Գլխավոր տեղեկություն
Համար
N 1846-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.12.2002-27.11.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.18/56(231) Հոդ.1304
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2002 թվականի N 1846-Ն

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Պետական բնապահպանական փորձաքննություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ`

ա) «Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բնագավառում լիազորված պետական մարմնի գործունեության կազմակերպական ապահովումն է և այդ նպատակով՝

հանրապետության սոցիալ-տնտեսական բնագավառների զարգացման հայեցակարգերի, ծրագրերի, համալիր սխեմաների, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, բնական պաշարների համալիր օգտագործման սխեմաների, նախատեսվող տնտեսական, սոցիալական և այլ գործունեությունների (կառուցում, վերակառուցում, վերապրոֆիլավորում, ընդլայնում, լուծարում) փորձաքննական փաստաթղթերի հիման վրա մասնագիտական եզրակացությունների նախապատրաստումն ու դրանք լիազորված պետական մարմին ներկայացնելը,

շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական նյութերի, լիազորված անձանց տվյալների բանկի ստեղծումն ու վարումը,

մասնագիտական իրավասության հավաստագրեր տալու համար գործերի նախապատրաստումը,

օրենքով սահմանված կարգով հասարակական լսումների կազմակերպումը.

բ) համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության բնագավառում տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի` «Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը՝ բնապահպանական փորձաքննության մասին տեղեկատվական նյութերի ու բուկլետների պատրաստում և հրատարակում:

3. «Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել «Պետական բնապահպանական փորձաքննություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

«Պետական բնապահպանական փորձաքննություն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության այլ գույքը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

4. «Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել «Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումն ու պետական գրանցումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 28
Երևան