Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17804/09
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Base act (21.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 23.12.2021
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.09.2021
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2021

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԲԱՐՍԵՂՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 17804/09)

 

ՎՃԻՌ

 

 Հոդված 15 • Պետության մայրաքաղաքում հայտարարված արտակարգ դրության ու պարտավորությունից շեղում կատարելու նորմի՝ ratione loci (տարածքային իրավազորության առումով) կիրառելի չլինելը մեկ այլ քաղաքում տեղի ունեցող դեպքերի նկատմամբ

Հոդված 11 • Խաղաղ հավաքների ազատության իրավունքը • Հասարակական վայր մուտք գործելը և հանրահավաքին այլ անձանց մասնակցության կոչեր անելն արգելելու և դրանից հետո ձերբակալելու համար հիմնավոր և բավարար հիմքեր չներկայացնելը • Ներպետական դատարանի կողմից մայրաքաղաքում տիրող իրավիճակը որպես հիմք ընդունելը՝ այլ քաղաքներում հավաքների համընդհանուր արգելքը հիմնավորելու համար

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

21 սեպտեմբերի 2021 թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Բարսեղյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Յոնկո Գրոզև [Yonko Grozev]՝ Նախագահ,

Թիմ Այքը [Tim Eicke],

Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],

Յուլյա Անտոանելլա Մոտոկ [Iulia Antoanella Motoc],

Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova],

Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ դատավորներ,

Աննա Մարգարյան [Anna Margaryan]՝ ad hoc (ժամանակավոր) դատավոր,

և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Լևոն Բարսեղյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2009 թվականի ապրիլի 1-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 17804/09),

Դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

Պալատի նախագահի որոշումը տկն Աննա Մարգարյանին նշանակելու որպես ad hoc դատավոր (համաձայն Դատարանի կանոնակարգի 29-րդ կանոնի), քանի որ Հայաստանի կողմից ընտրված դատավոր պրն Արմեն Հարությունյանն ի վիճակի չի եղել մասնակցելու գործի քննությանը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոն),

2021 թվականի օգոստոսի 31-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Գործը վերաբերում է դիմումատուի կողմից հանրահավաքներ անցկացնելու և դրանց մասնակցելու արգելքին և նրա նկատմամբ վարչական տույժի նշանակմանը՝ ոստիկանության ծառայողների հրահանգներին չենթարկվելու համար։ Գործի առնչությամբ բարձրացվում են խնդիրներ՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

2. Դիմումատուն ծնվել է 1967 թվականին և ապրում է Գյումրի քաղաքում։ Դիմումատուին ներկայացրել են Վանաձորում գործող իրավաբաններ պրն Կ. Թումանյանը և պրն Է. Մարուքյանը:

3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Գործով փաստերը, որոնք ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփել հետևյալ կերպ:

 


 

I. 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերը եՎ ԵրեՎան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելը

 

5. Դիմումատուն լրագրող է, քաղաքական ակտիվիստ և Գյումրու՝ Հայաստանում մեծությամբ երկրորդ քաղաքի լրագրողների ակումբի խորհրդի նախագահ։

6. 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացվել են նախագահական ընտրություններ: Ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո պրն Տեր-Պետրոսյանն իր աջակիցներին կոչ է արել հավաքվել Երևանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում՝ ընտրական գործընթացում ենթադրաբար տեղի ունեցած խախտումների դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով՝ հայտարարելով, որ ընտրությունները չեն եղել ազատ և արդար։ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած՝ պրն Տեր-Պետրոսյանի հազարավոր աջակիցներ ամեն օր անցկացրել են համազգային բողոքի ցույցեր՝ իրենց հանդիպումների հիմնական վայրը դարձնելով Ազատության հրապարակը և շրջակա այգին, որտեղ մի քանի հարյուր ցուցարարներ, տեղադրելով վրաններ, քսանչորս ժամ շարունակ մնացել են այդ վայրում։

7. 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում, որտեղ վրաններում տեղակայված էին հարյուրավոր ցուցարարներ, իրականացվել են ոստիկանական գործողություններ, որի արդյունքում Ազատության հրապարակն ազատել են բոլոր ցուցարարներից։ Պարզվում է, որ նույն օրը՝ ավելի ուշ, իրավիճակը Երևանում սրվել է, և հանրահավաքները շարունակվել են ամբողջ քաղաքում՝ մինչև մարտի 2-ի վաղ առավոտ՝ առաջացնելով բախումներ որոշ ցուցարարների և իրավապահ մարմինների ծառայողների միջև՝ պատճառ դառնալով տասը անձանց, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձանց մահվան, բազմաթիվ վիրավորների և պետական ու սեփական գույքի ոչնչացման։

8. Նույն օրը Հայաստանի գործող նախագահը Երևանում քսանօրյա ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր է ընդունել, որով արգելվում էր Երևան քաղաքում ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր, երթեր և այլ զանգվածային միջոցառումներ իրականացնել։

 

II. Դիմումատուի դեմ վարչական վարույթը

 

9. 2008 թվականի մարտի 2-ին՝ կեսօրին՝ ժամը 12.30-ին, դիմումատուն ժամանել է Գյումրու կենտրոնում գտնվող Թատերական հրապարակ և փորձել է մուտք գործել հրապարակ՝ բողոքի ակցիա իրականացնելու նպատակով, սակայն ոստիկանության ծառայողները, որոնք այնտեղ էին գտնվում կանխելու համար ցույցի իրականացումը, արգելել են մուտք գործել։ Ենթադրաբար դիմումատուն սկսել է կոչ անել այդ վայրում ներկա գտնվող անձանց հավաքվել և ցույց անել, սակայն ոստիկանության ծառայողների կողմից հրահանգվել է հեռանալ և դադարեցնել հավաքի վերաբերյալ կոչերը։ Դիմումատուն չի ենթարկվել նրանց հրահանգներին և նրան տարել են ոստիկանության բաժին։

10. Ոստիկանության բաժնում վարչական գործ է հարուցվել դիմումատուի դեմ Վարչական իրավախախտումերի վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն (ՎԻՕ, տե՛ս ստորև՝ 19-րդ պարբերությունը)՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և դիմումատուից ցուցմունք վերցնելուց հետո նրան ազատ են արձակել։

11. 2008 թվականի մարտի 5-ին ոստիկանությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պատժի ենթարկել դիմումատուին՝ ՎԻՕ-ի 182-րդ հոդվածի համաձայն։ Նշվել է, որ դիմումատուն կոչ է արել այլ անձանց Թատերական հրապարակում ցույց անել և չի ենթարկվել չարտոնված ցույցերը կանխելու նպատակով այնտեղ տեղակայված ոստիկանության ծառայողների՝ իր գործողությունները դադարեցնելու և հեռանալու մասին պահանջներին։ Ոստիկանությունը նշել է, որ Գյումրու քաղաքապետարանը պատշաճ կերպով չի ծանուցվել ցույցի մասին, և հետևաբար ոչ մի թույլտվություն չի եղել այն անցկացնելու համար։

12. 2008 թվականի մարտի 24-ին դիմումատուն հակընդդեմ հայց է ներկայացրել։ Նա առաջին հերթին պնդել է, որ ոստիկանությունը չի կարողացել հիմնավորել իր հայցի փաստական հիմքերը՝ մասնավորապես այն, որ նա կոչ է արել այլ անձանց հանրահավաք անել՝ պնդելով, որ ինքը հանրահավաք կազմակերպելու մտադրություն չի ունեցել, և նշված ժամին տվյալ վայրում ոչ մի հանրահավաք չի եղել։ Ամեն դեպքում «մարդկանց կոչ անելը» օրենքով արգելված արարք չէ և հետևաբար պատժելի չէ։ Ավելին, չի ներկայացվել ոչ մի ապացույց այն մասին, որ ավելի քան 100 մարդ է եղել Թատերական հրապարակում կամ դրա մոտակայքում, և հետևաբար այն ենթադրությունը, որ նա կոչ է արել այլ անձանց հանրահավաք անել՝ առանց այդ մասին նախապես իրազեկելու, անհիմն է, քանի որ օրենքով չի պահանջվում իրազեկման անհրաժեշտություն, եթե հանրահավաքին մասնակցում է հարյուրից քիչ մարդ։ Այսպիսով, ոստիկանության՝ իրեն ուղղված պահանջները չեն կարող համարվել օրինական։

13. Չհստակեցված օրը ոստիկանությունը գրավոր պատասխանել է դիմումատուի հակընդդեմ հայցին՝ պահանջելով մերժել այն՝ անհիմն լինելու պատճառով, և պնդել է, որ հանրահայտ փաստերն ապացուցման կարիք չունեն։ Ոստիկանությունը հայտնել է, որ նմանատիպ հանրահայտ փաստերի շարքին է դասվում 2008 թվականի մարտի 1-ի (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը) ողբերգական դեպքերից հետո Հայաստանում ստեղծված լարված իրավիճակը, որը սպառնում էր պետական անվտանգությանն ու հասարակական կարգին։ Դեպքի նախորդ օրը Թատերական հրապարակում չիրազեկված հանրահավաք էր կայացել, որի ընթացքում հայտարարվել էր հաջորդ օրվա հանրահավաքի ժամի և վայրի մասին, ինչպես նաև այն մասին, որ ելույթով հանդես էր գալու դիմումատուն, որը հայտնի էր որպես հանրահավաքի ակտիվ մասնակից։ Այսպիսով, 2008 թվականի մարտի 2-ին դիմումատուն Թատերական հրապարակում պատահաբար չէր հայտնվել, քանի որ նա պարզապես պատահական անցորդ չէր։ Հետևաբար դիմումատուի դեմ հարուցված վարչական գործը հիմնավորված է։

14. 2008 թվականի մարտի 31-ին դիմումատուն ներկայացրել է իր առարկությունները գրավոր պատասխանի վերաբերյալ՝ վիճարկելով ոստիկանության կողմից փաստական հանգամանքների մասով արված պնդումները։

15. 2008 թվականի հունիսի 10-ին Վարչական դատարանը բավարարել է ոստիկանության հայցը և մերժել դիմումատուի հակընդդեմ հայցը, ՎԻՕ-ի 182-րդ հոդվածի համաձայն դիմումատուի նկատմամբ սահմանելով տուգանք՝ 50 000 ՀՀ դրամի չափով (ՀՀԴ, մոտավորապես 110 եվրո տվյալ ժամանակահատվածում)՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Վարչական դատարանն ի սկզբանե սահմանել է հետևյալը.

 

«2008 թվականի մարտի 2-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՀՀ Ոստիկանության Գյումրու բաժնի ոստիկանության ծառայողները ծառայություն են իրականացրել Գյումրու Թատերական հրապարակում և դրա շրջակայքում՝ օրենքով սահմանված կարգով չիրազեկված հանրահավաքի անցկացումը արգելելու նպատակով»։

 

Հղում կատարելով «Ժողովներ, հավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջներին (տե՛ս ստորև՝ 21-րդ պարբերությունը) Վարչական դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ չի եղել ոչ մի իրավական հիմք՝ այդ օրը ցույց անցկացնելու համար, և շարունակել է հետևյալ կերպ.

 

«2008 թվականի մարտի 2-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, նշված հրապարակի մոտ է եղել [դիմումատուն] և ցանկացել է անցնել հրապարակը, որին արգելվել է, և պահանջ է ներկայացվել հեռանալ նշված տարածքից և քաղաքացիներին հավաքվելու և միջոցառումն անցկացնելու կոչեր չանել... [ինչին նա չի ենթարկվել]»։

 

Վարչական դատարանը, հղում կատարելով «Ոստիկանության մասին» օրենքի 2-րդ, 12-րդ, 22-րդ և 38-րդ հոդվածներին (տե՛ս ստորև՝ 22-25-րդ պարբերությունները) վճռել է հետևյալը.

 

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ զանգվածային հրապարակային միջոցառումները կարող են անցկացվել միայն լիազոր մարմնին՝ Գյումրի համայնքի ղեկավարին գրավոր իրազեկելուց հետո։ 2008 թվականի մարտի 2-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու իրազեկում համապատասխան լիազոր մարմնին ներկայացված չի եղել, իսկ 2008 թվականի մարտի 1-ին հանրապետության մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Հանրապետության նախագահի 2008 թվականի մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ ՆՀ-35-Ն հրամանագրով՝ [երկրի] սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օր ժամկետով հայտարարվել է արտակարգ դրություն։ Նշվածով պայմանավորված՝ [Վարչական] դատարանը գտնում է, որ հանրապետության երկրորդ քաղաք հանդիսացող Գյումրիում զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը կարող էր վտանգել հասարակական կարգի պահպանմանը և հանրության առողջությունը, առավել ևս, որ սահմանված կարգով նման միջոցառում անցկացնելու իրազեկում ներկայացված չի եղել։ Նշվածով պայմանավորված՝ Գյումրու Թատերական հրապարակում հավաքվելու և միջոցառումներ անցկացվելու նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվել են որոշակի սահմանափակումներ, որի իրավունքը վերջինս ունեցել է Հանրապետության Սահմանադրության [43-րդ հոդվածի] համաձայն և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա»։

 

Վարչական դատարանը եզրակացրել է, որ դիմումատուին ներկայացված պահանջները, որոնց նա չի ենթարկվել, եղել են օրինական։

16. 2008 թվականի սեպտեմբերի 8-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի վճռի դեմ՝ պնդելով inter alia (ի թիվս այլնի), որ Վարչական դատարանն իր նկատմամբ տուգանք կիրառելով խախտել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածով ամրագրված իր իրավունքները, և որ այդ վճռում չի բացատրվել, թե ինչու պետք է սահմանափակվի հանրահավաք անցկացնելու կամ դրան մասնակցելու իր իրավունքը։

17. 2008 թվականի հոկտեմբերի 2-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

I. Համապատասխան ներպետական օրենսդրությունը եՎ այլ նյութեր

 

Ա. Սահմանադրություն (2005-2015թթ.)

18. Տվյալ ժամանակահատվածում գործող Սահմանադրության 43-րդ հոդվածով նախատեսվում էին սահմանադրությամբ երաշխավորված մի շարք իրավունքների սահմանափակումներ, ներառյալ՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքը՝ պայմանով, որ դա սահմանված լինի օրենքով և անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակություններում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար։

 

Բ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք (1986)

19. Տվյալ ժամանակահատվածում ուժի մեջ գտնվող ՎԻՕ -ի 182-րդ հոդվածով նախատեսվում էր տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու դեպքում։

 

Գ. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքը (2004-2011թթ.)

20. Այս օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հրապարակային միջոցառում հասկացությունն ընդգրկում է խաղաղ հավաքները, հանրահավաքները, երթերը (շքերթներն) ու ցույցերը (այդ թվում՝ նստացույցերը)։ «Զանգվածային հրապարակային միջոցառում» հասկացությունը սահմանվում է որպես հրապարակային միջոցառում, որին մասնակցում է 100 և ավելի մասնակից։ «Ոչ զանգվածային հրապարակային միջոցառումը» սահմանվում է որպես հրապարակային միջոցառում, որին մասնակցում է 100-ից պակաս մասնակից։

21. 10-րդ հոդվածի 1, 2 և 4-րդ մասերով նախատեսվում է, որ բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ զանգվածային հրապարակային միջոցառումն ինքնաբուխ կերպով վերածվում է զանգվածային հրապարակային միջոցառման, զանգվածային հրապարակային միջոցառումները կարող են իրականացվել միայն լիազոր մարմնին գրավոր ծանուցելուց հետո։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, առանց լիազոր մարմնին իրազեկելու, անցկացնելու ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներ՝ չխախտելով հասարակական կարգը։

 

Դ. Ոստիկանության մասին օրենք (2001թ.)

22. «Ոստիկանության մասին» օրենքի 2-րդ հոդվածում սահմանվում է, որ ոստիկանության խնդիրներից են հանցագործությունների կանխումը, հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։

23. 12-րդ հոդվածով սահմանվում է, որ ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրական տեղամասերում, այլ հասարակական վայրերում, ինչպես նաև դատական նիստերի ընթացքում՝ դատարանների միջնորդությամբ։

24. 22-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական կարգը պահպանելիս ոստիկանությունն իրավունք ունի, inter alia, ժամանակավորապես սահմանափակելու կամ արգելելու տրանսպորտի երթևեկությունն և հետիոտնի շարժը, ինչպես նաև պարտավորեցնելու նրանց մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհներին՝ իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման նպատակով, ինչպես նաև քննչական կամ օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար՝ այդ մասին անմիջապես տեղեկացնելով վերադասության կարգով։

25. 38-րդ հոդվածով նախատեսվում է, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների և պաշտոնատար անձանց համար։ Դրանք չկատարելը կամ ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։

 

Ե. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմեն) արտահերթ (Ad-Hoc) հանրային զեկույցը 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների և հետընտրական զարգացումների վերաբերյալ

26. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է Հայաստանում հետընտրական իրադարձությունների համալիր և խորը վերլուծություն (համապատասխան քաղվածքների համար տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Mushegh Saghatelyan v. Armenia], թիվ 23086/08, § 124, 2018 թվականի սեպտեմբեր 20, և Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Myasnik Malkhasyan v. Armenia], թիվ 49020/08, § 49, 2020 թվականի հոկտեմբերի 15)։ Զեկույցի համապատասխան մասը, որը չի հիշատակվում այդ վճիռներում, հետևյալն է.

 

«2. Հրամանագրի [արտակարգ դրություն հայտարարելու մասին] գործնական կատարումն ուղեկցվել է մի շարք խախտումներով.

● Թեև արտակարգ դրություն հայտարարվել էր միայն Երևան քաղաքում, հրամանագրով ներկայացված որոշ սահմանափակումներ գործնականում կիրառվել են նաև Հայաստանի այլ քաղաքներում (օրինակ՝ հավաքների ազատության սահմանափակումը),...»։

 

II. Համապատասխան միջազգային նյութերը

 

27. 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների և մարտի 1-ի դեպքերի հետ կապված Եվրոպայի խորհրդի և միջազգային այլ համապատասխան նյութերի համար տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի [Mushegh Saghatelyan] (վերևում հիշատակված՝ §§ 125-134) և Մյասնիկ Մալխասյանի [Myasnik Malkhasyan] (վերևում հիշատակված՝ §§50-57) գործերը։ Այն նյութերը, որոնք չեն հիշատակվում այդ վճիռներում, ներառում են հետևյալը՝

 

Ա. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ). Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույց (փաստաթուղթ 11579, 2008 թվականի ապրիլի 15)

28. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստանձնած պարտականությունների և հանձնառությունների կատարման հարցերով ԵԽԽՎ կոմիտեի (Դիտանցման կոմիտե) համազեկուցմամբ կազմված՝ սույն զեկույցի վերաբերյալ Բացատրական հուշագրի համապատասխան մասով սահմանվում է հետևյալը.

 

«5.3 Չնայած արտակարգ դրությունը պաշտոնապես հայտարարվել էր միայն Երևանում, շատ դրույթներ՝ հատկապես լրատվամիջոցներին, քաղաքական կուսակցությունների և ՀԿ-ների գործունեությանը վերաբերող դրույթները կիրառվում էին երկրի ամբողջ տարածքում։ Մի շարք հեռարձակողներ դադարեցրել էին գործունեությունը կա՛մ սեփական որոշմամբ, կա՛մ էլ պարտադրված ազգային անվտանգության ծառայության կողմից։ Բացի այդ, ազգային անվտանգության ծառայության միջամտության արդյունքում մի շարք լրատվական կայքէջեր անցել էին անցանց ռեժիմի։ Հանրահավաքների և ցույցերի նկատմամբ սահմանափակումները կիրառվում էին ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի այլ մեծ քաղաքներում»։

 

Բ. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի 2008 թվականի մարտի 12-15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան կատարած իր հատուկ առաքելության զեկույց, (CommDH(2008)11REV, 2008 թվականի մարտի 20)

29. Զեկույցի համապատասխան հատվածի համաձայն՝

 

«Արտակարգ դրության փաստացի շրջանակը և իրականացումը

 

Տարբեր զրուցակիցների հետ քննարկումներ ունենալուց հետո Հանձնակատարը պարզել է, որ արտակարգ դրությամբ սահմանված մի շարք սահմանափակումներ գործել են երկրի ամբողջ տարածքում և չեն սահմանափակվել միայն մայրաքաղաքով։ Հանրահավաքների և ցույցերի նկատմամբ սահմանափակումները կիրառվել են նաև մայրաքաղաքից դուրս՝ Հայաստանի այլ մեծ քաղաքներում։ ...»։

 

III. Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մարտի 2-ին Եվրոպայի խորհՈՒրդ ներկայացված՝ Պարտավորություններից ՇԵՂման մասին ծանուցում

 

30. Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից 2008 թվականի մարտի 2-ին ներկայացված, Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից փոխանցված և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարության կողմից 2008 թվականի մարտի 4-ին գրանցված վերբալ հայտագրում ներառված պարտավորություններից շեղման վերաբերյալ տեքստը, որքանով վերաբերում է գործին, շարադրված է հետևյալ կերպ.

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր հարգանքն է հավաստում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ն.Գ. պարոն Թերրի Դևիսին և Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (ԵՊՇ թիվ 5) 15-րդ հոդվածի համաձայն՝ պատիվ ունի սույնով փոխանցելու Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին։

 

«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիր (թիվ՝ ՆՀ-35-Ն)

2008 թվականի մարտի 1

Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ուղղորդվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերով՝ որոշում եմ.

1. Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օր ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:

...

4. Սահմանել արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետևյալ ժամանակավոր սահմանափակումները՝

1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում.

...

Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում տեղեկացման պահից»։


 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

31. Դիմումատուն բողոքել է, որ խախտվել է իր՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքը։ Նա հղում է արել Կոնվենցիայի 11-րդ հոդվածին, որով, այնքանով, որքանով վերաբերում է գործին, սահմանվում է հետևյալը.

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք...

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»։

 

Ա. Ընդունելիությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

ա) Կառավարության առարկությունները

32. Կառավարությունը երկու առարկություն է ներկայացրել դիմումատուի՝ 11-րդ հոդվածի համաձայն բողոքի ընդունելիության վերաբերյալ։

33. Նախևառաջ, Կառավարությունը պնդել է, որ տվյալ ժամանակահատվածում, Կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն, Հայաստանը 11-րդ հոդվածով սահմանված իր պարտավորություններից շեղում է կատարել (տե՛ս վերևում՝ 30-րդ պարբերությունը), հետևաբար դիմումատուի բողոքը Կոնվենցիայի դրույթների հետ անհամատեղելի է և ակնհայտ անհիմն։ Այն պնդել է, որ թեև պարտավորություններից շեղումը վերաբերել է մասնավորապես մայրաքաղաք Երևանին, սակայն արտակարգ դրությունը գործում էր նաև երկրի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, և հետևաբար տվյալ ժամանակահատվածում նշված տարածքում պարտավորություններից որոշակի շեղման անհրաժեշտություն կար, քանի որ կար սերտ կապ Երևանում տեղի ունեցող իրադարձությունների և Գյումրիում դրանց կրկնության հնարավոր ռիսկի միջև։

34. Երկրորդ, հղում կատարելով դիմումատուի՝ 2008 թվականի մարտի 24-ի հակընդդեմ հայցին առ այն, որ նա մտադրված չի եղել կազմակերպել որևէ հանրահավաք կամ մասնակցություն ունենալ դրանում (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը) Կառավարությունը պնդել է, որ եթե դատարանը դիմումատուի ներկայացրած վարկածն ընդուներ որպես իրականություն, ապա դիմումատուն չէր կարող պնդել, որ տուժել է 11-րդ հոդվածի խախտման արդյունքում և կրել զգալի վնաս։ Մյուս կողմից, Կառավարությունը պնդել է, որ, այնուամենայնիվ, դիմումատուի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, և որ նա 2008 թվականի մարտի 2-ին իսկապես փորձել է կազմակերպել անօրինական հավաք և ոստիկանությունը օրինական կերպով սահմանափակել է այդ իրավունքը։

 

բ) Դիմումատուի պատասխանը

35. Դիմումատուն պնդել է, որ Կառավարության առաջին առարկությունն անհիմն է, քանի որ արտակարգ դրությունն ու պարտավորություններից շեղումը կիրառելի էին միայն Երևան քաղաքում, մինչդեռ դիմումատուի դեմ ուղղված գործողություններն իրականացվել են Գյումրիում, որտեղ չկային բռնություններ, անկառավարելի կամ արտակարգ իրավիճակ։ Եթե լիներ այդպիսի իրավիճակ, ապա նախագահի հրամանագիրը կկիրառվեր նաև Գյումրիում։ Ինչ վերաբերում է երկրորդ առարկությանը, դիմումատուն նշել է, որ Կառավարությունն իր փաստարկներում ընդունել էր այն, որ նա ցանկացել է միանալ հավաքված մարդկանց և մասնակցել նրանց նախաձեռնած հավաքին։

 

2. Դատարանի գնահատականը

36. Ինչ վերաբերում է Կառավարության առաջին առարկությանը, Դատարանը նշում է, որ 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հայտարարված արտակարգ դրությունն ու պարտավորություններից համապատասխան շեղումը վերաբերել են բացառապես Երևան քաղաքին (տե՛ս վերևում՝ 26-րդ և 28-30-րդ պարբերությունները), մինչդեռ սույն գործով հանգամանքները տեղի են ունեցել Գյումրի քաղաքում, որտեղ վերոնշյալ միջոցառումները չէին կիրառվում։ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, 15-րդ հոդվածին համապատասխան Կոնվենցիայից բխող պարտավորություններից շեղումը թույլատրվում է միայն «իրավիճակով պայմանավորված ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»։ Արդյունքում, պարտավորություններից համապատասխան շեղման տարածքային ընդգրկման շրջանակը գնահատելիս Դատարանը դեմ կլիներ այդ դրույթի առարկայի և նպատակի դեմ, եթե այն գործեր Հայաստանի տարածքի այն մասում, որը հստակ նշված չի եղել պարտավորություններից շեղման մասին ծանուցման մեջ։ Հետևաբար պարտավորություններից տվյալ շեղումը ratione loci (տարածքային իրավազորության առումով) կիրառելի չէ գործի փաստերի նկատմամբ (տե՛ս mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով) Սակիկը և այլք ընդդեմ Թուրքիայի [Sakık and Others v. Turkey] 1997 թվականի նոյեմբերի 26, § 39, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997‑VII)։

37. Ինչ վերաբերում է Կառավարության երկրորդ առարկությանը, Դատարանը նշում է, որ այդ առարկությունը հիմնված է Վարչական դատարանում դիմումատուի ներկայացրած փաստացի պնդումների վրա (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը) և այն ենթադրության վրա, որ Դատարանն այդ փաստական պնդումները պետք է ընդունի որպես ապացուցված փաստեր։

38. Դատարանն ի սկզբանե նշում է, որ ի հակառակ Կառավարության փաստարկների՝ դիմումատուն Վարչական դատարանում չի պնդել, որ հանրահավաքին որպես այդպիսին մասնակցելու մտադրություն չի ունեցել, այլ նշել է, որ ինքը չի կազմակերպել այն կամ կոչ արել այլ անձանց մասնակցել հանրահավաքին (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը)։

39. Այնուամենայնիվ, Դատարանը բազմիցս շեշտել է, որ գիտակցում է, որ իր դերի երկրորդական բնույթի համար զգայուն է, ինչպես նաև ընդունում է, որ պետք է շրջահայաց գտնվի փաստերը հաստատող առաջին ատյանի դատական մարմնի դեր ստանձնելու հարցում, եթե դա անխուսափելի չէ որոշակի գործի հանգամանքներից ելնելով։ Որպես կանոն, եթե իրականացվել է ներպետական վարույթ, ապա Դատարանի խնդիրը չէ փաստերի վերաբերյալ իր գնահատմամբ փոխարինել ներպետական դատարանների կողմից արված գնահատումը, այլ վերջիններիս խնդիրն է ապացույցների հիման վրա հաստատել այդ փաստերը դատարանում (Ջուլիանին և Գագգիոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Giuliani and Gaggio v. Italy [GC]] թիվ 23458/02, § 180, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ), և Օստինը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Austin and Others v. the United Kingdom [GC]] թիվ 39692/09 և 2 այլ փաստաթղթեր, § 61, ՄԻԵԴ): Սույն գործով Վարչական դատարանը ապացուցված է համարել այն, որ դիմումատուն փորձել է մուտք գործել Թատերական հրապարակ՝ ըստ երևույթին, հանրահավաք իրականացնելու նպատակով, և այլոց կոչ է արել վարվել նույն կերպ։ Դատարանը պատճառ չի տեսնում կասկածի տակ առնելու այդ դատարանի կողմից հաստատված փաստերը։ Ավելին, Կառավարությունն ինքն է մասնավորապես հաստատել, որ դիմումատուն չարտոնված հանրահավաք անցկացնելու մտադրություն է ունեցել (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերության վերջում)։ Հետևաբար Դատարանը չի կարող ընդունել Կառավարության երկրորդ առարկությունը, որն արդյունքում մերժվում է։

40. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով ո՛չ ակնհայտ անհիմն է և ո՛չ էլ անընդունելի։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

ա) Դիմումատուն

41. Դիմումատուն նշել է, որ Վարչական դատարանը որևէ հիմնավորում չի տրամադրել, որով կարդարացվեր իր՝ ցույց կազմակերպելու կամ դրան մասնակցելու իրավունքի սահմանափակումը կամ կապացուցվեր այդ սահմանափակման անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում։ Ընդունելով հանդերձ, որ տվյալ սահմանափակումն օրինական էր, դատարանը չի նշել այն իրավական հիմքերը, համաձայն որոնց ոստիկանությունն իրավունք ուներ արգելելու իրեն մուտք գործել Թատերական հրապարակ։ Ներպետական իրավունքի դրույթները, որոնց անդրադարձել է Կառավարությունը, կիրառելի չեն այս գործում, քանի որ դրանք վերաբերում են հանրահավաքների կազմակերպմանը և իրականացմանը, մինչդեռ այս դեպքում, ոտնահարվել էր իր՝ հավաքված մարդկանց մոտենալու իրավունքը։ Չկար ո՛չ իրավաչափ նպատակ, ո՛չ էլ միջամտելու անհրաժեշտություն, քանի որ 2008 թվականի մարտի 2-ին Գյումրիում տեղի չէին ունենում բռնություններ, չկար անկառավարելի կամ արտակարգ դրություն։ Կառավարության պնդումը, որ հրապարակում տվյալ ժամանակահատվածում հավաքված է եղել հարյուրից ավելի մարդ, ճիշտ չէ։ Իրականում հրապարակը փակվել էր ոստիկանության կողմից, և ոչ ոք չէր կարողացել մուտք գործել այնտեղ, ահա թե ինչու էին մարդիկ հավաքված հարակից մայթերին։ Նմանապես, չկա ապացույց առ այն, որ նա էր կազմակերպել հանրահավաքը՝ այդ մասին հայտարարելով տեղական հեռուստաալիքով, ինչպես պնդում է Կառավարությունը։

 

բ) Կառավարությունը

42. Կառավարությունը ներկայացրել է, որ դիմումատուի՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի որևէ խախտում տեղի չի ունեցել։ Դիմումատուի իրավունքին միջամտությունը սահմանված է եղել օրենքով։ Մասնավորապես, «Հավաքների, հանրահավաքների, երթերի և ցույցերի մասին» օրենքի 2-րդ և 10-րդ հոդվածներով (տե՛ս վերևում՝ 20-րդ և 21-րդ պարբերությունները) պահանջվում էր զանգվածային հրապարակային միջոցառում իրականացնելու մտադրության մասին գրավոր ծանուցում ներկայացնել տեղական իշխանություններին։ Այս կապակցությամբ Կառավարությունը պնդել է, որ 2008 թվականի մարտի 2-ին Թատերական հրապարակում անցկացվելիք հավաքը եղել է ոչ թե ինքնաբուխ, այլ պլանավորված։ Ոստիկանությունն ունեցել է տեղեկություն, որ 2008 թվականի մարտի 2-ին չարտոնված հանրահավաք է տեղի ունենալու, և հանրահավաքի մասին նախորդ օրը հայտնել են հեռուստատեսությամբ, ինչպես նաև հրապարակում։ «Ոստիկանության մասին» օրենքի համապատասխան դրույթներով նախատեսվում է, որ դիմումատուն պարտավոր էր ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։ Ավելին, միջամտությունը հետապնդում էր հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը պահպանելու և հանցագործությունները կանխելու իրավաչափ նպատակ։

43. Այնուհետև, Կառավարությունը նշել է, որ այդ միջամտությունը անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում։ Նրանք կրկին պնդել են, որ հավաքն ինքնաբուխ չի եղել, և որ դրա մասին հայտարարվել է, ու ոստիկանությունը այդ մասին տեղյակ է եղել։ Ոստիկանության ծառայողը երեք անգամ պահանջել է դիմումատուին դադարեցնել հանրահավաք կազմակերպելու նպատակով մարդկանց հրապարակում հավաքելու նրա փորձերը և շարունակաբար կրկնել, որ այդ հավաքի փորձերն անօրինական են։ Չնայած այդպիսի կրկնվող պահանջներին՝ դիմումատուն չի ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին, և նրանք այլ ընտրություն չեն ունեցել, քան նրան ոստիկանության բաժին տանելը։ Կառավարությունը պնդել է, որ տվյալ ժամանակահատվածում դիմումատուն փորձել է մարդկանց հավաքել հրապարակում, որտեղ արդեն իսկ ներկա են գտնվել հարյուրից ավելի մարդ, և հետևաբար «Հավաքների, հանրահավաքների, երթերի և ցույցերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն նա պետք է իրազեկեր իշխանություններին իր՝ զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մտադրության մասին։

44. Նույնիսկ եթե ենթադրենք, որ տվյալ ժամանակահատվածում Թատերական հրապարակում հարյուրից քիչ մարդ է եղել, հանրահավաքը կանխելը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է եղել հետևյալ պատճառներով: Նախևառաջ, լարված իրավիճակ է եղել նախագահական ընտրությունների շուրջ, և այդ դեպքերը տեղի էին ունեցել սույն գործի դեպքերից մեկ օր առաջ։ Զանգվածային ապստամբություններ են տեղեի ունեցել Երևանում՝ հանգեցնելով և՛ քաղաքացիների, և՛ իրավապահ մարմինների ներկայացուցիչների շարքերում վնասվածքների ու մահվան դեպքերի, իսկ ոստիկանությանը տրվել էին խիստ հրահանգներ լինել առանձնապես զգույշ հասարակական անվտանգության պահպանման գործում իրենց պարտականություններն իրականացնելիս և կանխել հետագա վնասները։ Այսպիսով, ոստիկանության կողմից հանրահավաքը կանխելն ավելի քան արդարացված էր, քանի որ այն կարող էր բորբոքվել՝ վերածվելով վտանգավոր և անկառավարելի իրավիճակի՝ նախորդ օրվա դեպքերի կրկնությամբ։ Երկրորդ, չնայած զանգվածային ապստամբությունները տեղի էին ունեցել Երևանում, շարունակվող դեպքերին առնչվող խնդիրը վերաբերում էր նախագահական ընտրություններին և չէր սահմանափակվում միայն մեկ աշխարհագրական տարածքով։ Հետևաբար լինելով պետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյումրիում հատկապես կար վտանգ, որ կկրկնվեին Երևանում տեղի ունեցած և զանգվածային անկարգության վերածված դեպքերը։ Այսպիսով, ժողովրդավարական հասարակությունում վարչական վարույթն ընդդեմ դիմումատուի անհրաժեշտ է եղել ներպետական իշխանությունների և նրանց կողմից ցույցերի կազմակերպումը կանխարգելող անվտանգության միջոցառումների նկատմամբ շարունակական հարգանք ապահովելու համար։ Քանի որ դիմումատուն խախտել է օրենքը, տուգանքն անհրաժեշտ է եղել ժողովրդավարական պետությունում օրենքի գերակայությունն ապահովելու համար։ Ավելին, պատժամիջոցը դիմումատուի և այլ անձանց վրա կանխարգելիչ ազդեցություն է ունեցել։

 

2. Դատարանի գնահատականը

 

բ) Արդյո՞ք եղել է միջամտություն խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը։

45. Դատարանը վերահաստատում է, որ միջամտությունը կարող է չլինել բացարձակ արգելքի ձևով՝ իրավաբանորեն կամ փաստացի, այլ կարող է լինել իշխանությունների կողմից ձեռնարկվող տարբեր միջոցառումների ձևով։ 11-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «սահմանափակում» եզրույթը պետք է մեկնաբանվի որպես միջոցառումներ, որոնք իրականացվում են թե՛ հավաքից առաջ և թե՛ դրա ընթացքում, ինչպիսիք են նախապես արգելելը, հանրահավաքը ցրելը կամ մասնակիցներին ձերբակալելը, ինչպես նաև որպես միջոցառումներ, որոնք իրականացվում են հետագայում, այդ թվում՝ հանրահավաքին մասնակցելու համար կիրառվող տույժերը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների,Կուդրևիչիուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ], [Kudrevičius and Others v. Lithuania [GC]] թիվ 37553/05, § 100, ՄԻԵԴ 2015)։

46. Սույն գործում կողմերը չեն վիճարկել միջամտության առկայությունը։ Դատարանը նշում է, որ ոստիկանությունը կանխել է դիմումատուի կողմից քաղաքական բողոքի ակցիայի կազմակերպումը Գյումրու կենտրոնում, և երբ նա չի ենթարկվել, ձերբակալվել է, ապա նրա նկատմամբ կիրառվել է պատիժ այդ գործողությունների համար։ Դատարանը եզրակացնում է, որ եղել է միջամտություն դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին։

 

բ) Արդյո՞ք միջամտությունը հիմնավորված էր

47. Միջամտությունը կհամարվի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն «նախատեսված չէ օրենքով», չի հետապնդում 2-րդ պարբերությամբ նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակներ և «անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակի կամ նպատակների իրականացման համար (նույն տեղում, § 102):

48. Կողմերը տարակարծիք են այդ միջամտությունն օրենքով սահմանված լինելու և իրավաչափ նպատակ հետապնդելու մասով։ Դատարանը, այնուամենայնիվ, անհրաժեշտ չի համարում այս հարցերի վերաբերյալ որոշում կայացնել՝ հաշվի առնելով միջամտության անհրաժեշտության հետ կապված ստորև նշված եզրահանգումները (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 237)։

49. Դատարանը կրկին նշում է, որ հավաքների ազատության իրավունքը, որը ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկն է, ենթակա է մի շարք բացառությունների, որոնք պետք է նեղ մեկնաբանություն ունենան, և իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով հիմնավորվի։ Երբ ուսումնասիրվում է այն հարցը, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների մասով սահմանափակումները կարող են համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», Պայմանավորվող պետություններին վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի, սակայն ոչ անսահմանափակ շրջանակ: Ամեն դեպքում Դատարանն է վերջնական որոշում կայացնում սահմանափակման՝ Կոնվենցիայի հետ համատեղելիության մասին, և դա պետք է արվի կոնկրետ գործի հանգամանքները գնահատելու միջոցով (տե՛ս վերևում հիշատակված՝ Կուդրևիչիուսի և այլոց գործը, § 142)։

50. Ուսումնասիրություն իրականացնելիս Դատարանի խնդիրը ոչ թե համապատասխան ազգային մարմինների դիրքորոշումը սեփական դիրքորոշմամբ փոխարինելն է, այլ նրանց կողմից ընդունված որոշումները 11-րդ հոդվածի ներքո ուսումնասիրելը: Սա չի նշանակում, որ Դատարանը պետք է սահմանափակվի՝ պարզելով, թե արդյոք պետությունն իր հայեցողական լիազորություններն իրականացրել է ողջամիտ կերպով, զգուշորեն և բարեխղճորեն. այն պետք է դիտարկի այն միջամտությունը, որի հետ կապված բողոք է ներկայացվել, տվյալ գործի` որպես ամբողջության լույսի ներքո և հաստատելուց հետո, որ այն «իրավաչափ նպատակ» է հետապնդել, որոշի, թե արդյոք այն համապատասխանել է «ծայրահեղ սոցիալական անհրաժեշտությանը», և մասնավորապես՝ արդյոք այն համաչափ է եղել այդ նպատակին, և արդյոք այն արդարացնելու համար ազգային իշխանությունների կողմից ներկայացված հիմնավորումները «համապատասխան և բավարար» են եղել: Այդպիսով, Դատարանը պետք է հավաստիանա, որ ազգային իշխանությունները կիրառել են 11-րդ հոդվածում ներառված սկզբունքներին համապատասխանող չափանիշներ և բացի այդ, իրենց որոշումները կայացնելիս հիմնվել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա (նույն տեղում, § 143):

51. Սույն գործում դիմումատուին թույլ չի տրվել մուտք գործել հանրային տարածք, մասնավորապես՝ կենտրոնական հրապարակ, որտեղ նա, ըստ երևույթին, ցանկանում էր մասնակցել հանրահավաքին։ Ոստիկանության ծառայողները նրանից պահանջել են հեռանալ և կոչ չանել մարդկանց, ովքեր ըստ երևույթին այդ վայրում էին գտնվում, միանալ իր՝ հանրահավաք անցկացնելու փորձերին։ Այն բանից հետո, երբ նա հրաժարվել է դադարեցնել իր գործողությունները, ձերբակալվել է, ապա տուգանվել։ Վարչական դատարանը վճռել է, որ ոստիկանության գործողությունները, որոնք դիմումատուին բողոքի ակցիա իրականացնելու և այլոց կոչեր անելու իր իրավունքից օգտվելը թույլ չտալու նպատակ էին հետապնդում, արդարացված էին՝ գտնելով, որ Թատերական հրապարակում հանրահավաքը կարող էր վտանգել հասարակական կարգն ու հանրության առողջությունը՝ հաշվի առնելով այն, որ օրենքով սահմանված կարգով հավաք անցկացնելու մասին որևէ իրազեկում չէր արվել, և նախորդ օրը Երևանում հայտարարվել էր արտակարգ դրություն (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը)։

52. Ինչ վերաբերում է առաջին հիմնավորմանը, որի վրա հենվել է Վարչական դատարանը, ապա Դատարանն այս կապակցությամբ կրկին նշում է, որ չնայած այն a priori (ըստ էության) չի հակասում 11-րդ հոդվածի ոգուն, եթե հասարակական կարգի և հասարակական անվտանգության նկատառումներից ելնելով՝ Բարձր պայմանավորվող կողմը պահանջում է, որ ժողովների անցկացման համար առկա լինի թույլտվություն, անօրինական իրավիճակը, ինչպես օրինակ՝ առանց նախապես իրազեկման ցույցի անցկացումը per se (որպես այդպիսին) չի արդարացնում հավաքների ազատության խախտումը: Չնայած հանրային հավաքները կարգավորող կանոնները, ինչպիսին է նախապես իրազեկելու համակարգը, կարևոր են հրապարակային միջոցառումների անխոչընդոտ իրականացման համար, քանի որ դրանք թույլ են տալիս իշխանություններին նվազեցնել երթևեկության խափանումը և ձեռնարկել անվտանգության այլ միջոցառումներ, դրանց կիրառումն ինքնանպատակ չի կարող լինել։ Մասնավորապես այն դեպքում, երբ չնախատեսված ցույցի մասնակիցները բռնություն չեն իրականացնում, Դատարանը պահանջել է, որ պետական իշխանությունները խաղաղ հավաքների հետ կապված որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն, այլապես Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատությունն ամբողջովին կիմաստազրկվի (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Օյա Աթամանն ընդդեմ Թուրքիայի [Oya Ataman v. Turkey], թիվ 74552/01, §§ 39 և 42, ՄԻԵԴ 2006‑XIV, և Կասպարովը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Kasparov and Others v. Russia], թիվ 21613/07, § 91, 2003 թվականի հոկտեմբերի 3): Համարժեք «հանդուրժողականության աստիճանը» չի կարող սահմանվել in abstracto (վերացական կերպով). Դատարանը պետք է դիտարկի գործի հատուկ հանգամանքները և մասնավորապես՝ «բնականոն կյանքի խաթարման» աստիճանը (տե՛ս Պրիմովը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Primov and Others v. Russia], թիվ 17391/06, § 145, 2014 թվականի հունիսի 12)։ Դատարանը պարզել է, օրինակ, որ որոշ հանգամանքներում, երբ ցույցի միջոցով իրականացվող քաղաքական իրադարձությանն արագ արձագանքը կարող է արդարացվել, մյուս դեպքում խաղաղ հավաքը ցրելու մասին որոշումը, որն անցկացվել է առանց պարտադիր համարվող նախապես իրազեկման և մասնակիցների կողմից որևէ անօրինական վարքագծի դրսևորման, համարվում է խաղաղ հավաքների ազատության ոչ համարժեք սահմանափակում (տե՛ս Բուխտան և այլք ընդդեմ Հունգարիայի [Bukta and Others v. Hungary], թիվ 25691/04, § 36, ՄԻԵԴ 2007‑III)։

53. Հաշվի առնելով Հայաստանի՝ տվյալ ժամանակահատվածում գործող նախապես իրազեկման համակարգը, Դատարանը նշում է, որ այդպիսի իրազեկում պահանջվել է միայն հանրային հավաքում հարյուր կամ ավելի մասնակից ընդգրկված լինելու դեպքում (տե՛ս վերևում՝ 20-րդ և 21-րդ պարբերությունները)։ Ավելին, որևէ իրազեկում համապատասխանաբար չէր պահանջվի, եթե միջոցառումը, որին մասնակցել է հարյուրից պակաս մասնակից, ինքնաբուխ կերպով վերաճեր ավելի մեծ միջոցառման՝ գերազանցելով այդ թիվը։ Կառավարությունը պնդել է, որ այդ տարածքում հավաքված է եղել հարյուրից ավելի անձ, և որ հավաքը չի եղել ինքնաբուխ (տե՛ս վերևում՝ 40-րդ և 41-րդ պարբերությունները), սակայն չի կարողացել հիմնավորել իր պնդումը որևէ օբյեկտիվ ապացույցով։ Ավելին, Կառավարության պնդումը հիմնված չէ ներպետական դատարանի եզրակացությունների վրա, որը փաստացի չի կարողացել որևէ ուսումնասիրություն իրականացնել այդ հարցի շուրջ։ Համապատասխան ներպետական որոշմամբ (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը) բոլորովին չի խոսվում այդ խնդրի մասին, և ներպետական դատարանը շարունակել է որպես հիմք ընդունել այն վարկածը, ըստ որի ցույցի համար, որը դիմումատուն ցանկացել է կազմակերպել և այլոց կոչ է արել միանալ, պահանջվել է նախապես իրազեկում՝ առանց պարզելու ներկա գտնվողների թիվը կամ այն հանգամանքները, որոնք նախևառաջ պայմանավորել են հավաքը՝ ներառյալ այն հարցը, թե արդյոք այն կարող էր դիտարկվել որպես «ինքնաբուխ» հավաք։

54. Ինչ վերաբերում է Վարչական դատարանի կողմից վկայակոչված երկրորդ հիմնավորմանը, Դատարանը նշում է, որ թեև այն գտնում է, որ հավաքը կարող էր վտանգել հասարակական կարգն ու անվտանգությունը, ներպետական դատարանն այս եզրակացությունն անելիս բացառապես հիմք է ընդունել այն փաստը, որ Երևանում արտակարգ դրություն էր հայտարարվել 2008 թվականի մարտի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի արդյունքում։ Նույնիսկ չմանրամասնելով այդ իրադարձությունները, այնուամենայնիվ, համատեքստից հասկանալի է, որ հղում է արվում Հայաստանի մայրաքաղաքում նախորդ օրը տիրող լարված իրավիճակին, որի հետևանքով տեղի էին ունեցել բախումներ ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև՝ պատճառ հանդիսանալով ֆիզիկական վնասվածքների, մահվան և գույքի ոչնչացման (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը)։ Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ ներպետական դատարանը հիմք էր ընդունում այդ փաստը՝ արդարացնելու համար Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպվող ցանկացած հավաքի նկատմամբ համընդհանուր արգելքը՝ առանց ուսումնասիրելու տվյալ քաղաքում տիրող կոնկրետ իրավիճակն ու դիմումատուի մասնավոր վարքը։ Նմանապես, պարզվում է, որ Թատերական հրապարակում ոստիկանության ներկայությունն ու այդ տարածքի շրջափակումը նպատակ էին հետապնդում ապահովել, որ այդ տարածքում, անկախ նպատակից և մեծությունից, որևէ հավաք տեղի չունենար՝ դրանով իսկ հիմքից բացառելով ցանկացած այդպիսի փորձ։ Դատարանը նշում է, որ, չնայած Երևանում տեղի ունեցած դեպքերը, անկասկած, ողբերգական էին և լուրջ մտահոգության տեղիք էին տալիս, գոյություն չունի որևէ ապացույց, համաձայն որի հնարավոր կլիներ ենթադրել, որ նմանատիպ իրադարձություն էր տեղի ունեցել կամ պետք է տեղի ունենար Գյումրիում։ Չկա նաև որևէ ապացույց առ այն, որ դիմումատուն ունեցել է բռնություն կիրառելու մտադրություն կամ այլ անձանց կոչ է արել կիրառել բռնություն կամ որևէ այդպիսի դատապարտելի արարք։ Հետևաբար Դատարանը համարում է, որ իշխանությունները, այդ թվում՝ ներպետական դատարանները չեն կարողացել ներկայացնել «հիմնավոր և բավարար» փաստարկներ, որով կարդարացվեր միջամտությունը դիմումատուի՝ հավաքների ազատության իրավունքին, ինչն այդպիսի հանգամանքներում չէր կարող անհրաժեշտ լինել ժողովրդավարական հասարակությունում։

55. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում։

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

56. Դիմումատուն նաև մի շարք այլ բողոքներ է բարձրացրել Կոնվենցիայի 6-րդ, 13-րդ և 18-րդ հոդվածների և Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի հետ կապված։

57. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը և այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր իրավասության ներքո, Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ դեպք։ Հետևաբար գանգատի այս մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու պատճառով՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի։

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

58. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

 

Ա. Վնասը

59. Դիմումատուն պահանջել է 5 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 1 500 եվրոն իր՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտման համար, իսկ մնացած գումարն իր գանգատում նշված այլ խախտումների համար։

60. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ ենթադրյալ խախտումների արդյունքում կրած վնասների վերաբերյալ պահանջը պետք է մերժվեր, քանի որ ներկայացվել էր միայն բողոք՝ կապված Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հետ։ Նրանք նաև պնդել են, որ խախտման վերաբերյալ եզրակացությունը սույն գործի հանգամանքներում կհամարվեր բավարար արդարացի փոխհատուցում։

61. Դատարանը նշում է, որ կարող է հատուցում տրամադրել միայն հայտնաբերված վնասների մասով։ Քանի որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտման մասին ներկայացված բողոքից բացի դիմումատուի բոլոր բողոքները հայտարարվել են անընդունելի, Դատարանը դիմումատուին շնորհում է 1 500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտման համար։

 

Բ. Ծախսերը և ծախքերը

62. Դիմումատուն նաև պահանջել է 540 000 ՀՀ դրամ՝ որպես հատուցում ներպետական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի համար, և 1 500 եվրո՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։ Նա այնուհետև պահանջել է 500 եվրո այլ ծախքերի համար, ինչպիսիք են նամակագրությունը, ճանապարհորդությունն ու հեռախոսային հաշիվները։

63. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց իր պահանջները հիմանավորելու համար, հետևաբար դրանք պետք է մերժվեն։

64. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և Դատարանի նախադեպային իրավունքը՝ Դատարանը մերժում է ծախսերի և ծախքերի մասով պահանջը` փաստաթղթերով այն չհիմնավորելու պատճառով:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

65. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է դիմումատուի խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ խախտմանը վերաբերող բողոքն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը, վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում ոչ նյութական վնասի դիմաց պետք է դիմումատուին վճարի 1 500 եվրո (հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Իլզե Ֆրայվիրտ`

Յոնկո Գրոզև`

Քարտուղարի տեղակալ

Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան