Գլխավոր տեղեկություն
Համար
N 2171-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.03.2003-27.04.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.20/10(245) Հոդ.164
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.09.2013

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

28 հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2171-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ (ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու (մրցույթին մասնակցելու) կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման կիրառման նպատակով գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա.Մարգարյան


2003 թ. հունվարի 17
Երևան

  

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 19-ի N 2171-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ (ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության (այսուհետ` հարկային ծառայություն) թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու և մրցույթին մասնակցելու կարգը:

2. Մրցույթով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

3. Հարկային ծառայության թափուր պաշտոն է համարվում հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված՝ սահմանված կարգով չզբաղեցված պաշտոնը:

4. Մրցույթ չի անցկացվում հարկային ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն առաջանալու դեպքում:

5. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի «Դ» խմբում թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթին (բաց մրցույթ) մասնակցելու իրավունք ունեն հարկային ծառայողները, ինչպես նաև օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների պահանջները բավարարող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

6. Օրենքի համաձայն հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի «Ա», «Բ» և «Գ» խմբերում թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթին (փակ մրցույթ) մասնակցելու իրավունք ունեն հարկային ծառայողները, ինչպես նաև ֆինանսական, բանկային, մաքսային մարմիններում, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմինների ֆինանսական ծառայություններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում առնվազն 5 տարվա հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անհրաժեշտ մասնագիտություններին համապատասխան մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և օրենքի 12-րդ ու 13-րդ հոդվածների պահանջները բավարարող քաղաքացիները:

7. Հարկային ծառայողի մրցույթին մասնակցելու ժամանակահատվածը համարվում է աշխատանքից հարգելի բացակայություն:

8. Հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է հարկային ծառայության մարմնի մրցութային և ատեստավորման ստորաբաժանումը:

9. Մրցույթն անցկացնում է հանձնաժողովը:

10. Մրցույթն անցկացվում է 2 մասով` թեստավորում և հարցազրույց:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Մրցույթն անցկացնելու մասին հայտարարությունը (այսուհետ՝ հայտարարություն) հրապարակում է հարկային ծառայության մարմինը:

12. Բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է բաց մրցույթի անցկացումից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով ու Ինտերնետում՝ հարկային ծառայության պաշտոնական էջում: Հայտարարությունը կարող է պարբերաբար հրապարակվել՝ մինչև սույն կարգի 13-րդ կետի «ե» ենթակետում նշված ժամկետը:

13. Հայտարարության մեջ պետք է պարունակվեն առնվազն հետևյալ տվյալները՝

ա) հարկային ծառայության թափուր պաշտոնի անվանումը և պաշտոնի նկարագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

բ) հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

գ) օրենքով հարկային ծառայության տվյալ պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը.

դ) մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.

ե) փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ մրցույթի մասին հայտարարության առաջին հրապարակումից առնվազն 15 օր հետո և մրցույթն սկսվելու՝ սույն կետի «զ» ենթակետով նախատեսված ժամկետից առնվազն 3 օր առաջ.

զ) մրցույթն սկսվելու օրը, ժամը և վայրը.

է) հանձնաժողովի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

14. Մրցույթին մասնակցելու համար սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված հարկային ծառայողները և քաղաքացիները (այսուհետ` քաղաքացիներ) հարկային ծառայության մարմնի մրցութային և ատեստավորման ստորաբաժանում են ներկայացնում՝

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անվամբ՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին).

բ) հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

գ) տեղեկանք (տեղեկանքներ) հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.

դ) հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հարկային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.

ե) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական (եթե այդպիսիք կան).

զ) 2 լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացին սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

Սույն կետով նախատեսված փաստաթղթերից բացի, այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:

15. Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի ավարտից հետո մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների դատվածության մասին տեղեկանք (տեղեկանքներ) ստանալու նպատակով հարցմամբ դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Վերջինս սույն կետում նշված հարցումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով է ներկայացնում պահանջվող տեղեկանքը (տեղեկանքները):

16. Հարկային ծառայության մարմնի մրցութային և ատեստավորման ստորաբաժանումում վարվում է մրցույթների մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման մատյան, որտեղ նշվում են դիմողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, բնակության վայրը (հասցեն), նրա կողմից ներկայացված փաստաթղթերի ցանկը:

17. Մրցույթին մասնակցելու համար դիմած անձը, որպես կանոն, կարող է մինչև մրցույթի նախորդ օրը գրավոր հրաժարվել մրցույթին մասնակցելուց և հարկային ծառայության մարմնի մրցութային և ատեստավորման ստորաբաժանումից հետ վերցնել իր ներկայացրած փաստաթղթերը: Գրառման մատյանում կատարվում է դրա մասին համապատասխան նշում:

18. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա հանձնաժողովի կողմից ընդունվում է որոշում մրցույթը չկայացած համարելու մասին և այն ներկայացվում է հարկային ծառայության մարմնի ղեկավարին:

Հարկային ծառայության մարմնի մրցութային և ատեստավորման ստորաբաժանումը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու (բացառությամբ սույն կարգի 17-րդ կետում նշվածների) վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը մրցույթից առնվազն 3 օր առաջ ներկայացնում է հանձնաժողով:

19. Հանձնաժողովի նախագահը հարկային ծառայության մարմնի մրցութային և ատեստավորման ստորաբաժանումից ստանում է թափուր պաշտոնի նկարագրի օրինակը և դիմող քաղաքացիների թվին համապատասխան ամփոփաթերթեր (2 օրինակից): Ամփոփաթերթերի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքվում է ձախ կողմից կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը՝ ներքևի ձախ մասում:

20. Հանձնաժողովը, մինչև թեստավորման մասի սկիզբը, գումարած նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և ընդունում համապատասխան որոշում՝ մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու համար: Հանձնաժողովն իր որոշմամբ քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե առկա է օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներով սահմանված հիմքերից որևէ մեկը, կամ քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են: Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրել և լսել նաև մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացուն: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ՝ մասնակիցներ) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև թեստավորման մասի սկիզբը:

Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ապա հանձնաժողովի կողմից ընդունվում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում և այն ներկայացվում է հարկային ծառայության մարմնի ղեկավարին:

21. Հանձնաժողովը, մինչև թեստավորման մասի սկիզբը, համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրում է տվյալ մրցույթի թեստավորումն անցկացնելու համար հարցեր (խնդիրներ) և կազմում թեստերի առաջադրանքներ՝ հետևյալ չափաբաժիններով` ըստ հարկային ծառայության պաշտոնների և համապատասխան բնագավառների՝

ա) հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի «Ա» խմբում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 40 թեստ, որոնցից`

4-ը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,

8-ը՝ հարկային ծառայության մասին օրենսդրություն,

17-ը՝ հարկային օրենսդրության ընդհանուր հարցեր,

9-ը՝ հարկային մարմնի (կառուցվածքային ստորաբաժանման) իրավասություններին առնչվող իրավական ակտեր,

2-ը՝ համապատասխան պաշտոնի նկարագրով նախատեսված պահանջների իմացություն.

բ) հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի «Բ» խմբում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 30 թեստ, որոնցից`

3-ը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,

6-ը՝ հարկային ծառայության մասին օրենսդրություն,

13-ը՝ հարկային օրենսդրության ընդհանուր հարցեր,

6-ը՝ հարկային մարմնի (կառուցվածքային ստորաբաժանման) իրավասություններին առնչվող իրավական ակտեր,

2-ը՝ համապատասխան պաշտոնի նկարագրով նախատեսված պահանջների իմացություն.

գ) հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի «Գ» խմբում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 25 թեստ, որոնցից`

3-ը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,

5-ը՝ հարկային ծառայության մասին օրենսդրություն,

10-ը՝ հարկային օրենսդրության ընդհանուր հարցեր,

5-ը՝ հարկային մարմնի (կառուցվածքային ստորաբաժանման) իրավասություններին առնչվող իրավական ակտեր,

2-ը՝ համապատասխան պաշտոնի նկարագրով նախատեսված պահանջների իմացություն.

դ) հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի «Դ» խմբում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ 20 թեստ, որոնցից`

2-ը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,

4-ը՝ հարկային ծառայության մասին օրենսդրություն,

8-ը՝ հարկային օրենսդրության ընդհանուր հարցեր,

4-ը՝ հարկային մարմնի (կառուցվածքային ստորաբաժանման) իրավասություններին առնչվող իրավական ակտեր,

2-ը՝ համապատասխան պաշտոնի նկարագրով նախատեսված պահանջների իմացություն:

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

22. Թեստավորումն անցկացվում է գրավոր, եթե տեխնիկական պատճառներով հնարավոր չէ թեստավորումը համակարգչի միջոցով անցկացնելը:

23. Թեստավորումն անցկացվում է առանձնացված սենյակում (սրահ, լսարան, դահլիճ և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով: Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, ֆիզիկապես ոչ լիարժեք մասնակիցների՝ մրցույթին մասնակցելու համար ստեղծում է համապատասխան պայմաններ:

24. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարն ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ, որտեղ մասնակիցը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:

25. Թեստավորման մասնակիցներին արգելվում է իրենց հետ տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր սենյակ ներս բերելը:

26. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորումն սկսվելուց առաջ մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը և պատասխանում մասնակիցների բոլոր հարցերին:

27. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է սույն կարգի 19-րդ կետում նշված ամփոփաթերթ՝ 2 օրինակից: Մասնակիցը հանձնաժողովի անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և, այն անջատելով հիմնական մասից, գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված՝ կնքված արկղի մեջ:

28. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտի մաքրումն արգելվում է: Մաքրելու դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

29. Գրավոր թեստավորման ժամանակ մասնակիցները կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքները: Առաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից) և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է:

30. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքները մասնակիցներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

31. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ մասնակիցները կտրոններն ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված՝ կնքված արկղի մեջ գցելուց հետո թեստավորման առաջադրանքներն ստանում են համակարգչի միջոցով՝ մոնիտորի վրա: Այդ առաջադրանքները նույնպես կազմված են հարցերից (խնդիրներից) և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է:

32. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում՝ ընտրելով մեկ (իր կարծիքով՝ ճիշտ) պատասխանը:

33. Թեստավորումը համակարգչով անցկացվելու դեպքում մասնակիցը յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որոնք պահպանվում են համակարգչում:

34. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև՝ դուրս գալ սենյակից: Մասնակցի կողմից սենյակը լքելու դեպքում վերջինիս աշխատանքը համարվում է ավարտված:

35. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

36. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի (խնդրի) պատասխանը համարվում է սխալ պատասխան:

37. Թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց կամ նախքան այդ` աշխատանքն ավարտելուց անմիջապես հետո, մասնակիցն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում հանձնաժողովին: Մասնակիցը, աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

38. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ, թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց կամ նախքան այդ` մասնակիցն աշխատանքն ավարտելուց հետո, համակարգչով աշխատող օպերատորի օգնությամբ, հանձնաժողովի նախագահի ներկայությամբ՝ իր ամփոփաթերթի 2 օրինակի հիմնական մասերի վրա տպում է առաջադրանքի կատարման արդյունքները և համակարգչի կատարված վերլուծությունը՝ արտահայտված տոկոսով: Մասնակիցն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ և, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

39. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է՝

ա) հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի «Ա» խմբում թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում՝ 80 րոպե,

բ) հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի «Բ» խմբում թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում՝ 60 րոպե,

գ) հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի «Գ» խմբում թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում՝ 50 րոպե,

դ) հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի «Դ» խմբում թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում՝ 40 րոպե:

40. Թեստավորման ավարտից 10 րոպե առաջ մասնակիցներին հիշեցվում է դրա մասին:

41. Թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարվելուց հետո մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում զրո միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:

 

V. ԹԵՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

42. Հանձնաժողովի անդամները, նախապես ստուգելով ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների ու հիմնական մասերի քանակը՝ կազմելով համապատասխան արձանագրություն:

Համակարգչով գրավոր աշխատանքներն ստուգելու համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչով աշխատող օպերատորին, որը տեսաներածիչի (սկաներ) միջոցով մուտքագրում է յուրաքանչյուր մասնակցի պատասխանների ամփոփաթերթի տվյալները: Համակարգչային ծրագիրը կատարում է տվյալ ամփոփաթերթի պատասխանների վերլուծությունը և մոնիտորի վրա դուրս է բերում արդյունքը՝ արտահայտված տոկոսով: Արդյունքը տպվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:

43. Սույն կարգի 42-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված տեխնիկական պայմանների բացակայության դեպքում, գրավոր աշխատանքների ստուգման համար, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ օպերատորը համակարգչի միջոցով դուրս է բերում թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները (ձևանմուշը), որոնց հիման վրա հանձնաժողովի անդամները համատեղ մեկ առ մեկ ստուգում են մասնակիցների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:

Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը և տոկոսը, որոնք նշվում են ամփոփաթերթի հիմնական մասի վրա, որը կնքվում և ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից:

44. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն կարգի 36-րդ կետում նշված դեպքերը:

45. Ստուգման աշխատանքների ավարտից հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ:

46. Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտի մաքրումից հետո բարձրաձայն հայտարարվում են ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որոնք անմիջապես արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

47. Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն կարգի 46-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունները, անունները, հայրանունները: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթ, ստանում իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած մասնակիցների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ՝ հանձնաժողովի նախագահի կողմից, բարձրաձայն հայտարարվում են և արձանագրվում, որից հետո հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները (տոկոսը):

48. Մասնակիցների հավաքած միավորների (տոկոսների) հայտարարումից անմիջապես հետո հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և հարցերի (խնդիրների) ճիշտ պատասխանները:

49. Թեստավորման արդյունքները հանձնաժողովին բողոքարկվում են գրավոր` սույն կարգի 48-րդ կետում նշված հրապարակումից հետո 2 ժամվա ընթացքում:

50. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

51. Հանձնաժողովը քննության է առնում յուրաքանչյուր բողոք և դրա վերաբերյալ ընդունած յուրաքանչյուր որոշում:

52. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի (խնդրի) համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը՝ կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

53. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում բողոքարկման համար սույն կարգի 49-րդ կետում նշված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովն ընդունում է որոշում և համապատասխան ցուցանակի վրա հրապարակում մրցույթի հաջորդ` հարցազրույցի մաս անցած մասնակիցների ցուցակը:

Մասնակիցը հաջորդ` հարցազրույցի մաս է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ապա հանձնաժողովն ընդունում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում և այն անմիջապես ներկայացնում է հարկային ծառայության մարմնի ղեկավարին:

Սույն կետի առաջին և երրորդ պարբերություններում նշված որոշումները մասնակիցների կողմից կարող են բողոքարկվել դատական կարգով:

54. Թեստավորման առաջադրանքները բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո փաթեթավորվում և կնքվում են հանձնաժողովի կողմից՝ արխիվացման նպատակով:

 

VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

55. Հարցազրույցի մաս անցած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց:

Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է:

56. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով նախատեսված լիազորությունների վերաբերյալ նրանց գործնական կարողությունները և անհատական հատկանիշները գնահատելու նպատակով:

57. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի ընթացքում հարց տվող հանձնաժողովի անդամը, լսելով մասնակցի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը: Հանձնաժողովի նախագահը կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը:

58. Հանձնաժողովը հարցազրույցն անցկացնելուց հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեաթերթում նշում է կատարում կողմ կամ դեմ լինելու մասին:

59. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացվելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում մասնակցի ազգանունը, անունն ու հայրանունը և տրված ձայնի «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր:

60. Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն ու քվեարկության արդյունքների ամփոփումը հանձնաժողովի կողմից արձանագրվում են:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

61. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր փակ գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի «կողմ» ձայները:

Եթե մասնակիցներից ոչ մեկը փակ գաղտնի քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի «կողմ» ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու և մրցույթն ավարտված համարելու մասին:

62. Սույն կարգի 61-րդ կետում նշված դեպքերում մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթն ավարտված համարելու մասին:

63. Հանձնաժողովը մրցույթն ավարտված համարելու մասին որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում հարկային ծառայության մարմնի ղեկավարին տալիս է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների մասին եզրակացություն:

64. Եզրակացության մեջ պետք է նշվեն՝

ա) հարկային ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որն զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

բ) մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը) և վայրը.

գ) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունները, անունները, հայրանունները՝ ըստ այբբենական կարգի, ծննդյան տարեթվերը, ամիսները և ամսաթվերը.

դ) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը (տոկոսը) թեստավորման մասում.

ե) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի քվեարկության արդյունքները.

զ) հաղթող ճանաչված հարկային ծառայող մասնակիցների վերաբերյալ հանձնաժողովի վերջին ատեստավորման արդյունքում օրենքի 20-րդ հոդվածի տասներորդ մասի 1-ին կետում նշված եզրակացությունը՝ այդպիսին լինելու դեպքում.

է) հաղթող ճանաչված մասնակիցների հարկային ծառայության (սույն կարգի 6-րդ կետում նշված մասնագիտական աշխատանքի) ստաժը:

65. Եզրակացությանը կից ներկայացվում են հաղթող ճանաչված մասնակիցների կողմից մրցույթին մասնակցելու համար հանձնաժողով ներկայացված փաստաթղթերը:

66. Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո եռօրյա ժամկետում՝ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները հարկային ծառայության մարմնի ղեկավարին ներկայացնում են օրենքի 19-րդ հոդվածի հինգերորդ մասում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

 

VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

67. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված դիտորդները:

 

IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

68. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել հանձնաժողովին կամ դատարան:

69. Օրենքով սահմանված դեպքերում անցկացվում է կրկնակի մրցույթ: Սույն կարգի 18-րդ կետի առաջին, 20-րդ կետի երկրորդ, 53-րդ կետի երրորդ և 61-րդ կետի երկրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում, ինչպես նաև մրցույթն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն կրկնակի մրցույթ անցկացնելու մասին: Կրկնակի մրցույթն անցկացվում է սույն կարգին համապատասխան:

70. Եթե կրկնակի մրցույթն օրենքի համաձայն համարվում է չկայացած (անվավեր), կամ եթե կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա կրկնակի մրցույթի անցկացումից 2 ամիս հետո հայտարարվում է նոր մրցույթ: Նոր մրցույթն անցկացվում է սույն կարգին համապատասխան:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան