Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Եվրոպայի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.01.1992
Ստորագրման ամսաթիվ
16.01.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2005

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

(վերանայված)

Նախաբան

 

Սույն Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և Եվրոպական մշակութային Կոնվենցիայի անդամ մյուս պետությունները,

նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել իր անդամների միջև ավելի սերտ միասնության, մասնավորապես, նրանց ընդհանուր ժառանգությունը հանդիսացող իդեալների և սկզբունքների պահպանման և խթանման նպատակով,

հաշվի առնելով 1954 թվականի դեկտեմբերի 19-ին Փարիզում ստորագրված Եվրոպական մշակութային Կոնվենցիան, մասնավորապես, նրա 1-ին և 5-րդ հոդվածները,

հաշվի առնելով 1985 թվականի հոկտեմբերի 3-ին Գրենադայում ստորագրված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության մասին Կոնվենցիան,

հաշվի առնելով 1985 թվականի հունիսի 23-ին Դելփիքում ստորագրված Մշակութային արժեքների հետ կապված իրավախախտումների մասին Եվրոպական կոնվենցիան,

հաշվի առնելով Խորհրդարանական վեհաժողովի` հնագիտությանը վերաբերող հանձնարարական-առաջարկությունները` հատկապես հմ. 848 (1978), 921 (1981) և 1072 (1988) հանձնարարական-առաջարկությունները,

հաշվի առնելով քաղաքաշինության և գյուղական տարածքների կառուցապատման գործողությունների համատեքստում հնագիտական ժառանգության պահպանության և բարեկարգման մասին N R (89) 5 հանձնարարական-առաջարկությունը,

կրկին հիշեցնելով, որ հնագիտական ժառանգությունը կարևոր տարր է մարդկության անցյալը ճանաչելու համար,
ընդունելով, որ հին պատմության վկա հանդիսացող՝ Եվրոպայի հնագիտական ժառանգությանը լրջորեն սպառնում է անհետացում ինչպես կառուցապատման լայնածավալ աշխատանքների ընդլայնման, այնպես էլ բնական աղետների, գաղտնի կամ գիտական բնույթ չունեցող պեղումների կամ հասարակության անբավարար իրազեկության պատճառով,

հաստատելով, որ անհրաժեշտ է սահմանել համապատասխան գիտական և վարչական վերահսկողության ընթացակարգեր այնտեղ, որտեղ դրանք դեռ գոյություն չունեն, և որ հնագիտական ժառանգության պահպանության անհրաժեշտությունը պետք է արտացոլվի քաղաքաշինական և գյուղական կառուցապատման ու մշակութային զարգացման քաղաքականության մեջ,

ընդգծելով, որ հնագիտական ժառանգության պաշտպանության պատասխանատվությունը ընկած է ոչ միայն անմիջականորեն շահագրգիռ Պետության վրա, այլև եվրոպական երկրների վրա ընդհանրապես, որպեսզի նվազեցվի հուշարձանների անհետացման վտանգը, և բարելավվի պահպանությունը՝ խրախուսելով փորձագետների և փորձի փոխանակումները,

նշելով 1969 թվականի մայիսի 6-ին Լոնդոնում ստորագրված Հնագիտական ժառանգության պահպանության մասին Եվրոպական կոնվենցիայով ձևակերպված հիմնական սկզբունքները լրացնելու անհրաժեշտությունը՝ որպես եվրոպական երկրներում կառուցապատման քաղաքականության զարգացման արդյունք,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հնագիտական ժառանգություն հասկացության սահմանումը

 

Հոդված 1

 

1. Սույն վերանայված Կոնվենցիայի նպատակն է պահպանել հնագիտական ժառանգությունը որպես եվրոպական հավաքական հիշողության աղբյուր և պատմական ու գիտական ուսումնասիրությունների առարկա:

2. Այս նպատակով որպես հնագիտական ժառանգության տարրեր են դիտվում բոլոր մնացուկները, գույքը և անցյալում մարդկության գոյության այլ հետքերը՝

ա) որոնց պահպանությունն ու ուսումնասիրությունը թույլ է տալիս վերծանել մարդկության զարգացման պատմությունն ու նրա հարաբերությունը բնական միջավայրի հետ,

բ) որոնց վերաբերյալ տեղեկություն ստանալու հիմնական միջոցներն են պեղումները կամ հայտնագործությունները, ինչպես նաև մարդկությանն ու նրա շրջակա միջավայրին վերաբերող հետազոտման այլ մեթոդները,

գ) որոնց գտնվելու վայրը տեղակայված է Կողմերի իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում:

3. Հնագիտական ժառանգությունը ներառում է կառուցվածքներ, կառույցներ, ճարտարապետական համալիրներ, կառուցապատ տեղանքներ, շարժական վկայություններ, այլ բնույթի հուշարձաններ, ինչպես նաև դրանց շրջապատը՝ լինեն դրանք գետնի վրա, թե ջրի տակ:

 

Ժառանգության նույնականացումն ու պահպանման միջոցները

 

Հոդված 2

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է իրեն հարմար կարգով ստեղծել հնագիտական ժառանգության պահպանության համար իրավական համակարգ՝ նախատեսելով.

1. իր հնագիտական ժառանգության գույքացուցակի վարում և հուշարձանների կամ պահպանվող գոտիների դասակարգում,

2. նյութական վկայությունների պահպանման նպատակով հնագիտական արգելանոցների հիմնում, նույնիսկ այնտեղ, որտեղ չկան տեսանելի վերգետնյա կամ ստորջրյա հետքեր` ապագա սերունդների կողմից դրանց ուսումնասիրման համար,

3. հնագիտական ժառանգության պատահական գտնողի կողմից իրավասու մարմիններին դրա մասին հայտնելու և ուսումնասիրության տրամադրելու պարտավորություն:

 

Հոդված 3

 

Հնագիտական ժառանգության պահպանության և հնագիտական հետազոտության աշխատանքների գիտական նշանակությունը երաշխավորելու նպատակով յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է.

1. պեղումների և այլ հնագիտական գործունեության նկատմամբ կիրառել թույլտվության և վերահսկողության ընթացակարգեր, որպեսզի.

ա) կանխվի հնագիտական ժառանգության տարրերի ցանկացած ապօրինի պեղում կամ տեղափոխում,

բ) երաշխավորվի, որ հնագիտական պեղումներն ու հետազոտությունները կկատարվեն գիտական մեթոդներով և պայմանով, որ.

- հնարավորին չափ հաճախ կկիրառվեն ավերածություններ չառաջացնող հետազոտական մեթոդները,

- հնագիտական ժառանգության տարրերը դուրս չեն բերվի և չեն ցուցադրվի ո'չ պեղումների ընթացքում և ո'չ էլ հետագայում` առանց դրանց պահպանության, պաշտպանության և կառավարման նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու,

2. ապահովել, որ պեղումներն ու այլ հնարավոր ավերածություններ առաջացնող գործողությունները իրականացվեն միայն որակավորված և հատուկ թույլատրված անձանց կողմից,

3. պետության ներքին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հնագիտական հետազոտության համար մետաղորսիչների և այլ հայտնաբերող սարքերի կամ գործընթացների օգտագործումը պայմանավորել նախնական հատուկ թույլտվությամբ:

 

Հոդված 4

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է գործի դնել հնագիտական ժառանգության ֆիզիկական պաշտպանության միջոցներ, որոնք, ըստ հանգամանքների, նախատեսում են.

1. պետական իշխանությունների կողմից հնագիտական արգելանոցային գոտիների համար նախատեսված տարածքների ձեռքբերում կամ այլ համապատասխան միջոցներով պահպանություն,

2. հնագիտական ժառանգության պահպանում և խնամք. ցանկալի է իր իսկ բուն տարածքում,

3. իրենց ծագման տարածքից տեղափոխված հնագիտական մնացուկների համար նախատեսված համապատասխան պահոցների բարեկարգում:

 

Հնագիտական ժառանգության ամբողջական պահպանում

 

Հոդված 5

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է.

1. իրականացել հնագիտության և կառուցապատման համապատասխան կարիքների համաձայնեցում և համադրում` ապահովելով, որ հնագետները մասնակցեն.

ա) հնագիտական հետաքրքրություն ներկայացնող տեղանքի պահպանության, պահպանման և բարեկարգման հավասարակշռված ռազմավարություններին ուղղված հատակագծման քաղաքականությանը,

բ) կառուցապատման ծրագրերի տարբեր փուլերի ընթացքին,

2. ապահովել հնագետների, ճարտարապետների և տարածքը կառուցապատողների միջև պարբերական խորհրդատվություն, որպեսզի հնարավոր դառնա.

ա) հնագիտական ժառանգությանը վնասող կառուցապատման նախագծերի փոփոխությունը,

բ) ժամանակի և բավարար միջոցների տրամադրումը` տեղանքի պատշաճ գիտական հետազոտություն կատարելու և արդյունքները հրապարակելու համար,

3. ապահովել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրություններում և դրանց արդյունքում ընդունված որոշումներում հաշվի առնվեն հնագիտական տեղանքները և դրանց շրջապատը,

4. նախատեսել, որ կառուցապատման աշխատանքների ընթացքում հնագիտական նյութեր հայտնաբերելու դեպքում հնարավորության սահմաններում դրանք պահպանվեն տեղում,

5. ապահովել, որ հնագիտական տեղանքների բացումը այցելության համար, մասնավորապես մեծ թվով այցելուներ ընդունելու դեպքում, չվնասի այդ հնագիտական տեղանքների և դրանց շրջակայքի գիտական և հնագիտական բնույթին:

Հնագիտական հետազոտության և պահպանման ֆինանսավորումը

 

Հոդված 6

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է.

1. ֆինանսական աջակցություն նախատեսել հնագիտական հետազոտությունների համար ազգային, տարածքային կամ տեղական իշխանությունների կողմից` նրանց համապատասխան իրավասությունների շրջանակներում,

2. ավելացնել կանխարգելիչ հնագիտության նյութական միջոցները`

ա) միջոցներ ձեռնարկելով, որպեսզի պետական կամ մասնավոր խոշոր շինարարական աշխատանքների դեպքում պետական կամ մասնավոր սեկտորի կողմից հիմնված համապատասխան հիմնադրամի միջոցով ապահովվի այդ աշխատանքների հետ կապված անհրաժեշտ հնագիտական գործողության ֆինանսավորումը,

բ) այդ աշխատանքների բյուջեի մեջ շրջակա միջավայրի և տարածքների կառուցապատման հետ կապված հարցերի ուսումնասիրման համար նախատեսվող գումարների հետ մեկտեղ նախատեսել նաև հնագիտական հետազոտությունների և նախնական ուսումնասիրությունների, գիտական ամփոփագրերի, ինչպես նաև գտածոների ամբողջական գրանցման և դրանց մասին տեղեկությունների հրապարակման համար գումարներ:

Գիտական տեղեկատվության հավաքում և տարածում

 

Հոդված 7

 

Հնագիտական գտածոների ուսումնասիրությունն ու դրանց մասին տեղեկատվության տարածումը դյուրացնելու նպատակով յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է.

1. իրականացնել կամ արդիականացնել իր իրավազորության ներքո գտնվող տարածքներում հնագիտական տեղանքների ուսումնասիրությունը, գույքագրումը և քարտեզագրումը,

2. բոլոր գործնական միջոցները ձեռնարկել հնագիտական աշխատանքների արդյունքում հրատարակության համար պիտանի գիտական ամփոփագրի կազմման համար մինչև մասնագիտական ուսումնասիրությունների համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվության հրապարակումը:

 

Հոդված 8

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է.

1. դյուրացնել հնագիտական ժառանգության տարրերի փոխանակումը ազգային կամ միջազգային մակարդակներով գիտական մասնագիտական նպատակներով` համապատասխան միջոցներ ձեռնարկելով, որ այդ շրջանառությունը ոչ մի կերպ չվնասի այդ տարրերի գիտական և մշակութային արժեքին,

2. խթանել ընթացող հնագիտական հետազոտությունների և պեղումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումներ և օժանդակել միջազգային հետազոտական ծրագրերի կազմակերպմանը:

 

Հասարակության իրազեկության խթանում

 

Հոդված 9

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է.

1. կրթական միջոցներ ձեռնարկել հասարակական կարծիքում հնագիտական ժառանգության արժեքի վերաբերյալ տեղեկացվածություն ձևավորելու ու զարգացնելու նպատակով` անցյալը ու դրան սպառնացող վտանգները ճանաչելու համար,

2. ապահովել սեփական հնագիտական ժառանգության կարևոր տարրերի, հատկապես տեղանքների մատչելիությունը հասարակության համար և խրախուսել ընտրված հնագիտական առարկաների հասարակական ցուցադրումը:

 

Հնագիտական ժառանգության առարկաների

անօրինական շրջանառության կանխարգելումը

 

Հոդված 10

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է.

1. կազմակերպել տեղեկատվության փոխանակում պետական իրավասու մարմինների և գիտական հաստատությունների միջև՝ արձանագրված անօրինական պեղումների վերաբերյալ,

2. սույն Կոնվենցիայի անդամ հանդիսացող ծագման պետության իրավասու մարմիններին տեղեկացնել անօրինական կամ պաշտոնական պեղումների ընթացքում կատարված յուրացումների հետ կապված ցանկացած կասկածելի առաջարկի մասին և տրամադրել այս խնդրին առնչվող բոլոր անհրաժեշտ մանրամասները,

3. ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք անհրաժեշտ են` երաշխավորելու համար, որ թանգարաններն ու այլ նմանատիպ հաստատությունները, որոնց գնման քաղաքականությունը պետության վերահսկողության տակ է, ձեռք չբերեն հնագիտական ժառանգության տարրեր, որոնց վերաբերյալ կասկած կա, որ ստացվել են չվերահսկվող հայտնաբերումների/հետազոտությունների, անօրինական պեղումների արդյունքում կամ ապօրինաբար` պաշտոնական պեղումների արդյունքում,

4. որևէ Կողմի տարածքում գտնվող թանգարանների և նմանատիպ այլ հաստատությունների համար, որոնցում գնման քաղաքականությունը չի վերահսկվում պետության կողմից.

ա) նրանց փոխանցել սույն վերանայված Կոնվենցիայի տեքստը,

բ) ոչ մի ջանք չխնայել՝ երաշխավորելու համար, որ թանգարանները և հաստատությունները կհարգեն վերոհիշյալ 3-րդ կետում ամրագրված սկզբունքները,

գ) կրթության, տեղեկատվության, զգոնության և համագործակցության միջոցով հնարավորինս սահմանափակել հայտնաբերված իրերի, ապօրինի կամ պաշտոնական պեղումների ընթացքում յուրացված հնագիտական ժառանգության տարրերի անվերահսկելի տեղափոխումը:

 

Հոդված 11

 

Սույն վերանայված Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի շոշափում Կողմերի միջև գոյություն ունեցող կամ հնարավոր երկկողմ կամ բազմակողմ այն համաձայնագրերը, որոնք առնչվում են հնագիտական ժառանգության տարրերի անօրինական շրջանառությանը կամ վերջիններիս` օրինական տերերին վերադարձնելուն:

 

Փոխադարձ գիտական և տեխնիկական օգնություն

 

Հոդված 12

 

Կողմերը պարտավորվում են.

1. միմյանց տրամադրել գիտական և տեխնիկական աջակցություն, որն արտահայտվում է հնագիտական ժառանգության ոլորտում փորձագետների և փորձի փոխանակմամբ,

2. խնդրին վերաբերող ազգային օրենսդրության կամ միջազգային համաձայնագրերի շրջանակներում նպաստել հնագիտական ժառանգության պահպանությամբ զբաղվող մասնագետների փոխանակմանը, ներառյալ մշտական վերապատրաստումները:

 

Վերանայված Կոնվենցիայի կիրառման նկատմամբ վերահսկողությունը

 

Հոդված 13

 

Սույն վերանայված Կոնվենցիայի նպատակներով Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 17-րդ հոդվածի հիման վրա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հիմնադրված փորձագետների կոմիտեն ստանձնում է սույն վերանայված Կոնվենցիայի կիրառման նկատմամբ վերահսկողությունը և, մասնավորապես.

1. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին պարբերաբար զեկույց է ներկայացնում վերանայված Կոնվենցիայի անդամ պետություններում հնագիտական ժառանգության պահպանության քաղաքականության և Կոնվենցիայում ամրագրված սկզբունքների կիրառման վերաբերյալ,

2. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին միջոցներ է առաջարկում վերանայված Կոնվենցիայի դրույթների իրականացման նպատակով, այդ թվում՝ բազմակողմ գործողությունների և վերանայված Կոնվենցիայի վերանայման և փոփոխման, ինչպես նաև հանրությանը վերանայված Կոնվենցիայի նպատակներին իրազեկելու բնագավառում.

3. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին առաջարկում է հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող պետություններին՝ միանալու վերանայված Կոնվենցիային:

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 14

 

1. Սույն վերանայված Կոնվենցիան բաց է ստորագրման Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և Եվրոպական մշակութային Կոնվենցիայի մյուս անդամ պետությունների համար:

Այն ենթակա է վավերացման, հաստատման կամ ընդունման: Վավերագրերը, հաստատման կամ ընդունման փաստաթղթերը ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. 1969 թվականի մայիսի 6-ին Լոնդոնում ստորագրված Հնագիտական ժառանգության պահպանության մասին Եվրոպական կոնվենցիայի ոչ մի անդամ պետություն չի կարող ի պահ տալ սույն վերանայված Կոնվենցիայի վավերագիրը, հաստատման կամ ընդունման փաստաթուղթը, եթե նախապես կամ միաժամանակ Կոնվենցիան չեղյալ չի հայտարարել:

3. Սույն վերանայված Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վեց ամիս հետո այն օրվանից, երբ չորս պետություններ, որոնցից առնվազն երեքը Եվրոպայի խորհրդի անդամ են, համաձայն նախորդ կետերի դրույթների՝ իրենց համաձայնությունն են հայտնում սույն վերանայված Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին:

4. Այն դեպքերում, երբ, նախորդ երկու կետերի կիրառմամբ, 1969 թվականի մայիսի 6-ի Կոնվենցիայի չեղյալ հայտարարման և սույն վերանայված Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը միաժամանակ տեղի չունենան, այդ ժամանակ որևէ Պայմանավորվող պետություն կարող է վավերագիրը, հաստատման կամ ընդունման փաստաթղթերը ի պահ տալու ժամանակ հայտարարել, որ ինքը կշարունակի կիրառել 1969թ. մայիսի 6-ի Կոնվենցիան մինչև սույն վերանայված Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը:

5. Սույն վերանայված Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իր համաձայնությունը հետագայում հայտնած յուրաքանչյուր ստորագրող պետության համար այն ուժի մեջ է մտնում վավերագիրը, հաստատման կամ ընդունման փաստաթուղթը ի պահ հանձնելուց վեց ամիս հետո:

 

Հոդված 15

 

1.  Սույն վերանայված Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող յուրաքանչյուր պետության, ինչպես նաև Եվրոպական տնտեսական համայնքին՝ միանալու սույն վերանայված Կոնվենցիային՝ համաձայն Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված ձայների մեծամասնությամբ և կոմիտեում մասնակցության իրավունք ունեցող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն քվեարկության հիման վրա ընդունված որոշման:

2.  Կոնվենցիային միացող յուրաքանչյուր պետության կամ Եվրոպական տնտեսական համայնքի համար, վերջինիս միանալու դեպքում, վերանայված Կոնվենցիան ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթղթերը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց վեց ամիս հետո:

 

Հոդված 16

 

1.  Ստորագրման պահին կամ իր վավերագիրը, հաստատման, ընդունման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ յուրաքանչյուր պետություն կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կկիրառվի սույն վերանայված Կոնվենցիան:

2.  Հետագայում՝ ցանկացած ժամանակ, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված իր հայտարարությամբ յուրաքանչյուր պետություն կարող է տարածել սույն վերանայված Կոնվենցիայի գործողությունը մյուս բոլոր տարածքների վրա, որոնք նշված են այդ հայտարարության մեջ: Վերոնշյալ տարածքների նկատմամբ վերանայված Կոնվենցիան ուժի մեջ կմտնի հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալուց վեց ամիս հետո:

3.  Նախորդ երկու կետերի համաձայն արված ցանկացած հայտարարություն դրանում նշված ցանկացած տարածքի կապակցությամբ կարող է հետ վերցվել Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց վեց ամիս հետո:

 

Հոդված 17

 

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած պահի չեղյալ հայտարարել սույն վերանայված Կոնվենցիան` ծանուցելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց վեց ամիս հետո:

 

Հոդված 18

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, Եվրոպական մշակութային Կոնվենցիայի անդամ մյուս պետություններին, ինչպես նաև ցանկացած պետության կամ Եվրոպական տնտեսական համայնքին, որը միացել, կամ որը հրավիրվել է՝ միանալ սույն վերանայված Կոնվենցիային, ծանուցում է.

1. յուրաքանչյուր ստորագրման մասին,

2. յուրաքանչյուր վավերագիր, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ տալու մասին,

3. 14-րդ, 15-րդ և 16-րդ հոդվածներին համապատասխան` սույն վերանայված Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ամսաթվի մասին,

4. սույն վերանայված Կոնվենցիային առնչվող յուրաքանչյուր այլ փաստաթղթի, ծանուցման կամ հաղորդագրության մասին:

 

Ի հավաստումն որի՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն վերանայված Կոնվենցիան:

 

Կատարված է Վալետտայում 1992 թվականի հունվարի 16-ին, մեկ օրինակով, ֆրանսերեն և անգլերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից յուրաքանչյուրին, Եվրոպական մշակութային Կոնվենցիայի անդամ երկրներին, ինչպես նաև սույն վերանայված Կոնվենցիային միանալու հրավիրված բոլոր՝ անդամ չհանդիսացող պետություններին կամ Եվրոպական տնտեսական համայնքին կփոխանցի դրա հաստատված պատճենները:

 

Ուժի մեջ է մտել 2005թ. հունիսի 18-ին