումը կանխելու նպատակով ձեռնարկված վարչական և այլ միջոցները,
     գ) անհրաժեշտության դեպքում՝ մահաբեր կամ մարմնական վնասվածք առաջացնող պայթուցիկ և այլ վտանգավոր նյութերի հայտնաբերման մեթոդների հետազոտման և մշակման միջոցով, պայթուցիկ նյութերի չափորոշիչների որոշման վերաբերյալ խորհրդատվությունների անցկացում՝ հայտնաբերելու դրանց ծագումը՝ պայթեցման վերաբերյալ գործերով  քննություն կատարելու, կանխարգելիչ միջոցների վերաբերյալ տեղեկատվության, տեխնոլոգիաների, սարքավորումների և համապատասխան նյութերի փոխանակման բնագավառում համագործակցություն  իրականացնելու նպատակով:

 

Հոդված 16

 

Կողմ պետությունը, որտեղ քրեական հետապնդման է ենթարկվում ենթադրյալ հանցագործը, իր ներպետական օրենսդրության կամ կիրառվող ընթացակարգերին համապատասխան, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հաղորդում է դատավարության վերջնական արդյունքների մասին, որն այդ տեղեկատվությունը  ուղարկում է մյուս Կողմ պետություններին:

 

Հոդված 17

 

Կողմ պետությունները սույն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորություններն իրականացնում են պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և մյուս պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին համապատասխան:

 

Հոդված 18

 

Ոչինչ սույն Կոնվենցիայում Կողմ պետությանն իրավունք չի վերապահում մյուս Կողմ պետության  տարածքում  իրականացնել այնպիսի  իրավազորություն և գործառույթներ, որոնք բացառապես վերապահված են տվյալ Կողմ պետության իշխանությունների իրավասությանը՝ նրա ներպետական օրենսդրության համապատասխան:

 

Հոդված 19

 

1. Ոչինչ սույն Կոնվենցիայում չի ազդում պետությունների և անձանց՝ միջազգային իրավունքով նախատեսված այլ իրավունքների, պարտավորությունների և պարտականությունների, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի նպատակների և սկզբունքների վրա:

2. Զինված բախումների ժամանակ զինված ուժերի գործողությունները կարգավորվում են ոչ թե սույն Կոնվենցիայի, այլ միջազգային մարդասիրական  իրավունքի նորմերով,  ինչպես այդ եզրույթները հասկացվում են այդ իրավունքում, ինչպես նաև սույնով չեն կարգավորվում պետության` իր պաշտոնական գործողությունների իրականացմանն ուղղված զինված ուժերի գործողությունները, որոնք կարգավորվում են միջազգային իրավունքի այլ նորմերով:

 

Հոդված 20

 

1. Երկու կամ ավելի Կողմ պետությունների միջև ծագող՝ սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ, որը չի կարող լուծվել բանակցությունների միջոցով ողջամիտ ժամկետում, կարող է, նրանցից մեկի խնդրանքով, ներկայացվել արբիտրաժ: Եթե միջնորդության մասին խնդրանքը ներկայացնելու օրվանից վեց ամսվա ընթացքում Կողմերը համաձայնության չեն գալիս արբիտրաժի կազմակերպման վերաբերյալ, ապա Կողմերից յուրաքանչյուրը կարող է  վեճը դիմումի միջոցով ներկայացնել Միջազգային դատարանին՝  նրա Կանոնադրության համապատասխան:

2. Յուրաքանչյուր պետություն կարող է սույն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս, ընդունելիս, հաստատելիս կամ դրան միանալիս  հայտարարել, որ իրեն պարտավորված չի համարում սույն հոդվածի 1-ին կետով: Մյուս Կողմ պետությունները ևս չեն պարտավորվում 1-ին կետով՝ ցանկացած նման  վերապահում կատարած Կողմ պետության նկատմամբ:

3. Ցանկացած Կողմ պետություն, որը սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերապահում է արել, կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել դրանից Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով:

 

Հոդված 21

 

1. Սույն Կոնվենցիան բաց է բոլոր պետությունների ստորագրման համար 1998թ. հունվարի 12-ից մինչև 1999թ. դեկտեմբերի 31-ը՝ Նյու Յորքում՝  Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հաստատություններում:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման:Վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

3. Սույն Կոնվենցիան բաց է ցանկացած պետության միանալու համար: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր  քարտուղարին:

 

Հոդված 22

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին միանալու, հաստատման, ընդունման կամ վավերագրի մասին քսաներկուերորդ  փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացրել, ընդունել կամ հաստատել է Կոնվենցիան կամ միացել է դրան Կոնվենցիայի  վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու մասին քսաներկուերորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

 

Հոդված 23

 

1. Ցանկացած Կողմ պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով:

2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից մեկ տարի անց:

 

Հոդված 24

 

Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված  ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը հաստատված պատճեններն ուղարկում է սույն Կոնվենցիայի բոլոր պետություններին:

 

Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, դրա համար պատշաճորեն լիազորված լինելով իրենց Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Կոնվենցիան, որը բաց է ստորագրման համար Նյու Յորքում՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հաստատություններում, 1998 թվականի հունվարի 12-ից:

 

*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի ապրիլի 15-ից: