Գլխավոր տեղեկություն
Համար
N 2099-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.01.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.29/6(241) Հոդ.98
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2002 թվականի N 2099-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մաքսային ծառայողին գործուղելու պայմաններն ու կարգը, ինչպես նաև գործուղման ընթացքում մաքսային ծառայողի ծառայության առանձնահատկությունները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 27
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 13-ի N 2099-Ն որոշման

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Մաքսային ծառայողի գործուղում է համարվում վերադաս մաքսային մարմնի, մաքսատան, մաքսային կետի ղեկավարի հրամանով մաքսային ծառայողի մշտական ծառայողական վայրից որոշակի ժամկետով այլ վայր մեկնելը՝ ծառայողական (պաշտոնեական) հանձնարարություն կատարելու (այդ թվում` ապրանքների մաքսային ուղեկցման) համար:

2. Մաքսային ծառայողի գործուղումը ձևակերպվում է գործուղման վկայական տալու միջոցով՝ հրամանի հիման վրա: Եթե ծառայողը գործուղումից հիմնական ծառայության վայր է վերադառնում գործուղման օրը, ապա գործուղման վկայական կարող է չլրացվել:

3. Ըստ ենթակայության՝ վերադաս մաքսային մարմին մաքսային ծառայողների գործուղումներն իրականացվում են վերադաս մաքսային մարմնի ղեկավարի, ղեկավարի տեղակալների հանձնարարությամբ կամ համաձայնությամբ:

4. Մաքսային ծառայողի՝ մինչև 10 օր տևողությամբ գործուղման ժամկետը որոշվում է գործուղող մաքսային մարմնի ղեկավարի կողմից, իսկ 10 օրից ավելի գործուղման ժամկետը՝ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից:

5. Գործուղման մեջ գտնվելու փաստացի ժամանակը որոշվում է գործուղման վկայականում գործուղման վայր մեկնելու և գործուղման վայրից վերադառնալու օրերի մասին կատարված նշումներով: Եթե մաքսային ծառայողը գործուղվել է տարբեր բնակավայրեր, մաքսատներ, մաքսային կետեր, ապա մեկնելու և վերադառնալու օրերի մասին նշումներ կատարվում են յուրաքանչյուր վայրում:

Գործուղման վկայականում մաքսային ծառայողների գործուղման մեկնելու և վերադառնալու մասին նշումները հաստատվում են այն կնիքով, որն օգտագործում է մաքսային մարմինը կամ կազմակերպությունն իր տնտեսական գործունեության ժամանակ՝ համապատասխան պաշտոնական անձի ստորագրությունը հավաստիացնելու համար: Գործուղման մեկնող և տվյալ մաքսային մարմին գործուղվող անձանց գրանցումները վերադաս մաքսային մարմնում, մաքսատներում, մաքսային կետերում կատարվում են հատուկ մատյաններում:

6. Գործուղման մեջ գտնվող մաքսային ծառայողների վրա տարածվում է այն մաքսային մարմնի, հիմնարկի, կազմակերպության աշխատանքային ժամանակի և հանգստի ժամանակի ռեժիմը, ուր նրանք գործուղվել են: Գործուղման ընթացքում չօգտագործված հանգստի օրերի փոխարեն գործուղումից վերադառնալուց հետո այլ հանգստյան օրեր չեն տրամադրվում:

Եթե ծառայողը գործուղվել է հանգստյան և տոն օրերին աշխատելու համար, ապա այդ օրերի վարձատրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

7. Գործուղման ժամանակ պահպանվում է գործուղվող մաքսային ծառայողի ծառայության պաշտոնը և դրամական բավարարումը՝ հիմնական ծառայության վայրում:

8. Գործուղված մաքսային ծառայողին հատկացվում է բնակարան վարձելու ծախսերը, գործուղման վայր մեկնելու և գործուղումից հիմնական ծառայության վայր վերադառնալու ճանապարհածախսը, գործուղման հետ կապված ապահովագրական, այլ պետություններում գրանցման հետ կապված ծախսերը, օդային ելքի տուրքերի վճարները, ինչպես նաև վճարվում է օրապահիկ:

9. Գործուղվող մաքսային ծառայողին գործուղման վայրում բնակարան վարձելու ծախսերը հատուցվում են ժամանման օրվանից մինչև մեկնելու օրը:

10. Գործուղման մեջ գտնվող մաքսային ծառայողներին տրվող փոխհատուցումները (գիշերավարձ, օրապահիկ) կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

11. Գործուղվող մաքսային ծառայողին հատուցվում են գործուղման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսերը՝ ներառյալ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի (բացի տաքսիներից) երթևեկության արժեքի գումարները:

12. Եթե գործուղվող մաքսային ծառայողը գործուղման վայրից հնարավորություն ունի ամեն օր վերադառնալու իր մշտական բնակավայրը, ապա օրապահիկ չի վճարվում, իսկ եթե գործուղվողը աշխատանքային օրն ավարտելուց հետո մնում է գործուղման վայրում, ապա բնակարան վարձելու մասին փաստաթղթերը ներկայացնելու դեպքում նրան հատուցվում են ծախսերը՝ սահմանված նորմերի չափով:

13. Գործուղվող մաքսային ծառայողի ամենօրյա վերադարձը գործուղման վայրից բնակության մշտական վայր յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշվում է այն մաքսային մարմնի ղեկավարի կողմից, որտեղ ծառայում է գործուղվողը` հաշվի առնելով հեռավորությունը, տրանսպորտային հաղորդակցության պայմանները, կատարվելիք առաջադրանքների բնույթը, ինչպես նաև ծառայողի հանգստի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

14. Գործուղված մաքսային ծառայողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում նրան ընդհանուր հիմունքներով հատուցվում է բնակարանի վարձի գումարը (բացի այն դեպքերից, երբ գործուղվող ծառայողը գտնվում է ստացիոնար բուժման մեջ) և վճարվում է օրապահիկ ամբողջ ժամանակի ընթացքում, քանի դեռ նա, առողջական վիճակից ելնելով, հնարավորություն չունի անցնելու իր պաշտոնեական հանձնարարությունների կատարմանը կամ վերադառնալու իր մշտական բնակության վայրը, բայց ոչ ավելի, քան 2 ամսվա համար:

Գործուղված մաքսային ծառայողի ժամանակավոր անաշխատունակությունը, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով մշտական բնակության վայր վերադառնալու անհնարինությունը պետք է հաստատվի պետական առողջապահական հիմնարկի կողմից:

Գործուղված մաքսային ծառայողին ժամանակավոր անաշխատունակության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ:

Ժամանակավոր անաշխատունակության օրերը չեն մտնում գործուղման ժամկետի մեջ (չի վճարվում դրամական բավարարում):

15. Գործուղվող մաքսային ծառայողին ծառայողական գործուղման մեկնելուց առաջ կարող է տրվել դրամական կանխավճար՝ օրապահիկի, բնակելի տեղի վարձի և ճանապարհածախսի գումարի սահմաններում:

Մաքսային ծառայողը գործուղումից վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում պարտավոր է ներկայացնել հաշվետվություն գործուղման հետ կապված ծախսերի վերաբերյալ՝ կցելով գործուղման վկայականը և ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:

16. Օպերատիվ և հետախուզական, հսկողական ու այլ հատուկ հանձնարարությունների կատարման առանձին դեպքերում մաքսային ծառայողը գործուղվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա` առանց գործուղման թերթիկի ստացման և մատյանում գրանցման: Գործուղման ծախսերի հատուցումը մաքսային ծառայողին կատարվում է նրա գործուղումից վերադառնալուց հետո վերադաս մաքսային մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարականի հիման վրա` հիմք ընդունելով ծախսերի մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան