Գլխավոր տեղեկություն
Համար
N 883-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.08.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.04/40(275) Հոդ.740
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2003 թվականի N 883-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքական ապաստանի իրավունքի վկայական տալու կարգն ու վկայականի նկարագիրը և ճամփորդական փաստաթուղթ տալու կարգը հաստատելու մասին» N 282-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ԵՎ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

բ) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի ճամփորդական փաստաթղթի նկարագիրը` համաձայն N 4 հավելվածի»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 23
Երևան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 282-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ

 

Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց ճամփորդական փաստաթուղթը (այսուհետ` փաստաթուղթ) 88 x 125 մմ չափսի 32 էջից բաղկացած քաղաքական ապաստանի իրավունք ստացածի անձը հաստատող փաստաթուղթ է:

Փաստաթղթի բովանդակությունը կազմող բոլոր կետերը տպագրվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն:

Փաստաթղթի շապիկը շագանակագույն է: Շապիկի երեսի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ներքևի մասում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» բառերը:

Փաստաթղթի շապիկի հաջորդ էջում տպագրվում են հետևյալ նախադասությունները`

«ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՏՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻՆ».

«ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԻՐՈՋԸ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԱՎԵՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԸ».

«ԵԹԵ ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ, ԱՊԱ ԱՅԴ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆՐԱՆԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՆԵՆ ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»:

Փաստաթղթի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ներքևի մասում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» բառերը:

Փաստաթղթի 2-րդ էջի ներքևի մասում տպագրվում են «ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԻՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը:

Փաստաթղթի 3-րդ էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ էջի ձախ մասից հաջորդականությամբ` «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ», «ՏԻՊ», «ԿՈԴ», «ՓԱՍՏԱԹՈՒՂԹ N», «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ԵՐԿԻՐԸ», «ԾՆՎԵԼ Է», «ՍԵՌԸ», «ԾՆՆԴԱՎԱՅՐԸ», «ՏՐՎԵԼ Է», «ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ» և «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ» բառերը:

Փաստաթղթի 3-րդ էջի ներքևի ձախ մասում տեղ է հատկացվում փաստաթուղթ ստացող քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի` 35 x 45 մմ չափսի գունավոր լուսանկարի համար:

Փաստաթղթի 4-րդ էջում տպագրվում են «ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԱՎԵՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԱԾ Է» բառերը:

Փաստաթղթի 5-րդ էջում տպագրվում են «ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ԲՈԼՈՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» բառերը և դրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք:

Փաստաթղթի 6-րդ և 7-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ԵՐԵԽԱՆԵՐԸ» բառը: Նշված էջերից յուրաքանչյուրի վրա տեղ է հատկացվում երկու երեխայի` 35 x 45 մմ չափսի գունավոր լուսանկարները փակցնելու և նրանց տվյալները լրացնելու համար, իսկ նրանցից յուրաքանչյուրի լուսանկարի համար հատկացված տեղից ներքև տպագրվում են «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ԾՆՎԵԼ Է» և «ՍԵՌԸ» բառերը:

Փաստաթղթի 8-րդ և 9-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ՆՇՈՒՄՆԵՐ» բառը:

Փաստաթղթի 10-32-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ՎԻԶԱ» բառը:

Փաստաթղթի 1-ին և 5-32-րդ էջերի ներքևի մասում տպագրվում են փաստաթղթի սերիան և համարը:

Փաստաթղթի շապիկի վերջին էջի ներսի կողմում տպագրվում են «ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ», «ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է» և «ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱԶՄՎԱԾ Է 32 ԷՋԻՑ` ՉՀԱՇՎԱԾ ՇԱՊԻԿԸ» նախադասությունները:

Փաստաթղթի բոլոր էջերը համարակալվում են:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան