Գլխավոր տեղեկություն
Համար
N 314-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.04.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.23/22(257) Հոդ.363
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2003 թվականի N 314-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԴ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ) ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» կետերի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերութունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու օրինակելի պայմանագրի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 2
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 13-ի N 314-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԴ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ) ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն (այսուհետ` օրենք) ստեղծված ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին պետական ոռոգման համակարգերը (այսուհետ` ոռոգման համակարգեր) անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու գործընթացը:

2. Պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու գործընթացն իրականացվում է գործող օրենսդրության և սույն կարգի համաձայն:

3. Ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությունները հիմնադրվելուց հետո երկամսյա ժամկետում ջրային համակարգերի կառավարման կամ այլ լիազորված մարմնի հետ համատեղ մշակում են իրենց կողմից սպասարկվող տարածքում գտնվող պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին օգտագործման իրավունքով փոխանցելու ժամանակացույց (այսուհետ՝ ժամանակացույց):

4. Ջրօգտագործողների ընկերությունների, ջրօգտագործողների ընկերությունների միությունների և ջրային համակարգերի կառավարման կամ այլ լիազորված մարմնի կողմից կազմված՝ փոխանցվող պետական ոռոգման համակարգերի ցանկը, ժամանակացույցը, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների կանոնակարգող խորհրդի (այսուհետ՝ կանոնակարգող խորհուրդ) կողմից պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը, կողմերի առարկությունները գրավոր ներկայացվում են կանոնակարգող խորհուրդ:

5. Կանոնակարգող խորհուրդը մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է կողմերի ներկայացրած փաստաթղթերը և տեխնիկական հիմնավորվածության դեպքում ընդունում է որոշում ոռոգման համակարգերի փոխանցման մասին:

6. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմինը կանոնակարգող խորհրդի դրական որոշման հիման վրա, սահմանված կարգով որոշման ընդունման պահից ոչ ուշ, քան 45 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ պետական ոռոգման համակարգերն անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են՝

ա) փոխանցման ենթակա պետական ոռոգման համակարգերի ցանկը,

բ) ժամանակացույցը,

գ) պայմանագրերի կնքման ժամկետները,

դ) անհրաժեշտության դեպքում՝ պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների շահագործմանն ու պահպանմանը հանձնելու գործընթացի առանձնահատկությունները (համատեղ շահագործման և պահպանման հնարավորությունը, աստիճանական փոխանցման տարբերակները) և այլն:

7. Պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ կնքվում է պայմանագիր` սույն որոշմամբ հաստատված պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու օրինակելի պայմանագրի ձևի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

8. Ջրօգտագործողների ընկերությունը (ջրօգտագործողների ընկերությունների միությունը), որին փոխանցվել են պետական ոռոգման համակարգերը, պայմանագրի կնքումից հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ապահովում է պայմանագրի նոտարական վավերացումը և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը:

9. Ջրային համակարգերի կառավարման կամ այլ լիազորված մարմնի կողմից ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին հանձնված գույքի տեխնիկական վիճակի, շահագործման ու օգտագործման նկատմամբ իրականացվում է հսկողություն (վերահսկողություն)՝

ա) գույքի փաստացի տեխնիկական վիճակն ստուգելու նպատակով` նախքան ոռոգման շրջանն սկսվելը՝ մինչև գարնանային վարար ջրերի բացթողումը` գույքի զննում, ինչպես նաև գարնանային վարար ջրերի բացթողման նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքի դիտարկումներ կատարելու եղանակով.

բ) ոռոգման շրջանի ընթացքում` գույքի շահագործման և պահպանման տեխնիկական նորմերի պահանջների կատարումն ստուգելու նպատակով` փոխատուի պահանջով, ոչ ավելի, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` դիտարկումներ անցկացնելու եղանակով.

գ) ոռոգման շրջանի ավարտից հետո` գույքի փաստացի տեխնիկական վիճակն ստուգելու նպատակով` գույքի զննում կատարելու և պետական ոռոգման համակարգերի պահպանության նպատակով` գույքը ձմռանը նախապատրաստելու աշխատանքների դիտարկումներ կատարելու եղանակով:

Կողմերը համատեղ կազմում են սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված գործողությունների արդյունքների մասին արձանագրություն:

10. Ջրային համակարգերի կառավարման կամ այլ լիազորված մարմինն անհատույց օգտագործման հանձնված գույքի նկատմամբ իրականացնում է հսկողություն (վերահսկողություն)՝ գույքի վիճակի, օգտագործման պայմանների դիտարկումներ, ինչպես նաև զննումներ կատարելու եղանակով:

11. Ջրային համակարգերի կառավարման կամ այլ լիազորված մարմնի կողմից գույքի զննումները, դիտարկումները, ստուգումները կատարվում են կողմերից առնվազն երկուական ներկայացուցիչների մասնակցությամբ: Կողմերից որևէ մեկի կողմից ակտի չստորագրման դեպքում դրա մասին նշում է կատարվում ակտում: Վեճ առաջանալու դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:

12. Գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման և շահագործման նկատմամբ տարեկան հսկողությունից բացի՝ սեփականատերը կարող է տարերային աղետներից (ջրհեղեղ, երկրաշարժ, փոթորիկ և այլն) կամ վթարներից հետո կատարել գույքի արտահերթ զննումներ:

13. Հսկողության արդյունքներն արձանագրվում են ջրօգտագործողների ընկերության (ջրօգտագործողների ընկերությունների միության) պետական ոռոգման համակարգի տեխնիկական վիճակի ստուգումների և զննումների գրանցամատյանում, որը տրամադրվում է փոխատուին` ծանոթանալու համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 13-ի N 314-Ն որոշման

 

Ձև

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

 

___________________

(կնքման վայրը)

_____ ____________ 200 թ.

_______________________________________________________________

(համապատասխան լիազորություններ ունեցող կազմակերպության կամ համայնքի անվանումը)

 

(այսուհետ՝ փոխատու), ի դեմս_________________________________-ի, որը գործում է

 

________________________________________________ հիման վրա, մի կողմից,

(կանոնադրություն, լիազորագիր և այլն)

 

և ______________ ջրօգտագործողների ընկերությունը (ջրօգտագործողների ընկերությունների

միությունը) (այսուհետ՝ փոխառու), ի դեմս վարչական խորհրդի նախագահ _______________-ի,

որը գործում է փոխառուի կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, համաձայն «Ջրօգտագործողների

ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության ________ թվականի

_________________ ________-ի N __________ որոշման, կնքեցին սույն պայմանագիրը

(այսուհետ՝ պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի իրավական հիմքերը

 

1.1. «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 22-րդ, 30-րդ հոդվածներն ու 40-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 61-րդ հոդվածն իրավական հիմք են հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգերն անհատույց օգտագործման իրավունքով ջրօգտագործողների ընկերություններին կամ ջրօգտագործողների ընկերությունների միություններին փոխանցելու համար:

 

2. Պայմանագրում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

2.1. Կողմերը նշում են, որ սույն պայմանագրում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

փոխատու՝ պետական ոռոգման համակարգի կամ դրա մի մասի սեփականատերը: Պետական սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգերի դեպքում՝ որպես փոխատու հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կամ այլ լիազորված մարմնի: Համայնքային սեփականություն հանդիսացող ոռոգման համակարգերի դեպքում` տեղական ինքնակառավարման մարմինը.

փոխառու՝ ջրօգտագործողների ընկերությունը կամ ջրօգտագործողների ընկերությունների միությունը, որը հիմնադրվել է համաձայն օրենքի, և որին հանձնվում է ոռոգման համակարգի կամ դրա մասի՝ ի շահ իր անդամների օգտագործման իրավունքը.

կանոնակարգող խորհուրդ՝ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող՝ օրենքի հիման վրա ստեղծված պետական մարմին.

հիմնանորոգում՝ ոռոգման համակարգի վերականգնման, վերակառուցման, ընդլայնման և տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացում.

գույքի պահպանում՝ ոռոգման համակարգի ընթացիկ նորոգում, նոր ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացում.

մաշվածք՝ փոխառուին հանձնվող գույքի ակնկալվող արտադրական գործոններից կախված ֆիզիկական մաշվածություն, որը հաշվարկվում է «ՀՀՀՀՍ-16» ստանդարտին համապատասխան.

գույք՝ ոռոգման համակարգը կամ դրա մասը, որի օգտագործման իրավունքը սույն պայմանագրով փոխատուի կողմից փոխանցվում է փոխառուին.

գույքի նկարագիր՝ հավելված N 1՝ գույքի անվանացանկը և տեխնիկական մասնագրերը: Հավելված N 2՝ գույքի փաստացի վիճակը բնութագրող տվյալները և փաստաթղթերը: NN 1 և 2 հավելվածները սույն պայմանագրի անբաժանելի մասն են.

տեխնիկական նորմեր՝ գույքի շահագործման ու պահպանման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմեր և կանոններ.

գույքի օգտագործումն իր նշանակությամբ՝ ոռոգման համակարգի օգտագործումը՝ ջրի տեղափոխման և բաշխման նպատակով:

 

3. Պայմանագրի առարկան

 

3.1. Փոխատուն պայմանագրով պարտավորվում է փոխառուին ժամանակավոր անհատույց օգտագործման հանձնել սույն պայմանագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող գույքի նկարագրում նշված՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի օգտագործման, շահագործման և պահպանման իրավունքը, իսկ փոխառուն պարտավորվում է այն ընդունել, օգտագործել, շահագործել և պահպանել՝ պայմանագրի 5.1-ին կետով սահմանված նպատակին համապատասխան, և վերադարձնել նույն վիճակում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տեխնիկական նորմերին համապատասխան հաշվարկվող գույքի բնականոն մաշվածքը:

3.2. Գույքի օգտագործման իրավունքի հետ միասին փոխանցվում են դրան վերաբերող հետևյալ փաստաթղթերը՝

ա) գույքի տեխնիկական անձնագիրը.

բ) գույքի շահագործման և պահպանման տեխնիկական նորմերը.

գ) գույքի առանձնահատկություններից ելնելով՝ այլ փաստաթղթեր:

3.3. Փոխատուն երաշխավորում է, որ գույքը վաճառված, գրավ դրված, վարձակալության, անհատույց օգտագործման տրված կամ այլ կերպ ծանրաբեռնված չէ, դատական վեճի առարկա չէ, արգելանքի տակ չի գտնվում:

 

4. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

4.1. Փոխատուն իրավունք ունի՝

4.1.1. փոխառուից պահանջելու գույքն օգտագործել իր նշանակությամբ.

4.1.2. փոխառուից պահանջելու գույքը շահագործել և պահպանել տեխնիկական նորմերին համապատասխան.

4.1.3. փոխառուի ներկայացուցիչների մասնակցությամբ ստուգելու գույքի տեխնիկական վիճակը, կատարելու դիտարկումներ և զննումներ՝ սույն պայմանագրի 8.2-րդ ենթակետով սահմանված կարգով:

4.2. Փոխատուն պարտավոր է՝

4.2.1. գույքը հանձնել փոխառուի օգտագործմանը՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից.

4.2.2. գույքի օգտագործման իրավունքը հանձնել բոլոր պատկանելիքներով և սույն պայմանագրի 3.2-րդ կետում նշված փաստաթղթերով.

4.2.3. գույքի օգտագործման իրավունքը փոխառուին փոխանցելիս ապահովել գույքի աշխատանքային վիճակը.

4.2.4. կատարել գույքի հիմնանորոգումները` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն ստեղծված տեխնիկական հանձնաժողովի առաջարկությանը համապատասխան.

4.2.5. աջակցել փոխառուին, եթե երրորդ անձինք խախտում կամ ոտնահարում են փոխառուի՝ պայմանագրով սահմանված իրավունքները.

4.2.6. համապատասխան մարմիններից ստանալ գույքի հիմնանորոգման և օգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունները, հատակագծերը, նախագծերը և այլ փաստաթղթեր.

4.2.7. պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 2 հավելվածում նշել գույքի թերությունների մասին.

4.2.8. գույքի օգտագործման իրավունքի փոխանցման պահին փոխառուին հանձնել ջրօգտագործման և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունները:

4.3. Փոխառուն իրավունք ունի`

4.3.1. փոխատուի կողմից գույքի N 2 հավելվածում չհայտարարված, հետագայում հայտնաբերված գույքի թերությունների (այդ թվում՝ թաքնված թերություններ) դեպքում փոխատուից պահանջելու անհատույց վերացնել դրանք կամ հատուցել գույքի թերությունների վերացման համար իր կատարած ծախսերը.

4.3.2. համապատասխան մասնագետներից ստանալու խորհրդատվություն, այդ թվում՝ կանոնակարգող խորհրդից՝ օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան:

4.4. Փոխառուն պարտավոր է՝

4.4.1. գույքը շահագործելիս և պահպանելիս առաջնորդվել տեխնիկական նորմերով ու գույքի տեխնիկական անձնագրերով, ինչպես նաև սանիտարական, բնապահպանական և այլ նորմերով.

4.4.2. իրականացնել գույքի պահպանման հետ կապված բոլոր ծախսերը.

4.4.3. գույքն օգտագործել իր նշանակությամբ.

4.4.4. պահպանել գույքը.

4.4.5. գույքի հիմնանորոգումը կատարել փոխատուի հետ համաձայնեցնելուց հետո.

4.4.6. գույքը վերադարձնել փոխատուին՝ պայմանագրի 3.1-ին կետով սահմանված կարգով.

4.4.7. պայմանագրի ստորագրումից և նոտարական կարգով վավերացումից հետո 30-օրյա ժամկետում կատարել պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը.

4.4.8. կատարել պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված վճարումները.

4.4.9. պայմանագրի գործողության ընթացքում գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքը չփոխանցել երրորդ անձանց:

 

5. Պայմանագրի նպատակը ԵՎ գործողության ժամկետը

 

5.1. Փոխատուն գույքը փոխառուին անհատույց ժամանակավոր օգտագործման է հանձնում ոռոգման ջուր մատակարարելու և ջրահեռացման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

5.2. Պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի է (50 տարի՝ ջրօգտագործողների ընկերությունների միությունների դեպքում): Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ պայմանագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել:

5.3. Պայմանագրի գործողության ժամկետը համարվում է երկարածգված 25 տարով (50 տարով՝ ջրօգտագործողների ընկերությունների միությունների դեպքում), եթե պայմանագրի գործողության ժամկետի ավարտից 3 ամիս առաջ կողմերից որևէ մեկը մյուսին չի դիմել այն դադարեցնելու կամ վերանայելու համար:

 

6. Անհատույց հանձնված գույքի բարելավումները

 

6.1. Գույքի վրա փոխառուի կատարած բաժանելի բարելավումները համարվում են նրա սեփականությունը:

6.2. Եթե փոխառուն իր միջոցների հաշվին և փոխատուի համաձայնությամբ կատարել է գույքից անբաժանելի բարելավումներ՝ առանց դրան վնաս պատճառելու, ապա սույն պայմանագիրը դադարելուց հետո փոխառուն իրավունք ունի ստանալու հատուցում՝ բարելավումների արժեքի չափով, հաշվի առնելով դրանց բնականոն մաշվածքը:

6.3. Փոխառուի կողմից առանց փոխատուի համաձայնության կատարված գույքից անբաժանելի բարելավումների արժեքը չի հատուցվում:

 

7. Կողմերի պատասխանատվությունը

 

7.1. Փոխատուն պատասխանատվություն չի կրում գույքի այն թերությունների համար, որոնք ինքը նշել է պայմանագիրը կնքելիս, կամ որոնք նախապես հայտնի են եղել փոխառուին, կամ պետք է հայտնաբերվեին փոխառուի կողմից պայմանագիրը կնքելիս, կամ գույքն օգտագործման իրավունքով հանձնելու ժամանակ՝ այն զննելիս:

7.2. Փոխատուն պատասխանատվություն է կրում գույքի օգտագործման հետևանքով երրորդ անձին պատճառված վնասի համար, եթե չի ապացուցվում, որ վնասը դիտավորությամբ կամ անզգուշությամբ պատճառել է փոխառուն:

7.3. Փոխառուն կրում է անհատույց օգտագործման հանձնված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, եթե գույքը ոչնչացվել, վնասվել է պայմանագրի պահանջները չկատարելու կամ գույքն իր նշանակությամբ չօգտագործելու հետևանքով:

7.4. Գույքին հասցված վնասը որոշվում է համաձայն սույն պայմանագրի 8.4-րդ կետով ստեղծված հանձնաժողովի կողմից, կողմերի միջև ստուգումների արդյունքների վերաբերյալ անհամաձայնության դեպքում անցկացվում է փորձաքննություն՝ փոխառուի կողմից հրավիրված անկախ աուդիտի միջոցով:

7.5. Փոխառուի կամ երրորդ անձի մեղքով գույքին հասցված վնասը վերականգնվում է փոխառուի կողմից:

7.6. Փոխառուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում սանիտարական և շրջակա միջավայրի պահպանման պահանջների խախտման համար:

 

8. Գույքի նկատմամբ հսկողությունը (վերահսկողությունը)

 

8.1. Գույքի տեխնիկական վիճակի, շահագործման և օգտագործման նկատմամբ փոխատուի և փոխառուի կողմից իրականացվում է հսկողություն (վերահսկողություն):

8.2. Փոխատուն գույքի նկատմամբ իրականացնում է հսկողություն (վերահսկողություն)՝ գույքի վիճակի, օգտագործման պայմանների դիտարկումներ և զննումներ կատարելու եղանակով:

8.3. Գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման և շահագործման նկատմամբ հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է՝

ա) գույքի փաստացի տեխնիկական վիճակն ստուգելու նպատակով` նախքան ոռոգման շրջանն սկսվելը՝ մինչև գարնանային վարար ջրերի բացթողումը` գույքի զննում կատարելու, ինչպես նաև գարնանային վարար ջրերի բացթողման նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքի դիտարկումներ կատարելու եղանակով.

բ) ոռոգման շրջանի ընթացքում` գույքի շահագործման և պահպանման տեխնիկական նորմերի պահանջների կատարումն ստուգելու նպատակով` փոխատուի պահանջով, ոչ ավելի, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` դիտարկումներ անցկացնելու եղանակով.

գ) ոռոգման շրջանի ավարտից հետո` գույքի փաստացի տեխնիկական վիճակն ստուգելու նպատակով` գույքի զննում կատարելու և ոռոգման համակարգերի պահպանության նպատակով` գույքը ձմռանը նախապատրաստելու աշխատանքների դիտարկումներ կատարելու եղանակով:

Կողմերը սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված գործողությունների արդյունքների մասին համատեղ կազմում են արձանագրություն:

8.4. Փոխատուի կողմից գույքի զննումները, դիտարկումները, ստուգումները կատարվում են կողմերի առնվազն երկուական ներկայացուցիչների մասնակցությամբ:

8.5. Կողմերից որևէ մեկի կողմից ստուգման արդյունքների վերաբերյալ անհամաձայնության դեպքում դրա մասին նշվում է արձանագրության մեջ: Վեճ առաջանալու դեպքում հարցը լուծվում է պայմանագրի 11.3-րդ կետով սահմանված կարգով:

8.6. Գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման և շահագործման նկատմամբ սույն պայմանագրի 8.3-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում նշված եղանակներով տարեկան հսկողությունից բացի՝ փոխատուն կարող է կատարել գույքի արտահերթ զննումներ՝ տարերային աղետներից (ջրհեղեղ, երկրաշարժ, փոթորիկ և այլն) կամ վթարներից հետո:

8.7. Հսկողության արդյունքներն արձանագրվում են ջրօգտագործողների ընկերության (ջրօգտագործողների ընկերությունների միության) պետական ոռոգման համակարգի տեխնիկական վիճակի ստուգումների և զննումների գրանցամատյանում, որն անհրաժեշտության դեպքում տրամադրվում է փոխատուին` ծանոթանալու համար:

8.8. Սույն պայմանագրի 8.3-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված տարեկան զննումների, դիտարկումների, ստուգումների արդյունքում ընկերության կողմից կազմվող գույքի թերությունների մասին ակտի հիման վրա կողմերը որոշում են աշխատանքների տեսակները և ծավալները, ինչպես նաև կատարման ժամկետները:

8.9. Փոխառուի գրավոր դիմումի համաձայն՝ իր կողմից իրականացվող համալիր դիտարկումներին կարող են մասնակցել նաև փոխատուի ներկայացուցիչները:

 

9. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (Ֆորս-մաժոր)

 

9.1. Սույն պայմանագրով՝ պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո և, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների կողմից ընդունված ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

10. Պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը

 

10.1. Փոխատուն իրավունք ունի վաղաժամկետ լուծելու պայմանագիրը, եթե փոխառուն՝

10.1.1. գույքն օգտագործել է ոչ իր նշանակությամբ.

10.1.2. չի կատարել շահագործման և պահպանման տեխնիկական նորմերի պահանջները.

10.1.3. էականորեն վատթարացրել է գույքի վիճակը, որի մասին առկա է կանոնակարգող խորհրդի որոշումը.

10.1.4. առանց փոխատուի համաձայնության՝ գույքը հանձնել է երրորդ անձի:

10.2. Փոխառուն իրավունք ունի վաղաժամկետ լուծելու պայմանագիրը, եթե՝

10.2.1. հայտնաբերվել են այնպիսի թերություններ, որոնք գույքի բնականոն օգտագործումը դարձնում են անհնար և, որոնց մասին ինքը չգիտեր ու չէր կարող իմանալ պայմանագիրը կնքելիս.

10.2.2. գույքը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի՝ այնպիսի հանգամանքների բերմամբ, որոնց համար ինքը պատասխանատվություն չի կրում.

10.2.3. պայմանագիրը կնքելիս փոխատուն նրան չի զգուշացրել գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների մասին.

10.2.4. փոխատուն չի կատարել գույքի օգտագործման իրավունքի կամ դրա պատկանելիքների և փաստաթղթերի հանձնումը:

10.3. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել՝ փոխատուի և փոխառուի նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

10.4. Եթե կողմերից մեկն առարկում է սույն պայմանագրի վաղաժամկետ լուծմանը, ապա հարցը կարգավորվում է դատական կարգով:

 

11. Այլ պայմաններ

 

11.1. Փոխատուի վերակազմակերպման դեպքում՝ գույքի անհատույց օգտագործման պայմանագրով փոխատուի իրավունքներն ու պարտականություններն անցնում են նրա իրավահաջորդին:

11.2. Փոխառուի վերակազմակերպման դեպքում նրա իրավունքներն ու պարտականություններն անցնում են նրա իրավահաջորդին:

11.3. Պայմանագրից ծագող վեճերը կարող են լուծվել փոխադարձ համաձայնությամբ, իսկ անհամաձայնության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.4. Պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները՝ պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.5. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում նոտարական կարգով վավերացվելուց և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից:

11.6. Պայմանագիրը կնքվում է 6 հավասարազոր օրինակից:

 

12. Կողմերի գտնվելու վայրերը ԵՎ բանկային վավերապայմանները

 

Փոխատու
_______________________

(գտնվելու վայրը)
_______________________

(բանկային վավերապայմանները)
_______________________

(հեռախոսահամարը)
_______________________

(ստորագրությունը)
_____ ____________ 200__թ.

Փոխառու
_______________________

(գտնվելու վայրը)
_______________________

(բանկային վավերապայմանները)
_______________________

(հեռախոսահամարը)
_______________________

(ստորագրությունը)
_____ ____________ 200__թ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան