Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.02.2003-29.09.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.26/12(247) Հոդ.194
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.05.2022

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2003 թվականի N 42-Ն

 

 

ԱՌԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի երկրորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել առանց բարձրագույն կրթության ոստիկանության ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին ավելի բարձր պաշտոնի նշանակելու նպատակով երկամյա պարտադիր ուսուցում անցնելու կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. հունվարի 31

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 42-Ն որոշման

 

ԱՌԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են առանց բարձրագույն կրթության ոստիկանության ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին (այսուհետ՝ ծառայողներ) ավելի բարձր պաշտոնի նշանակելու նպատակով երկամյա պարտադիր ուսուցում անցնելու կարգն ու պայմանները:

2. Առանց բարձրագույն կրթության ոստիկանության ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներն ատեստավորման դրական արդյունքների դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կարող են նշանակվել ավելի բարձր պաշտոնի՝ ոստիկանության ուսումնական հաստատությունում երկամյա պարտադիր ուսուցում անցնելուց հետո:

3. Ծառայողը զեկուցագրով դիմում է իր անմիջական ղեկավարին՝ երկամյա ուսուցում անցնելու ցանկության մասին: Ղեկավարի կողմից ոստիկանության կադրային ստորաբաժանում են ուղարկվում ծառայողի ուսումնառության վերաբերյալ միջնորդագիր և ծառայողական բնութագիր:

4. Ծառայողին ուսումնառության ուղարկելու վերաբերյալ եզրակացությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից՝ ոստիկանության կադրային ստորաբաժանման ներկայացմամբ:

5. Ծառայողին ուսումնառության ընդգրկելու մասին հրամանը տրվում է ուսումնական հաստատության ղեկավարի կողմից:

6. Ծառայողների ուսուցումն իրականացվում է հեռակա ուսուցման ձևով՝ ուսումնական հաստատությունում հեռակա ուսուցման համար սահմանված կարգով:

7. Ուսուցումը կազմակերպվում է ըստ ուսումնական հաստատությունում առկա մասնագիտացումների՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն, վարչաիրավական, համազորային-հրամանատարական:

8. Ուսուցման գործընթացը կազմակերպվում է սույն կարգով, ուսումնառության վերաբերյալ օրենսդրական ու գերատեսչական ակտերով և ուսումնաթեմատիկ պլաններով:

Ուսումնական պլանները մշակում է ուսումնական հաստատությունը՝ ոստիկանության կադրային ստորաբաժանման հետ համատեղ: Ուսումնական պլանը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրա տեղակալի կողմից:

Առարկայական ծրագրերը և թեմատիկ պլանները մշակվում են ուսումնական հաստատությունում և հաստատվում ուսումնական հաստատության ղեկավարի կողմից:

9. Յուրաքանչյուր քննաշրջանի ավարտից հետո ուսումնական հաստատության կողմից ծառայողներին տրվում է ուսումնական պլանով նախատեսված պահանջների կատարման մասին տեղեկանք՝ ծառայության վայր ներկայացնելու համար:

10. Ուսումնառության ընթացքում բավարար առաջադիմություն ցուցաբերած այն ծառայողներին, ովքեր կատարել են ուսումնական պլանով նախատեսված բոլոր պահանջները՝ ստուգողական և կուրսային աշխատանքների, ստուգարքների և քննությունների հանձնումը, թույլատրվում է մասնակցել ավարտական քննություններին:

11. Ավարտական քննությունները հանձնած ծառայողներին տրվում է վկայական՝ համապատասխան որակավորմամբ, որը հիմք է հանդիսանում ծառայողին ավելի բարձր պաշտոնի նշանակելու համար:

12. Ուսումնառության ընթացքում անբավարար առաջադիմություն ցուցաբերած ծառայողների ուսումնառությունը դադարեցվում է:

13. Ծառայողի ազատումն ուսումնական հաստատությունից, ինչպես նաև նրա ուսումնառության դադարեցումը կատարվում է ուսումնական հաստատության կանոնակարգի համաձայն՝ ընդ որում՝

ա) ծառայողներն ազատվում են ուսումնառությունից ուսումնական հաստատության ղեկավարի միջնորդագրով, որն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրային ստորաբաժանում՝ կից ներկայացնելով հեռացման հիմքերը (ֆակուլտետի խորհրդի որոշում, ծառայողական քննության եզրակացություն և այլն):

Կադրային ստորաբաժանման կողմից ծառայողին ուսումնառությունից ազատելու մասին եզրակացությունը ներկայացվում է ՀՀ ոստիկանության պետի հաստատմանը.

բ) ծառայողի ուսումնառությունը դադարեցվում է իր զեկուցագրի համաձայն:

14. Ուսումնական հաստատությունից ազատված ծառայողը նույն ուսումնական հաստատությունում վերականգնման ենթակա չէ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան