Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Base act (16.06.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Ընդունման ամսաթիվ
23.05.1969
Ստորագրման ամսաթիվ
23.05.1969
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2005

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

Սույն Կոնվենցիայի Մասնակից պետությունները,

հաշվի առնելով միջազգային հարաբերությունների պատմության մեջ պայմանագրերի հիմնարար դերը,

ընդունելով պայմանագրերի, որպես միջազգային իրավունքի աղբյուրի և որպես ազգերի միջև անկախ նրանց սահմանադրական ու հասարակական համակարգերից, խաղաղ համագործակցության զարգացման միջոցի, գնալով աճող նշանակությունը,

նշելով, որ ազատ համաձայնության և բարեխղճության սկզբունքները և pacta sunt servanda նորմն ընդհանուր ճանաչում ունեն,

հաստատելով, որ պայմանագրերին վերաբերող վեճերը, ինչպես նաև միջազգային մյուս վեճերը պետք Է լուծվեն միայն խաղաղ միջոցներով և արդարության ու միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան,

հիշեցնելով Միավորված ազգերի կազմակերպության ժողովուրդների վճռականության մասին ստեղծելու պայմաններ, որոնց դեպքում կարող են պահպանվել արդարությունը և պայմանագրերից բխող պարտավորությունների հարգումը,

ընդունելով ի գիտություն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ մարմնավորված միջազգային իրավունքի սկզբունքները, ինչպիսիք են ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, բոլոր պետությունների ինքնիշխան հավասարության և անկախության, պետությունների ներքին գործերին չմիջամտելու, ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման արգելման և բոլորի համար մարդու իրավունքների և ազատությունների համընդհանուր հարգման և պահպանման սկզբունքները,

համոզված լինելով, որ սույն Կոնվենցիայով իրագործվող պայմանագրերի իրավունքի կոդիֆիկացումը և առաջադիմական զարգացումը կնպաստեն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ նշված նպատակներին, հատկապես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանը, ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը և միմյանց հետ նրանց համագործակցության իրագործմանը,

հաստատելով, որ միջազգային սովորութային իրավունքի նորմերը նախկինի պես կկարգավորեն այն հարցերը, որոնք իրենց լուծումը չեն գտել սույն Կոնվենցիայի դրույթներում,

պայմանավորվեցին հետևյալի շուրջ.

 

Մ ա ս  1

 

Ներածություն

 

Հոդված 1. Սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտը

 

Սույն Կոնվենցիան կիրառվում է պետությունների միջև կնքված պայմանագրերի նկատմամբ։

 

Հոդված 2. Հասկացությունների օգտագործումը

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

ա) «պայմանագիր» նշանակում է պետությունների միջև գրավոր ձևով կնքված և միջազգային իրավունքով կարգավորվող միջազգային համաձայնություն, անկախ նրանից, այդ համաձայնությունը պարունակվում է մեկ կամ երկու, կամ միմյանց հետ կապված մի քանի փաստաթղթերում, ինչպես նաև անկախ դրա կոնկրետ անվանումից,

բ) «վավերացում», «ընդունում», «հաստատում» և «միացում» նշանակում է, պայմանավորված դեպքով, նման անվանում ունեցող միջազգային գործողություն, որի միջոցով պետությունը միջազգային մակարդակով հաստատում է իր համար պայմանագրի պարտադիրության համաձայնությունը,

գ) «լիարժեք լիազորություն» նշանակում է պետության իրավասու մարմնի կողմից տրվող փաստաթուղթ, որով մեկ կամ մի քանի անձինք նշանակվում են ներկայացնելու այդ պետությունը բանակցություններ վարելու, պայմանագրի տեքստն ընդունելու կամ դրա բնագրային բնույթը հաստատելու, այդ պետության համար պայմանագրի պարտադիրության համաձայնությունն արտահայտելու կամ պայմանագրին առնչվող ցանկացած ուրիշ գործողություն կատարելու նպատակով,

դ) «վերապահում» նշանակում է պայմանագրի ստորագրման, վավերացման, ընդունման կամ հաստատման կամ դրան միանալու ժամանակ ցանկացած ձևակերպումով և ցանկացած անվանումով պետության կողմից արված միակողմանի հայտարարություն, որի միջոցով նա ցանկանում է բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշակի դրույթների իրավական ուժը դրանք տվյալ պետության նկատմամբ կիրառելիս,

ե) «բանակցող պետություն» նշանակում է պետություն, որը մասնակցել է պայմանագրի տեքստը կազմելուն և ընդունելուն,

զ) «պայմանավորվող պետություն» նշանակում է պետություն, որը համաձայնել է պայմանագրի պարտադիրությանը, անկախ նրանից, այդ պայմանագիրն ուժի մեջ է մտել, թե ոչ,

է) «կողմ» նշանակում է պետություն, որը համաձայնել է պայմանագրի պարտադիրությանը, և որի համար պայմանագիրն ուժի մեջ է,

ը) «երրորդ պետություն» նշանակում է պետություն, որը պայմանագրին կողմ չէ,

թ) «միջազգային կազմակերպություն» նշանակում է միջկառավարական կազմակերպություն։

2. Սույն Կոնվենցիայում հասկացությունների կիրառման վերաբերյալ 1-ին կետի դրույթները չեն վերաբերում ցանկացած պետության ներքին իրավունքում այդ տերմինների կիրառմանը և դրանց տրվող նշանակությանը։

 

Հոդված 3. Սույն Կոնվենցիայի շրջանակից դուրս միջազգային համաձայնագրեր

 

Այն փաստը, որ սույն Կոնվենցիան չի կիրառվում պետությունների և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև, կամ միջազգային իրավունքի ուրիշ սուբյեկտների միջև կնքված միջազգային համաձայնագրերի և ոչ գրավոր ձևի միջազգային համաձայնագրերի նկատմամբ, չի շոշափում.

ա) նման համաձայնագրերի իրավական ուժը,

բ) դրանց նկատմամբ սույն Կոնվենցիայում շարադրված որևէ կանոնի կիրառումը, որին ըստ միջազգային իրավունքի ենթակա կլինեին անկախ սույն Կոնվենցիայից,

գ) այն միջազգային համաձայնագրերի շրջանակներում պետությունների միմյանց միջև հարաբերությունների առնչությամբ սույն Կոնվենցիայի կիրառումը, որոնց մասնակից են նաև միջազգային իրավունքի այլ սուբյեկտներ։

 

Հոդված 4. Սույն Կոնվենցիան հետադարձ ուժ չունի

 

Առանց վնաս պատճառելու սույն Կոնվենցիայում շարադրված ցանկացած նորմի կիրառմանը, որոնց, անկախ Կոնվենցիայից, պայմանագրերը ենթակա են ըստ միջազգային իրավունքի, Կոնվենցիան կիրառվում է միայն այն պայմանագրերի նկատմամբ, որոնք կնքվել են պետությունների կողմից՝ այդ պետությունների նկատմամբ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո։

 

Հոդված 5. Միջազգային կազմակերպություններ հիմնադրող պայմանագրերը և միջազգային կազմակերպության շրջանակներում ընդունված պայմանագրեր

 

Սույն Կոնվենցիան կիրառվում է միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթուղթ հանդիսացող ցանկացած պայմանագրի նկատմամբ և միջազգային կազմակերպության շրջանակներում ընդունված ցանկացած պայմանագրի նկատմամբ առանց վնասելու տվյալ կազմակերպության համապատասխան կանոնները։

 

 

Մ ա ս  2

 

Պայմանագրերի կնքումը ԵՎ ուժի մեջ մտնելը

 

Բ ա ժ ի ն 1

 

Պայմանագրերի կնքումը

 

Հոդված 6. Պայմանագրեր կնքելու՝ պետության իրավունակությունը

 

Յուրաքանչյուր պետություն օժտված է պայմանագրեր կնքելու իրավունակությամբ։

 

Հոդված 7. Լիարժեք լիազորություններ

 

1. Անձը հւսմարվում է պետությունը ներկայացնող պայմանագրի տեքստն ընդունելու կամ դրա բնագիր լինելը հաստատելու, կամ պայմանագրով պարտավորված լինելու վերաբերյալ պետության համաձայնությունը հայտնելու նպատակով, եթե

ա) նա ներկայացնում է համապատասխան լիարժեք լիազորություններ, կամ

բ) համապատասխան պետությունների փորձից կամ այլ հանգամանքներից հետևում է, որ նրանք մտադիր են եղել տվյալ անձին դիտել որպես այդ նպատակների համար պետությունը ներկայացնող, և չպահանջել նրանից այդ լիազորությունները։

2. Իրենց գործառնությունների ուժով և առանց լիազորություններ ներկայացնելու անհրաժեշտության իրենց պետությունը ներկայացնող են համարվում հետևյալ անձինք.

ա) պետությունների ղեկավարները, կառավարությունների ղեկավարները և արտաքին գործերի նախարարները պայմանագրին վերաբերող բոլոր տեսակի գործողություններ կատարելու նպատակով,

բ) դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները հավատարմագրող երկրի և այն երկրի միջև պայմանագրի տեքստ ընդունելու նպատակով, որտեղ նրանք հավատարմագրված են,

գ) Պետությունների կողմից միջազգային խորհրդաժողովում կամ միջազգային կազմակերպությունում, կամ դրանց մարմիններից մեկում հավատարմագրված ներկայացուցիչները նման խորհրդաժողովում, նման կազմակերպությունում կամ նման մարմնում պայմանագրի տեքստ ընդունելու նպատակով։

 

 Հոդված 8. Առանց լիազորության կատարված գործողության հետագա հաստատումը

 

Պայմանագրի կնքելուն վերաբերող գործողությունը, որն իրագործվել է այն անձի կողմից, որը 7-րդ հոդվածի հիման վրա չի կարող համարվել պետության այդ նպատակով լիազորված ներկայացուցիչ, չունի իրավաբանական նշանակություն, եթե այն հետագայում հաստատված չէ տվյալ պետության կողմից։

 

Հոդված 9.

Տեքստի ընդունումը

 

1. Պայմանագրի տեքստի ընդունումը կատարվում է դրա կազմմանը մասնակից բոլոր պետությունների համաձայնությամբ բացառությամբ 2-րդ կետով նախատեսված դեպքերի։

2. Միջազգային խորհրդաժողովում պայմանագրի տեքստի ընդունումը կատարվում է ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող պետությունների ձայների երկու երրորդի քվեարկությամբ, եթե ձայների նույն մեծամասնությամբ նրանք չեն որոշել ընդունել այլ կանոններ։

 

Հոդված 10. Տեքստի բնագիր լինելու հաստատումը

 

Պայմանագրի տեքստը բնագիր և վերջնական է դառնում.

ա) այնպիսի ընթացակարգով, որը կարող է նախատեսված լինել այդ տեքստում կամ համաձայնեցվել դրա կազմմանը մասնակցած պետությունների կողմից, կամ

բ) նման ընթացակարգի բացակայության դեպքում այդ պետությունների ներկայացուցիչների կողմից պայմանագրի տեքստը կամ այդ տեքստը պարունակող խորհրդաժողովի եզրափակիչ ակտն ստորագրելու, ad referendum ստորագրելու կամ նախնական ստորագրելու միջոցով։

 

Հոդված 11. Պայմանագրով պարտավորված լինելու մասին համաձայնություն հայտնելու միջոցները

 

Պայմանագրով պարտավորված լինելու պետության համաձայնությունը կարող է արտահայտվել պայմանագրի ստորագրմամբ, պայմանագիր կազմող փաստաթղթերի փոխանակմամբ, պայմանագրի վավերացմամբ, դրա ընդունմամբ, հաստատմամբ, դրան միանալով կամ ցանկացած ուրիշ եղանակով, որի մասին պայմանավորվել են։

 

Հոդված 12. Ստորագրությամբ արտահայտված՝ պայմանագրով պարտավորված լինելու համաձայնությունը

 

1. Պայմանագրով պարտավորված լինելու պետության համաձայնությունն արտահայտվում է պետության ներկայացուցչի կողմից ստորագրության միջոցով, եթե.

ա) պայմանագիրը նախատեսում է, որ ստորագրությունն ունի նման ուժ,

բ) բանակցություններին մասնակից պետությունների կողմից այլ կերպ պայմանավորվածություն է սահմանվել այն մասին, որ ստորագրությունն ունի նման ուժ, կամ

գ) պետության ստորագրությանը նման ուժ տալու մտադրությունը բխում է նրա ներկայացուցչի լիազորություններից կամ արտահայտված է բանակցությունների ընթացքում։

2. 1-ին կետի նպատակների համար.

ա) տեքստի նախնական ստորագրում նշանակում է պայմանագրի ստորագրում այն դեպքում, երբ հաստատվել է, որ բանակցություններին մասնակցող պետություններն այդպես են պայմանավորվել,

բ) պետության ներկայացուցչի կողմից պայմանագրի ad referendum ստորագրումը, եթե այն հաստատվում է իր պետության կողմից, նշանակում է պայմանագրի ամբողջական ստորագրում։

 

Հոդված 13. Պայմանագիր կազմող փաստաթղթերի փոխանակման միջոցով արտահայտված՝ պայմանագրով պարտավորված լինելու համաձայնություն

 

Պետությունների համաձայնությունը միմյանց հետ փոխանակվող փաստաթղթերից կազմված պայմանագիրն իրենց համար պարտադիր լինելու մասին, արտահայտվում է այդ փոխանակման միջոցով, եթե.

ա) այդ փաստաթղթերով նախատեսվում է, որ դրանց փոխանակումը կունենա նման ուժ, կամ

բ) այլ կերպ սահմանվել է այդ պետությունների պայմանավորվածությունն այն մասին, որ փաստաթղթերի այդ փոխանակումը պետք է ունենա նման ուժ։

 

Հոդված 14. Վավերացման, ընդունման կամ հաստատման միջոցով պայմանագրի պարտադիր լինելու մասին համաձայնության արտահայտումը

 

1. Իր համար պայմանագիրը պարտադիր լինելու մասին պետության համաձայնությունն արտահայտվում է վավերացման միջոցով, եթե.

ա) պայմանագիրը նախատեսում է, որ նման համաձայնությունն արտահայտվում է վավերացման միջոցով,

բ) այլ կերպ սահմանվել է, որ բանակցություններին մասնակցող պետությունները պայմանավորվել են վավերացման անհրաժեշտության մասին,

գ) պետության ներկայացուցիչը պայմանագիրն ստորագրել է վավերացման պայմանով, կամ

դ) վավերացման պայմանով պայմանագիր ստորագրելու մասին պետության մտադրությունը բխում է նրա ներկայացուցչի լիազորություններից կամ արտահայտվել է բանակցությունների ընթացքում։

2. Պայմանագրով պարտավորված լինելու՝ պետության համաձայնությունն արտահայտվում է ընդունման կամ հաստատման միջոցով այն նույն պայմաններով, որոնք կիրառվում են վավերացման առնչությամբ։

 

Հոդված 15. Պայմանագրով պարտավորված լինելու համաձայնությունը՝ միանալու միջոցով

 

Պետության պայմանագրով պարտավորված լինելու համաձայնությունն արտահայտվում է միանալու միջոցով, եթե.

ա) պայմանագիրը նախատեսում է, որ պետության կողմից նման համաձայնությունը կարող է արտահայտվել միանալու միջոցով,

բ) այլ կերպ սահմանվել է, որ բանակցություններին մասնակցող պետությունները պայմանավորվել են, որ նման համաձայնությունն այդ պետության կողմից կարող է արտահայտվել միանալու միջոցով, կամ

գ) բոլոր կողմերը հետագայում պայմանավորվել են, որ նման համաձայնությունը կարող է արտահայտվել այդ պետության կողմից միանալու միջոցով։

 

Հոդված 16. Վավերագրերի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերի փոխանակումը կամ ի պահ հանձնումը

 

Եթե պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, ապա վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերը նշանակում են պետության համար պայմանագրով պարտավորված լինելու մասին համաձայնություն հետևյալ պահից.

ա) պայմանավորվող պետությունների միջև դրանց փոխադարձ փոխանակման,

բ) ավանդապահին դրանց ի պահ հանձնման, կամ

գ) պայմանավորվող պետություններին կամ ավանդապահին դրանց մասին ծանուցման, եթե այդպես են պայմանավորվել։

 

Հոդված 17. Պայմանագրի մի մասով պարտավորված լինելու համաձայնությունը և տարբեր դրույթների ընտրությունը

 

1. Առանց 19-20 հոդվածներին վնասելու, պայմանագրի մի մասով պարտավորված լինելու պետության համաձայնությունն ուժ ունի միայն այն դեպքում, եթե պայմանագիրը դա թույլատրում է, կամ եթե դրա հետ համաձայն են պայմանավորվող մյուս պետությունները։

2. Այն պայմանագրով պարտավորված լինելու պետության համաձայնությունը, որը թույլատրում է տարբեր դրույթների միջև ընտրության հնարավորություն, եթե հստակ ցույց է տրված, թե համաձայնությունն այդ դրույթներից որին է վերաբերում։

 

Հոդված 18. Մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը պայմանագիրն իր առարկայից և նպատակից չզրկելու պարտավորությունը

 

Պետությունը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք հակառակ են պայմանագրի առարկային և նպատակին, երբ.

ա) այն վավերացման, ընդունման կամ հաստատման ենթակա պայմանագիրն ստորագրել է կամ փոխանակել է պայմանագիրը կազմավորող փաստաթղթերը մինչև այն պահը, քանի դեռ նա հստակ չի արտահայտել իր մտադրությունն այդ պայմանագրին չմասնակցելու մասին, կամ

բ) այն հայտնել է պայմանագրով պարտավորված լինելու համաձայնությունը մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը, և այն պայմանով, որ այդ ուժի մեջ մտնելը չափից դուրս չի ձգձգվի։

 

Բ ա ժ ի ն 2

 

Վերապահումներ

 

Հոդված 19. Վերապահումների ձևակերպումը

 

Պայմանագիրն ստորագրելու, վավերացնելու, ընդունելու կամ հաստատելու կամ դրան միանալու պահին պետությունը կարող է ձևակերպել վերապահում բացառությամբ այն դեպքերի, երբ.

ա) վերապահումն արգելվում է պայմանագրով,

բ) պայմանագիրը նախատեսում է, որ կարելի է անել միայն որոշակի վերապահումներ, որոնց թվի մեջ տվյալ վերապահումը չի մտնում, կամ

գ) «ա» և «բ» կետերի ազդեցության տակ չընկնելու դեպքում վերապահումն անհամատեղելի է պայմանագրի առարկայի և նպատակների հետ։

 

Հոդված 20. Վերապահումների ընդունումը և դրանց դեմ առարկությունները

 

1. Պայմանագրով որոշակիորեն թույլատրված վերապահումը մյուս պայմանավորվող պետությունների կողմից որևէ հետագա ընդունում չի պահանջում, եթե միայն պայմանագրով նման ընդունում նախատեսված չէ։

2. Եթե բանակցող պետությունների սահմանափակ քանակից և պայմանագրի առարկայից ու նպատակներից հետևում է, որ պայմանագիրը բոլոր կողմերի համար ամբողջությամբ կիրառելն էական պայման է, որպեսզի յուրաքանչյուր կողմ այդ պայմանագրով պարտավորված լինելու համաձայնություն տա, ապա վերապահումը պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը։

3. Այն դեպքում, երբ պայմանագիրը միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթուղթ է և դրանում այլ բան չի նախատեսված, ապա պահանջվում է վերապահման ընդունում այդ կազմակերպության իրավասու մարմնի կողմից։

4. Նախորդ կետերի գործողության տակ չընկնող դեպքերում և եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ

ա) մի այլ պայմանավորվող պետության կողմից վերապահման ընդունումը վերապահում ձևակերպող պետությունը դարձնում է վերապահություն ընդունող պետության նկատմամբ այդ պայմանագրի մասնակից, եթե տվյալ պայմանագիրն այդ պետությունների համար գտնվում կամ մտնում է ուժի մեջ,

բ) ուրիշ պայմանավորվող պետության կողմից վերապահման նկատմամբ առարկությունը չի խոչընդոտում պայմանագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ վերապահման նկատմամբ առարկող պետության և վերապահումը ձևակերպող պետությունների միջև, եթե վերապահության դեմ առարկող պետությունը որոշակիորեն չի հայտարարում հակառակ մտադրության մասին,

գ) պետության համար պայմանագրի պարտադիր լինելն արտահայտող և վերապահություն պարունակող փաստաթուղթը մտնում է ուժի մեջ, հենց որ պայմանավորվող առնվազն մեկ ուրիշ պետություն ընդունում է այդ վերապահումը։

5. 2-րդ և 4-րդ կետերի նպատակների համար, և եթե պայմանագիրն այլ բան չի նախատեսում, վերապահումը համարվում է պետության կողմից ընդունված, եթե այն վերապահման մասին տեղյակ պահվելուց հետո մինչև տասներկուամսյա ժամկետի վերջը դրա նկատմամբ առարկություն չի արտահայտել, կամ մինչև այն ժամկետի վերջը, երբ այն հայտնել է պայմանագրով պարտավորված լինելու համաձայնություն` կախված այն բանից, թե որ ժամկետն է ավելի ուշ։

 

Հոդված 21. Վերապահումների և վերապահումների դեմ առարկությունների իրավաբանական հետևանքները

 

1. 19-րդ, 20-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան այլ մասնակցի նկատմամբ վերապահումը.

ա) փոխում է վերապահում անող պետության և այդ ուրիշ մասնակցի հարաբերությունների պայմանագրային այն դրույթները, որոնց վերաբերում է վերապահումը վերապահության գործողության ոլորտի սահմաններում, և

բ) նույն չափով փոխում է նշված դրույթներն այդ ուրիշ մասնակցի և վերապահություն անող երկրի հարաբերությունների նկատմամբ։

2. Ուրիշ մասնակիցների համար միմյանց հետ ունեցած հարաբերություններում վերապահումը չի փոխում պայմանագրային դրույթները։

3. Եթե վերապահության դեմ առարկող պետությունը չի առարկում իր և վերապահում անող պետության միջև պայմանագրի ուժի մեջ մտնելուն, ապա այն դրույթները, որոնց վերաբերում է վերապահումը, չի կիրառվում երկու պետությունների միջև նման վերապահման գործողության սահմաններում։

 

Հոդված 22. Վերապահումների և դրանց դեմ առարկությունների հանումը

 

1. Եթե պայմանագիրն այլ բան չի նախատեսում, վերապահումը կարելի է հանել ցանկացած ժամանակ և այն հանելու համար չի պահանջվում վերապահումն ընդունող պետության համաձայնությունը։

2. Եթե պայմանագիրն այլ բան չի նախատեսում, վերապահման դեմ առարկությունը կարելի է հանել ցանկացած պահի։

3. Եթե պայմանագիրն այլ բան չի նախատեսում կամ չկա այլ պայմանավորվածություն.

ա) այլ պայմանավորվող պետության նկատմամբ վերապահման հանումն ուժի մեջ է մտնում միայն վերջինիս կողմից այդ մասին ծանուցում ստանալուց հետո,

բ) վերապահման դեմ առարկության հանումն ուժի մեջ է մտնում միայն վերապահումը ձևակերպող պետության կողմից ծանուցում ստանալուց հետո։

 

Հոդված 23. Վերապահումներին վերաբերող ընթացակարգը

 

1. Վերապահումը, վերապահման նկատմամբ որոշակիորեն արտահայտված համաձայնությունը և վերապահման դեմ առարկությունը պետք է ձևակերպվեն գրավոր և տեղեկացվեն պայմանավորվող պետություններին և այլ պետություններին, որոնք իրավունք ունեն դառնալու պայմանագրի մասնակից։

2. Եթե վերապահումը ձևակերպվել է վավերացման, ընդունման կամ հաստատման ենթակա պայմանագիրն ստորագրելու ժամանակ, վերապահումը պետք է պաշտոնապես հաստատվի վերապահում անող պետության կողմից պայմանագրով պարտավորված լինելու համաձայնությունն արտահայտելու ժամանակ։ Այդ դեպքում վերապահումն արված է համարվում դրա հաստատման օրը։

3. Որոշակիորեն արտահայտված վերապահման նկատմամբ համաձայնությունը կամ նրա դեմ առարկությունը, մինչև վերապահման հաստատումը, ինքնըստինքյան հաստատում չի պահանջում։

4. Վերապահման կամ դրա նկատմամբ առարկության հանումը պետք է իրականացվի գրավոր ձևով։

 

Բ ա ժ ի ն 3

 

Պայմանագրերի ուժի մեջ մտնելը և դրանց ժամանակավոր կիրառումը

 

Հոդված 24. Ուժի մեջ մտնելը

 

1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն կարգով և ժամկետում, որը նախատեսված է դրանով կամ համաձայնեցված է բանակցող պետությունների կողմից։

2. Նման դրույթի կամ պայմանավորվածության բացակայության դեպքում պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ բանակցող բոլոր պետությունների կողմից համաձայնություն է հայտնվում պայմանագրով պարտավորված լինելու մասին։

3. Եթե պայմանագրով պարտավորված լինելու մասին պետության համաձայնությունն արտահայտվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո որևէ տարեթվով, ապա, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված, պայմանագիրն այդ պետության համար ուժի մեջ է մտնում այդ թվականին։

4. Պայմանագրի տեքստի բնագրային բնույթի հաստատումը կարգավորող դրույթները, պայմանագրով պարտավորված լինելու մասին պետությունների համաձայնության արտահայտումը, դրա ուժի մեջ մտնելու կարգը կամ ժամկետը, վերապահումները, ի պահ հանձնելու գործողությունները և մյուս հարցերը, որոնք անխուսափելիորեն ծագում են մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը, կիրառվում են դրա տեքստն ընդունելու պահից։

 

Հոդված 25. ժամանակավոր կիրառումը

 

1. Պայմանագիրը կամ պայմանագրի մի մասը ժամանակավոր կիրառվում է մինչև ուժի մեջ մտնելը, եթե.

ա) դա նախատեսված է նույն պայմանագրով, կամ

բ) բանակցող պետություններն այդ մասին պայմանավորվել են որևէ այլ ձևով։

2. Եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված կամ բանակցող պետությունները չունեն այլ պայմանավորվածություն, ապա պետության նկատմամբ պայմանագրի կամ պայմանագրի մի մասի ժամանակավոր կիրառումը դադարեցվում է, եթե տվյալ պետությունը պայմանագրին մասնակից չլինելու իր մտադրության մասին տեղյակ է պահում մյուս պետություններին, որոնց միջև ժամանակավոր կիրառվում է պայմանագիրը։

 

Մ ա ս  3

 

Պայմանագրերի պահպանումը, կիրառումը ԵՎ մեկնաբանումը

 

Բ ա ժ ի ն 1


Պայմանագրերի պահպանումը

 

Հոդված 26. Pacta sunt servanda

 

Յուրաքանչյուր գործող պայմանագիր պարտադիր Է դրա մասնակիցների համար և պետք Է նրանց կողմից բարեխղճորեն կատարվի։

 

Հոդված 27. Ներքին իրավունքը և պայմանագրերի պահպանումը

 

Մասնակիցը որպես պայմանագիրը չկատարելու արդարացման պատճառաբանություն չի կարող վկայակոչել իր ներքին իրավունքի դրույթները։

Այս կանոնը գործում Է առանց 46-րդ հոդվածը վնասելու։

 

Բ ա ժ ի ն 2

Պայմանագրերի կիրառումը

 

Հոդված 28. Պայմանագրերի հետադարձ ուժ չունենալը

 

Եթե պայմանագրից այլ մտադրություն չի հետևում կամ այլ կերպ չի սահմանված, ապա դրա դրույթները ցանկացած գործողության կամ փաստի առնչությամբ, որոնք տեղի են ունեցել կամ ցանկացած իրադրության համար, որը դադարել է գոյություն ունենալ մինչև տվյալ մասնակցի համար պայմանագրի ուժի մեջ մտնելու թվականը, պայմանագրի մասնակցի համար պարտադիր չեն։

 

Հոդված 29.

Պայմանագրի գործողության տարածքային ոլորտը

 

Եթե պայմանագրից այլ մտադրություն չի հետևում կամ այլ կերպ չի սահմանված, ապա պայմանագիրը պարտադիր է յուրաքանչյուր մասնակցի համար նրա ողջ տարածքում։

 

Հոդված 30. Միևնույն հարցի վերաբերյալ հաջորդող պայմանագրերի կիրառումը

 

1. Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 103-րդ հոդվածի պահպանմամբ, միևնույն հարցին վերաբերող հաջորդող պայմանագրերի մասնակից պետությունների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են հետևյալ կետերին համապատասխան։

2. Եթե պայմանագրի մեջ նշված է, որ այդ պայմանավորված է նախորդ կամ հաջորդ պայմանագրով կամ անհամատեղելի չպետք է համարվի նման պայմանագրի հետ, ապա առավելության ուժ ունեն այդ ուրիշ պայմանագրի դրույթները։

3. Եթե նախորդ պայմանագրի բոլոր մասնակիցները հաջորդ պայմանագրի մասնակիցներն են, բայց նախորդ պայմանագրի գործողությունը 59-րդ հոդվածի համաձայն չի դադարեցվել կամ չի կասեցվել, ապա նախորդ պայմանագիրը կիրառվում է այնքանով, որքանով դրա դրույթները համատեղելի են վերջին պայմանագրի դրույթների հետ։

4. Եթե վերջին պայմանագրի մասնակիցները չեն ներառում նախորդ պայմանագրի բոլոր մասնակիցներին

ա) երկու պայմանագրերի մասնակից պետությունների հարաբերություններում կիրառվում է նույն այն կանոնը, ինչը 3-րդ կետում է,

բ) երկու պայմանագրերի մասնակից պետության և միայն մեկ պայմանագրի մասնակից պետության հարաբերություններում նրանց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները կարգավորում է այն պայմանագիրը, որին երկու պետություններն էլ մասնակից են։

5. 4-րդ կետը կիրառվում է առանց վնաս պատճառելու 41-րդ կամ 60-րդ հոդվածին համապատասխան պայմանագրի դադարեցման կամ կասեցման ցանկացած հարցին, կամ պետության պատասխանատվության մասին ցանկացած հարցին, որը կարող է ծագել այնպիսի պայմանագիր կնքելու կամ օգտագործելու ժամանակ, որի դրույթներն անհամատեղելի են ուրիշ պետության նկատմամբ այլ պայմանագրով նախատեսված տվյալ պետության պարտավորությունների հետ։

 

Բ ա ժ ի ն  3

 Պայմանագրերի մեկնաբանումը

Հոդված 31. Մեկնաբանման ընդհանուր կանոնը

 

1. Պայմանագիրը պետք է բարեխղճորեն մեկնաբանվի պայմանագրի հասկացությունների` դրանց համատեքստում ունեցած սովորական նշանակությանը համապատասխան, ինչպես նաև պայմանագրի առարկայի և նպատակի լույսի ներքո։

2. Պայմանագրի մեկնաբանման նպատակով համատեքստը, բացի տեքստից, ներառյալ նախաբանը և հավելվածները, ընդգրկում է նաև.

ա) պայմանագրին վերաբերող ցանկացած համաձայնություն, որը կայացվել է բոլոր մասնակիցների միջև կապված պայմանագրի կնքման հետ,

բ) ցանկացած փաստաթուղթ, որը կազմվել է մեկ կամ մի քանի մասնակիցների կողմից կապված պայմանագրի կնքման հետ, և մյուս մասնակիցների կողմից ընդունվել է որպես պայմանագրին վերաբերող փաստաթուղթ։

3. Համատեքստի հետ միաժամանակ հաշվի են առնվում.

ա) պայմանագրի մեկնաբանման կամ դրա դրույթների կիրառման վերաբերյալ մասնակիցների միջև հետագա ցանկացած համաձայնություն,

բ) պայմանագրի կիրառման հետագա պրակտիկան, որը սահմանում է դրա մեկնաբանման վերաբերյալ մասնակիցների համաձայնությունը,

գ) մասնակիցների հարաբերություններում կիրառվող միջազգային իրավունքի ցանկացած համապատասխան նորմ։

4. Հասկացությանը տրվում է հատուկ նշանակություն այն դեպքում, եթե սահմանվել է, որ մասնակիցները նման մտադրություն են ունեցել։

 

Հոդված 32. Մեկնաբանման լրացուցիչ միջոցները

 

31-րդ հոդվածի կիրառումից բխող նշանակությունը հաստատելու կամ որոշելու նպատակով կարելի է դիմել մեկնաբանման լրացուցիչ միջոցների, այդ թվում նախապատրաստական նյութերին և պայմանագրի կնքման հանգամանքներին, երբ 31-րդ հոդվածին համապատասխան մեկնաբանումը

ա) նշանակությունը թողնում է երկիմաստ կամ անհասկանալի, կամ

բ) հանգեցնում է բացարձակ անհեթեթ կամ անմիտ արդյունքի։

 

Հոդված 33. Պայմանագրերի մեկնաբանումը, որոնց տեքստի բնագիրը սահմանվել է երկու կամ մի քանի լեզուներով

 

1. Եթե պայմանագրի տեքստի բնագիրը սահմանվել է երկու կամ մի քանի լեզուներով, յուրաքանչյուր լեզվով տեքստն ունի միևնույն ուժը, եթե պայմանագրով չի նախատեսված կամ դրա մասնակիցների կողմից չկա պայմանավորվածություն առ այն, որ այդ տեքստերի միջև տարբերությունների դեպքում առավելություն կունենա որևէ որոշակի տեքստ։

2. Պայմանագրի ոչ այն լեզվով տարբերակը, որի համար սահմանվել է տեքստի բնագիր լինելը, համարվում է բնագիր միայն այն դեպքում, եթե դա նախատեսված է պայմանագրով, կամ եթե դրա մասին պայմանավորվել են պայմանագրի մասնակիցները։

3. Ենթադրվում է, որ յուրաքանչյուր բնագիր տեքստում պայմանագրի հասկացություններն ունեն միատեսակ բովանդակություն։

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ 1-ին կետի համաձայն առավելություն ունի որևէ մեկ որոշակի տեքստ, եթե բնագիր տեքստերի համեմատումից հայտնաբերվում են բովանդակության տարբերություններ, որոնք չեն վերանում 31-րդ և 32-րդ հոդվածները կիրառելիս, ընդունվում է այն բովանդակությունը, որը, պայմանագրի առարկան և նպատակները հաշվի առնելով, առավել լավ է համաձայնեցնում այդ տեքստերը։

 

Բ ա ժ ի ն 4

 

Պայմանագրերը և երրորդ պետությունները

 

Հոդված 34. Երրորդ պետություններին վերաբերող ընդհանուր նորմը

 

Պայմանագիրը երրորդ պետության համար պարտավորություններ կամ իրավունքներ չի ստեղծում առանց նրա համաձայնության։

 

Հոդված 35. Երրորդ պետությունների համար պարտավորություններ նախատեսող պայմանագրեր

 

Երրորդ պետության համար պայմանագրի դրույթից ծագում է պարտավորություն, եթե այդ պայմանագրի մասնակիցները մտադրություն ունեն այդ դրույթը պարտավորություն ստեղծելու միջոց դարձնել, և եթե երրորդ պետությունը գրավոր ձևով որոշակիորեն ստանձնում է այդ պարտավորությունները։

 

Հոդված 36. Երրորդ պետությունների համար իրավունք նախատեսող պայմանագրեր

 

1. Պայմանագրի դրույթից երրորդ պետության համար ծագում է իրավունք, եթե այդ պայմանագրի մասնակիցները մտադրություն ունեն այդ դրույթի միջոցով նման իրավունք տալ կամ երրորդ պետությանը, կամ պետությունների այն խմբին, որին նա պատկանում է, կամ բոլոր պետություններին, և եթե երրորդ պետությունը համաձայն է դրան։ Եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված, նրա համաձայնությունը կենթադրվի այնքան ժամանակ, մինչև հակառակ ապացույցներ չլինեն։

2. 1-ին կետի համաձայն, իրավունքից օգտվող պետությունը կատարում է այդ իրավունքից օգտվելու պայմանները, որոնք նախատեսված են պայմանագրով կամ սահմանված են պայմանագրի համաձայն։

 

Հոդված 37. Երրորդ պետությունների պարտավորությունների կամ իրավունքների վերացումը կամ փոփոխումը

 

1. Եթե 35-րդ հոդվածի համաձայն երրորդ պետության համար առաջացել է պարտավորություն, ապա այդ պարտավորությունը կարող է վերացվել կամ փոփոխվել միայն պայմանագրի մասնակիցների և երրորդ պետության համաձայնությամբ, եթե միայն չի սահմանվել, որ նրանք պայմանավորվել են այլ կերպ։

2. Եթե 36-րդ հոդվածի համաձայն երրորդ պետության համար առաջացել է իրավունք, ապա այդ իրավունքը մասնակիցների կողմից չի կարող վերացվել կամ փոփոխվել, եթե սահմանվել է, որ առանց երրորդ պետության համաձայնության այդ իրավունքը ենթակա չէ վերացման կամ փոփոխման։

 

Հոդված 38. Պայմանագրի նորմեր, որոնք երրորդ պետության համար պարտադիր են դառնում միջազգային սովորույթի միջոցով

 

34-37 հոդվածներում ոչինչ չի խոչընդոտում, որպեսզի պայմանագրում պարունակվող որևէ նորմ դառնա երրորդ պետության համար պարտադիր որպես միջազգային իրավունքի սովորութային նորմ, որն ընդունվել է որպես այդպիսին։

 

Մ ա ս 4

 

Պայմանագրերի փոփոխություններն ու լրացումները

 

Հոդված 39. Պայմանագրերի փոփոխություններին ու լրացումներին վերաբերող ընդհանուր կանոն

 

Պայմանագիրը կարող է փոփոխվել և լրացվել մասնակիցների համաձայնությամբ։ 2-րդ մասում շարադրված նորմերը նման հւսմաձայնության նկատմամբ կիրառվում են, եթե միայն պայմանագրում այլ բան չի նախատեսվում։

 

Հոդված 40. Բազմակողմ պայմանագրերի փոփոխություններն ու լրացումները

1. Եթե պայմանագիրն այլ բան չի նախատեսում, բազմակողմ պայմանագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու ժամանակ պետք է ղեկավարվել հետևյալ կետերով։

2. Պայմանավորվող բոլոր պետությունները պետք է տեղեկացվեն բազմակողմ պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ ցանկացած առաջարկության մասին, որոնք պետք է գործեն բոլոր մասնակիցների միջև, ընդ որում, պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրն իրավունք ունի մասնակցելու.

ա) նման առաջարկության վերաբերյալ կայացվելիք որոշման ընդունմանը,

բ) պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ բանակցություններին և համաձայնության կնքմանը։

3. Պայմանագրին մասնակից դառնալու իրավունք ունեցող յուրաքանչյուր պետություն իրավունք ունի նաև մասնակից դառնալու այն պայմանագրին, որում փոփոխություններ և լրացումներ են կատարվել։

4. Փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնությունը պարտադիր չէ արդեն պայմանագրին մասնակից ցանկացած պետության համար, որը մասնակից չի դառնում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրին։ Նման պետության առնչությամբ կիրառվում է 30-րդ հոդվածի 4 (b) կետը։

5. Ցանկացած պետություն, որը պայմանագրի մասնակից է դառնում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնությունն ուժի մեջ մտնելուց հետո, եթե այդ պետության կողմից չի արտահայտվել այլ մտադրություն.

ա) համարվում է փոփոխված և լրացված պայմանագրի մասնակից,

բ) համարվում է չփոփոխված և չլրացված պայմանագրի մասնակից պայմանագրի ցանկացած մասնակցի առնչությամբ, որը կապված չէ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնությունով։

 

Հոդված 41. Բազմակողմ պայմանագրերի փոփոխման համաձայնագրերը՝ միայն որոշակի մասնակիցների միջև

 

1. Բազմակողմ պայմանագրի երկու կամ մի քանի մասնակիցներ կարող են միայն իրենց միջև հարաբերություններում պայմանագիրը փոփոխելու մասին համաձայնագրեր կնքել, եթե.

ա) նման փոփոխությունը նախատեսված է պայմանագրով, կամ

բ) պայմանագրով նման փոփոխությունը չի արգելվում, և.

i) չի ազդում մյուս մասնակիցների կողմից պայմանագրով իրենց իրավունքների օգտագործման կամ իրենց պարտավորությունների կատարման վրա, և

ii) չի շոշափում այնպիսի դրույթներ, որոնցից նահանջելն անհամատեղելի է պայմանագրի առարկայի և նպատակի արդյունավետ իրագործման հետ։

2. Եթե 1(ա) կետի ներգործությանը ենթարկվելու դեպքում պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա խնդրո առարկայի մասնակիցները մյուս մասնակիցներին տեղյակ են պահում համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին և պայմանագրի այն փոփոխության մասին, որը նախատեսված է այդ համաձայնագրով։

 

Մ ա ս  5

 

Պայմանագրերի անվավերությունը, գործողության դադարեցումը ԵՎ կասեցումը

 

Բ ա ժ ի ն 1


Ընդհանուր դրույթներ

 

Հոդված 42. Պայմանագրերի վավերականությունը և ուժի մեջ մնալը

 

1. Պայմանագրի վավերականությունը կամ պետության համաձայնությունն իր համար պայմանագրի պարտադիրության վերաբերյալ կարող է վիճարկվել միայն սույն Կոնվենցիայի կիրառման միջոցով։

2. Պայմանագրի դադարեցումը, դրա չեղյալ հայտարարումը կամ դրանից մասնակցի դուրս գալը կարող է իրագործվել միայն պայմանագրի կամ սույն Կոնվենցիայի դրույթների կիրառմամբ։ Նույն նորմը կիրառվում է նաև պայմանագրի գործողությունը կասեցնելու դեպքում։

 

Հոդված 43. Պայմանագրից անկախ՝ միջազգային իրավունքի հիման վրա ուժ ունեցող պարտավորությունները

 

Պայմանագրի անվավերությունը, դադարեցումը կամ չեղյալ հայտարարումը, դրանից մասնակիցներից մեկի դուրս գալը կամ նրա գործողության կասեցումը, եթե դրանք իրագործվել են սույն Կոնվենցիայի կամ պայմանագրի դրույթների կիրառմամբ, ոչ մի կերպ չեն շոշափում պայմանագրում ամրագրված ցանկացած պարտավորություն կատարելու պետության պարտականությունը, որը նրա համար, անկախ պայմանագրից, միջազգային իրավունքով ուժ ունի։

 

Հոդված 44. Պայմանագրային դրույթների բաժանելիությունը

 

1. Պայմանագրով նախատեսված կամ 56-րդ հոդվածից բխող պայմանագիրը չեղյալ հայտարարելու, դրանից դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու մասնակցի իրավունքը կարող է օգտագործվել միայն ամբողջ պայմանագրի առումով, եթե պայմանագիրն այլ բան չի նախատեսում, կամ երբ դրա մասնակիցները չունեն այլ պայմանավորվածություն։

2. Սույն Կոնվենցիայում ճանաչված պայմանագրի անվավերության, դադարեցման, դրանից դուրս գալու և դրա գործողության կասեցման հիմքը չճանաչելը սույն համաձայնագրում կարող է պատճառաբանվել միայն ամբողջ պայմանագրի վերաբերյալ, բացառությամբ ներքոհիշյալ հետևյալ կետերի կամ 60-րդ հոդվածի։

3. Եթե նման հիմքը վերաբերում է միայն առանձին դրույթների, ապա այն կարող է պատճառաբանվել միայն այդ դրույթների վերաբերյալ, երբ.

ա) նշված դրույթները պայմանագրի մնացած մասերից կիրառման առումով բաժանելի են,

բ) պայմանագրից բխում է կամ այլ կերպ սահմանվել է, որ նման դրույթների կիրառումն էական հիմք չի հանդիսացել ուրիշ մասնակցի կամ ուրիշ մասնակիցների ամբողջ պայմանագրի պարտադիր լինելու համաձայնության համար, և

գ) պայմանագրի մնացած մասի կատարման շարունակությունն անարդար չի լինի։

4. 49-րդ և 50-րդ հոդվածների ազդեցության տակ ընկնելու դեպքում պետությունը, որն իրավունք ունի վկայակոչել խարդախությունը կամ կաշառքը, կարող է այդ անել ամբողջ պայմանագրի նկատմամբ կամ 3-րդ կետով նախատեսված դեպքերում առանձին դրույթների նկատմամբ։

5. 51-րդ, 52-րդ և 53-րդ հոդվածների ազդեցության տակ ընկնելու դեպքում պայմանագրի դրույթների բաժանում չի թույլատրվում։

 

Հոդված 45. Պայմանագրի անվավերության, դադարեցման, դրանից դուրս գալու կամ դրա գործողության կասեցման հիմքը պատճառաբանելու իրավունքի կորուստը

 

Պետությունն այլևս իրավունք չունի 46-րդ և 50-րդ կամ 62-րդ հոդվածների հիման վրա պայմանագրի անվավերության, դադարեցման, դրանից դուրս գալու կամ դրա գործողության հիմքը պատճառաբանել այն բանից հետո, երբ նրան հայտնի են դարձել փաստեր, որ

ա) այն որոշակիորեն համաձայնել է, որ պայմանագիրը վավերական է, կամ պահպանում է իր ուժը կամ մնում է գործողության մեջ, ինչպես որ լինի, կամ

բ) այն, ելնելով իր վարքից, պետք է համարվի լռելյայն համաձայնած այն բանին, որ պայմանագիրը վավերական է կամ պահպանում է իր ուժը, կամ մնում է գործողության մեջ ինչպես որ լինի։

 

Բ ա ժ ի ն  2

 

Պայմանագրի անվավերությունը

 

Հոդված 46. Պայմանագիր կնքելու իրավասության վերաբերյալ ներպետական իրավունքի դրույթները

 

1. Պետությունն իրավունք չունի վկայակոչել այն հանգամանքը, որ իր համաձայնությունը պայմանագրի իրեն վերաբերող պարտավորության նկատմամբ արտահայտվել է իր ներպետական իրավունքի պայմանագիր կնքելու իրավասության վերաբերյալ այս կամ այն դրույթի խախտումով, որպես իր համաձայնության ոչ իրական լինելու հիմք, բացի այն դեպքից, եթե այդ խախտումն ակնհայտ է և վերաբերում է նրա ներպետական իրավունքի առավել կարևոր նշանակություն ունեցող նորմերին։

2. Խախտումն ակնհայտ է, եթե այն առարկայորեն բացահայտ է այդ հարցում սովորական պրակտիկային համապատասխան գործող և հարցին բարեխղճորեն վերաբերող ցանկացած պետության համար։

 

Հոդված 47. Պետության համաձայնությունն արտահայտելու լիազորությունների հատուկ սահմանափակումները

 

Եթե պետության որևէ պայմանագրով պարտավորված լինելու վերաբերյալ համաձայնություն արտահայտելու ներկայացուցչի լիազորությունները պայմանավորված են հատուկ սահմանափակումներով, ապա ներկայացուցչի կողմից նման սահմանափակումները չպահպանելը չի կարելի պատճառ բերել որպես նրա կողմից համաձայնություն արտահայտելու անօրինականության վերաբերյալ, եթե այդ սահմանափակումների շուրջ բանակցող մյուս պետությունները տեղյակ են պահվել մինչև ներկայացուցչի կողմից նման համաձայնություն արտահայտելը։

 

Հոդված 48. Սխալը

 

1. Պետությունը կարող է պատճառաբանել պայմանագրում եղած սխալը որպես պայմանագրով իր պարտավորությունների նկատմամբ համաձայնության ոչ իրավական լինելու հիմք, եթե այդ սխալը վերաբերում է այնպիսի փաստի կամ վիճակի, որն այդ պետության ենթադրությամբ գոյություն է ունեցել պայմանագիրը կնքելու ժամանակ և իրենից ներկայացրել է այդ պայմանագրով իրեն վերաբերող պարտավորություններն ընդունելու էական հիմք։

2. 1-ին կետը չի կիրառվում, եթե նշված պետությունն իր գործողությամբ նպաստել է այդ սխալի առաջացմանը կամ հանգամանքներն այնպիսին էին, որ այդ պետությունն ուշադրություն պետք է դարձներ հնարավոր սխալին։

3. Միայն պայմանագրի տեքստի ձևակերպմանը վերաբերող սխալը չի ազդում դրա վավերականության վրա, նման դեպքում կիրառվում է 79-րդ հոդվածը։

 

Հոդված 49. Խարդախություն

 

Եթե պետությունը պայմանագիր է կնքել մյուս բանակցող պետության խարդախ գործողությունների ազդեցության տակ, ապա նա կարող է խարդախությունը վկայակոչել որպես պայմանագրով պարտավորված լինելու իր համաձայնությունն անվավեր համարելու հիմք։

 

Հոդված 50. Պետության ներկայացուցչին կաշառելը

 

Եթե պետության պայմանագրով պարտավորված համաձայնությունն արտահայտվել է բանակցություններին մասնակից մյուս պետության կողմից իր ներկայացուցչին ուղղակի կամ անուղղակի կաշառելու միջոցով, ապա այդ պետությունը կարող է վկայակոչել նման կաշառատվությունը այդ պայմանագրով պարտավորված լինելու իր համաձայնությունն անվավեր համարելու համար։

 

Հոդված 51. Պետության ներկայացուցչին հարկադրելը

 

Պայմանագրով պարտավորված լինելու պետության համաձայնության արտահայտումն վերջինիս ներկայացուցչին հարկադրելու արդյունքում վերջինիս դեմ ուղղված գործողությունների կամ սպառնալիքների միջոցով, որևէ իրավական հետևանք չունի։

 

Հոդված 52. Ուժի կամ այն կիրառելու սպառնալիքի միջոցով պետությանը հարկադրելը

 

Պայմանագիրը համարվում է առոչինչ, եթե այն կնքված է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքների խախտմամբ։

 

Հոդված 53. Ընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր (jus cogens) նորմին հակասող պայմանագրերը

 

Պայմանագիրն առոչինչ է, եթե կնքման պահին հակասում է ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին։ Սույն Կոնվենցիայի նպատակների համար ընդհանուր միջազգային պարտադիր նորմն այն նորմն է, որը պետությունների միջազգային հանրության կողմից ամբողջությամբ ընդունվում ու ճանաչվում է որպես նորմ, որից շեղումն անթույլատրելի է, և որը կարող է փոփոխվել միայն ընդհանուր միջազգային իրավունքի հաջորդ նորմով։

 

Բ ա ժ ի ն  3

 

Պայմանագրերի գործողության դադարեցումը և կասեցումը

 

Հոդված 54. Պայմանագրի դադարեցումը կամ դրանից դուրս գալը՝ պայմանագրի դրույթների կամ մասնակիցների համաձայնությանը համապատասխան

 

Պայմանագրի դադարեցումը կամ մասնակցի դուրս գալը կարող է տեղի ունենալ.

ա) պայմանագրի դրույթներին համապատասխան, կամ

բ) բոլոր մասնակիցների համաձայնությամբ` ցանկացած ժամանակ պայմանավորվող մյուս պետությունների հետ խորհրդակցելուց հետո։

 

Հոդված 55. Բազմակողմ պայմանագրի մասնակիցների թվի կրճատումը, որի հետևանքով այն դառնում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ քանակից պակաս

 

Եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, բազմակողմ պայմանագիրը չի դադարեցվում միայն այն պատճառով, որ դրա մասնակիցների թիվը դարձել է պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ թվից պակաս։

 

Հոդված 56. Դադարեցնելու, չեղյալ հայտարարելու կամ նրանից դուրս գալու մասին դրույթներ չպարունակող պայմանագրի չեղյալ հայտարարելը կամ դրանից դուրս գալը

 

1. Պայմանագիրը, որը ոչ մի դրույթ չի պարունակում այն դադարեցնելու մասին, և որն այն չեղյալ համարել կամ դրանից դուրս գալ չի նախատեսում, ենթակա չէ չեղյալ հայտարարվելու և դրանից դուրս գալ չի թույլատրվում, եթե միայն.

ա) սահմանվել է, որ մասնակիցները մտադրվել էին թույլատրել այն չեղյալ հայտարարելը կամ դրանից դուրս գալը, կամ

բ) պայմանագրի բնույթը ենթադրում է չեղյալ հայտարարելու կամ դուրս գալու իրավունքը։

2. 1-ին կետին համապատասխան պայմանագիրը չեղյալ հայտարարելու կամ դրանից դուրս գալու իր մտադրության մասին մասնակիցը տեղյակ է պահում ոչ ուշ, քան տասներկու ամիս առաջ։

 

Հոդված 57. Պայմանագրի գործողության կասեցումը՝ պայմանագրի դրույթների կամ դրա մասնակիցների համաձայնությանը համապատասխան

Պայմանագրի գործողությունը բոլոր մասնակիցների կամ առանձին մասնակցի առնչությամբ, կարող է կասեցվել.

ա) պայմանագրի դրույթներին համապատասխան, կամ

բ) ցանկացած ժամանակ բոլոր մասնակիցների համաձայնությամբ, պայմանավորվող այլ պետությունների հետ խորհրդակցելուց հետո։

 

Հոդված 58. Բազմակողմ պայմանագրի գործողության կասեցումը՝ միայն մի քանի մասնակիցների միջև եղած համաձայնությամբ

 

1. Բազմակողմ պայմանագրի երկու կամ մի քանի մասնակիցներ կարող են կնքել համաձայնագիր պայմանագրի գործողությունը ժամանակավորապես և միայն իրենց միջև կասեցնելու վերաբերյալ, եթե.

ա) նման կասեցման հնարավորությունը նախատեսված է պայմանագրով, կամ

բ) նշված կասեցումը չի արգելվում պայմանագրով և.

i) չի ազդում մյուս մասնակիցների կողմից պայմանագրից բխող իրենց իրավունքներից օգտվելու կամ իրենց պարտավորությունների կատարման վրա,

ii) անհամատեղելի չէ պայմանագրի առարկայի և նպատակի հետ։

2. Եթե 1(ա) կետի գործողության տակ ընկնելու դեպքում պայմանագրով այլ բան չի նախատեսված, ապա խնդրո առարկա մասնակիցները մյուս մասնակիցներին տեղյակ են պահում պայմանագրի այն դրույթների վերաբերյալ համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին, որոնց գործողությունները նրանք մտադիր են կասեցնել։

 

Հոդված 59. Պայմանագրի գործողության դադարեցումը կամ կասեցումը՝ հաջորդող պայմանագիր կնքելու հետևանքով

 

1. Պայմանագիրը համարվում է դադարեցված, եթե դրա բոլոր մասնակիցները նույն հարցի առնչությամբ կնքում են հաջորդող պայմանագիր, և.

ա) հաջորդող պայմանագրից բխում է կամ այլ կերպ սահմանվում է տվյալ հարցն այդ պայմանագրով կարգավորելու մասին մասնակիցների մտադրությունը, կամ

բ) հաջորդող պայմանագրի դրույթներն այնքան են անհամատեղելի նախորդ պայմանագրի դրույթների հետ, որ երկու պայմանագրերը հնարավոր չէ միաժամանակ կիրառել։

2. Նախորդ պայմանագրի գործողությունը համարվում է միայն կասեցված, եթե հաջորդող պայմանագրից բխում է կամ այլ կերպ սահմանվել է, որ այդպիսին է եղել մասնակիցների մտադրությունը։

 

Հոդված 60. Պայմանագիրը խախտելու հետևանքով դրա գործողության դադարեցումը կամ կասեցումը

 

1. Երկկողմ պայմանագրի էական խախտումը մասնակիցներից մեկի կողմից մյուսին իրավունք է տալիս այդ խախտումը վկայակոչել պայմանագիրն ամբողջությամբ կամ մի մասով դադարեցնելու կամ այն կասեցնելու համար։

2. Մասնակիցներից մեկի կողմից բազմակողմ պայմանագրի էական խախտումն իրավունք է տալիս.

ա) մյուս մասնակիցներին միաձայն ձեռք բերված համաձայնությամբ, պայմանագիրն ամբողջությամբ կամ մի մասով կասեցնել կամ այն դադարեցնել

i) իրենց և խախտող պետության հարաբերություններում, կամ

ii) բոլոր մասնակիցների հարաբերություններում,

բ) խախտման հետևանքով առավել շատ տուժած մասնակցին այդ խախտումը վկայակոչել իր և խախտող պետության միջև պայմանագրի գործողությունն ամբողջությամբ կամ մասամբ կասեցնելու համար,

գ) բացի պայմանագիրը խախտող պետությունից, ցանկացած մասնակցին այդ խախտումը վկայակոչել իր նկատմամբ պայմանագիրն ամբողջությամբ կամ մասամբ կասեցնելու, եթե պայմանագիրն այնպիսի բնույթ ունի, որ նրա դրույթների էական խախտումը մի մասնակցի կողմից հիմնովին փոխում է յուրաքանչյուր մասնակցի դրությունը պայմանագրից բխող իր պարտականությունների հետագա կատարման առնչությամբ։

3. Սույն հոդվածի նպատակների համար պայմանագրի էական խախտում է հանդիսանում.

ա) պայմանագրից այնպիսի հրաժարումը, որը սույն Կոնվենցիան չի թույլատրում, կամ

բ) պայմանագրի առարկան և նպատակն իրականացնելու համար էական նշանակություն ունեցող դրույթի խախտումը։

4. Նախորդ կետերը չեն վերաբերում պայմանագրի որևէ դրույթի, որը կիրառվում է խախտման ժամանակ։

5. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը չեն կիրառվում մարդասիրական բնույթ ունեցող պայմանագրերում պարունակվող անձի պաշտպանությանը վերաբերող այն դրույթներին, որոնք արգելում են նման պայմանագրերով պաշտպանվող անձանց նկատմամբ ճնշման որևէ ձև։

 

Հոդված 61. Հետագա կատարման անհնարինությունը

 

1. Մասնակիցը կարող է պայմանագրի կատարման անհնարինությունը վկայակոչել որպես պայմանագիրը դադարեցնելու կամ դրանից դուրս գալու հիմք, եթե նման անհնարինությունը հանդիսանում է պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ առարկայի մշտապես անհետացման կամ մշտապես ոչնչացման հետևանք։ Եթե անհնարինությունը ժամանակավոր է, ապա այն կարող է վկայակոչվել միայն պայմանագրի գործողության կասեցման համար։

2. Կատարման անհնարինությունը չի կարող վկայակոչվել մասնակցի կողմից որպես դրա դադարեցման, դրանից դուրս գալու կամ դրա գործողության կասեցման հիմք, եթե այդ անհնարինությունը հանդիսանում է այդ մասնակցի կողմից պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների կամ նրա կողմից պայմանագրի ցանկացած ուրիշ մասնակցի նկատմամբ ստանձնված միջազգային պարտավորությունների խախտման արդյունք։

 

Հոդված 62. Հանգամանքների արմատական փոփոխություն

 

1. Պայմանագրի կնքման ժամանակ գոյություն ունեցած հանգամանքների արմատական փոփոխությունը, որը չի կանխատեսվել մասնակիցների կողմից, չի կարող վկայակոչվել որպես պայմանագիրը դադարեցնելու կամ դրանից դուրս գալու համար հիմք, բացառությամբ այն դեպքերի, երբ.

ա) այդ հանգամանքների առկայությունը պայմանագրով պարտավորված լինելու մասնակիցների համաձայնության համար էական հիմք է հանդիսացել, և

բ) հանգամանքների փոփոխության հետևանքը հիմնովին փոխում է ըստ պայմանագրի դեռևս կատարման ենթակա պարտավորությունների գործողությունների ոլորտը։

2. Հանգամանքների արմատական փոփոխությունը չի կարող վկայակոչվել որպես պայմանագիրը դադարեցնելու կամ դրանից դուրս գալու հիմք

ա) եթե պայմանագիրը որոշում է սահման, կամ

բ) եթե նման արմատական փոփոխությունը, որը վկայակոչում է պայմանագրի մասնակիցը, հանդիսանում է այդ մասնակցի կողմից կամ պայմանագրի իր պարտավորության, կամ պայմանագրի ցանկացած ուրիշ մասնակցի նկատմամբ իր վրա ունեցած միջազգային այլ պարտավորության խախտման արդյունք։

3. Եթե նախորդ կետերի համաձայն մասնակիցն իրավունք ունի հանգամանքների արմատական փոփոխությունը վկայակոչել որպես հիմք պայմանագիրը դադարեցնելու կամ դրանից դուրս գալու համար, ապա նա կարող է նաև վկայակոչել այդ փոփոխությունը որպես պայմանագրի գործողությունը կասեցնելու հիմք։

 

Հոդված 63. Դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների խզումը

 

Պայմանագրի մասնակիցների միջև դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների խզումը չի ազդում պայմանագրով նրանց միջև հաստատված իրավական հարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների առկայությունն անհրաժեշտ է այդ պայմանագիրը կատարելու համար։

 

Հոդված 64. Ընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր նոր նորմի (jus cogens) առաջացումը

 

Եթե առաջանում է ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նոր նորմ, ապա ցանկացած պայմանագիր, որը հակասում է այդ նորմին, անվավեր է և դադարում է։

 

Բ ա ժ ի ն  4

 

Ընթացակարգ

 

Հոդված 65. Ընթացակարգ, որը պետք է պահպանել պայմանագրի անվավերության, դադարեցման, դրանից դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու դեպքում

 

1. Մասնակիցը, որը սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն վկայակոչում է պայմանագրով պարտավորված լինելու համաձայնության մեջ թերությունը կամ պայմանագրի վավերականությունը վիճարկող, պայմանագիրը դադարեցնող, դրանից դուրս գալու կամ գործողությունը կասեցնող հիմքը, պետք է մյուս մասնակիցներին ծանուցի իր պահանջի մասին։ Ծանուցումը պետք է հիշատակի այն միջոցառումը, որն առաջարկում է կիրառել պայմանագրի նկատմամբ, ինչպես նաև դրա հիմնավորումը։

2. Եթե ծանուցումն ստանալուց ոչ պակաս, քան երեք ամիս ժամկետից հետո, բացառությամբ հրատապ հատուկ դեպքերի, ոչ մի մասնակից չի առարկում, ապա ծանուցում ուղարկող մասնակիցը կարող է 67-րդ հոդվածում նշված կարգով իրագործել իր կողմից նախատեսված միջոցառումը։

3. Սակայն, եթե ցանկացած այլ մասնակցի կողմից կա առարկություն, ապա մասնակիցները պետք է կարգավորման հասնեն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 33-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների միջոցով։

4. Նախորդ կետերում ոչինչ չի վերաբերում մասնակիցների ցանկացած գործող դրույթի հիման վրա ունեցած այն իրավունքներին կամ պարտականություններին, որոնք վեճերի կարգավորման ժամանակ մասնակիցների համար պարտադիր են։

5. Առանց 45-րդ հոդվածը վնասելու, այն հանգամանքը, որ պետությունը 1-ին կետով նախատեսված ծանուցումը չի կատարել, նրան չի արգելում նման ծանուցում կատարել ի պատասխան այլ մասնակցի, որը պահանջում է պայմանագրի կատարում կամ հայտարարում է այն խախտելու մասին։

 

Հոդված 66. Դատական կարգավորման, արբիտրաժի և հաշտեցման ընթացակարգերը

 

Եթե առարկությունը ներկայացնելու ժամկետից հետո 12 ամսվա ընթացքում 65-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ոչ մի լուծում չի կայացվել, ապա կիրառվում են հետևյալ ընթացակարգերը.

ա) 53-րդ կամ 64-րդ հոդվածների կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ վեճի ցանկացած կողմ որոշման համար գրավոր դիմումի ձևով կարող է դիմել Միջազգային դատարան, եթե կողմերն ընդհանուր համաձայնությամբ չեն պայմանավորվում այդ վեճն արբիտրաժին հանձնելու մասին,

բ) Կոնվենցիայի 5-րդ մասի ցանկացած այլ հոդվածների կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ վեճի ցանկացած կողմ կարող է սկսել Կոնվենցիայի հավելվածում նշված ընթացակարգը այդ հարցի կապակցությամբ խնդրանք ներկայացնելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

 

Հոդված 67. Պայմանագիրն անվավեր հայտարարելու, պայմանագիրը դադարեցնելու, դրանից դուրս գալու կամ դրա գործողության կասեցման հայտարարման փաստաթղթերը

 

1. 65-րդ հոդվածի 1-ին կետում նշված ծանուցումը պետք է լինի գրավոր։

2. Ցանկացած գործողություն, որը նպատակ ունի պայմանագիրն անվավեր հայտարարել, դադարեցնել, դրանից դուրս գալ կամ դրա գործողությունը կասեցնել պայմանագրի դրույթների կամ 65-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթների համաձայն, կատարվում է մյուս մասնակիցներին փոխանցված փաստաթղթի ձևով։ Եթե նման փաստաթուղթն ստորագրված չէ պետության ղեկավարի, կառավարության ղեկավարի կամ արտաքին գործերի նախարարի կողմից, այդ փաստաթուղթը փոխանցող պետության ներկայացուցչից կարող է պահանջվել ներկայացնել լիազորագիր։

 

Հոդված 68. 65-րդ և 67-րդ հոդվածներով նախատեսված ծանուցումը և փաստաթղթերը հետ վերցնելը

 

65-րդ և 67-րդ հոդվածներով նախատեսված ծանուցումը կամ փաստաթղթերը, մինչև դրանց ուժի մեջ մտնելը, ցանկացած ժամանակ կարող են հետ վերցվել։

 

Բ ա ժ ի ն  5

 

Պայմանագրի անվավերության, գործողության դադարեցման կամ կասեցման հետևանքները

 

Հոդված 69. Պայմանագրի անվավերության հետևանքները

 

1. Սույն Կոնվենցիային համապատասխան անվավեր ճանաչված պայմանագիրը համարվում է առոչինչ։ Առոչինչ պայմանագրի դրույթներն իրավական ուժ չունեն։

2. Եթե, այնուամենայնիվ, նման պայմանագրով գործողություններ են կատարվել.

ա) յուրաքանչյուր մասնակից ցանկացած այլ մասնակցից կարող է պահանջել, որքան հնարավոր է, իրենց փոխհարաբերություններում ստեղծել այնպիսի վիճակ, որը գոյություն կունենար, եթե տեղի չունենային նման գործողություններ,

բ) նախքան անվավերությունը վկայակոչելը, բարեխղճորեն կատարված գործողությունները միայն պայմանագրի անվավերության պատճառով անօրինական չեն դառնում։

3. 49-րդ, 50-րդ, 51-րդ կամ 52-րդ հոդվածներով նախատեսված գործողության դեպքերում 2-րդ կետը չի կիրառվում խարդախության, կաշառատվության կամ ստիպելու համար պատասխանատու մասնակցի նկատմամբ։

4. Առանձին պետության բազմակողմ պայմանագրով պարտավորված լինելու համաձայնության անվավերության դեպքում, վերոհիշյալ կանոնները կիրառվում են այդ պետության և պայմանագրի մասնակիցների հարաբերություններում։

 

Հոդված 70. Պայմանագրի դադարեցման հետևանքները

 

1. Եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված, կամ եթե մասնակիցները չեն համաձայնել այլ կերպ, պայմանագրի դադարեցումը դրա դրույթներին համապատասխան կամ սույն Կոնվենցիայի համաձայն.

ա) պայմանագրի մասնակիցներին ազատում է պայմանագիրը հետագայում կատարելու ցանկացած պարտավորվածությունից,

բ) չի ազդում, մինչև պայմանագրի դադարեցումը դրա կատարման միջոցով ստեղծված մասնակիցների ցանկացած իրավունքի, պարտավորության կամ իրավական վիճակի վրա։

2. Եթե պետությունը չեղյալ է հայտարարում բազմակողմ պայմանագիրը կամ դուրս է գալիս դրանից, ապա 1-ին կետը կիրառվում է այդ պետության և պայմանագրի յուրաքանչյուր մասնակցի միջև եղած հարաբերություններում այն օրվանից, երբ չեղյալ հայտարարելը կամ պայմանագրից դուրս գալն ուժի մեջ է մտել։

 

Հոդված 71. Ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին հակասող պայմանագրի անվավերության հետևանքները

 

1. Եթե 53-րդ հոդվածի համաձայն պայմանագիրը համարվում է անվավեր, մասնակիցները.

ա) որքանով որ հնարավոր է, վերացնում են ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին հակասող որևէ դրույթի հիման վրա կատարված ցանկացած գործողության հետևանքները, և

բ) իրենց փոխհարաբերությունները համապատասխանեցնում են ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին։

2. Եթե 64-րդ հոդվածի համաձայն պայմանագիրը դառնում է անվավեր և դադարում է, ապա պայմանագրի դադարեցումը

ա) մասնակիցներին ազատում է պայմանագիրը հետագայում կատարելու պարտավորությունից,

բ) չի ազդում, մինչև պայմանագրի դադարեցումը դրա կատարման միջոցով ստեղծված մասնակիցների ցանկացած իրավունքի, պարտավորության կամ իրավական վիճակի վրա պայմանով, որ նման իրավունքներն ու պարտավորությունները կամ վիճակները կարող են պահպանվել հետագայում միայն այն չափով, որ չափով որ դրանց պահպանումն ինքնըստինքյան չի հակասում միջազգային իրավունքի նոր պարտադիր նորմին։

 

Հոդված 72. Պայմանագրի գործողության կասեցման հետևանքները

 

1. Եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, կամ եթե մասնակիցներն այլ կերպ չեն համաձայնել, պայմանագրի դրույթներին կամ սույն Կոնվենցիային համապատասխան դրա գործողության կասեցումը.

ա) մասնակիցներին, որոնց միջև կասեցված է պայմանագրի գործողությունը, կասեցված ժամանակամիջոցում ազատում է իրենց փոխհարաբերություններում պայմանագիրը կատարելու պարտավորությունից,

բ) չի ազդում մասնակիցների միջև պայմանագրով այլ կերպ սահմանված մնացած իրավահարաբերությունների վրա։

2. Պայմանագրի գործողության կասեցման ժամանակամիջոցում մասնակիցները ձեռնպահ են մնում պայմանագրի գործողությունը վերսկսելուն խանգարող գործողություններից։

 

Մ ա ս  6

 

Այլ դրույթներ

 

Հոդված 73. Պետությունների իրավահաջորդության, պետությունների պատասխանատվության և ռազմական գործողություններ սկսելու դեպքերը

 

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կանխորոշում պայմանագրի առնչությամբ որևէ հարց, որը կարող է առաջանալ պետությունների իրավահաջորդության, պետության միջազգային պատասխանատվության կամ պետությունների միջև զինված գործողությունների պատճառով։

 

Հոդված 74. Դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունները և պայմանագրերի կնքումը

 

Երկու կամ մի քանի պետությունների միջև դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների խզումը չի խոչընդոտում այդ պետությունների միջև պայմանագրեր կնքելուն։ Պայմանագիր կնքելն ինքնըստինքյան չի ազդում դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների վիճակի վրա։

 

Հոդված 75. Ագրեսոր պետության դեպքը

 

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն վնասում պայմանագրի վերաբերյալ որևէ պարտավորություն, որը կարող է ծագել ագրեսոր պետության նկատմամբ այդ պետության կատարած ագրեսիայի կապակցությամբ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ընդունված միջոցառումների հետևանքով։

 

Մ ա ս  7

 

Ավանդապահներ, ծանուցումներ, ուղղումներ ԵՎ գրանցում

 

Հոդված 76. Պայմանագրերի ավանդապահը

 

1. Պայմանագրի ավանդապահը կարող է նշանակվել բանակցություններին մասնակցող պետությունների կողմից կամ հենց պայմանագրով կամ, որևէ ուրիշ կարգով։ Ավանդապահ կարող են լինել մեկ կամ մի քանի պետություններ, միջազգային կազմակերպություններ կամ նման կազմակերպության գլխավոր գործադիր պաշտոնյան։

2. Ավանդապահի գործառույթն իր բնույթով միջազգային է, և այդ գործառույթը կատարելու ժամանակ ավանդապահը պարտավոր է գործել անկողմնակալ։ Մասնավորապես, այն փաստը, որ պայմանագիրը որոշ մասնակիցների միջև ուժի մեջ չի մտել կամ պետությունների և ավանդապահի միջև ծագել են տարաձայնություններ վերջինիս կողմից իր գործառույթը կատարելու կապակցությամբ, չի ազդում այդ պարտավորությունների կատարման վրա։

 

Հոդված 77. Ավանդապահի գործառույթները

 

1. Եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված, կամ եթե պայմանավորվող պետություններն այլ բանի մասին չեն համաձայնել, ավանդապահի դերը, մասնավորապես, կայանում է հետևյալում.

ա) պայմանագրի բնագրի և ավանդապահին տրված լիազորագրերի պահպանում,

բ) բնագրի հաստատված պատճենների պատրաստում և պայմանագրով նախատեսված այլ լեզուներով պայմանագրի այլ տեքստերի պատրաստում և դրանց առաքում պայմանագրի մասնակիցներին և պայմանագրին մասնակցելու իրավունք ունեցող ուրիշ պետությունների,

գ) պայմանագրի ստորագրությունների ստացում, դրան վերաբերող փաստաթղթերի, ծանուցումների հաղորդագրությունների ստացում և պահպանում,

դ) այն հարցի ուսումնասիրումը, թե պայմանագրին վերաբերող ստորագրությունը, փաստաթղթերը, ծանուցումները կամ հաղորդագրություններն արդյոք պատշաճ ձևով են, և անհրաժեշտության դեպքում համապատասխան պետությանն այդ մասին տեղյակ պահելը,

ե) պայմանագրին վերաբերող փաստաթղթերի, ծանուցումների և հաղորդագրությունների մասին պայմանագրին մասնակցելու իրավունք ունեցող պետություններին տեղեկատվություն տալը,

զ) պայմանագրին մասնակից դառնալու իրավունք ունեցող պետություններին տեղեկատվություն տալն այն մասին, թե ստորագրությունների թիվը, վավերագրերը կամ ընդունման, հաստատման կամ միացման մասին փաստաթղթերը, որոնք պետք են պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար, երբ են ստացվել և ի պահ հանձնվել,

է) Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում պայմանագրերի գրանցումը,

ը) սույն Կոնվենցիայի այլ դրույթներով նախատեսված այլ գործառույթների կատարումը։

2. Որևէ պետության և ավանդապահի միջև, վերջինիս գործառույթների կատարման կապակցությամբ տարաձայնություններ ծագելու դեպքում, ավանդապահն այդ հարցի մասին տեղյակ է պահում պայմանագիրն ստորագրող պետություններին, պայմանավորվող պետություններին կամ համապատասխան դեպքերում շահագրգիռ միջազգային կազմակերպության իրավասու մարմնին։

 

Հոդված 78. Ծանուցում և հաղորդագրություն

 

Եթե պայմանագրով և սույն Կոնվենցիայով այլ բան չի նախատեսված, ցանկացած պետության կողմից արված ծանուցումը կամ հաղորդագրությունը սույն Կոնվենցիայի համաձայն.

ա) եթե ավանդապահ չկա, առաքվում է անմիջապես այն պետությանը, որի համար այն նախատեսված է, իսկ եթե ավանդապահ կա, ապա նրան,

բ) համապատասխան պետության կողմից համարվում է կատարված միայն այն պետության կողմից ստանալուց հետո, որին այն առաքված է, կամ հանգամանքներից ելնելով ավանդապահի ստանալուց հետո,

գ) եթե այն առաքված է ավանդապահին, համարվում է ստացված այն պետության կողմից, որի համար այն նախատեսված է, միայն այն բանից հետո, երբ վերջինս ավանդապահի կողմից տեղյակ է պահվել 77-րդ հոդվածի 1(ե) կետի համաձայն։

 

Հոդված 79. Պայմանագրերի տեքստերում կամ հաստատված օրինակներում եղած սխալների ուղղումը

 

1. Եթե պայմանագրի բնագիր լինելը հաստատվելուց հետո այն ստորագրող պետությունները և պայմանավորվող պետություններն ընդհանուր համաձայնությամբ հավաստում են, որ դրանում սխալ կա, ապա, եթե նրանք չեն որոշում այլ միջոց կիրառել, այդ սխալն ուղղում են հետևյալ ճանապարհով.

ա) տեքստի մեջ համապատասխան ուղղում մտցնելով և պատշաճ ձևով լիազորված ներկայացուցիչների միջոցով այդ ուղղումը նախակնքելով,

բ) սխալն ուղղելու մասին, որը համաձայնել են կատարել, փաստաթուղթ կազմելով կամ նման փաստաթղթեր փոխանակելով, կամ

գ) պայմանագրի ուղղված ամբողջ տեքստը կազմելով նույն կարգով, ինչպես իսկական տեքստը կազմելու ժամանակ։

2. Եթե խոսքը վերաբերում է ավանդապահի պահպանությանը հանձնված պայմանագրին, ապա վերջինս սխալի և այն ուղղելու առաջարկության մասին ծանուցում է պայմանագիրն ստորագրող պետություններին և սահմանում է համապատասխան ժամանակամիջոց, որի ընթացքում կարող է այդ առաջարկության դեմ առարկություն արվել։ Եթե մինչև այդ ժամանակի ավարտը.

ա) առարկություն չի կատարվել, ավանդապահն ուղղումը մտցնում է տեքստի մեջ և այդ ուղղումը նախակնքում է, կազմում է տեքստն ուղղելու մասին արձանագրություն և պատճենն ուղարկում է մասնակիցներին և մասնակից դառնալու իրավունք ունեցող պետություններին,

բ) եղել է առարկություն, ավանդապահն այդ առարկության մասին տեղյակ է պահում պայմանագիրն ստորագրող պետություններին և պայմանավորվող պետություններին։

3. 1-ին և 2-րդ կետերում շարադրված կանոնները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ տեքստի բնագիր լինելը սահմանվել է երկու կամ մի քանի լեզուներով և տարբեր տեքստերի միջև նկատվել է անհամապատասխանություն, որը պայմանագիրն ստորագրող պետությունների և պայմանավորվող պետությունների ընդհանուր համաձայնությամբ պետք է ուղղվի։

4. Ուղղված տեքստը փոխարինում է սխալ պարունակող տեքստին սկզբից ab initio, եթե միայն պայմանագիրն ստորագրող պետությունները և պայմանավորվող պետություններն այլ բան չեն որոշում։

5. Գրանցված պայմանագրի տեքստի ուղղման մասին տեղյակ Է պահվում Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությանը։

6. Եթե սխալը նկատվում Է վավերացված պատճենում, ավանդապահը կազմում Է ուղղումը պարունակող արձանագրություն, և պատճենն ուղարկում Է պայմանագիրն ստորագրած պետություններին և պայմանավորվող պետություններին։

 

Հոդված 80. Պայմանագրերի գրանցումը և հրապարակումը

 

1. Ուժի մեջ մտնելուց հետո պայմանագիրն ուղարկվում Է Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարություն գրանցելու կամ գործերի մեջ պահելու, և ցուցակի մեջ մտցնելու հանգամանքից ելնելով հրապարակելու համար։

2. Ավանդապահ նշանակվելը նրան լիազորում Է կատարել նախորդ կետում նշված գործողությունները։

 

Մ ա ս  8

 

Եզրափակիչ հոդվածներ

 

Հոդված 81. Ստորագրում

 

Սույն Կոնվենցիան ստորագրության համար բաց է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետությունների կամ մասնագիտացված հաստատություններից որևէ մեկի անդամների, կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և կամ Միջազգային դատարանի ստատուտի մասնակիցների, ինչպես նաև այլ պետությունների համար, որոնք հրավիրված են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից սույն Կոնվենցիայի անդամ դառնալու հետևյալ կերպ, մինչև 1969թ. նոյեմբերի 30-ը Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարությունում, իսկ այդ ժամկետից հետո և մինչև 1970թ. ապրիլի 30-ը Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնակայանում։

 

Հոդված 82. Վավերացում

 

Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման։ Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

 

Հոդված 83. Միանալը

 

Սույն Կոնվենցիային կարող է միանալ 81-րդ հոդվածում նշված ցանկացած դասին պատկանող պետություն։ Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

 

Հոդված 84. ՈւԺի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երեսունհինգերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հաշված երեսուներորդ օրը։

2. Երեսունհինգերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո Կոնվենցիան վավերացնող կամ դրան միացող յուրաքանչյուր պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո՝ երեսուներորդ օրը։

 

Հոդված 85. Բնագրային տեքստեր

 

Սույն Կոնվենցիայի բնագիրն անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն է, որի տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։

 

Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՈՐԻ իրենց կառավարությունների կողմից պատշաճ ձևով լիազորված ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչներն ստորագրեցին սույն Կոնվենցիան։

 

ԿԱՏԱՐՎԵԼ է Վիեննայում հազար ինը հարյուր վաթսունինը թվականի մայիսի քսաներեքին։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը կազմում և տնօրինում է որակյալ իրավաբաններից կազմված հաշտարար միջնորդների ցուցակը։ Այդ նպատակով յուրաքանչյուր պետության, որը Միավորված ազգերի կազմակերպության անդամ է կամ սույն Կոնվենցիայի մասնակից, հրավիրվում է առաջարկելու երկուական հաշտարար միջնորդների թեկնածություններ, և այդ ձևով առաջադրված անձանց ազգանուններից կազմվում է ցուցակ։ Հաշտարար միջնորդները, այդ թվում նաև պատահմամբ թափուր մնացած տեղերի համար նշանակված միջնորդները նշանակվում են հինգ տարի ժամկետով, որը կարող է նորոգվել։ Հաշտարար միջնորդը, իր նշանակման ժամկետը լրանալուց հետո էլ, համաձայն հաջորդ կետի դրույթների, պետք է շարունակի կատարել ցանկացած գործառույթ, որի համար նա ընտրվել է։

2. Եթե 66-րդ հոդվածի դրույթների համաձայն Գլխավոր քարտուղարին ներկայացվում է խնդրանք, նա վեճը քննարկման է հանձնում հետևյալ կարգով կազմավորված համաձայնեցման հանձնաժողովին։ Վեճի մի կողմ հանդիսացող պետությունը կամ պետությունները նշանակում են.

a) այդ պետության կամ այդ պետություններից մեկի քաղաքացի հանդիսացող մեկ հաշտարար միջնորդ, որը կարող է ընտրվել 1-ին կետում նշված անձանցից կամ այլ անձանցից, և

b) այդ պետության կամ այդ պետություններից մեկի քաղաքացին, որն ընտրվում է ցուցակից։

Վեճի մյուս կողմը հանդիսացող պետությունը կամ պետությունները նույն կարգով նշանակում են երկու հաշտարար միջնորդներ։ Կողմերի ընտրած չորս հաշտարար միջնորդները պետք է նշանակվեն Գլխավոր քարտուղարի համապատասխան խնդրանքն ստանալու օրվանից հաշվված վաթսուն օրվա ընթացքում։

Այդ չորս հաշտարար միջնորդներն իրենցից վերջինի նշանակման օրվանից հետո վաթսուն օրվա ընթացքում ցուցակում ընդգրկված անձանցից նշանակում են հինգերորդ հաշտարար միջնորդին, որը կլինի նախագահ։

Եթե Նախագահը կամ մյուս հաշտարար միջնորդներից որևէ մեկը նրանց նշանակման համար նշված ժամկետներում չեն նշանակվում, ապա նրանք նշանակվում են Գլխավոր քարտուղարի կողմից համապատասխան ժամկետն անցնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում։ Գլխավոր քարտուղարը Նախագահին կարող է նշանակել կամ ցուցակում ընդգրկված անձանցից, կամ Միջազգային իրավունքի հանձնաժողովի անդամներից։ Նշանակման համար նախատեսված ցանկացած ժամկետ, վեճի կողմերի համաձայնությամբ, կարող է երկարացվել։

Ցանկացած թափուր տեղ պետք է լրացվի նախնական նշանակման համար նախատեսված կարգով։

3. Համաձայնեցման հանձնաժողովն ինքն է սահմանում իր ընթացակարգը։ Կողմերի համաձայնությամբ հանձնաժողովը կարող է ցանկացած կողմին առաջարկել ներկայացնելու իր կարծիքը գրավոր կամ բանավոր։ Հանձնաժողովը որոշում է ընդունում կամ հանձնարարություն է տալիս իր հինգ անդամների ձայների մեծամասնությամբ։

4. Հանձնաժողովը կարող է վեճի կողմերի ուշադրությունը հրավիրել վեճի հոժարակամ լուծումը թեթևացնող ցանկացած միջոցի վրա։

5. Հանձնաժողովը լսում է կողմերին, քննարկում է պահանջները և առարկությունները և կողմերի քննարկմանն է ներկայացնում վեճի հոժարակամ լուծմանը հասնելու առաջարկություններ։

6. Հանձնաժողովն իր զեկույցը պետք է ներկայացնի իր կազմավորման ժամկետից հաշվված տասներկու ամսվա ընթացքում։ Այդ զեկույցն ուղարկվում է Գլխավոր քարտուղարին և տրվում է վեճի կողմերին։ Հանձնաժողովի զեկույցը, ներառյալ դրանում պարունակվող փաստերի վերաբերյալ և իրավունքի վերաբերյալ ցանկացած եզրակացություն, կողմերի համար պարտադիր չեն, և միայն վեճի հոժարակամ լուծումը թեթևացնելու նպատակով կողմերին ներկայացվող հանձնարարական են։

7. Գլխավոր քարտուղարը հանձնաժողովին տրամադրում է օգնություն և սպասարկման միջոցներ, որոնց կարիքը նա կարող է ունենալ։ Հանձնաժողովի ծախսերը կրում է Միավորված ազգերի կազմակերպությունը։

 

Հայաստանի Հանրապետությունը Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիան վավերացրել Է նրա 66-րդ հոդվածի վերաբերյալ հետևյալ վերապահումով. «Հայաստանի Հանրապետությունն իրեն կապված չի համարում Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թ.Վիեննայի կոնվենցիայի 66-րդ հոդվածի դրույթներով և հայտարարում Է, որ Կոնվենցիայի 5-րդ բաժնի ցանկացած հոդվածի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև ցանկացած վեճը Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային դատարանի լուծմանը հանձնելու կամ հաշտարար հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու համար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ Է վեճի բոլոր մասնակիցների պարտադիր համաձայնությունը»։

 

Ուժի մեջ է մտել 2005թ. հունիսի 16-ին