«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2002 թվականի N 2098-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մաքսային ծառայողի վերապատրաստման անցկացման կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում է մաքսային ծառայողի վերապատրաստման անցկացման կարգը և պայմանները:
2. Մաքսային ծառայողների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է, որը սույն կարգի համաձայն անցկացվում է դասընթացների, փորձի փոխանակման, ինչպես նաև մաքսային գործի այս կամ այն ոլորտին վերաբերող սեմինարների կազմակերպման ձևերով:
3. Մաքսային ծառայողների վերապատրաստումն անցկացվում է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և մաքսային ծառայողի ատեստավորման արդյունքների հիման վրա, մաքսային ծառայության տվյալ պաշտոնի նկարագիրը փոփոխելու, ինչպես նաև վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշած այլ դեպքերում:
4. Մաքսային ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
5. Դասընթացների ձևով կազմակերպվող վերապատրաստումն անցկացվում է վերադաս մաքսային մարմնի ուսումնական կենտրոնում, իսկ փորձի փոխանակման կամ սեմինարների ձևով՝ նաև մաքսատներում, մաքսային կետերում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում:
6. Մաքսային ծառայողների վերապատրաստման կազմակերպման, տարեկան ուսումնական պլանի, համալիր ծրագրերի, ուսումնամեթոդական աշխատանքների բարելավման և մասնագետների վերապատրաստման գործում առավել արդյունավետ միջոցների ներդրման աշխատանքներն իրականացնում է վերադաս մաքսային մարմնի համապատասխան ստորաբաժանումը՝ վերադաս մաքսային մարմնի ուսումնամեթոդական խորհրդի հետ համատեղ (այսուհետ՝ խորհուրդ), որի կազմը հաստատում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:
7. Վերադաս մաքսային մարմնի համապատասխան ստորաբաժանումը մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տարեկան ուսումնական պլանի, համալիր ծրագրերի, ուսումնամեթոդական աշխատանքների բարելավման և մասնագետների վերապատրաստման պլան-ժամանակացույցը:
8. Վերապատրաստումն անցկացվում է մաքսատների կողմից նախապես ներկայացված մաքսային ծառայողների ցուցակի հիման վրա՝ մեկ տարվա համար:
9. Մաքսային ծառայողների վերապատրաստման՝ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների բարձրացման փորձի փոխանակումը, սեմինարներն ու դասընթացները կազմակերպվում են երեք օրվանից մինչև մեկ ամիս տևողությամբ:
Վերապատրաստման ընթացքում մաքսային ծառայողի դրամական բավարարումը պահպանվում է:
10. Վերապատրաստումն անցկացվում է մաքսային ծառայության ղեկավարների և համապատասխան մասնագետների կողմից կազմված դասախոսական խմբի միջոցով, որի կազմը հաստատում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:
11. Մաքսային ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքներին, խորհրդի առաջարկությամբ, որպես դասախոս կամ փորձագետ կարող են հրավիրվել այլ մարմինների և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագետներ:
12. Դասընթացների ձևով վերապատրաստում անցած մաքսային ծառայողները հանձնում են քննություն, իսկ սույն կարգի 2-րդ կետով սահմանված այլ ձևով վերապատրաստում անցնելու դեպքում մաքսային ծառայողին տրվում է համապատասխան վկայական (հավաստագիր):
13. Վերապատրաստման քննություն անցկացնող հանձնաժողովի կազմը հաստատում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:
14. Վերապատրաստման քննությունն անցկացվում է դասընթացների ծրագրի շրջանակներում կազմված քննաթերթիկներով: Քննության պատասխանը համարվում է դրական այն դեպքում, երբ առաջադրված քննաթերթիկի հարցերին տրվում է 70 տոկոս և ավելի ճիշտ պատասխան:
15. Վերապատրաստման հանձնաժողովը քննության արդյունքներով կայացնում է հետևյալ եզրակացությունը՝ գնահատելով բավարար կամ անբավարար: Բավարար գնահատականի դեպքում մաքսային ծառայողին տրվում է վկայական, որի ձևը սահմանում է վերադաս մաքսային մարմինը: Վերապատրաստման քննության արդյունքները հաշվի են առնվում պաշտոնի, հատուկ կոչման բարձրացման և ատեստավորման ժամանակ: Անբավարար գնահատականի դեպքում մաքսային ծառայողին հնարավորություն է տրվում 10-օրյա ժամկետում վերահանձնելու քննությունը:
16. Վերապատրաստման քննությունից հետո վերապատրաստման հանձնաժողովի կողմից կայացված եզրակացությունը եռօրյա ժամկետում ներկայացվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարին:
17. Մաքսային ծառայողի վերապատրաստման արդյունքների անբավարար լինելու դեպքում վերադաս մաքսային մարմնի ղեկավարը սույն կարգի 16-րդ կետում նշված եզրակացության հիման վրա եռօրյա ժամկետում ընդունում է որոշում մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |