Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Base act (24.02.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.11.26/6(14)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
10.09.1998
Ստորագրման ամսաթիվ
10.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2004

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա


Միջազգային առեվտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի եվ պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին

Սույն Կոնվենցիայի Կողմերը,

գիտակցելով միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վտանգավոր ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա,

վկայակոչելով շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ Ռիո դե Ժանեյրոյի հռչակագրի համապատասխան դրույթները և 21-րդ դարի օրակարգի 19-րդ գլուխը, որը վերաբերում է «թունավոր քիմիական նյութերի օգտագործման էկոլոգիապես անվտանգ կառավարմանը՝ ներառյալ թունավոր և վտանգավոր նյութերի ապօրինի միջազգային շրջանառության կանխարգելումը»,

հաշվի առնելով ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից միջազգային առևտրում քիմիական նյութերի մասին տեղեկությունների փոխանակման UNEP-ի փոփոխված Լոնդոնյան ղեկավար սկզբունքներում (այսուհետ՝ փոփոխված Լոնդոնյան ղեկավար սկզբունքներ) և FAO-ի պեստիցիդների բաշխման և օգտագործման վարվելակարգի Միջազգային օրենսգրքում (այսուհետ՝ Վարվելակարգի միջազգային օրենսգիրք) շարադրված նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի իրագործման բնագավառում կատարած աշխատանքը,

նկատի ունենալով զարգացող երկրների և անցումային տնտեսությամբ երկրների պայմանները և հատուկ պահանջները, հատկապես քիմիական նյութերի բանական օգտագործման ոլորտում ազգային հնարավորությունների և ներուժի ամրապնդման անհրաժեշտութունը,

ի գիտություն ընդունելով տարանցիկ փոխադրումների վերաբերյալ տեղեկատվության որոշ երկրների հատուկ պահանջները,

ընդունելով, որ քիմիական նյութերի ռացիոնալ օգտագործումը պետք է գործնական տարածում ստանա բոլոր երկրներում, հաշվի առնելով, մասնավորապես, կամավոր չափանիշները, որոնք շարադրված են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պեստիցիդների բաշխման և օգտագործման բնագավառում Վարվելակարգի միջազգային օրենսգրքում և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի քիմիական նյութերի միջազգային առևտրի Բարոյագիտական օրենսգրքում,

ունենալով հաստատուն համոզմունք՝ ապահովելու մարդու առողջությունը և շրջակա միջավայրի պահպանումը միջազգային առևտրում ընդգրկված առանձին քիմիական նյութերի և պեստիցիդների պոտենցիալ վտանգավոր ազդեցությունից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1.

Նպատակը

 

Սույն Կոնվենցիայի նպատակն է առանձին վտանգավոր քիմիական նյութերի միջազգային առևտրում նպաստել դրանց պոտենցիալ վտանգավոր ազդեցությունից մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցում ընդհանուր պատասխանատվության և Կողմերի համատեղ ջանքերի ապահովմանը, ինչպես նաև աջակցել այդ նյութերի էկոլոգիապես հիմնավորված օգտագործմանը՝ դրանց հատկությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը խթանելու ու հեշտացնելու և ազգային մակարդակով դրանց ներմուծման և արտահանման վերաբերյալ որոշումներ ընդունելու և այդ որոշումները Կողմերի միջև տարածելու գործընթացը ապահովելու միջոցով:

 

Հոդված 2.

Սահմանումներ

 

Սույն Կոնվենցիայի նպատակներով.

ա) «քիմիական նյութ»՝ այն նյութն է, որը կարող է հանդես գալ որպես այդպիսին կամ որպես արդյունաբերական կամ բնական ճանապարհով ստացված խառնուրդ կամ պատրաստուկ, բայց որը չի ներառում որևէ կենդանի օրգանիզմ: Այս սահմանումը ներառում է հետևյալ կատեգորիաները. պեստիցիդներ (այդ թվում՝ խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդներ) և արդյունաբերական քիմիական նյութեր,

բ) «արգելված քիմիական նյութ»՝ այն քիմիական նյութն է, որի կիրառման բոլոր ձևերը մեկ կամ մի քանի կատեգորիաների սահմաններում արգելված են եղել վերջնական կանոնակարգային որոշմամբ՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով:

Այստեղ ընդգրկված են այն քիմիական նյութերը, որոնց առաջին անգամ օգտագործման թույլտվությունը մերժվել է, կամ արդյունաբերությունը հանել է երկրի ներսում վաճառքից, կամ էլ ընդհանրապես բացառվել է դրանց վերաբերյալ երկրի ներսում վաճառքի թույլտվություն ստանալը, և երբ ակնհայտ է, որ այդ միջոցները ձեռնարկվել են մարդու առողջության կամ շրջակա միջավայրի պահպանության նպատակով,

գ) «խիստ սահմանափակ քիմիական նյութ»՝ քիմիական նյութ, որի գործնական կիրառումը մեկ կամ մի քանի կատեգորիայի շրջանակներում արգելվել է վերջնական կանոնակարգային որոշմամբ՝ մարդու առողջության կամ շրջակա միջավայրի պահպանության նպատակով, բայց որի վերաբերյալ օգտագործման առանձին ձևեր, այնուամենայնիվ, թույլատրված են: Սրանցից են այն քիմիական նյութերը, որոնց գործնական օգտագործման բոլոր ձևերի թույլտվությունը մերժվել է, կամ դրանք արդյունաբերությունը հանել է երկրի ներսում վաճառքից, կամ էլ ընդհանրապես բացառվել է դրանց վերաբերյալ երկրի ներսում վաճառքի թույլտվություն ստանալը, և երբ ակնհայտ է, որ այդ միջոցները ձեռնարկվել են մարդու առողջության կամ շրջակա միջավայրի պահպանության նպատակով,

դ) «վտանգավոր պեստիցիդային խառնուրդներ»՝ որպես պեստիցիդներ օգտագործելու նպատակով ստեղծված քիմիական նյութեր, որոնք կարող են լուրջ հետևանքներ առաջացնել մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար՝ ոչ տևական ժամանակահատվածում եզակի կամ բազմակի ազդեցության արդյունքում,

ե) «վերջնական կանոնակարգային որոշում»՝ Կողմի կայացրած որոշում, որը չի պահանջում հետագա կանոնակարգային որոշում, և որի նպատակն է քիմիական նյութի արգելումը կամ խիստ սահմանափակումը,

զ) «ներմուծում և արտահանում»՝ իրենց նշանակության որոշակի շրջանակներում քիմիական նյութերի տեղափոխում մի Կողմից մյուս Կողմ՝ բացառությամբ զուտ տարանցիկ գործողությունների,

է) «Կողմ»՝ պետություն կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություն, որը համաձայնել է պարտավորված լինել սույն Կոնվենցիայով, և որի համար Կոնվենցիան ուժի մեջ է,

ը) «տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություն»՝ որևէ տարածաշրջանի ինքնիշխան պետության կողմից ստեղծված կազմակերպություն, որին իր անդամ պետությունները հանձնարարել են զբաղվել սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերով, և որը իր ներքին ընթացակարգի համաձայն՝ իրավասու է հավուր պատշաճի վավերացնել, ընդունել և հավանություն տալ սույն Կոնվենցիային և միանալ դրան,

թ) «քիմիական նյութերի կոմիտե»՝ օժանդակ մարմին, որի մասին նշվում է 18-րդ հոդվածի 6-րդ կետում:

 

Հոդված 3.

Կոնվենցիայի գործողության ոլորտը

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է՝

ա) արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութերի, և

բ) խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդների նկատմամբ:

2. Սույն Կոնվենցիան չի կիրառվում հետևյալ նյութերի նկատմամբ.

ա) թմրանյութեր և հոգեներգործուն նյութեր,

բ) ռադիոակտիվ նյութեր,

գ) թափոններ,

դ) քիմիական զենք,

ե) դեղագործական պատրաստուկներ, այդ թվում՝ դեղամիջոցներ և անասնաբուժական միջոցներ,

զ) որպես սննդի հավելում օգտագործվող քիմիական նյութեր,

է) մթերք,

ը) այն քիմիական նյութերը, որոնք ներմուծվում են հետազոտություններ և անալիզներ կատարելու նպատակով՝ այնպիսի քանակությամբ, որը չի կարող ազդել մարդու առողջության և շրջակա միջավայրի վիճակի վրա, և

թ) այն քիմիական նյութերը, որոնք ներմուծվում են մասնավոր անձանց կողմից՝ անձնական նպատակներով, չափավոր քանակությամբ, և որոնք չեն կարող ազդել մարդու առողջության և շրջակա միջավայրի վիճակի վրա:

 

Հոդված 4.

Նշանակված ազգային մարմիններ

 

1. Յուրաքանչյուր Կողմ նշանակում է մեկ կամ մի քանի ազգային մարմիններ, որոնք իրավասու են հանդես գալու այդ Կողմի անունից սույն Կոնվենցիայով նախատեսվող վարչական գործառույթները կատարելիս:

2. Յուրաքանչյուր Կողմ ձգտում է ապահովել, որ իր նշանակած ազգային մարմինը կամ մարմինները բավականաչափ ռեսուրսներ ունենան իրենց խնդիրների արդյունավետ լուծման համար:

3. Յուրաքանչյուր Կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից քարտուղարությանը տեղյակ է պահվում նրա կողմից նշանակված ազգային մարմնի կամ մարմինների անվանման և հասցեի մասին: Յուրաքանչյուր Կողմ քարտուղարությանը անհապաղ տեղեկացնում է հետագա բոլոր փոփոխությունների մասին:

4. Քարտուղարությունը անմիջապես տեղեկացնում է Կողմերին 3-րդ կետի համաձայն ստացած ծանուցումների վերաբերյալ:

 

Հոդված 5.

Արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութերին վերաբերող ընթացակարգեր

 

1. Վերջնական կանոնակարգային որոշում ընդունած յուրաքանչյուր Կողմ քարտուղարությանը գրավոր տեղեկացնում է այդպիսի որոշման մասին: Այդպիսի ծանուցումը կատարվում է հնարավորին չափ շուտ, բայց ոչ ուշ, քան վերջնական կանոնակարգային որոշում ընդունելուց 90 օր անց, և ներառում է 1-ին Հավելվածի համաձայն պահանջվող տեղեկատվությունը, որտեղ այն առկա է:

2. Յուրաքանչյուր Կողմ իր համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելիս քարտուղարությանը գրավոր տեղեկացնում է այդ ընթացքում ընդունվող վերջնական կանոնակարգային որոշումների վերաբերյալ, բացառությամբ այն Կողմերի, որոնք վերջնական կանոնակարգային որոշումներ են ընդունել Լոնդոնյան ղեկավար սկզբունքների կամ Վարվելակարգի միջազգային օրենսգրքի համաձայն. այդպիսի տեղեկությունների կրկնակի ներկայացում անհրաժեշտ չէ:

3. Քարտուղարությունը հնարավորին չափ արագ և ամեն դեպքում ոչ ուշ, քան 1-ին և 2-րդ կետերի համաձայն ծանուցում ստանալուց վեց ամիս անց, ստուգում է, թե արդյո՞ք տեղեկատվությունը համապատասխանում է 1-ին Հավելվածի պահանջներին: Եթե պահանջվող տեղեկատվությունն առկա է, քարտուղարությունն անհապաղ բոլոր Կողմերին է ուղարկում ստացած տեղեկատվության ամփոփագիրը, իսկ եթե տեղեկացման մեջ չկա անհրաժեշտ տեղեկատվություն, քարտուղարությունն այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնում է Կողմին:

4. Քարտուղարությունը վեց ամիսը մեկ Կողմերին է ուղարկում 1-ին և 2-րդ կետերի համաձայն ստացված տեղեկատվության համառոտ տեսությունը, այդ թվում՝ այն ծանուցումների վերաբերյալ, որտեղ չկա 1-ին Հավելվածի պահանջած ամբողջ տեղեկատվությունը:

5. Այն բանից հետո, երբ քարտուղարությունը որոշակի քիմիական նյութի վերաբերյալ ստացել է առնվազն մեկ ծանուցում նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգը կիրառող երկու տարածաշրջաններից յուրաքանչյուրից, որը համապատասխանում է 1-ին Հավելվածի պահանջներին, նա այդ ծանուցումը ուղարկում է Քիմիական նյութերի կոմիտեին: Նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգով ընդգրկված տարածաշրջանների կազմը հաստատվում է Կողմերի համաժողովի առաջին խորհրդակցության ժամանակ փոխհամաձայնությամբ ընդունված որոշմամբ:

6. Քիմիական նյութերի կոմիտեն անց է կացնում այդպիսի ծանուցումների շրջանակներում ներկայացված տեղեկատվության տեսություն և, 2-րդ Հավելվածում շարադրված չափանիշներին համաձայն, Կողմերի համաժողովին առաջարկություն է ներկայացնում այն մասին, թե արդյո՞ք քիմիական նյութը պետք է ենթարկվի նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգին և մտցվի 3-րդ Հավելվածի մեջ:

 

Հոդված 6.

Խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդներին վերաբերող ընթացակարգեր

 

1. Յուրաքանչյուր Կողմ, որը զարգացող կամ անցումային տնտեսությամբ երկիր լինելով, որոշակի դժվարություններ ունի՝ կապված խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդների հետ, իր տարածքում դրանց օգտագործման պայմաններին համապատասխան՝ կարող է առաջարկել քարտուղարությանը այդ վտանգավոր պեստիցիդային խառնուրդը մտցնել 3-րդ Հավելվածի մեջ: Առաջարկ նախապատրաստելիս Կողմը կարող է հենվել յուրաքանչյուր համապատասխան աղբյուրի կողմից տրամադրվող տեխնիկական փորձագիտական տվյալների վրա: Այդ առաջարկը պետք է ընդգրկի այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են՝ 4-րդ Հավելվածի 1-ին բաժնի դրույթների համաձայն:

2. Քարտուղարությունը որքան հնարավոր է արագ և ոչ ուշ, քան 1-ին կետի համաձայն ներկայացվող այդպիսի առաջարկ ստանալուց 6 ամիս անց, քննարկում է այն՝ 4-րդ Հավելվածի 1-ին բաժնի դրույթների համաձայն անհրաժեշտ տեղեկությունների առկայությունը ստուգելու նպատակով: Եթե առաջարկի մեջ անհրաժեշտ տեղեկություններ կան, քարտուղարությունը անհապաղ բոլոր Կողմերին ուղարկում է ստացած տեղեկատվության համառոտագիրը, իսկ եթե անհրաժեշտ տեղեկությունները բացակայում են, նա պատշաճ կերպով տեղեկացնում է առաջարկ ներկայացնող Կողմին:

3. Քարտուղարությունը 2-րդ կետի համաձայն ներկայացվող առաջարկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ է հավաքում, որոնք նշվել են 4-րդ Հավելվածի 2-րդ բաժնում:

4. Տվյալ խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդի վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նախատեսված պահանջները կատարելուց հետո քարտուղարությունը առաջարկը և համապատասխան տեղեկությունները ուղարկում է Քիմիական նյութերի կոմիտեին:

5. Քիմիական նյութերի կոմիտեն, 4-րդ Հավելվածի 3-րդ բաժնում նախանշված չափանիշների համաձայն, քննարկում է այդ առաջարկում բերված տեղեկություններն ու լրացուցիչ հավաքված յուրաքանչյուր տեղեկություն և Կողմերի համաժողովին առաջարկություն է ներկայացնում՝ նախապես հիմնավորված համաձայնության ընթացակարգում և, համապատասխանաբար, 3-րդ Հավելվածի մեջ տվյալ խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդը մտցնելու վերաբերյալ:

 

Հոդված 7.

Քիմիական նյութերը 3-րդ Հավելված ներառելու կարգը

 

1. Յուրաքանչյուր քիմիական նյութի վերաբերյալ, որը Քիմիական նյութերի կոմիտեն որոշել է երաշխավորել 3-րդ Հավելված ներառելու համար, կոմիտեն նախապատրաստում է փաստաթղթի նախագիծ՝ որոշման կայացմանը նպաստելու համար: Որոշման կայացմանը նպաստող փաստաթուղթը պետք է հիմնված լինի 1-ին Հավելվածում կամ 4-րդ Հավելվածում նշված տեղեկությունների վրա և ընդգրկի տեղեկություններ որևէ կատեգորիայի սահմաններում քիմիական նյութի օգտագործման ձևերի մասին, որի նկատմամբ չի կիրառվում վերջնական կանոնակարգային որոշումը:

2. 1-ին կետում նշված հանձնարարականը և դրա հիման վրա որոշում կայացնելուն նպաստող փաստաթղթի նախագիծը ուղարկվում են Կողմերի համաժողովին: Կողմերի համաժողովը որոշում է ընդունում այն մասին, թե արդյո՞ք տվյալ քիմիական նյութը պետք է ընդգրկվի նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգում և, համապատասխանաբար, 3-րդ Հավելվածում, և հաստատում է որոշում կայացնելուն նպաստող փաստաթղթի նախագիծը:

3. Կողմերի համաժողովի հաստատած որոշման կայացմանը նպաստող փաստաթուղթը քարտուղարությունը անհապաղ ուղարկում է բոլոր Կողմերին:

 

Հոդված 8.

Նախնական հիմնավորված համաձայնության կամավոր ընթացակարգի մեջ ընդգրկված քիմիական նյութեր

 

Կողմերի համաժողովը իր առաջին խորհրդակցության ժամանակ որոշում է ընդունում այն մասին, որ յուրաքանչյուր քիմիական նյութ, որը տարբերվում է 3-րդ Հավելվածի մեջ մտցված այն քիմիական նյութերից, որոնք ներգրավվել են նախնական հիմնավորված համաձայնության կամավոր ընթացակարգում նախքան Կողմերի համաժողովի առաջին խորհրդակցության սկիզբը, պետք է մտցնել 3-րդ Հավելվածի մեջ՝ պայմանով, որ Կողմերի համաժողովը համաձայն է, որ կատարվել են բոլոր պահանջները այդ նյութը Հավելվածում ընդգրկելու համար:

 

Հոդված 9.

3-րդ Հավելվածից քիմիական նյութերի հանումը

 

1. Եթե 3-րդ Հավելվածի մեջ քիմիական նյութը մտցնելու մասին որոշում ընդունելու պահին տեղեկությունների բացակայությունը ցույց է տալիս, որ այդ նյութի ընդգրկումը այլևս արդարացված չէ՝ 2-րդ և 4-րդ Հավելվածներում սահմանված համապատասխան չափանիշների համաձայն, քարտուղարությունը այդ տեղեկությունը ուղարկում է Քիմիական նյութերի կոմիտեին:

2. Քիմիական նյութերի կոմիտեն անցկացնում է 1-ին կետին համապատասխան ստացված տեղեկատվության ամփոփում: Յուրաքանչյուր քիմիական նյութի համար, որի նկատմամբ Քիմիական նյութերի կոմիտեն, 2-րդ Հավելվածում և/կամ 4-րդ Հավելվածում սահմանված համապատասխան չափանիշների համաձայն, կայացնում է որոշում այն 3-րդ Հավելվածից հանելու, նա պատրաստում է որոշման կայացմանը նպաստող փաստաթղթի վերանայված նախագիծ:

3. 2-րդ կետում հիշատակված հանձնարարականը ուղարկվում է Կողմերի համաժողովին և ուղեկցվում է որոշման կայացմանը նպաստող փաստաթղթի վերանայված նախագծով: Կողմերի համաժողովը որոշում է ընդունում այն մասին, թե հա՞րկ է արդյոք հանել տվյալ քիմիական նյութը 3-րդ Հավելվածից և տալ հավանություն որոշման կայացմանը նպաստող փաստաթղթի վերանայված նախագծին:

4. Կողմերի համաժողովի որոշումը 3-րդ Հավելվածից քիմիական նյութը հանելու մասին և որոշման կայացմանը նպաստող փաստաթղթին հավանություն տալու մասին տեղեկությունը քարտուղարության կողմից անհապաղ հասցվում է բոլոր Կողմերին՝ ի գիտություն:

 

Հոդված 10.

Պարտավորություններ՝ 3-րդ Հավելվածի մեջ ընդգրկված քիմիական նյութերի ներմուծման վերաբերյալ

 

1. Յուրաքանչյուր Կողմ իրականացնում է օրենսդրական կամ վարչական միջոցառումներ՝ 3-րդ Հավելվածի մեջ ընդգրկված քիմիական նյութերի ներմուծման վերաբերյալ ճիշտ ժամանակին որոշումների ընդունումը ապահովելու համար:

2. Յուրաքանչյուր Կողմ հնարավորին չափ արագ, բայց ոչ ուշ, քան 7-րդ հոդվածի 3-րդ կետում հիշատակված որոշման ընդունմանը նպաստող փաստաթղթի ուղարկման ամսաթվից ինը ամիս անց, քարտուղարությանը հղում է պատասխան՝ իր կողմից տվյալ քիմիական նյութի սպասվելիք ներմուծման իրականացման մասին: Պատասխանում փոփոխություն մտցնելիս Կողմը վերանայված պատասխանը անհապաղ ներկայացնում է քարտուղարությանը:

3. 2-րդ կետում նշված ժամկետը անցնելուց հետո քարտուղարությունը անհապաղ գրավոր դիմում է պատասխան չներկայացրած Կողմին՝ խնդրելով այդ անել: Եթե Կողմը չկարողանա պատասխան ուղարկել, քարտուղարությունը համապատասխան դեպքերում 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետում պատասխանը ներկայացնելու հարցում աջակցում է նրան:

4. Պատասխանը ներկայացվում է հետևյալ ձևերից որևէ մեկով.

ա) վերջնական որոշում, որը ընդունվում է՝ ի կատարումն օրենսդրական կամ վարչական միջոցառումների.

i) թույլ տալ ներմուծումը,

ii) թույլ չտալ ներմուծումը, կամ

iii) թույլ տալ ներմուծումը միայն որոշակի պայմաններով, կամ

բ) միջանկյալ պատասխան, որը կարող է ընդգրկել.

i) նախնական որոշում, որը թույլ է տալիս ներմուծումը որոշակի պայմաններով կամ առանց դրանց, կամ միջանկյալ ժամանակահատվածի ընթացքում ներմուծում թույլ չի տալիս,

ii) հայտարարություն այն մասին, որ վերջնական որոշումը ակտիվ քննարկման փուլում է,

iii) լրացուցիչ տեղեկություններ ստանալու խնդրանք՝ հասցեագրված քարտուղարությանը կամ վերջնական կանոնակարգային որոշման մասին տեղեկացնող Կողմին,

iv) քարտուղարությանը հասցեագրված խնդրանք՝ քիմիական նյութի գնահատման հարցում աջակցություն ցույց տալու վերաբերյալ:

5. 4-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետերում նշված պատասխանները վերաբերում են օգտագործման կատեգորիային կամ այն կատեգորիաներին, որոնք որոշվել են 3-րդ Հավելվածի մեջ ընդգրկված քիմիական նյութերի վերաբերյալ:

6. Վերջնական որոշումը ուղեկցվում է այն բոլոր օրենսդրական կամ վարչական միջոցառումների մասին տեղեկատվությամբ, որոնց հիման վրա ընդունվել է տվյալ որոշումը:

7. Յուրաքանչյուր Կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուն պես այդ Կողմը քարտուղարությանն է ներկայացնում իր պատասխանները 3-րդ Հավելվածում ընդգրկված յուրաքանչյուր քիմիական նյութի վերաբերյալ:

Փոփոխված Լոնդոնյան ղեկավար սկզբունքների կամ Վարվելակարգի միջազգային օրենսգրքի համաձայն՝ այդպիսի պատասխաններ ներկայացրած յուրաքանչյուր Կողմ դրանք չպետք է ներկայացնի նորից:

8. Յուրաքանչյուր Կողմ 2-րդ կետի դրույթներին համապատասխան ներկայացրած իր պատասխանների մասին, համաձայն իր օրենսդրական կամ վարչական միջոցառումների, տեղյակ է պահում իր իրավասությունների ներքո գտնվող շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց:

9. Այն Կողմը, որը 10-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի և 11-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ որոշում է ընդունում թույլ չտալ այս կամ այն քիմիական նյութի ներմուծումը կամ ներմուծումը թույլ տալ միայն որոշակի պայմաններով, եթե դա դեռ չի արել, միաժամանակ արգելում կամ համանման պայմաններ է դնում.

ա) յուրաքանչյուր աղբյուրից այդ քիմիական նյութի ներմուծման համար, և

բ) ներքին օգտագործման նպատակով դրա հայրենական արտադրության համար:

10. Քարտուղարությունը վեց ամիսը մեկ բոլոր Կողմերին տեղեկացնում է ստացված պատասխանների մասին՝ ներառյալ առկա տեղեկությունները այն օրենսդրական կամ վարչական միջոցառումների վերաբերյալ, որոնք հիմք են հանդիսացել որոշումների համար: Բացի այդ՝ քարտուղարությունը Կողմերին տեղեկացնում է պատասխան չներկայացնելու յուրաքանչյուր դեպքի մասին:

 

Հոդված 11.

Պարտավորություններ 3-րդ Հավելվածում ընդգրկված քիմիական նյութերի արտահանման վերաբերյալ

 

1.  Յուրաքանչյուր արտահանող Կողմ.

ա) ձեռնարկում է համապատասխան օրենսդրական կամ վարչական  միջոցներ՝ իր իրավասության ենթակա շահագրգիռ սուբյեկտներին քարտուղարության կողմից 10-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն ուղարկած պատասխանների մասին տեղեկացնելու նպատակով,

բ) ձեռնարկում է համապատասխան օրենսդրական կամ վարչական միջոցներ, որպեսզի ապահովի իր իրավասությանը ենթակա արտահանողների կողմից այդպիսի պատասխաններից յուրաքանչյուրում եղած որոշումների կատարումը ոչ ուշ, քան քարտուղարության կողմից 10-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն Կողմերին այդպիսի պատասխանի մասին առաջին անգամ տեղեկացվելու օրվանից 6 ամիս անց,

գ) ներմուծող Կողմերին ցույց է տալիս խորհրդատվական ծառայություններ և աջակցություն՝ նրանց խնդրանքով, համապատասխան դեպքերում.

i) 3-րդ Հավելվածում ընդգրկված որևէ քիմիական նյութի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու, ինչը կօգնի Կողմերին որոշումներ ընդունել 10-րդ հոդվածի 4-րդ կետի և սույն հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն,

ii) ընդլայնելու եղած հնարավորությունները և ներուժը քիմիական նյութերի անվտանգ կառավարման ասպարեզում՝ դրանց պիտանիության ժամկետի ընթացքում:

2. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ 3-րդ Հավելվածում նշված քիմիական նյութը չարտահանվի իր տարածքից յուրաքանչյուր ներմուծող Կողմ, որը բացառիկ հանգամանքներում պատասխան չի ներկայացրել կամ ներկայացրել է միջանկյալ պատասխան, որը չունի նախնական որոշում, այն դեպքերից բացի, երբ դա.

ա) քիմիական նյութ է, որը ներմուծելու պահին ներմուծող Կողմի տարածքում գրանցված է որպես քիմիական նյութ,

բ) քիմիական նյութ է, որի վերաբերյալ տեղեկություն կա, որ ավելի վաղ այն օգտագործվել է ներմուծող Կողմի տարածքում կամ ներմուծվել է այնտեղ, և որի վերաբերյալ չի ընդունվել որևէ կանոնակարգային որոշում օգտագործման արգելման վերաբերյալ, կամ

գ) արտահանողը հարցում է կատարում և ներմուծող Կողմի իրավասու ազգային մարմնի կողմից ստանում հստակ համաձայնություն՝ ներմուծող Կողմի տարածք այդպիսի քիմիական նյութի ներմուծում իրականացնելու համար: Ներմուծող Կողմը այդ հարցումի պատասխանն ուղարկում է 60 օրվա ընթացքում և իր որոշման մասին անհապաղ տեղեկացնում է քարտուղարությանը:

Սույն կետին համապատասխան՝ արտահանող Կողմերի պարտավորությունները կիրառվում են 6 ամիս անց այն օրվանից, երբ քարտուղարությունը, 10-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն, առաջին անգամ տեղեկացրել է Կողմերին այն մասին, որ Կողմը պատասխան չի ներկայացրել կամ ներկայացրել է միջանկյալ պատասխան, որը չունի նախնական որոշում, և գործում են մեկ տարվա ընթացքում:

 

Հոդված 12.

Ծանուցում արտահանման վերաբերյալ

 

1. Իր տարածքում արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութ արտահանող յուրաքանչյուր Կողմ ներմուծող Կողմին ներկայացնում է արտահանման ծանուցում: Այդ ծանուցումը ընդգրկում է 5-րդ Հավելվածում նշված տեղեկատվությունը:

2. Արտահանման ծանուցումը քիմիական նյութի վերաբերյալ տրվում է մինչև արտահանման առաջին մատակարարումը համապատասխան վերջնական կանոնակարգային որոշում ընդունելուց հետո: Հետագայում արտահանման ծանուցումը տրվում է մինչև առաջին արտահանման մատակարարումը որևէ օրացուցային տարում իրագործելը: Մինչև արտահանումը ծանուցմանը վերաբերող պահանջը կարող է հանվել ներմուծող Կողմի իրավասու ազգային մարմնի կողմից:

3. Արտահանման ճշտված ծանուցումը տրվում է այն բանից հետո, երբ տեղի են ունեցել քիմիական նյութի արգելմանը կամ խիստ սահմանափակմանը վերաբերող լուրջ փոփոխություններ, որոնք մտցվել էին վերջնական կանոնակարգային որոշման հիման վրա:

4. Ներմուծող Կողմը հավաստում է արտահանման առաջին ծանուցման ստանալը: Եթե արտահանող Կողմը 30 օրվա ընթացքում չի ստանում հավաստիացում, ապա ուղարկում է արտահանման նոր ծանուցում:

5. Ներմուծող Կողմին կոնկրետ քիմիական նյութի արտահանման ծանուցում տալու Կողմի պարտավորությունը դադարեցվում է, երբ.

ա) քիմիական նյութն ընդգրկվել է 3-րդ Հավելվածում,

բ) ներմուծող Կողմն այդ քիմիական նյութի վերաբերյալ, 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, պատասխան է հղել քարտուղարությանը, և

գ) քարտուղարությունն այդ պատասխանը տարածում է Կողմերի միջև՝ 10-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն:

 

Հոդված 13.

Տեղեկատվություն, որը ուղեկցում է արտահանվող քիմիական նյութերը

 

1. Կողմերի համաժողովը հանձնարարում է Միջազգային մաքսային կազմակերպությանը 3-րդ Հավելվածում ընդգրկված առանձին քիմիական նյութերի կամ քիմիական նյութերի խմբերի նկատմամբ գործածության մեջ մտցնել մաքսային կոդերի կոնկրետ համաձայնեցված համակարգ: Յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որ այն դեպքերում, երբ 3-րդ Հավելվածում ընդգրկված քիմիական նյութը ստացել է Միջազգային մաքսային կազմակերպության կոդը, այդ քիմիական նյութի արտահանման ժամանակ դրա ուղեկցման փաստաթղթում այդ կոդը նշված լինի:

2. Առանց ներմուծող Կողմի որևէ պահանջ անտեսելու՝ յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որ 3-րդ Հավելվածում ընդգրկված և իր տարածքում արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութերի արտահանման ժամանակ կատարվեն պահանջները դրոշմանշման վերաբերյալ, որոնք ապահովում են բավարար տեղեկատվություն մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար ռիսկերի և/կամ վտանգի վերաբերյալ՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային նորմերը:

3. Առանց ներմուծող Կողմի որևէ պահանջ անտեսելու՝ յուրաքանչյուր Կողմ կարող է պահանջել, որ այն քիմիական նյութերի արտահանման ժամանակ, որոնց նկատմամբ իր տարածքում գործում են էկոլոգիական կամ բժշկական դրոշմանշմանը վերաբերող պահանջներ, դրոշմանշման վերաբերյալ կատարվեն այն պահանջները, որոնք ապահովում են բավարար տեղեկատվություն մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար ռիսկերի և/կամ վտանգի վերաբերյալ՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային նորմերը:

4. 2-րդ կետում նշված քիմիական նյութերի վերաբերյալ, որոնք նախատեսված են օգտագործելու մասնագիտական նպատակներով, յուրաքանչյուր արտահանող Կողմ պահանջում է, որ միջազգային ճանաչված ֆորմատի հիման վրա ստեղծված անվտանգության մասին տվյալների ներկայացման ձևը՝ ամենավերջին տեղեկություններով հանդերձ, ուղարկվի յուրաքանչյուր ներմուծողի:

5. Դրոշմանշման պիտակի վրա, ինչպես նաև անվտանգության տվյալների ներկայացման ձևում պարունակվող տեղեկատվությունը, գործնականում, ինչքան դա հնարավոր է, պետք է ներկայացվի ներմուծող Կողմի մեկ կամ մի քանի պաշտոնական լեզուներով:

 

Հոդված 14.

Տեղեկատվության փոխանակում

 

1. Կողմերը, պատշաճ կերպով և սույն Կոնվենցիայի նպատակներին համապատասխան, նպաստում են.

ա) գիտական, տեխնիկական, տնտեսական և իրավական տեղեկատվության փոխանակմանը սույն Կոնվենցիայի գործողության ոլորտի շրջանակներում եղած քիմիական նյութերի վերաբերյալ, այդ թվում՝ տոքսիկոլոգիական, էկոտոքսիկոլոգիական բնույթի և անվտանգությանը վերաբերող,

բ) սույն Կոնվենցիայի նպատակներին առնչվող ազգային կանոնակարգային որոշումների վերաբերյալ լայնարձակ տեղեկատվության տրամադրմանը,

գ)  համապատասխան դեպքերում այլ Կողմերին անմիջականորեն կամ քարտուղարության միջոցով տեղեկատվության տրամադրմանը ներքին կանոնակարգային միջոցների վերաբերյալ, որոնք զգալիորեն սահմանափակում են քիմիական նյութի օգտագործման մեկ կամ մի քանի ձևերը:

2.  Ի կատարումն սույն Կոնվենցիայի՝ տեղեկատվության փոխանակում իրականացնող Կողմերը փոխադարձ հիմունքներով ապահովում են ցանկացած գաղտնի տեղեկատվության պահպանումը:

3. Սույն Կոնվենցիայի նպատակների առումով գաղտնի չի համարվում հետևյալ տեղեկատվությունը.

ա) 1-ին և 4-րդ Հավելվածներում պարունակվող տեղեկատվությունը, որը ներկայացվել է, համապատասխանաբար, ի կատարումն 5-րդ և 6-րդ հոդվածների,

բ) 13-րդ հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկատվությունը, որը ընդգրկված է անվտանգությանը վերաբերող տվյալների ձևերում,

գ) քիմիական նյութի պիտանիության ժամկետը,

դ) տեղեկատվություն նախազգուշական միջոցների, այդ թվում՝ վտանգավորության աստիճանի, ռիսկի բնույթի և անվտանգության վերաբերյալ համապատասխան հանձնարարականների մասին,

ե) տոքսիկոլոգիական և էկոտոքսիկոլոգիական ստուգումների արդյունքների համառոտագիրը:

4. Սույն Կոնվենցիայի նպատակների համար քիմիական նյութի արտադրման ամսաթիվը սովորաբար գաղտնի տեղեկատվություն չի համարվում:

5. Յուրաքանչյուր Կողմ, որին անհրաժեշտ է 3-րդ Հավելվածում ընդգրկված քիմիական նյութերի՝ իր տարածքով տարանցիկ փոխադրումների վերաբերյալ տեղեկատվություն, այդ անհրաժեշտության մասին հայտնում է քարտուղարությանը, որը համապատասխան ձևով տեղեկացնում է բոլոր Կողմերին:

 

Հոդված 15.

Կոնվենցիայի կատարումը

 

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիայի արդյունավետ իրագործման նպատակով իր ազգային ենթակառուցվածքի և հաստատությունների ստեղծման և ամրապնդման համար: Այդ միջոցներն, ըստ անհրաժեշտության, ընդգրկում են ազգային օրենսդրության ընդունում կամ փոփոխում կամ վարչական բնույթի գործողությունների իրականացում, ինչպես նաև կարող են նախատեսել.

ա) քիմիական նյութերի անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն պարունակող ազգային ռեգիստրների և տվյալների բազաների ստեղծում,

բ) արդյունաբերության կողմից առաջադրվող նախաձեռնությունների խրախուսում՝ քիմիական անվտանգության ապահովմանը աջակցելու նպատակով, և

գ) 16-րդ հոդվածի դրույթները հաշվի առնող կամավոր համաձայնությունների կնքմանն աջակցում:

2. Յուրաքանչյուր Կողմ, ինչքան որ գործնականում հնարավոր է, ապահովում է, որ հասարակայնությանը հասու լինի տեղեկատվությունը քիմիական նյութերի հետ վարվելու, վթարների դեպքում ձեռնարկվող միջոցների և այն այլընտրանքների մասին, որոնք ավելի անվտանգ են մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար, քան 3-րդ Հավելվածում թվարկված քիմիական նյութերը:

3. Կողմերը համաձայնվում են ուղղակի կամ, այնտեղ, ուր նպատակահարմար է, իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով համագործակցել ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով՝ սույն Կոնվենցիայի իրագործման համար:

4. Սույն Կոնվենցիայի դրույթներից որևէ մեկը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ կիրառել մարդու առողջությանը և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ավելի խիստ միջոցներ, քան նախատեսում է սույն Կոնվենցիան՝ պայմանով, որ այդ միջոցները համապատասխանեն սույն Կոնվենցիայի և միջազգային իրավունքի դրույթներին:

 

Հոդված 16.

Տեխնիկական օգնություն

 

Կողմերը, նկատի ունենալով, մասնավորապես, զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների պահանջները, համագործակցում են սույն Կոնվենցիայի իրականացմանը ծառայող քիմիական նյութերի ռացիոնալ օգտագործման բնագավառում անհրաժեշտ ենթակառուցվածքի և ներուժի զարգացման համար նախատեսված տեխնիկական օգնություն ցուցաբերելու գործում: Կողմերը, որոնք քիմիական նյութերի կարգավորման ոլորտում ունեն առավել առաջադեմ ծրագրեր, պետք է տեխնիկական օգնություն ցուցաբերեն այլ Կողմերին քիմիական նյութերի ռացիոնալ օգտագործման ողջ ընթացքում դրանց կառավարման ոլորտում ենթակառուցվածքի և ներուժի զարգացման գործում՝ ներառյալ կադրերի պատրաստման ապահովումը:

 

Հոդված 17.

Չկատարում

 

Կողմերի համաժողովը, գործնականում հնարավոր դառնալուց անմիջապես հետո, ուսումնասիրում է սույն Կոնվենցիայի դրույթների խախտման փաստը որոշելու և այդ դրույթները չկատարող ճանաչված Կողմերի վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու համար նախատեսված ընթացակարգերի և կազմակերպչական մեխանիզմների մշակման և ընդունման անհրաժեշտությունը:

 

Հոդված 18.

Կողմերի համաժողով

 

1. Սույնով ստեղծվում է Կողմերի համաժողով:

2. Կողմերի համաժողովի առաջին խորհրդակցությունը հրավիրվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրենի և Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության գլխավոր տնօրենի կողմից համատեղ՝ ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց: Հետագայում Կողմերի համաժողովի հերթական խորհրդակցությունները հրավիրվում են Կողմերի համաժողովի որոշած պարբերականությամբ:

3. Կողմերի համաժողովի արտահերթ խորհրդակցությունները հրավիրվում են այն ժամանակ, երբ համաժողովը դրանք անհրաժեշտ է համարում, կամ յուրաքանչյուր Կողմի գրավոր խնդրանքով՝ պայմանով, որ այդ խնդրանքը կպաշտպանի Կողմերի ոչ պակաս, քան մեկ երրորդը:

4. Կողմերի համաժողովը իր առաջին խորհրդակցության ժամանակ փոխհամաձայնության միջոցով համաձայնեցնում և ընդունում է ինչպես իր, այնպես էլ յուրաքանչյուր օժանդակ մարմնի ընթացակարգային և ֆինանսական կանոնները, ինչպես նաև քարտուղարության գործունեությունը կարգավորող ֆինանսական դրույթները:

5. Կողմերի համաժողովը մշտապես հետևում է սույն Կոնվենցիայի իրականացման ընթացքին և տալիս է համապատասխան գնահատական: Կոնվենցիայով ստանձնած գործառույթները կատարելու նպատակով.

ա) հաստատում է 6-րդ կետով նախատեսվող և այլ օժանդակ մարմիններ, որոնք, ըստ  ամենայնի, անհրաժեշտ է համարում սույն Կոնվենցիայի իրագործման համար,

բ) ըստ անհրաժեշտության՝ համագործակցում է իրավասու միջազգային կազմակերպությունների և միջկառավարական և ոչ կառավարական մարմինների հետ, և

գ) ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում ընդունում է լրացուցիչ միջոցներ՝ սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար:

6. Կողմերի համաժողովը իր առաջին խորհրդակցության ժամանակ սույն Կոնվենցիայով ստանձնած գործառույթները կատարելու նպատակով հաստատում է օժանդակ մարմին, որը կկոչվի Քիմիական նյութերի կոմիտե: Այդ կապակցությամբ՝

ա) Քիմիական նյութերի կոմիտեի անդամները նշանակվում են Կողմերի համաժողովի կողմից: Կոմիտեն կազմված է կառավարությունների կողմից նշանակված՝ սահմանափակ թվով քիմիական նյութերի կարգավորման բնագավառի փորձագետներից: Կոմիտեի անդամները նշանակվում են արդար աշխարհագրական բաշխման հիման վրա, այդ թվում՝ հաշվի է առնվում զարգացած և զարգացող երկրներ հանդիսացող Կողմերի բալանսավորված ներկայացուցչության ապահովումը,

բ) Կողմերի համաժողովը լուծում է Կոմիտեի գործունեության և աշխատանքների կազմակերպման ու վարման շրջանակների վերաբերյալ հարցը,

գ) Կոմիտեն ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ փոխհամաձայնեցման միջոցով իր հանձնարարականները ընդունելու համար: Եթե փոխհամաձայնության հասնելու բոլոր միջոցները սպառվել են, իսկ դրան չի հաջողվել հասնել, այդպիսի հանձնարարականը, որպես վերջին միջոց, ընդունվում է ներկա և քվեարկման մասնակցող ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:

7. Միավորված ազգերի կազմակերպությունը, նրա մասնագիտացված հաստատությունները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ինչպես նաև սույն Կոնվենցիայի Կողմ չհանդիսացող յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացված լինել Կողմերի համաժողովի խորհրդակցություններին՝ որպես դիտորդ: Յուրաքանչյուր այլ մարմին կամ հաստատություն, ազգային թե միջազգային, կառավարական թե ոչ կառավարական, որն աշխատանքի փորձ ունի Կոնվենցիայի գործունեության ոլորտին վերաբերող բնագավառներում և քարտուղարությանը հայտնել է իր ցանկությունը Կողմերի համաժողովի խորհրդակցությանը որպես դիտորդ ներկայացված լինելու մասին, կարող է մասնակից ճանաչվել, եթե դրա դեմ չի առարկում Կողմերի խորհրդակցությանը ներկաների առնվազն մեկ երրորդը: Դիտորդների թույլտվությունը և մասնակցությունը կարգավորվում են Կողմերի համաժողովում ընդունված ընթացակարգի կանոններով:

 

Հոդված 19.

Քարտուղարություն

 

1. Սույնով հաստատվում է քարտուղարություն:

2. Քարտուղարության վրա դրվում են հետևյալ գործառույթները.

ա) Կողմերի համաժողովի և նրա օժանդակ մարմինների խորհրդակցությունների կազմակերպում և սպասարկում՝  ներկա պահանջներին համապատասխան,

բ) Կողմերին օգնություն ցուցաբերելուն օժանդակում, առաջին հերթին՝ այն Կողմերին, որոնք զարգացող կամ անցումային տնտեսությամբ երկրներ են, սույն Կոնվենցիայի իրականացման գործում՝ իրենց խնդրանքի համաձայն,

գ) անհրաժեշտ համակարգման ապահովում այլ համապատասխան միջազգային մարմինների քարտուղարությունների հետ,

դ) Կողմերի համաժողովի ընդհանուր ղեկավարության ներքո այնպիսի վարչական և պայմանագրային համաձայնությունների կնքում, որոնք կարող են պահանջվել իր գործառույթների արդյունավետ կատարման համար, և

ե) սույն Կոնվենցիայով նախատեսված այլ քարտուղարական գործառույթների կատարում, այդ թվում՝ այն գործառույթների, որոնք կարող են որոշվել Կողմերի համաժողովի կողմից:

3.  Սույն Կոնվենցիայի շրջանակներում քարտուղարական գործառույթները կատարվում են համատեղ՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրենի և Միավորված ազգերի Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության գլխավոր տնօրենի կողմից՝ հաշվի առնելով նրանց միջև եղած պայմանավորվածությունները, որոնք համաձայնեցվում և հաստատվում են Կողմերի համաժողովի կողմից:

4. Կողմերի համաժողովը կարող է ներկա և քվեարկմանը մասնակցող Կողմերի ձայների երեք քառորդի մեծամասնությամբ որոշում ընդունել և հանձնարարել քարտուղարական գործառույթների կատարումը մեկ կամ մի քանի այլ իրավասու միջազգային կազմակերպությունների, եթե որոշի, որ քարտուղարական մեխանիզմը ի վիճակի չէ գործելու այնպես, ինչպես ենթադրվում էր:

 

Հոդված 20.

Վեճերի կարգավորում

 

1.  Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ բոլոր վեճերը Կողմերը կարգավորում են բանակցությունների կամ այլ խաղաղ ճանապարհով՝ իրենց ընտրությամբ:

2. Սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման կամ միանալու պահին կամ դրանից հետո տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություն չհանդիսացող յուրաքանչյուր Կողմ կարող է գրավոր դիմում ներկայացնել ավանդապահին առ այն, որ Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերում ինքը պարտադիր է ճանաչում իր վրա նույնանման պարտավորություն վերցրած այլ Կողմի հետ վեճերի կարգավորման հետևյալ միջոցներից մեկը կամ երկուսը.

ա) արբիտրաժային քննություն՝ հենց որ դա հնարավոր դառնա Կողմերի համաժողովի կողմից Հավելվածում ընդունված ընթացակարգի համաձայն, և

բ) վեճի փոխանցում միջազգային դատարան:

3. Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություն հանդիսացող Կողմը կարող է նման բնույթի հայտարարություն անել՝ արբիտրաժային քննության վերաբերյալ 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ընթացակարգի համաձայն:

4. 2-րդ կետի համաձայն արած հայտարարությունը մնում է ուժի մեջ մինչև դրա գործողության ժամկետի անցնելը՝ այդ հայտարարության պայմանների համաձայն կամ երեք ամիս անց այն բանից հետո, երբ դրա հետ վերցման մասին գրավոր ծանուցումը հանձնվել է ավանդապահի պահպանմանը:

5. Հայտարարության ժամկետի լրացումը, հետ վերցնելու մասին ծանուցումը կամ նոր հայտարարությունը որևէ կերպ չեն ազդում արբիտրաժային դատարանի կամ միջազգային դատարանի քննության տակ գտնվող գործերի վրա, եթե վիճող Կողմերը այլ համաձայնության չեն գալիս:

6. Եթե վիճող Կողմերը 2-րդ կետի համաձայն չեն ընդունել նույն կամ որևէ այլ ընթացակարգ, կամ եթե վեճի մասին մի Կողմի մյուս Կողմին հայտնելուց տասներկու ամիս հետո Կողմերը չեն կարողացել կարգավորել իրենց վեճը, այն, յուրաքանչյուր վիճող Կողմի խնդրանքով, ներկայացվում է հաշտեցնող համաժողով:
Հաշտեցնող հանձնաժողովը ներկայացնում է իր առաջարկություններով զեկույցը: Հաշտեցնող հանձնաժողովին վերաբերող լրացուցիչ ընթացակարգերը սահմանվում են հավելվածով, որն ընդունվում է Կողմերի Կոնֆերանսի կողմից ոչ ուշ քան Կոնֆերանսի երկրորդ հանդիպումը:

 

Հոդված 21.

Կոնվենցիայի ուղղումները

 

1. Կողմերից յուրաքանչյուրը կարող է սույն Կոնվենցիայի ուղղումներ առաջարկել:

2. Սույն Կոնվենցիայի ուղղումները ընդունվում են Կողմերի համաժողովի խորհրդակցության ժամանակ: Սույն Կոնվենցիայի ուղղումների տեքստերը քարտուղարությունը Կողմերին է ուղարկում նախքան այն խորհրդակցության սկսվելը, որտեղ դրանք պետք է ընդունվեն (ոչ ուշ, քան վեց ամիս առաջ): Քարտուղարությունը առաջարկված ուղղումների տեքստը ուղարկում է նաև սույն Կոնվենցիան ստորագրած երկրներին և ավանդապահին՝ ի գիտություն:

3. Կողմերը գործադրում են ամեն մի ջանք, որպեսզի սույն Կոնվենցիայի առաջարկած յուրաքանչյուր ուղղում ընդունվի փոխհամաձայնության միջոցով: Եթե փոխհամաձայնության հասնելու բոլոր միջոցները սպառվել են, իսկ համաձայնություն չի կայացվել, ապա ուղղումը, որպես վերջին միջոց, ընդունվում է ներկա ու քվեարկմանը մասնակցող Կողմերի ձայների երեք քառորդի մեծամասնությամբ:

4. Ուղղումը ավանդապահը ներկայացնում է բոլոր Կողմերին՝ վավերացման, ընդունման կամ հավանության համար:

5. Ավանդապահին գրավոր տեղեկացվում է ուղղումների վավերացման, ընդունման կամ հավանության մասին: 3-րդ կետի համաձայն ընդունված ուղղումները դրանք ընդունած Կողմերի համար ուժի մեջ են մտնում առնվազն Կողմերի երեք քառորդով՝ վավերագրի, ընդունման կամ հավանության մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից 90 օր հետո: Հետագայում յուրաքանչյուր այլ Կողմի համար ուղղումները ուժի մեջ են մտնում այդ Կողմի վավերագիրը, ընդունման կամ հավանության մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից 90 օր հետո:

 

Հոդված 22.

Հավելվածների ընդունում և ուղղումներ

 

1. Սույն Կոնվենցիայի Հավելվածները դրա անբաժանելի մասն են, և եթե այլ կերպ նախատեսված չէ, սույն Կոնվենցիան վկայակոչելը միևնույն ժամանակ նշանակում է վկայակոչել նրա որևէ Հավելվածը:

2. Հավելվածները սահմանափակվում են ընթացակարգային, գիտական, տեխնիկական կամ վարչական հարցերով:

3. Սույն Կոնվենցիայի լրացուցիչ Հավելվածների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար կիրառվում է հետևյալ ընթացակարգը.

ա) լրացուցիչ Հավելվածները առաջարկվում և ընդունվում են համաձայն 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նախատեսված ընթացակարգի,

բ) Յուրաքանչյուր Կողմ, որը չի կարող ընդունել լրացուցիչ Հավելվածը, այդ մասին գրավոր ծանուցում է ավանդապահին այդպիսի լրացուցիչ Հավելվածի մասին ավանդապահին հայտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Ավանդապահը անհապաղ բոլոր Կողմերին տեղեկացնում է յուրաքանչյուր այդպիսի ծանուցման մասին: Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահին հետ վերցնել նախկինում արած իր ծանուցումը որևէ լրացուցիչ Հավելվածի վերաբերյալ, որից հետո Հավելվածը ուժի մեջ կմտնի տվյալ Կողմի համար՝ ստորև բերվող «գ» ենթակետին համապատասխան, և

գ) լրացուցիչ Հավելվածի ընդունման մասին ավանդապահի հայտնելուց մեկ տարի անց այդ Հավելվածը ուժի մեջ է մտնում «բ» ենթակետի դրույթների համաձայն ծանուցում չներկայացրած բոլոր Կողմերի համար:

4. Բացի 3-րդ Հավելվածից՝ սույն Կոնվենցիայի Հավելվածներում ուղղումների առաջարկումը, ընդունումը և ուժի մեջ մտնելը կարգավորվում են ընթացակարգով, որը համանման է Կոնվենցիայի լրացուցիչ Հավելվածների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար ընդունված ընթացակարգին:

5. 3-րդ Հավելվածի ուղղումների առաջարկման, ընդունման և ուժի մեջ մտնելու համար կիրառվում է հետևյալ ընթացակարգը.

ա) 3-րդ Հավելվածի ուղղումները առաջարկվում և ընդունվում են համաձայն  5-9-րդ հոդվածներում և 21-րդ հոդվածի 2-րդ կետում շարադրված ընթացակարգի,

բ) Կողմերի համաժողովը կայացնում է որոշում փոխհամաձայնությամբ ընդունելու մասին:

գ) Ավանդապահը անհապաղ Կողմերին հայտնում է իր որոշումը 3-րդ Հավելվածում ուղղումներ մտցնելու մասին: Ուղղումները բոլոր Կողմերի համար ուժի մեջ են մտնում որոշման մեջ նշված ժամկետից:

6.  Եթե լրացուցիչ Հավելվածը կամ Հավելվածի ուղղումները կապված են սույն Կոնվենցիայի տեքստում ուղղում մտցնելու հետ, ապա լրացուցիչ Հավելվածը կամ ուղղումը ուժի մեջ են մտնում սույն Կոնվենցիայի ուղղումների ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հոդված 23.

Ձայնի իրավունք

 

1. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ ունի մեկ ձայն, բացառությամբ ստորև բերվող 2-րդ կետում նախատեսված դեպքի:

2. Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունը իր իրավասության հարցերի վերաբերյալ ձայնի իր իրավունքը կայացնում է ձայների այն քանակով, որը հավասար է սույն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող իր անդամ պետությունների քանակին: Այդ կազմակերպությունը չի իրականացնում ձայնի իր իրավունքը, եթե իր անդամ պետությունները այդ իրավունքն օգտագործում են և ընդհակառակը:

3. Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով՝ «ներկա ու քվեարկմանը մասնակցող Կողմեր» հասկացությունը նշանակում է՝ ներկա և «կողմ» կամ «դեմ» քվեարկող Կողմեր:

 

Հոդված 24.

Ստորագրում

 

Սույն Կոնվենցիան բոլոր պետությունների և տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների ստորագրման համար բաց է Ռոտերդամում՝ 1998թ. սեպտեմբերի 11-ին, և Միավորված ազգերի կազմակերպության Նյու Յորքի կենտրոնական հաստատություններում՝ 1998թ. սեպտեմբերի 12-ից մինչև 1999թ. սեպտեմբերի 10-ը:

 

Հոդված 25.

Վավերացում, ընդունում, հավանություն կամ միացում

 

1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման պետությունների կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից: Այն բաց է պետությունների և տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների միանալու համար այն պահից, երբ Կոնվենցիան փակ է ստորագրման համար: Վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթղթերը ավանդապահին հանձնվում են ի պահ:

2. Տնտեսական ինտեգրացման ամեն մի տարածաշրջանային կազմակերպություն, որը սույն Կոնվենցիայի Կողմ է դառնում, մինչդեռ իր անդամ պետություններից ոչ մեկը Կողմ չէ, պարտավորված է Կոնվենցիայից բխող բոլոր պարտավորություններով: Այն դեպքում, երբ մեկ կամ մի քանի անդամ պետություններ դառնում են Կոնվենցիայի Կողմ, այդ կազմակերպությունը և իր անդամ պետությունները որոշում են կայացնում Կոնվենցիայից բխող իրենց պարտավորությունների կատարման շրջանակներում համապատասխան պարտականությունների վերաբերյալ: Այդ դեպքում կազմակերպությունը և իր անդամ պետությունները չեն կարող միաժամանակ իրագործել Կոնվենցիայից բխող իրենց իրավունքները:

3. Վավերագրում, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթղթում տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունը հայտարարում է սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ իր իրավասության շրջանակները: Յուրաքանչյուր այդպիսի կազմակերպություն տեղեկացնում է նաև ավանդապահին այն մասին, թե ով պետք է Կողմերին հաջորդաբար տեղյակ պահի իր իրավասությունների ոլորտի համապատասխան փոփոխությունների մասին:

 

Հոդված 26.

Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերագիրը, ընդունման կամ միանալու մասին հիսուներորդ փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո 90-րդ օրը:

2. Յուրաքանչյուր պետության կամ տնտեսական ինտեգրացման ռեգիոնալ կազմակերպության համար, որը վավերացրել, ընդունել, հավանություն է տվել կամ միացել է Կոնվենցիային՝ վավերագիրը, ընդունման, հավանության կամ միանալու մասին հիսուներորդ փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության կողմից վավերագրի, ընդունման, հավանության կամ միանալու մասին իր փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը:

3. Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության կողմից պահպանման հանձնված ոչ մի փաստաթուղթ, 1-ին և 2-րդ կետերի նպատակներից ելնելով, չի համարվում լրացուցիչ այն փաստաթղթերի շարքում, որոնք հանձնվել են պահպանման այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից:

 

Հոդված 27.

Վերապահումներ

 

Սույն Կոնվենցիային ոչ մի վերապահում չի կատարվում:

 

Հոդված 28.

Դուրս գալը

 

1. Յուրաքանչյուր Կողմի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց երեք տարի անց այդ Կողմը ցանկացած պահի կարող է դուրս գալ Կոնվենցիայից՝ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

2. Դուրս գալու մասին ծանուցումը ուժի մեջ է մտնում ծանուցումը ավանդապահի ստանալուց մեկ տարի անց կամ այլ ավելի ուշ ժամկետում, որը կարող է նշվել դուրս գալու մասին ծանուցման մեջ:

 

Հոդված 29.

Ավանդապահ

 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի ավանդապահն է:

 

Հոդված 30.

Նույնական տեքստեր

 

Սույն Կոնվենցիայի բնագիրը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

Կատարված է Ռոտերդամում հազար ինը հարյուր իննսունութ թվականի սեպտեմբերի տասին:

 

 

Հավելված 1

5-րդ հոդվածի համաձայն ներկայացված ծանուցումներում եղած
տեղեկատվությանը վերաբերող պահանջներ

Ծանուցումները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը.

1. քիմիական հատկություններ, բացահայտում և կիրառման տեսակներ,

ա) ընդհանուր անվանում,

բ) քիմիական անվանումը միջազգային մակարդակով ընդունված անվանացուցակի շրջանակներում (օրինակ՝ Տնտեսական և կիրառական քիմիայի միջազգային միության (ՏԿՔՄՄ). այն դեպքերում, երբ այդպիսի անվանացուցակ գոյություն ունի,

գ) առևտրային անվանումներ և խառնուրդների անվանումներ,

դ) կոդերի համարներ՝ քիմիայի անալիտիկ տեսությունների պատրաստման ծառայության համարներ (KAC), մաքսային կոդերի համաձայնեցված համակարգ և այլ համարներ,

ե) տեղեկատվություն վտանգավորության դասակարգման մասին այն դեպքերում, երբ քիմիական նյութը համապատասխանում է դասակարգման մեջ ներկայացվող պահանջներին,

զ) օգտագործման ձևերը,

է) ֆիզիկա-քիմիական, տոքսիկոլոգիական և էկոտոքսիկոլոգիական հատկությունները:

2. Վերջնական կանոնակարգային որոշում.

ա) վերջնական կանոնակարգային որոշմանը վերաբերող տեղեկատվություն.

i) վերջնական կանոնակարգային որոշման ամփոփագիր,

ii) կանոնակարգային փաստաթղթի մեջբերում,

iii) վերջնական կանոնակարգային որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ,

iv) հաղորդում վերջնական կանոնակարգային որոշման ռիսկի/ վտանգի գնահատման հիման վրա ընդունելու վերաբերյալ և, դրական դեպքում, տեղեկատվություն այդպիսի գնահատականի վերաբերյալ, այդ թվում՝ համապատասխան փաստաթղթի մեջբերում,

v) մարդու առողջության կամ շրջակա միջավայրի պահպանության հարցերին վերաբերող վերջնական կանոնակարգային որոշման ընդունման պատճառներ,

vi) քիմիական նյութերի հետ կապված՝ մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար վտանգի և ռիսկի,  ինչպես նաև վերջնական կանոնակարգային որոշման ընդունման ենթադրվող հետևանքների համառոտագիր,

բ) օգտագործման տեսակների վերաբերյալ ընդունված վերջնական կանոնակարգային որոշումներ՝ ըստ այդ տեսակների.

i) վերջնական կանոնակարգային որոշմամբ արգելված օգտագործման տեսակ(ներ),

ii) թույլատրելի մնացած օգտագործման տեսակներ,

iii) արտադրվող, արտահանվող, ներմուծվող և օգտագործվող քիմիական նյութերի ծավալների գնահատում. նման գնահատման առկայության դեպքում,

գ) այլ պետություների և ռեգիոնների համար վերջնական կանոնակարգային որոշման այժմեականության աստիճանի նշում,

դ) ցանկացած այլ տեղեկատվություն հետևյալի մասին.

i) վերջնական կանոնակարգային որոշման ընդունման հետ կապված սոցիալ-տնտեսական հետևանքների գնահատում,

ii) տեղեկատվություն այլընտրանքների և դրանց հետ կապված ռիսկի վերաբերյալ, այդ թվում. 

ա) գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի համալիր ստրատեգիաներ,

բ) արտադրական մեթոդներ և գործընթացներ, այդ թվում՝ էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ:

 

 

Հավելված 2


Արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութերը
3-րդ Հավելվածի մեջ ընդգրկելու չափանիշներ

 

Քարտուղարության կողմից 5-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան ներկայացված ծանուցումները քննարկելիս Քիմիական նյութերի կոմիտեն.

ա) հաստատում է, որ վերջնական կանոնակարգային որոշումը ընդունվել է մարդու առողջության կամ շրջակա միջավայրի պահպանության նպատակով,

բ) պարզում է, որ վերջնական կանոնակարգային որոշումը ընդունվել է ռիսկի (վտանգի) գնահատման արդյունքների հիման վրա: Այդ գնահատականը պետք է հիմնավորված լինի գիտական տվյալների ամփոփումով՝ համապատասխան Կողմի գերակշռող պայմանների ենթատեքստով: Այդ առումով ներկայացվող փաստաթղթերից պետք է պարզ դառնա, որ.

i) տվյալները ստացվել են գիտականորեն հիմնավորված մեթոդներով,

ii) տվյալների տեսությունը կատարվել և արձանագրվել է ճանաչված գիտական սկզբունքների և ընթացակարգերի հիման վրա,

iii) վերջնական կանոնակարգային որոշումը ընդունվել է ռիսկի գնահատման արդյունքների հիման վրա՝ հաշվի առնելով այդ միջոցները ձեռնարկող Կողմի գերակշռող պայմանները,

գ) որոշում է՝ ապահովո՞ւմ է արդյոք վերջնական կանոնակարգային որոշումը բավականաչափ հնարավորություն քիմիական նյութը 3-րդ Հավելվածի մեջ ընդգրկելու համար՝ հաշվի առնելով հետևյալը.

i) բերել կամ բերելո՞ւ է, ինչպես սպասվում է, վերջնական կանոնակարգային որոշումը տվյալ քիմիական նյութի կամ դրա կիրառման տեսակների սպառման ծավալի զգալի կրճատման,

ii) բերե՞լ է արդյոք վերջնական կանոնակարգային որոշումը ռիսկի փաստացի նվազեցման, թե, ինչպես սպասվում է, զգալի նվազեցման այն Կողմի մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար, որը ներկայացրել է քննարկվող ծանուցումը,

iii) արդյոք վերջնական կանոնակարգային որոշման   ընդունման համար հիմք ծառայած մտահղացումները կիրառելի՞ են միայն սահմանափակ աշխարհագրական շրջանում կամ այլ սահմանափակ հանգամանքներում,

iv) կա՞ն արդյոք միջազգային մակարդակով այդ քիմիական նյութի՝ շարունակվող առևտրի փաստեր,

դ) հաշվի է առնում, որ կանխամտածված սխալ օգտագործումը ինքնին բավական հիմք չի ծառայում քիմիական նյութը 3-րդ Հավելվածի մեջ ընդգրկելու համար:

 

 

Հավելված 3

Էջ 1,  2

Նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի
գործողությանը ենթարկվող քիմիական նյութեր

 

Հավելված 4

Խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդները
3-րդ Հավելվածում ընդգրկելու վերաբերյալ
տեղեկատվություն և չափանիշներ

Մաս 1
Առաջարկող Կողմից պահանջվող փաստաթղթեր

6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացվող առաջարկությունները ուղեկցվում են համապատասխան փաստաթղթերով, որոնք հետևյալ տեղեկատվությունն են կրում.

ա) վտանգավոր պեստիցիդային խառնուրդի անվանումը,

բ) խառնուրդի ակտիվ բաղադրամասի անվանումը,

գ) խառնուրդում ակտիվ բաղադրամասի տոկոսային պարունակությունը,

դ) խառնուրդի տեսակը,

ե) առևտրային անվանումը(ները) և արտադրողի(ների) անվանումը(ները), եթե այդպիսիք կան,

զ) առաջարկող Կողմում պեստիցիդային խառնուրդի կիրառման լայն տարածված և ճանաչված տեսակները,

է) հիմնախնդրին առնչվող յուրաքանչյուր պատահարի հստակ նկարագիրը, այդ թվում՝ անբարենպաստ հետևանքները և պեստիցիդային խառնուրդի օգտագործման ձևը,

ը) բոլոր կանոնակարգային, վարչական կամ այլ միջոցները, որոնք առաջարկող Կողմը ընդունել է կամ, ինչպես սպասվում է, կընդունի այդպիսի պատահարներից հետո:


Մաս 2
Տեղեկատվություն, որը հավաքում է քարտուղարությունը

 

6-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ քարտուղարությունը իրականացնում է պեստիցիդային խառնուրդների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հավաքում, այդ թվում.

ա) պեստիցիդային խառնուրդների ֆիզիկա-քիմիական, տոքսիկոլոգիական և էկոտոքսիկոլոգիական հատկություններ,

բ) այլ պետություններում օգտագործման կամ մշակման հետ առնչվող սահմանափակումներ,

գ) այլ պետություններում պեստիցիդային խառնուրդների հետ կապված պատահարներ,

դ) տեղեկատվություն, որը ներկայացնում են մյուս Կողմերը, միջազգային կազմակերպությունները, ոչ կառավարական կազմակերպությունները, կամ որը ստացվում է այլ ազգային և միջազգային աղբյուրներից,

ե) առկա ռիսկի և/կամ վտանգի գնահատում,

զ) պեստիցիդային խառնուրդների օգտագործման չափերի մասին վկայող տեղեկատվություն, օրինակ՝ արձանագրված դեպքեր կամ արտադրության կամ վաճառքի ծավալը,

է) քննարկվող պեստիցիդի այլ խառնուրդներ և դրանց հետ կապված պատահարներ,

ը) գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի այլընտրանքային ձևեր,

թ) այլ տեղեկատվություն, որը Քիմիական նյութերի կոմիտեն որակում է որպես հարցին առնչվող:


Մաս 3
Խիստ վտանգավոր խառնուրդները 3-րդ Հավելվածում

ընդգրկելու չափանիշները

 

Քարտուղարության կողմից, 6-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, Քիմիական նյութերի կոմիտեին ուղարկված առաջարկները քննարկելիս Քիմիական նյութերի կոմիտեն նկատի է ունենում հետևյալ գործոնները.

ա) տվյալների հուսալիությունը, որոնք վկայում են այն մասին, որ պեստիցիդային խառնուրդի օգտագործումը, առաջարկող Կողմի շրջանակներում լայնորեն տարածված կամ ընդունված պրակտիկային համապատասխան, հանգեցրել է արձանագրված պատահարին(ներին),

բ) այդպիսի պատահարների կարևորությունը՝ համանման կլիմայով, պայմաններով և պեստիցիդային խառնուրդների օգտագործման բնույթով պետությունների համար,

գ) տեխնոլոգիաների կամ մեթոդների հետ կապված՝ մշակման կամ օգտագործման սահմանափակումների գոյություն, որոնք, ըստ ամենայնի, չեն ստանա ռացիոնալ կամ լայն կիրառում համապատասխան ենթակառուցվածք չունեցող պետություններում,

դ) արձանագրված հետևանքների կարևորությունը օգտագործած պեստիցիդային խառնուրդների ծավալի տեսակետից,

ե) որ կանխամտածված սխալ օգտագործումը բավարար հիմք չի հանդիսանում պեստիցիդային խառնուրդը 3-րդ Հավելվածում ընդգրկելու համար:

 

 

Հավելված 5


Պահանջներ, որոնք վերաբերում են արտահանման մասին
ծանուցման մեջ եղած տեղեկատվությանը

 

1. Արտահանման մասին ծանուցումները կրում են հետևյալ տեղեկությունները.

ա) արտահանող և ներմուծող Կողմերի նշանակած համապատասխան ազգային մարմնի անվանումը և հասցեն,

բ) ներմուծող Կողմ արտահանելուն իրականացման ենթադրվող ամսաթիվը,

գ) 1-ին Հավելվածում նշված՝ արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութի անվանումը և տեղեկատվական նյութերի համառոտագիրը: Այն դեպքերում, երբ խառնուրդը բաղկացած է ավելի քան մեկ այդպիսի քիմիական նյութից, 1-ին Հավելվածում նշված տեղեկատվությունը տրվում է յուրաքանչյուրի վերաբերյալ,

դ) դիմում, որտեղ նշվում է քիմիական նյութի ենթադրվող կատեգորիան և դրա կիրառման ենթադրվող տեսակը՝ ներմուծող Կողմի կիրառման տեսակի շրջանակներում (եթե այդպիսիք հայտնի են),

ե) տեղեկատվություն քիմիական նյութի ազդեցության ու դրա արտանետումների հետ կապված հետևանքների նվազեցմանն ուղղված նախազգուշական միջոցների մասին,

զ) լուծույթի կամ խառնուրդի դեպքում նշվում է արգելված կամ խիստ սահմանափակված քիմիական նյութի(երի) խտությունը,

է) ներմուծողի անվանումը և հասցեն,

ը) արտահանող Կողմի նշանակած ազգային մարմնի մոտ առկա որևէ լրացուցիչ տեղեկություն, որը կարող է օգտակար լինել ներմուծող Կողմի նշանակած ազգային մարմնին:

2. Բացի 1-ին կետում հիշատակված տեղեկություններից՝ արտահանող Կողմը, ներմուծող Կողմի խնդրանքով, ներկայացնում է 1-ին Հավելվածում սահմանված լրացուցիչ տեղեկությունները:

 

*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի փետրվարի 24-ից: