Գլխավոր տեղեկություն
Համար
N 190-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.04.2003-01.01.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.26/16(251) Հոդ.269
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2003 թվականի N 190-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում անհատական ծածկագրերի համակարգի ներդրման նպատակով և ի կատարումն «Անհատական ծածկագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 4, 7, 8, 9, 11 և 12-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) անհատական ծածկագիր հատկացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունն է (այսուհետ` լիազորված մարմին).

բ) անհատական ծածկագրերի հատկացումն ապահովող անհատական ծածկագրերի տեղեկատվական բազան ձևավորում և վարում է լիազորված մարմինը` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված` անհատական ծածկագրերի տեղեկատվական բազան վարող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) միջոցով:

2. Հաստատել`

ա) անհատական ծածկագրի ձևավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) անհատական ծածկագիր հատկացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) անհատական ծածկագրերի տեղեկատվական բազայի վարման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

դ) անհատական քարտի նկարագիրը` համաձայն N 4 հավելվածի.

ե) անհատական ծածկագրի հատկացմանն առնչվող փաստաթղթերի պահպանման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

զ) անհատական ծածկագրի հատկացման գործընթացում ներգրավված իրավասու մարմինների ցանկը` համաձայն N 6 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին`

ա) ապահովել սույն որոշման պահանջների կատարման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը.

բ) մինչև «Անհատական ծածկագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված ժամկետը լրանալը, 6-ամսյա պարբերականությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անհատական ծածկագրերի համակարգի ներդրման ընթացքի ու արդյունքների մասին հաշվետվություն և առաջարկություններ:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` 5-օրյա ժամկետում լիազորված մարմնին տրամադրել անհատական ծածկագրերի հատկացման համար անհրաժեշտ տվյալները:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` համապատասխան միջոցներ ձեռնարկել անհատական ծածկագրերի հատկացման համար անհրաժեշտ տվյալները 2003 թվականի հունվար ամսվանից սկսած լիազորված մարմնին տրամադրելու համար:

6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` համապատասխան միջոցներ ձեռնարկել սոցիալական ապահովագրության տարածքային կենտրոնների կողմից քաղաքացիներին անհատական ծածկագրերի հատկացման գործընթացը 2003 թվականի հունվար ամսվանից սկսած անխափան իրականացնելու համար:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` աջակցել Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի) տարածքում անհատական ծածկագրերի համակարգի ներդրման աշխատանքների իրականացմանը:

8. Հայաստանի Հանրապետության նախարարներին, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` համակողմանիորեն օժանդակել անհատական ծածկագրերի համակարգի ներդրման ծրագրի իրականացմանը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 21-ի N 281 որոշմամբ Կոտայքի մարզի Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածքում և Աբովյան քաղաքում փորձնական ծրագրի իրականացման ընթացքում անհատական համարանիշ (ծածկագիր) ստանալու համար քաղաքացիների ներկայացրած դիմումները (հայտերը) հիմք են հանդիսանում այդ անձանց անհատական ծածկագրերն ու օրենքով սահմանված մյուս անհատական տվյալներն անհատական ծածկագրերի տեղեկատվական բազայում ներառելու համար:

10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հնարավոր սեղմ ժամկետում քննության առնել «Նեմրութ» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատական ծածկագրերի համակարգի ներդրման և շահագործման հանրապետական ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող ճանաչելու հարցը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 25
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 30-ի N 190-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. Անհատական ծածկագիրը թվային տասը նիշերի համակցություն է, որը ձևավորվում է անհատական ծածկագիր ստանալու հայտի հիման վրա ներկայացված և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անհատական ծածկագրերի տեղեկատվական բազա մուտքագրված անհատական տվյալների` քաղաքացու սեռի, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի հիման վրա, ինչպես նաև պարունակում է օժանդակ հերթական եռանիշ համար և հսկիչ մեկ նիշ:

2. Ծածկագիրը ձևավորվում է հետևյալ ձևով`

ա) թվային նիշերի առաջին զույգն արտացոլում է քաղաքացու ծննդյան ամսաթիվն ու սեռը և կարող է լինել`

11-41 (11` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 41` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` տղամարդկանց համար,

51-81 (51` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 81` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` կանանց համար.

բ) թվային նիշերի երկրորդ զույգը (3-րդ և 4-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան ամիսն ու դարը և կարող է լինել`

01-12 (01` հունվար ամսին ծնված լինելու դեպքում, 12` դեկտեմբեր ամսին ծնված լինելու դեպքում)` 20-րդ դարի համար,

21-32 (21` հունվար ամսին ծնված լինելու դեպքում, 32` դեկտեմբեր ամսին ծնված լինելու դեպքում)` 21-րդ դարի համար,

41-52 (41` հունվար ամսին ծնված լինելու դեպքում, 52` դեկտեմբեր ամսին ծնված լինելու դեպքում)` 22-րդ դարի համար,

61-72 (61` հունվար ամսին ծնված լինելու դեպքում, 72` դեկտեմբեր ամսին ծնված լինելու դեպքում)` 23-րդ դարի համար,

81-92 (81` հունվար ամսին ծնված լինելու դեպքում, 92` դեկտեմբեր ամսին ծնված լինելու դեպքում)` 19-րդ դարի համար.

գ) թվային նիշերի երրորդ զույգը (5-րդ և 6-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան տարեթիվը և կարող է լինել 00-99.

դ) թվային նիշերի 3 զույգին հաջորդող թվային նիշերի եռյակը (7, 8 և 9-րդ նիշեր) արտացոլում է տվյալ օրը ծնված նույն սեռի քաղաքացիների` անհատական ծածկագրերի տեղեկատվական բազայում հաշվառման հերթական համարը և կարող է լինել 001-999.

ե) վերջին թվային նիշը հսկիչ նիշն է: Հսկիչ նիշի հաշվարկման կարգը սահմանում է լիազորված մարմինը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 30-ի N 190-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳԻՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

I. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Անհատական ծածկագրերի տրամադրումը կազմակերպվում է լիազորված մարմնի, կազմակերպության և իրավասու մարմինների միջոցով:

2. Քաղաքացիներն անհատական ծածկագիր ստանալու համար իրավասու մարմիններ են ներկայացնում «Անհատական ծածկագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հետևյալ տվյալները`

ա) անունը, ազգանունը և հայրանունը,

բ) ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը,

գ) սեռը,

դ) Հայաստանի Հանրապետության` մինչև 16 տարեկան քաղաքացիների համար ծննդյան վկայականի, իսկ 16 տարին լրացած քաղաքացիների համար` անձնագրի սերիան և համարը,

ե) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի սերիան և համարը,

զ) Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող և բնակվող, սակայն կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան և համարը,

է) փախստականի կարգավիճակ ունեցողների համար փախստականի վկայականի սերիան և համարը:

3. Անհատական տվյալները ներկայացվում են անհատական ծածկագիր ստանալու հայտի (այսուհետ` հայտ) հիման վրա:

4. Իրավասու մարմինները քաղաքացիներին տրամադրում են անհատական ծածկագիր ստանալու հայտերի ձևեր:

5. Հայտը լրացվում է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Հայտն ստորագրում է տվյալ քաղաքացին կամ նրա լիազորած անձը:

6. Մինչև 16 տարեկան քաղաքացու համար լրացված հայտն ստորագրում է նրա ծնողը (որդեգրողը) կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը, հոգաբարձուն): Խնամակալական կազմակերպության խնամքի տակ գտնվող` մինչև 16 տարեկան անձանց համար լրացված հայտն ստորագրում է խնամակալական կազմակերպության տնօրենը կամ նրա լիազորած անձը: Դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու հայտն ստորագրում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն:

7. Հայտի ձևը և դրա լրացման կարգը սահմանում է լիազորված մարմինը:

 

II. ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

8. Իրավասու մարմնի աշխատողն ստուգում է ներկայացված հայտի բոլոր դաշտերի` հայտի լրացման կարգի համաձայն լրացված լինելը:

Օտարերկրյա պետության համապատասխան մարմնի կողմից տրված անձը հաստատող փաստաթղթի հիման վրա անհատական ծածկագիր ստանալու համար հայտ ներկայացնելու դեպքում, հայտատուի ազգանունը, անունը և հայրանունը լրացվում են անձը հաստատող փաստաթղթի նոտարական կարգով վավերացված թարգմանության կամ հյուպատոսական ծառայության կողմից վավերացված փաստաթղթի, կամ համապատասխան մարմինների կողմից տրված ապոստիլի հիման վրա: Այս դեպքում իրավասու մարմնի աշխատողն ստուգում է նաև հայտում լրացված տվյալների և հայտը լրացնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերում առկա տվյալների համապատասխանությունը, որոնց պատճենները պահվում են իրավասու մարմնում, իսկ հայտերի հաշվառման մատյանի «Նշումներ» բաժնում լրացնում է «օտարերկրյա փաստաթուղթ» բառերը:

Քաղաքացու ներկայացրած հայտն ընդունելու վերաբերյալ գրառում է կատարվում հայտերի հաշվառման մատյանում, որի համապատասխան դաշտում ստորագրում է քաղաքացին:

Հայտերի հաշվառման մատյանի ձևը սահմանում է լիազորված մարմինը:

9. Իրավասու մարմնի աշխատողը լրացնում է հայտի և ստացականի համապատասխան դաշտերը և առանձնացնում ու քաղաքացուն է տալիս հայտի ստացականը:

10. Լրացված հայտերն իրավասու մարմին կարող է ներկայացնել անհատական ծածկագիր ստանալու համար դիմող քաղաքացին կամ այլ անձ: Այլ անձի կողմից ներկայացված հայտերն ստանալով` իրավասու մարմնի աշխատողը հայտերի հաշվառման մատյանի «Նշումներ» բաժնում լրացնում է հայտը ներկայացնողի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը:

11. Լրացման կարգի խախտմամբ լրացված հայտերն իրավասու մարմնի աշխատողի կողմից չեն ընդունվում: Նման դեպքում լրացվում է նոր հայտ:

 

III. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

12. Իրավասու մարմինը 10-օրյա պարբերականությամբ` լիազորված մարմնի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն, լիազորված մարմնի սահմանած կարգով կազմակերպություն է ուղարկում տվյալ ժամանակահատվածում ընդունված հայտերի խմբաքանակը:

13. Իրավասու մարմինը սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետում ընդունված հայտերից կազմում է կապոցներ: Յուրաքանչյուր կապոց պետք է պարունակի 500 հայտ (բացառություն հնարավոր է միայն խմբաքանակի վերջին կապոցի և սույն կարգի 20-րդ կետով սահմանված` հայտերի կապոցի համար):

14. Կապոցի փաթեթավորման կարգը սահմանում է լիազորված մարմինը:

15. Յուրաքանչյուր կապոցի համար լրացվում է տիտղոսաթերթ` երկու օրինակից և կնքվում իրավասու մարմնի կնիքով: Տիտղոսաթերթի մեկ օրինակը կցվում է կապոցին:

16. Տիտղոսաթերթի ձևը սահմանում է լիազորված մարմինը:

17. Հայտերի կապոցները կազմակերպություն ուղարկելիս լրացվում է ամփոփագիր` երկու օրինակից և կնքվում իրավասու մարմնի կնիքով:

Ամփոփագրի մեկ օրինակը կցվում է խմբաքանակին: Ամփոփագրի ձևը սահմանում է լիազորված մարմինը:

18. Կազմակերպություն ուղարկված տիտղոսաթերթերի և ամփոփագրերի երկրորդ օրինակները պահվում են իրավասու մարմնում:

 

IV. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՈՒՂԱՐԿՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ

 

19. Իրավասու մարմնի կողմից ընդունված, սակայն սահմանված ժամկետում որևէ պատճառով կազմակերպություն չուղարկված հայտերն իրավասու մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո ուղարկվում են կազմակերպություն:

20. Նշված հայտերը` անկախ թվից, խմբավորվում են առանձին կապոցներով` ըստ ձևավորման ժամանակահատվածի: Կազմվում է սահմանված ժամկետից ուշ ուղարկված հայտերի ցուցակ, որտեղ նշվում է հայտի համարը և հայտը կազմակերպություն ուղարկելու ամսաթիվը:

21. Կազմակերպությունում, սահմանված ժամկետում չուղարկված հայտերի կապոցները գրանցելիս, հայտերի հաշվառման մատյանների «Նշումներ» բաժնում գրառվում է «ուշացած հայտ» բառերը:

 

V. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

22. Կազմակերպության հայտեր ընդունող աշխատողը (այսուհետ` հայտեր ընդունող) լիազորված մարմնի սահմանած կարգով ստանում է հայտերի կապոցների խմբաքանակը:

23. Հայտեր ընդունողը, կազմակերպության հայտերը մուտքագրող աշխատողի (այսուհետ` օպերատոր) հետ միասին բացելով հայտերի կապոցը, հաշվում է տվյալ կապոցի պարունակած հայտերի թիվը, տիտղոսաթերթի վրա նշում հայտերի իրական թիվը և հանձնում օպերատորին` համապատասխան գրառումներ կատարելով մուտքագրման տրված հայտերի հաշվառման մատյանում:

Տիտղոսաթերթերի և ամփոփագրերի կրկնօրինակները պահվում են հայտեր ընդունող աշխատողի մոտ:

Մուտքագրման տրված հայտերի հաշվառման մատյանի ձևը սահմանում է լիազորված մարմինը:

24. Օպերատորը համակարգչային ծրագրով հայտերը մուտքագրելուց հետո դրանք հանձնում է կազմակերպության` հայտերի պահպանման արխիվի աշխատողին: Վերջինս համապատասխան գրառումներ է կատարում օպերատորից ստացված հայտերի հաշվառման մատյանում:

Օպերատորից ստացված հայտերի հաշվառման մատյանի ձևը սահմանում է լիազորված մարմինը:

25. Համակարգիչ մուտքագրված տվյալները կազմակերպությունում համադրվում են պետական կառավարման մարմիններից ստացված` անձնագրերի և ծննդյան վկայականների տվյալների ու անհատական ծածկագրերի տեղեկատվական բազայի տվյալների հետ, որի արդյունքում քաղաքացուն հատկացվում է անհատական ծածկագիր կամ մերժվում է քաղաքացու հայտը:

26. Քաղաքացուն անհատական ծածկագիր հատկացնելու դեպքում կազմակերպությունը, անհատական ծածկագրի ձևավորման կարգի համաձայն, համակարգչային ծրագրի միջոցով ձևավորում (գեներացնում) է տվյալ անձի անհատական ծածկագիրը:

27. Քաղաքացու անհատական ծածկագիրը և օրենքով սահմանված մյուս անհատական տվյալները ներառվում են անհատական ծածկագրերի տեղեկատվական բազայում և տպագրվում է քաղաքացու անհատական քարտը:

28. Անհատական քարտերը խմբավորվում են կապոցներով` ըստ իրավասու մարմինների: Քարտերը կապոցներում դասավորվում են այբբենական կարգով` ըստ քաղաքացիների ազգանունների առաջին տառերի:

29. Անհատական ծածկագիր ստանալու հայտը մերժվելու դեպքում, ըստ իրավասու մարմինների ձևավորվում և տպագրվում է մերժված հայտերի ցուցակ` նշելով մերժման պատճառը:

30. Կազմակերպությունը հայտերի մշակման արդյունքները (անհատական քարտերը) լիազորված մարմնի սահմանած կարգով, հայտերն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում ուղարկում է իրավասու մարմին` կցելով հայտերի մշակման արդյունքների վերաբերյալ լրացված և կնքված ամփոփագիրը:

Ամփոփագրի ձևը սահմանում է լիազորված մարմինը:

31. Իրավասու մարմին ուղարկված ամփոփագրերի կնքված կրկնօրինակները պահվում են կազմակերպությունում:

32. Անհատական քարտերի հետ իրավասու մարմին է ուղարկվում նաև մերժված հայտերի ցուցակը, իսկ իրավասու մարմնից ստացված ամփոփագրում նշված հայտերի թվի և փաստացի ստացված հայտերի թվի միջև տարբերություն լինելու դեպքում` չստացված (ավելի շատ ստացված) հայտերի համարների ցուցակ: Ուղարկվում է նաև հայտերի մշակման արդյունքների էլեկտրոնային բազան (մագնիսական կրիչով), որում ներառվում են հայտի համարը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը և անհատական ծածկագիրը կամ մերժման պատճառը:

 

VI. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

 

33. Անհատական ծածկագիր ստանալու հայտի ստացականում նշված ժամկետից հետո իրավասու մարմին այցելած քաղաքացու ներկայացրած ստացականի և (կամ) անձը հաստատող փաստաթղթի հիման վրա իրավասու մարմնի աշխատողը քաղաքացուն է տրամադրում նրա անհատական քարտը:

34. Եթե համակարգչային ծրագրով ստուգելիս պարզվում է, որ տվյալ անձի ներկայացրած հայտը մերժվել է, ապա իրավասու մարմնի աշխատողը համակարգչային ծրագրի միջոցով տպում է հայտը մերժելու պատճառի և կրկին դիմելու ընթացակարգի մասին պատասխանը և այն տրամադրում քաղաքացուն:

35. Եթե համակարգչային ծրագրով ստուգելիս պարզվում է, որ տվյալ անձի ներկայացրած հայտը ներառված է կազմակերպության կողմից չստացված հայտերի ցուցակում, ապա իրավասու մարմնի աշխատողը սահմանված ժամկետից ուշ ուղարկված հայտերի ցուցակով պարզում է այդ հայտի ուղարկման օրը և քաղաքացուն հայտնում անհատական քարտն ստանալու համար իրավասու մարմին այցելելու ժամկետը:

36. Անհատական քարտը կամ հայտը մերժելու պատճառի և կրկին դիմելու ընթացակարգի մասին պատասխանը քաղաքացուն տրամադրելու փաստը հաստատվում է հայտերի հաշվառման մատյանում քաղաքացու կամ նրա օրինական ներկայացուցչի ստորագրությամբ:

Անհատական քարտը քաղաքացու օրինական ներկայացուցչին հանձնելու դեպքում հայտերի հաշվառման մատյանի «Նշումներ» բաժնում լրացվում է քարտն ստացող անձի` անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը:

Քարտը քաղաքացու օրինական ներկայացուցչին կարող է հանձնվել միայն այդ փաստը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում (լիազորագիր և այլն):

 

VII. ՔԱՂԱՔԱՑՈՒ ԴԻՄԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՆՈՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏ ԿԱՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

37. Քաղաքացին դիմում է տեղեկատվական բազայում կուտակված իր անհատական տվյալներում փոփոխություններ կատարելու համար, եթե`

ա) բազայում կուտակված` իր անհատական տվյալներում առկա են անճշտություններ,

բ) փոխվել է քաղաքացուն վերաբերող` տեղեկատվական բազայում կուտակված որևէ անհատական տվյալ:

38. Սույն կարգի 37-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում քաղաքացին անձը հաստատող փաստաթղթի հիման վրա լրացնում է նոր անհատական քարտ ստանալու հայտ, որի հիման վրա քաղաքացուն տրամադրվում է նոր անհատական քարտ:

39. Նոր անհատական քարտ ստանալու հայտը ներկայացվում է անհատական ծածկագիր ստանալու հայտի ներկայացման համար սույն կարգով նախատեսված ընթացակարգով: Հայտի ձևը և լրացման կարգը սահմանում է լիազորված մարմինը:

40. Լրացված հայտն ստանալով` իրավասու մարմնի աշխատողն անձը հաստատող փաստաթղթի տվյալների հետ համապատասխանությունն ստուգելուց հետո հայտն ընդունելու մասին գրառում է կատարում հայտերի հաշվառման մատյանում` «Նշումներ» բաժնում գրառելով «նոր քարտի հայտ» բառերը: Հայտ ներկայացնելը հաստատվում է հայտի հաշվառման մատյանում քաղաքացու ստորագրությամբ:

41. Իրավասու մարմնի աշխատողը լրացնում է հայտի և ստացականի համապատասխան դաշտերը, առանձնացնում ու քաղաքացուն է տալիս լրացված հայտի ստացականը, ինչպես նաև վերադարձնում է անձը հաստատող փաստաթուղթը:

42. Նոր անհատական քարտ ստանալու հայտերը անհատական ծածկագիր ստանալու հայտերի հետ միասին խմբավորվում են` ձևավորելով կապոցներ և ուղարկվում են կազմակերպություն:

43. Նոր անհատական քարտ ստանալու հայտի ստացականում նշված ժամկետից հետո իրավասու մարմին ներկայացած քաղաքացիներին տրամադրվում են իրենց անհատական քարտերը կամ հայտը մերժելու վերաբերյալ պատասխանը: Նոր քարտը (հայտի պատասխանը) քաղաքացուն տրամադրելու փաստը հաստատվում է հայտերի հաշվառման մատյանում քաղաքացու ստորագրությամբ:

44. Քաղաքացուն անհատական քարտի կրկնօրինակ տրվում է`

անհատական քարտը կորցնելու դեպքում,

անհատական քարտը կիրառման համար ոչ պիտանի լինելու դեպքում:

45. Անհատական քարտի կրկնօրինակ ստանալու համար քաղաքացին անձը հաստատող փաստաթղթի հիման վրա լրացնում է անհատական քարտի կրկնօրինակ ստանալու հայտ:

46. Հետագա գործողություններն իրականացվում են սույն կարգի 40-44-րդ կետերով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 30-ի N 190-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Լիազորված մարմինն անհատական ծածկագրերի տեղեկատվական բազան (այսուհետ` տեղեկատվական բազա) վարելու և ծածկագրերի հատկացման գործընթացն իրականացնելու համար պետական կառավարման համապատասխան մարմիններից ստանում է հետևյալ տեղեկությունները`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից`

2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ վավեր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի, փախստականի վկայականի, կացության հատուկ կարգավիճակի անձնագրի սերիաները և համարները, դրանցում նշված` քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և սեռը,

2003 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիներին տրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի, փախստականի վկայականի, կացության հատուկ կարգավիճակի անձնագրի սերիաները և համարները, դրանցում նշված` քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր տալու համար հիմք հանդիսացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի սերիաներն ու համարները` 15-օրյա պարբերականությամբ,

2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ անվավեր համարված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի, փախստականի վկայականի, կացության հատուկ կարգավիճակի անձնագրի սերիաները և համարները, ինչպես նաև 2003 թվականի հունվարի 1-ից հետո անվավեր համարված` անձը հաստատող փաստաթղթերի սերիաներն ու համարները` 15-օրյա պարբերականությամբ:

Տվյալները տրամադրվում են մագնիսական կրիչով.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից`

2003 թվականի հունվարի 1-ից հետո` յուրաքանչյուր ամիս` տրամադրված մահվան ակտերի երկրորդ օրինակները` երկամսյա պարբերականությամբ,

2003 թվականի հունվարի 1-ից հետո` յուրաքանչյուր ամիս` տրամադրված ծննդյան ակտերի երկրորդ օրինակները` երկամսյա պարբերականությամբ,

2003 թվականի հունվարի 1-ից հետո` մինչև 18 տարեկան անձանց տրված ծննդյան վկայականների կրկնօրինակների և դրանց նախորդած ծննդյան վկայականների սերիաներն ու համարները` մեկամսյա պարբերականությամբ:

2-րդ ենթակետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված փաստաթղթերի երկրորդ օրինակները լիազորված մարմնին են տրամադրվում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջոցով` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն վերադարձնելու պայմանով:

2. Տվյալները տրամադրելու վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, որն ստորագրվում է տրամադրողի և ստացողի կողմից:

3. Տեղեկատվական բազայի վարումը ներառում է`

ա) անհատական ծածկագիր ստացած քաղաքացիների անհատական տվյալների մուտքագրումը տեղեկատվական բազա,

բ) տեղեկատվական բազայում առկա տվյալների` քաղաքացու հայտի հիման վրա փոփոխություններ կատարելը,

գ) պետական կառավարման համապատասխան մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա տեղեկատվական բազայում փոփոխություններ կատարելը,

դ) քաղաքացիների դիմելու դեպքում տեղեկատվական բազայից իրենց վերաբերող տվյալներ տրամադրելը,

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով այլ մարմիններին անհատական ծածկագրերի տեղեկատվական բազայում առկա տվյալները տրամադրելը:

4. Տեղեկատվական բազայում կուտակված և հետագայում փոփոխություն կրած տվյալները պետք է սկզբնական (նախնական) տեսքով պահպանվեն տեղեկատվական բազայի արխիվում:

5. Մահացած անձանց մասին ստացված տվյալների և անհատական ծածկագրերի բազայում առկա տվյալների համադրումով անհատական ծածկագրերի տեղեկատվական բազա է ներմուծվում անհատական ծածկագիր ստացած քաղաքացիների մահվան օրը, ամիսը և տարեթիվը:

6. Տեղեկատվական բազայի վարման տեխնիկական ապահովումն իրականացվում է լիազորված մարմնի սահմանած կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 30-ի N 190-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Անհատական քարտը (այսուհետ` քարտ) քաղաքացու անհատական ծածկագիրը հավաստող փաստաթուղթ է:

Քարտը բաղկացած է մեկ թերթից, չափսը` 54 x 85 մմ:

Քարտի վերևի ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից աջ` գլխատառերով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», դրանից ներքև` «ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏ» բառերը:

«ԱՆՀԱՏԱԿԱՆ ՔԱՐՏ» բառերից ներքև քարտի երկայնքով տեղ է հատկացված կենտրոնում` քաղաքացու անհատական ծածկագիրը տպագրելու, իսկ դրանից ներքև` անհատական ծածկագիրն արտահայտող գծիկավոր ծածկագիրը տպագրելու համար: Դրանից ներքև, քարտի ձախ մասում վերևից ներքև հաջորդականությամբ տպագրվում են «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ՀԱՅՐԱՆՈՒՆԸ» բառերը, որոնց դիմաց տեղ է հատկացած համապատասխան տվյալները տպագրելու համար: Քարտի աջ մասում տպագրվում են «ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Է» բառերը, որոնց տակ տեղ է հատկացված անհատական քարտը տրամադրելու օրը, ամիսը և տարեթիվը տպագրելու համար:

Քարտի ներքևում տպագրվում է «ՀԻՄՔ» բառը, որի դիմաց տեղ է հատկացած անհատական քարտը տրամադրելու համար հիմք հանդիսացած անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը տպագրելու համար:

Քարտի հակառակ երեսին տպագրվում է հետևյալ տեքստը.

«Ձեր ծածկագիրը եզակի է և փոփոխման ենթակա չէ:

Այս քարտը Ձեր անհատական ծածկագիրը հավաստող պաշտոնական փաստաթուղթն է:

Քարտը պահեք խնամքով:

Քարտը կորցնելու կամ գործածության համար այն ոչ պիտանի դառնալու դեպքում կարող եք դիմել կրկնօրինակ ստանալու համար:

Ծածկագրի կամ քարտի ապօրինի կիրառումը պատասխանատվություն է առաջացնում օրենքով սահմանված կարգով»:

Քարտի նույն երեսին, ներքևի ձախ մասում պատկերվում է անհատական ծածկագիր հատկացնող լիազոր մարմնի խորհրդանիշը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 30-ի N 190-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

1. Անհատական ծածկագիր ստանալու հայտերի հաշվառման մատյանը կարվում է և կնքվում իրավասու մարմնի ու կազմակերպության կնիքներով, իսկ էջերը համարակալվում են: Մատյանի վարման համար պատասխանատու է իրավասու մարմնի հայտեր ընդունող աշխատողը: Մատյանի բոլոր էջերը լրանալուց հետո մատյանի վրա նշվում է լրանալու ամսաթիվը, կնքվում իրավասու մարմնի կնիքով և պահվում իրավասու մարմնում` 3 տարի ժամանակով:

2. Կազմակերպություն ուղարկված տիտղոսաթերթերի և ամփոփաթերթերի երկրորդ օրինակներն իրավասու մարմնում կարվում և պահվում են առանձին թղթապանակում` ժամանակագրական կարգով: Ընթացիկ տարին ավարտվելուց հետո տիտղոսաթերթերը և ամփոփաթերթերը կարվում են, կնքվում իրավասու մարմնի կնիքով և պահվում են իրավասու մարմնում` 3 տարի ժամանակով:

3. Իրավասու մարմնից ստացված ամփոփաթերթերի և տիտղոսաթերթերի կրկնօրինակները կազմակերպությունում կարվում և պահվում են համապատասխան իրավասու մարմնից ստացված գրությունների համար նախատեսված թղթապանակում` ժամանակագրական կարգով: Ընթացիկ տարին ավարտվելուց հետո ամփոփաթերթերը և տիտղոսաթերթերը կարվում և կնքվում են: Ամփոփաթերթերն ու տիտղոսաթերթերը (կրկնօրինակները) պահվում են կազմակերպությունում ըստ մարզերի` 3 տարի ժամանակով:

4. Մուտքագրման տրված հայտերի հաշվառման մատյանը կազմակերպությունում կարվում է և կնքվում կազմակերպության կնիքով, իսկ էջերը համարակալվում են: Մատյանը վարելու համար պատասխանատու է կազմակերպության հայտեր ընդունող աշխատողը: Մատյանի բոլոր էջերը լրանալուց հետո նշվում է լրանալու ամսաթիվը, կնքվում կազմակերպության կնիքով և պահվում է կազմակերպությունում` 3 տարի ժամանակով:

5. Օպերատորից ստացված հայտերի հաշվառման մատյանը կազմակերպությունում կարվում է և կնքվում կազմակերպության կնիքով: Մատյանը վարելու պատասխանատուն կազմակերպության արխիվի աշխատողն է: Մատյանի բոլոր էջերը լրանալուց հետո նշվում է լրանալու ամսաթիվը, մատյանը կնքվում է և պահվում կազմակերպությունում` 3 տարի ժամանակով:

6. Արխիվ հանձնված հայտերը կազմակերպությունում կարվում են համապատասխան տիտղոսաթերթի հետ և պահվում ժամանակագրական կարգով` ըստ իրավասու մարմինների` 10 տարի ժամանակով:

7. Կազմակերպության կողմից ուղարկված ամփոփաթերթերն իրավասու մարմնում պահվում են առանձին թղթապանակում` ըստ ժամանակագրական կարգի: Ընթացիկ տարին ավարտվելուց հետո ամփոփաթերթերը կարվում են, կնքվում իրավասու մարմնի կնիքով և պահվում իրավասու մարմնում` երեք տարի ժամանակով` մինչև սահմանված կարգով արխիվացնելը:

8. Իրավասու մարմիններ ուղարկված ամփոփաթերթերի կնքված կրկնօրինակները կազմակերպությունում պահվում են ըստ իրավասու մարմինների` առանձին թղթապանակներում, ժամանակագրական կարգով: Ընթացիկ տարվա ավարտից հետո ամփոփաթերթերը կարվում են, կնքվում և հանձնվում արխիվ: Ամփոփաթերթերը կազմակերպությունում պահվում են ըստ իրավասու մարմինների (մարզերի)` 3 տարի ժամանակով` մինչև սահմանված կարգով արխիվացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 30-ի N 190-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության տարածքային կենտրոններ

2. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ և Երևան քաղաքի թաղային համայնքների սոցիալական ծառայությունների մարմիններ

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային ստորաբաժանումներ

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարածքային մարմիններ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2003, N 1783-Ն 01.01.2004, N 190-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան