Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 63845/09
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 22.11.2021
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
31.08.2021
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2021

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 63845/09)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

31 օգոստոսի 2021թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների

 

Արզումանյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Թիմ Այքը [Tim Eicke]՝ Նախագահ,

Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],

Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova]՝ դատավորներ,

և Իլզե Ֆրայվիրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Ալեքսանդր Արզումանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2009 թվականի նոյեմբերի 2-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 63845/09),

դիմումատուի՝ ազատ արտահայտվելու իրավունքին և խաղաղ հավաքների ազատության իրավունքին ենթադրյալ միջամտության և նրա քաղաքական հայացքների հիմքով վերջինիս նկատմամբ ենթադրյալ խտրականություն դրսևորելու վերաբերյալ բողոքների մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,

կողմերի դիտարկումները,

2021 թվականի հունիսի 29-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն գործը վերաբերում է 2008 թվականի փետրվարի 19-ի վիճարկվող նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի շարժմանն իր մասնակցության համար դիմումատուի դատապարտմանը, ինչպես նաև դրանում բարձրացվում են Կոնվենցիայի 10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված հարցեր։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

2. Դիմումատուն ծնվել է 1959 թվականին և ապրում է Երևանում։ Դիմումատուին ներկայացրել են Լոնդոնում գտնվող՝ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնից (EHRAC) պրն Վ. Գրիգորյանը, պրն Պ. Լիչը, պրն Ջ. Գավրոնը, տկն Ջ. Էվանսը, ինչպես նաև Երևանում գործող իրավաբան պրն Լ. Սիմոնյանը։

3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Գործով փաստերը, ինչպես ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփել հետևյալ կերպ.

 

I. 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները եվ հետընտրական ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ա. Նախագահական ընտրությունները և 2008 թվականի փետրվարի 20-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ցույցերը

5. 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Հիմնական թեկնածուներն էին իշխող կուսակցությունը ներկայացնող, տվյալ ժամանակահատվածում պաշտոնավարող վարչապետ պրն Սերժ Սարգսյանը և հիմնական ընդդիմադիր թեկնածու պրն Լևոն Տեր-Պետրոսյանը:

6. Ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո պրն Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Երևանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում՝ ընտրական գործընթացում ենթադրաբար տեղի ունեցած խախտումների դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով՝ հայտարարելով, որ ընտրությունները չեն եղել ազատ և արդար։ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած՝
պրն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ամեն օր անցկացրել են համազգային բողոքի ցույցեր՝ իրենց հանդիպումների վայրը դարձնելով Ազատության հրապարակը և շրջակա այգին։ Ազատության հրապարակում հավաքվածների թիվը երբեմն հասել է տասնյակ հազարի, իսկ մի քանի հարյուր ցուցարարներ, տեղադրելով վրաններ, քսանչորս ժամ շարունակ մնացել են այդ վայրում։

7. Դիմումատուն, որը եղել է հայտնի քաղաքական գործիչ և արտաքին գործերի նախկին նախարար, հանդես է եկել որպես պրն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի համակարգող և ակտիվորեն ներգարվված է եղել հետընտրական ցույցերին՝ պարբերաբար ներկա գտնվելով Ազատության հրապարակում տեղի ունեցող ցույցերին և ունենալով հրապարակային ելույթներ։

8. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն և ընդդիմության այն համակիրների խումբը, որոնց նա միացել է, ձեռք են բերել պետական իշխանությունը յուրացնելու նախնական համաձայնություն, և Ազատության հրապարակում կազմակերպված հավաքը հետապնդել է այդ նպատակը՝ կասկածի տակ դնելով նախագահական ընտրությունների անկողմնակալությունը, ստեղծելով հանրային դժգոհությունների և ընդվզման պատրանք, ինչպես նաև ապակայունացնելով ներքին քաղաքական իրավիճակը։

9. 2008 թվականի փետրվարի 24-ին Կենտրոնական ընտրական hանձնաժողովը հայտարարել է, որ պրն Սարգսյանը հաղթել է ընտրություններում՝ ստանալով ընդհանուր քվեների մոտ 52%-ը, իսկ պրն Տեր-Պետրոսյանը ստացել է քվեների շուրջ 21%-ը։

10. 2008 թվականի փետրվարի 29-ին ցույցերը դեռ ակտիվ շարունակվել են։

 

Բ. 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերը և քրեական գործերի հարուցումը

11. 2008 թվականի մարտի 1-ին՝ հավանաբար ժամը 06։00-ից 07։00-ի սահմաններում, Ազատության հրապարակում, որտեղ մի քանի հարյուր ցուցարարներ վրաններում գիշերում էին, իրականացվել է ոստիկանական գործողություն։

12. Դիմումատուն պնդել է, որ ոստիկանական գործողության նպատակը բռնի կերպով հավաքը դադարեցնելն է եղել։ Այդ նպատակով ոստիկանական մեծ ուժեր, առանց որևէ նախազգուշացման, ռետինե մահակներով և էլեկտրահարող սարքերով բռնի կերպով հարձակվել են ցուցարարների վրա՝ նրանց ստիպելով լքել հրապարակը:

13. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի հայտարարությունները և պնդել, որ Ազատության հրապարակում իրականացված ոստիկանական գործողության նպատակը եղել է նախորդ օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռք բերված այն տեղեկությունների իսկությունը ստուգելը, ըստ որոնց 2008 թվականի մարտի 1-ին Երևանում սադրիչ գործողություններ և զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով ցուցարարներին բաժանվելու է մեծ քանակության զենք։ Երբ ոստիկանության ծառայողները փորձել են կատարել այդ առաջադրանքը, մոտ 800-900 զինված ցուցարարներ հարձակվել են նրանց վրա, ինչի հետևանքով բազմաթիվ ոստիկաններ ստացել են վնասվածքներ։

14. Նույն օրը Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ Քրեական օրենսգրքի (ՔՕ) մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ՝ անօրինական հավաք կազմակերպելու և անցկացնելու, անօրինական հավաքը դադարեցնելու՝ ոստիկանության հրամաններին չենթարկվելուն հրահրելու, զենք և զինամթերք ապօրինի պահելու և ոստիկանության ծառայողների վրա կյանքին սպառնացող հարձակումներ գործելու հիմքով։ Քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ նշվել է.

 

«2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց հետո նախագահի թեկնածու պրն Լևոն Տեր-Պետրոսյանը, Խորհրդարանի անդամներ Կ.Ս-ն և Ս.Մ.-ն, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ն.Փ.-ն և այլք օրենքով սահմանված կարգի խախտմամբ Երևանի Ազատության հրապարակում կազմակերպել և իրականացրել են զանգվածային հրապարակային միջոցառումներ և հրահրել չենթարկվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող միջոցառումներին վերջ դնելու պահանջների մասին որոշմանը, ընդ որում, զանգվածային միջոցառումների մի շարք մասնակիցներ ապօրինաբար պահել և կրել են ապօրինի ճանապարհով ձեռք բերված զենք ու զինամթերք:

2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը մոտ 6:00-ին, երբ ոստիկանությունը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան իրականացրել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող հրապարակային միջոցառումները հարկադրաբար դադարեցնելու միջոցառումներ, միջոցառման կազմակերպիչները և մասնակիցները, չենթարկվելով իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին, իրենց մոտ այդ նպատակով պահվող մահակներով, մետաղյա ձողերով և այլ հարմարեցված առարկաներով ոստիկանության ծառայողների նկատմամբ գործադրել են կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող բռնություն` նրանց պատճառելով տարբեր ծանրության վնասվածքներ»:

 

15. Ինչպես պարզ է դառնում, Ազատության հրապարակից ցուցարարներին հեռացնելուց հետո նրանցից ոմանք տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան, Երևանի քաղաքապետարանի և Մյասնիկյանի արձանի հարակից տարածքներ՝ Ազատության հրապարակից մոտավորապես 1.7-2 կմ հեռավորության վրա, որտեղ նրանց են միացել հազարավոր այլ մարդիկ, որոնք ուղղակիորեն դուրս էին եկել Երևանի փողոցներ` ի պատասխան վաղ առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների` արտահայտելու իրենց դժգոհությունը: Պարզվում է նաև, որ դիմումատուն նույնպես գտնվել է այդ տարածքում։ Ցույցերը շարունակվել են այնտեղ, ինչպես նաև մի շարք հարակից փողոցներում, այդ թվում՝ Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոց, Լեոյի և Պարոնյան փողոցներում՝ մինչև 2008 թվականի մարտի 2-ը՝ աստիճանաբար սրելով լարվածությունը և առաջացնելով բախումներ բողոքի ակցիայի որոշ մասնակիցների և իրավապահ մարմինների ծառայողների միջև։ Արդյունքում, տասը մարդ, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձ, մահացել են, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, վնասվել է պետական և մասնավոր գույք, իսկ Հայաստանի՝ պաշտոնը լքող նախագահի կողմից հայտարարվել է արտակարգ դրություն։

16. Կառավարությունը պնդել է, որ մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած անկարգությունը հրահրվել և կազմակերպվել է դիմումատուի կողմից՝ ընդդիմության մի քանի այլ ակտիվ համակիրների հետ համատեղ նախնական համաձայնությամբ, ինչին առարկել է Դիմումատուն։

17. 2008 թվականի մարտի 2-ին հարուցվել է մեկ այլ քրեական գործ՝ inter alia (ի թիվս այլնի), Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որը զուգորդվել է սպանությամբ)՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ։ Որոշման մեջ նշվել է.

 

«[Պրն Տեր-Պետրոսյանը]` 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում առաջադրված նախագահի թեկնածուն, և իր հետևորդներն ու կողմնակիցները, խորհրդարանի անդամներ [Կ.Ս.-ն և Ս.Մ.-ն], «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր [Ն.Փ.-ն] և այլք, չցանկանալով ընդունել իրենց պարտությունն ընտրություններում, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու, բնակչության լայն զանգվածների շրջանում վերջինիս արդյունքների նկատմամբ անվստահություն ներշնչելու, հանրային դժգոհությունների և ընդվզումների պատրանք ստեղծելու և ընտրությունները և իշխանություններին վարկաբեկելու նպատակով 2008 թվականի մարտի 1-ին Երևանի քաղաքապետարանի տարածքում և կենտրոնական փողոցներում կազմակերպել են զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են սպանություններով, բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ և իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով՝ հրազենի, պայթուցիկ նյութերի և այլ հարմարեցված առարկաների օգտագործմամբ»:

 

18. Նույն օրը երկու քրեական գործերը միացվել են և քննվել թիվ 62202608 գործի շրջանակներում։

 

II. Դիմումատուի դեմ հարուցված քրեական վարույթը

 

19. 2008 թվականի մարտի 10-ին դիմումատուն ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ պետական իշխանության յուրացման կասկածանքով։

20. Նույն օրը դիմումատուն հարցաքննվել է որպես կասկածյալ։ Նա հրաժարվել է ցուցմունք տալուց և նշել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ունի քաղաքական շարժառիթներ։

21. 2008 թվականի մարտի 12-ին դիմումատուին թիվ 62202608 քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելը)։ Այս որոշման մեջ նշվել է, որ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո դիմումատուն միացել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների խմբին՝ նրանց հետ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, ակտիվորեն մասնակցելով այդ նպատակով իրականացվող գործողություններին, այդ թվում՝ նախընտրական գործընթացի և ընտրությունների անցկացման արդարացիությունը կասկածի տակ դնելով, բնակչության լայն զանգվածների շրջանակում վերջինիս արդյունքների նկատմամբ անվստահություն ներշնչելով, հանրային դժգոհության և ընդվզման պատրանք ստեղծելով՝ այդպիսով կազմակերպելով և անցկացնելով չարտոնված ցույցեր՝ ուղղված ներքին քաղաքական իրավիճակը ապակայունացնելուն։ Այդ իրադարաձությունների ընթացքում դիմումատուն, խորհրդարանի այլ երեք անդամներ և ընդդիմության մի շարք այլ կողմնակիցներ հրահրել և կազմակերպել են զանգվածային անկարգություններ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին և ուղեկցվել են մասսայական բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, պետական և մասնավոր գույքի ոչնչացմամբ և վնասմամբ, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով և սպանությամբ։

22. Նույն օրը դատարանի որոշմամբ դիմումատուի նկատմամբ կիրառվել է մինչդատական կալանք։

23. 2008 թվականի դեկտեմբերի 1-ին դատախազը հաստատել է դիմումատուի և ընդդիմության վեց այլ առաջնորդների դեմ կազմված մեղադրական եզրակացությունը (հայտնի է որպես «Յոթի գործը») և նրանց քրեական գործը, որն անջատվել է թիվ 62202608 քրեական գործից և ուղարկվել դատաքննության։

24. 2009 թվականի մարտի 31-ին դատախազը ՔՕ-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխել է ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով և հրաժարվել է ՔՕ-ի 300-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքից այն հիմքով, որ 2009 թվականի մարտի 24-ին 225-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած է ճանաչվել, իսկ 300-րդ հոդվածի 1-ին մասը փոփոխվել է և չէր կարող կիրառվել հետադարձ ուժով։

25. 2009 թվականի ապրիլի 1-ին դիմումատուի և նույն քրեական գործով մեղադրյալներից մեկ ուրիշի՝ Ս.Ս.-ի դեմ հարուցված գործերն անջատվել են և սկսել քննվել առանձին վարույթներում։

26. 2009 թվականի հունիսի 22-ին Երևան քաղաքի Կենտրոն և
Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար՝ նրան դատապարտելով հինգ տարի ժամկետով ազատազրկման՝ միևնույն ժամանակ կիրառելով համաներում և ազատ արձակելով դիմումատուին։ Դատարանի կողմից հաստատված է համարվել հետևյալը.

 

«2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը: Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո [դիմումատուն և Ս.Ս.-ն] մի խումբ անձանց հետ, սկսած 2008թ. փետրվարի 20-ից, հասարակության մեջ ընտրությունների անցկացման գործընթացի և արդյունքների նկատմամբ դժգոհություններ առաջացնելու, Երևանի Ազատության հրապարակում անցկացվող զանգվածային հրապարակային միջոցառումների ժամանակ հավաքված բազմությանը բռնություններ գործադրելու և անհնազանդությունների նախապատրաստելու նպատակով ծավալել են կազմակերպչական գործողություններ, սուտ տեղեկություններ են տարածել հրապարակային միջոցառումները քաղաքային իշխանությունների կողմից թույլատրված լինելու, այդ միջոցառումներին շուրջ 500 000 մարդու մասնակցության, ընտրությունների արդյունքները կեղծված լինելու, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից շուրջ 60% ձայն հավաքած լինելու մասին, մարդկային խմբերի անընդմեջ ներկայությունը այդ միջոցառումներին ապահովելու նպատակով նրանց համար ձեռք են բերել կենցաղային պարագաներ, տրամադրել են միջոցներ: Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառումների մասնակիցների մի մասին բաժանվել են ձողեր, մահակներ, ամրաններ, տարաներով բենզին, նետողական սառը զենք հանդիսացող մետաղյա կոնստրուկցիաներ, հրազեն, ռազմամթերք:

2008թ. փետրվարի 29-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք նախապատրաստվում են սադրիչ գործողությունների իրականացմամբ մարտի 1-ին Երևանում հրահրել զանգվածային անկարգություններ և այդ նպատակով Ազատության հրապարակում ընթացող զանգվածային միջոցառման մասնակիցներին պետք է բաժանվեն մեծ քանակությամբ մահակներ, մետաղյա ձողեր, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև հրազեն և նռնակներ: 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով փորձել են Ազատության հրապարակում հայտնաբերել դրանք և կանխել դրանց հետագա գործածումը: [Դիմումատուն] և նրա համախոհները նախապես տեղեկացել են այդ մասին: Ոստիկանների իրականացրած միջոցառման արդյունքում Ազատության հրապարակում հայտնաբերվել են զանգվածային անկարգությունների կատարման համար բերված իրերի մի մասը, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք: Այնուհետև զանգվածային միջոցառման մասնակիցները [դիմումատուի, Ս.Ս.-ի] և այլ անձանց ուղղորդմամբ տեղափոխվել, հավաքվել են Երևան քաղաքի մի քանի փողոցների կարևոր տրանսպորտային հանգույց հանդիսացող, Ա. Մյասնիկյանի արձանին հարակից տարածքում, հատուկ պահպանվող օբյեկտներ հանդիսացող` ՀՀ-ում Ֆրանսիայի, Իտալիայի և Ռուսաստանի Դաշնության դեսպանատների հարևանությամբ: Ժամը 11-ի սահմաններում զանգվածային անկարգությունների մասնակիցները, փողոցի լայնությամբ տրոլեյբուսները կանգնեցնելով երթևեկելի մասում, փակել են Երևանի Գրիգոր Լուսավորչի անվան փողոցը, որից հետո հարձակվել են հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վրա: Այնուհետև զանգվածային անկարգության մասնակիցները պարբերաբար ծեծի են ենթարկել ոստիկանության մի շարք աշխատակիցների...: Զանգվածային անկարգությունների մասնակիցները զինվել են մարմնական վնասվածքներ պատճառելու համար առավել հարմար, իրենց շուրջ գտնվող առարկաներով` քարերով, ձողերով, փայտերով, ինչպես նաև նախապես պատրաստված և անկարգությունների վայր բերված պայթուցիկ նյութերով, պայթուցիկ սարքերով, հրազենով և «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող դյուրավառ հեղուկով լցված շշերով: Դրանք դյուրավառ հեղուկով լցվել են անմիջապես Մյասնիկյանի արձանի հարթակի հետևի հատվածում և հարակից այգում: [Դիմումատուն և Ս.Ս.-ն] մի խումբ անձանց հետ համակարգել և ղեկավարել են զանգվածային անկարգությունների մյուս կազմակերպիչների և մասնակիցների գործողությունները: [Ս.Ս.-ն] մի խումբ անձանց հետ պարբերաբար շրջել է զանգվածային անկարգությունների մասնակիցների շարքերում, կազմակերպել է նրանց գործողությունները` ուղղված արգելապատնեշներ կառուցելուն, տարբեր առարկաներով զինվելով` ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալուն։ Գտնվելով զանգվածային անկարգությունների կենտրոնում` նա [դիմումատուին] պարբերաբար տեղեկություններ է հաղորդել Երևանի Գր.Լուսավորչի, Մաշտոցի, Լեոյի և Պարոնյանի փողոցներում տեղի ունեցող, իրենց վերահսկման ներքո կատարվող ջարդերի, հրկիզումների, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու գործողությունների ընթացքի մասին` կատարելով [դիմումատուից] ստացած նոր հրահանգները»։

 

Դատարանն այնուհետև անցել է անկարգությունների հետևանքով պատճառված վնասի նկարագրությանը։

27. 2009 թվականի հուլիսի 21-ին դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ բերելով բազմաթիվ փաստարկներ, այդ թվում առ այն, որ մեղադրանքը շինծու է և ունի քաղաքական շարժառիթներ։

28. 2009 թվականի հուլիսի 31-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի բողոքը։

29. 2009 թվականի օգոստոսի 28-ին դիմումատուն ներկայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք, որը 2009 թվականի սեպտեմբերի 10-ին Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձվել է հիմքերի բացակայության պատճառով։

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

I. Համապատասխան ներպետական ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ

 

Ա. Քրեական օրենսգիրքը (2003)

30. Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների համար տե՛ս Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Myasnik Malkhasyan v. Armenia] (թիվ 49020/08, §§ 44-46, 2020 թվականի հոկտեմբերի 15):

 

Բ. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) ad hoc (արտահերթ) հրապարակային զեկույցը 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների և հետընտրական զարգացումների վերաբերյալ

31. Հայաստանի օմբուդսմենի՝ նախագահական ընտրությունների և հետընտրական իրադարձությունների վերաբերյալ զեկույցի համապատասխան հատվածների համար տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Mushegh Saghatelyan v. Armenia] (թիվ 23086/08, § 124, 2018 թվականի սեպտեմբերի 20) և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 49։

 

II. Համապատասխան միջազգային նյութերը

 

32. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների և դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ իր բանաձևերում դատապարտել է մեծաթիվ անձանց, այդ թվում՝ ընդդիմության ավելի քան 100 աջակիցների և Խորհրդարանի երեք անդամների ձերբակալումն ու կալանքի տակ պահելը, ինչը որոշ դեպքերում հիմնված է եղել առերևույթ արհեստական և քաղաքական շարժառիթներով պայմանավորված մեղադրանքների վրա, հատկապես նրանց, որոնք ներկայացվել են ՔՕ-ի 225-րդ և 300-րդ հոդվածներով (համապատասխան քաղվածքների, ինչպես նաև մի շարք այլ համապատասխան միջազգային նյութերի համար տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 125-34, և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, §§ 51-57)։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

33. Դիմումատուն բողոքել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդմամբ և իր նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելով խախտվել են Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված երաշխիքները, որոնցով, այնքանով, որքանով դրանք վերաբերելի են սույն գործին, նախատեսվում է հետևյալը.

 

Հոդված 10

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից...

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:

 

Հոդված 11

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք...

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման` բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:

 

Ա. Ընդունելիությունը

 

34. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի հանդիսացել տուժող, քանի որ նա չի ներկայացրել որևէ փաստ կամ ապացույց՝ ի հաստատումն իր այն պնդման, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը կամ իրեն մեղավոր ճանաչելն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են եղել իր՝ ազատ արտահայտվելու իրավունքի կամ խաղաղ հավաքների ազատության իրավունքի հետ։

35. Դիմումատուն վիճարկել է Կառավարության՝ տուժող չհանդիսանալու վերաբերյալ փաստարկները և պնդել է, որ տեղի է ունեցել իր՝ 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված իրավունքներին միջամտություն։

36. Դատարանը նշում է, որ վիճարկելով դիմումատուի՝ տուժող հանդիսանալու հարցը՝ Կառավարությունն ըստ էության վիճարկել է դիմումատուի՝ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին միջամտության հարցը։ Այս հարցը, այնուամենայնիվ, սերտորեն կապված է դիմումատուի բողոքների բովանդակության հետ և հետևաբար պետք է կցվի դիմումի ըստ էության քննությանը:

37. Դատարանը նշում է, որ սույն բողոքները ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի են Կոնվենցիայի 35-րդ հոդվածով նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

ա) Դիմումատուն

38. Դիմումատուն նշել է, որ տեղի է ունեցել իր՝ 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված իրավունքներին միջամտություն, քանի որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և իրեն մեղավոր ճանաչելը եղել են 2008 թվականի նախագահական ընտրություններում տեղի ունեցած լայնածավալ ընտրակեղծիքների հետևանքով ծայր առած զանգվածային բողոքի ակցիաներին իր դերով և մասնակցությամբ պայմանավորված։ Ընտրությունները մեծ վրդովմունք էին առաջացրել հասարակության շրջանում և ինքնաբուխ կերպով վերածվել չդադարող հավաքների: 2008 թվականի փետրվարի 20-ից 2008 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ազատության հրապարակում անցկացված ցույցերը եղել են լիովին խաղաղ, իսկ մասնակիցները բռնություն գործադրելու որևէ մտադրություն չեն ունեցել։ Կառավարությունը չի կարողացել որևէ ապացույցով հաստատել իրենց պնդմանն իր առարկությունը։ Դիմումատուն չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները և պնդել է, որ ինքը չի կազմակերպել որևէ զանգվածային անկարգություն՝ վիճարկելով ներպետական դատարանների՝ այդ առնչությամբ արած եզրահանգումները։ Իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման և իրեն մեղավոր ճանաչելու շարժառիթը եղել է իր կողմից ընդդիմությանն աջակցելը, այդ թվում՝ ընդդիմադիր թեկնածուի նախընտրական քարոզարշավը համակարգելը, ցույցերին ակտիվ մասնակցությունը և հրապարակային ելույթներ ունենալը։ Իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու իրական շարժառիթը եղել է իրեն պատժելը և որպես ընդդիմության աչքի ընկնող անդամի չեզոքացնելը։ Իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը Հայաստանում հանգեցրել է բուռն վրդովմունքի, տեղական և միջազգային մամուլում լայն լուսաբանման, ինչպես նաև այն հայտնվել է միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում։

39. Միջամտությունը նախատեսված չի եղել օրենքով, քանի որ ՔՕ-ի ինչպես 225-րդ, այնպես էլ 300-րդ հոդվածում առկա չէ հստակություն և կանխատեսելիություն։ Բացի այս, դա անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում։ Քննարկվող ցույցերը կազմել են 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած մասսայական ընտրակեղծիքների հետևանքով սկիզբ առած հետընտրական լայնածավալ բողոքի շարժման մաս։ Հետևաբար այդ ցույցերը ենթակա էին 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված ուժեղ պաշտպանության, և ինքը, լինելով պրն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի համակարգողը և աչքի ընկնող քաղաքական գործիչ, մասնակցելով դրանց, օգտվել է արտահայտվելու ազատության իր իրավունքից: Նույնիսկ եթե որոշ անձինք 2008 թվականի մարտի 1-ին դրսևորել են բռնություն, ապա նրանք, ում մտադրությունները լիովին օրինական էին և 10-րդ ու 11-րդ հոդվածների պաշտպանության շրջանակներում, չպետք է պատասխանատվություն կրեին այդ արարքների համար։ Այսպիսով, հետընտրական բողոքի ակցիաների համատեքստում քաղաքական գործչի ազատազրկումն անկարգությունների հանգեցնող այնպիսի բռնի գործողությունների համար, որոնք ո՛չ կատարվել են իր կողմից, ո՛չ էլ իր հետ որևէ հաստատված կապ են ունեցել, լիովին անհամաչափ էին ցանկացած իրավաչափ նպատակի, այդ թվում՝ անկարգությունները և հանցագործությունները կանխելու կամ այլ անձանց առողջությունը, բարոյականությունը կամ իրավունքները պաշտպանելու հետ։ Կառավարության այն պնդումները, ըստ որոնց ցույցերը սպառնալիք են ներկայացրել ազգային անվտանգության համար, հավասարապես անհիմն են, քանի որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասնակիցներից ոչ մեկը մեղավոր չի ճանաչվել իշխանության յուրացման փորձի համար: Դիմումատուն հղում է կատարել նաև միջազգային հանրության և Հայաստանի օմբուդսմենի՝ ՔՕ-ի 225-րդ և 300-րդ հոդվածներով ընդդիմության առաջնորդներին առաջադրված մեղադրանքներից հրաժարվելուն ուղղված շարունակական կոչերին, քանի որ այդ մեղադրանքները համարվել են քաղաքական շարժառիթներ ունեցող, իսկ այն անձինք, որոնց նկատմամբ ներկայացվել էին այդպիսի մեղադրանքներ, ճանաչվել էին որպես «քաղաքական բանտարկյալներ»։

 

բ) Կառավարությունը

40. Կառավարությունը նշել է, որ դիմումատուի՝ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին որևէ միջամտություն տեղի չի ունեցել։ Փետրվարի 20-29-ը Ազատության հրապարակում անցկացված հավաքը չի եղել խաղաղ և ունեցել է բռնի մտադրություններ, իսկ դիմումատուն ճանաչվել է մեղավոր՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

41. Եթե անգամ տեղի է ունեցել միջամտություն, ապա այդ միջամտությունը սահմանված է եղել օրենքով, մասնավորապես՝ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասով և հետապնդել է ազգային անվտանգությունը, այլ անձանց առողջությունը, բարոյականությունը և իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև անկարգությունները և հանցագործությունը կանխելու իրավաչափ նպատակ։ Վերջապես միջամտությունն անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում՝ հաշվի առնելով դիմումատուի գործողությունները՝ հատկապես նրա դերը ներքին քաղաքական իրավիճակն ապակայունացնելու և զանգվածային անկարգություններ հրահրելու գործում։ Դրանք սկիզբ էին առել փետրվարի 20-ին անցկացված ցույցերից և ավարտվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններով, այդ թվում՝ տարբեր միջոցներով այդ ցույցերին մարդկանց զանգվածների ներգրավմամբ և պոպուլիստական կրքերի բորբոքմամբ՝ նրանց անհնազանդության և զանգվածային բռնության նախապատրաստելու համար։ Բացի այդ, ներպետական դատարանների եզրահանգումների համաձայն՝ ընդդիմության առաջնորդները, որոնք հանցավոր ծրագիր իրականացնելու նախնական համաձայնություն էին ձեռք բերել, անձամբ կամ իրենց կողմնակիցների աջակցությամբ ձևավորել էին մարդկանց խմբեր, որոնք պատրաստ էին բռնություն գործադրել, ինչպես նաև զենք էին բաժանել նրանց։ Այսպիսով, դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և նրան մեղավոր ճանաչելը պայմանավորված էին ծայրահեղ սոցիալական անհրաժեշտությամբ, ինչպես նաև հիմնված էին համապատասխան և բավարար պատճառների վրա և համաչափ էին դրանց։

 

2. Դատարանի գնահատականը

 

ա) Դիմումատուի կողմից բերված բողոքների շրջանակը

42. Դատարանը նշում է, որ սույն գործի հանգամանքներում 10-րդ հոդվածը պետք է դիտվի որպես lex generalis (ընդհանուր օրենք) 11-րդ հոդվածի նկատմամբ, որը lex speciallis (հատուկ օրենք) է։ Դիմումատուի բողոքի հիմնական էությունն այն է, որ ինքը դատապարտվել է խաղաղ հավաքներ անցկացնելու համար: Դատարանը հետևաբար գտնում է, որ դիմումատուի կողմից բերված բողոքները պետք է քննվեն միայն 11-րդ հոդվածի համաձայն (տե՛ս Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի [Ezelin v. France], 1991 թվականի ապրիլի 26, § 35, շարք Ա թիվ 202, և Կուդրևիչիուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Kudrevičius and Others v. Lithuania [GC]], թիվ 37553/05, § 85, ՄԻԵԴ 2015)։

43. Մյուս կողմից՝ 11-րդ հոդվածը, չնայած իր ինքնավար դերին և կիրառության հատուկ ոլորտին, սույն գործով պետք է դիտարկվի նաև 10-րդ հոդվածի լույսի ներքո։ 10-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփական կարծիք ունենալու իրավունքի պաշտպանությունը 11-րդ հոդվածով ամրագրված՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի նպատակներից մեկն է (տե՛ս վերևում հիշատակված՝ Էզելինի գործը, § 37, վերևում հիշատակված՝ Կուդրեվիչուսի և այլոց գործը, § 86 և Նավալնին ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Navalnyy v. Russia [GC]], թիվ 29580/12 և մյուս 4-ը, § 102, 2018 թվականի նոյեմբերի 15):

 

բ) Արդյո՞ք եղել է միջամտություն խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացմանը։

44. Դատարանը վերահաստատում է, որ միջամտությունը կարող է չհանգեցնել ուղղակի արգելքի՝ իրավաբանորեն կամ փաստացի, սակայն կարող է ներառել իշխանությունների կողմից ձեռնարկվող այլ տարբեր միջոցառումներ։ 11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված «սահմանափակում» եզրույթը պետք է մեկնաբանվի որպես և՛ հավաքից առաջ, և՛ դրա ընթացքում ձեռնարկվող միջոցառումներ, ինչպիսիք են նախնական թույլտվություն չտալը, հանրահավաքը ցրելը կամ մասնակիցներին ձերբակալելը, ինչպես նաև հետագայում կիրառվող պատժամիջոցներ, ինչպիսիք են հանրահավաքին մասնակցելու համար կիրառված տույժերը (տե՛ս Նավալնին և Յաշինն ընդդեմ Ռուսաստանի [Navalnyy and Yashin v. Russia], թիվ 76204/11, 2014 թվականի դեկտեմբերի 4, § 51 և վերևում հիշատակված՝ Կուդրևիչիուսի և այլոց գործը, § 100)։

45. Դատարանը նշում է, որ Կառավարությունը վիճարկել է միջամտություն կատարած լինելու հարցը՝ պնդելով, որ Ազատության հրապարակի հավաքը և դիմումատուի գործողությունները խաղաղ բնույթ չեն ունեցել։ Այս կապակցությամբ Դատարանը հաշվի է առնում, որը արդեն իսկ մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի հանգամանքները և գտել է, որ այն եղել է խաղաղ՝ առանց բռնության որևէ հրահրման կամ բռնություն պարունակող արարքների (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 245, և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 72)։ Դատարանը նշում է նաև, որ դիմումատուին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղավոր ճանաչելը պայմանավորված է եղել հետընտրական բողոքի շարժմանը նրա ներգրավմամբ, այդ թվում՝ Ազատության հրապարակի հավաքին նրա մասնակցությամբ և այնտեղ հրապարակային ելույթ ունենալով, և հետևաբար դա եղել է միջամտություն խաղաղ հավաքների ազատության նրա իրավունքին: Այս նույն պատճառով էլ Դատարանը մերժում է դիմումատուի՝ տուժող չհանդիսանալու վերաբերյալ Կառավարության առարկությունը։

 

գ) Արդյո՞ք միջամտությունը եղել է հիմնավորված

46. Ցանկացած միջամտություն կհամարվի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն չլինի «նախատեսված օրենքով», չհետապնդի 2-րդ պարբերությամբ նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ և չլինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակների իրականացման համար (տե՛ս Գալստյանն ընդդեմ Հայաստանի [Galstyan v. Armenia], թիվ 26986/03, § 103, 2007 թվականի նոյեմբերի 15):

47. Սույն գործով Դատարանն անհրաժեշտ չի համարում որոշում կայացնել այն մասին, թե արդյոք միջամտությունը եղել է օրենքով սահմանված և հետապնդել է իրավաչափ նպատակ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված իր եզրակացությունները միջամտության անհրաժեշտության վերաբերյալ (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցությունն ընդդեմ Մոլդովայի [Christian Democratic People’s Party v. Moldova], թիվ 28793/02, §§ 49-54, ՄԻԵԴ 2006 II, և վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 237):

48. Դատարանն ի սկզբանե վերահաստատում է, որ ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկի` հավաքների ազատության իրավունքի մասով նախատեսվում են մի շարք բացառություններ, որոնք պետք է մեկնաբանվեն նեղ իմաստով, իսկ սահմանափակման անհրաժեշտության ցանկացած դեպք պետք է համոզիչ կերպով հիմնավորվի: Երբ ուսումնասիրվում է այն հարցը, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների մասով սահմանափակումները կարող են համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», պայմանավորվող պետություններին վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի, սակայն ոչ անսահմանափակ շրջանակ: Ամեն դեպքում Դատարանն է վերջնական որոշում կայացնում սահմանափակման` Կոնվենցիայի հետ համատեղելիության վերաբերյալ, և դա պետք է արվի կոնկրետ գործի հանգամանքների գնահատման միջոցով (տե՛ս վերևում հիշատակված՝ Կուդրեվիչիուսի և այլոց գործը, § 142, և վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 238):

49. Հանգամանալից քննություն կատարելիս Դատարանի խնդիրը ոչ թե համապատասխան ազգային մարմինների տեսակետի վերաբերյալ սեփական կարծիքը հայտնելն է, այլ նրանց որոշումները 11-րդ հոդվածի լույսի ներքո վերանայելը: Սա չի նշանակում, որ Դատարանը պետք է սահմանափակվի պարզելով, թե արդյոք պետությունն իր հայեցողական լիազորություններն իրականացրել է ողջամիտ կերպով, զգուշորեն ու բարեխղճորեն, թե` ոչ. այն պետք է բողոքի առարկա միջամտությունն ուսումնասիրի տվյալ գործի` որպես ամբողջության լույսի ներքո և հաստատելուց հետո, որ այն «իրավաչափ նպատակ» է հետապնդել, որոշի, թե արդյոք այն պայմանավորված է եղել «ծայրահեղ սոցիալական անհրաժեշտությամբ», և մասնավորապես, արդյոք այն համաչափ է եղել այդ նպատակին, և արդյոք այն հիմնավորելու համար ազգային իշխանությունների կողմից ներկայացված հիմքերը «համապատասխան և բավարար» են եղել: Այդպիսով, Դատարանը պետք է հավաստիանա, որ ազգային իշխանությունները կիրառել են 11-րդ հոդվածով ամրագրված սկզբունքներին համապատասխանող չափանիշներ, ինչպես նաև իրենց որոշումները կայացնելիս հիմնվել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա (տե՛ս վերևում հիշատակված՝Կուդրեվիչուսի և այլոց գործը, § 142, և վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 238):

50. Դատարանը վերահաստատում է նաև, որ ցույցի ժամանակ բռնություն հրահրող գործողությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելը որոշ հանգամանքներում կարող է համարվել ընդունելի միջոց (տե՛ս Օսմանին և այլք ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության (որոշում) [Osmani and Others v. the former Yugoslav Republic of Macedonia (dec.)], թիվ 50841/99, ՄԻԵԴ 2001 X)։ Այնուամենայնիվ, խաղաղ մասնակիցները չեն կարող պատասխանատվության ենթարկվել այլ անձանց կողմից կատարված պատժելի արարքների համար։ Խաղաղ հավաքներին մասնակցելու ազատությունն այնքան կարևոր իրավունք է, որ անձը չի կարող ենթարկվել պատժի (նույնիսկ կարգապահական տույժերի սանդղակի ամենաստորին պատժամիջոցի)` արտոնված ցույցի մասնակցելու համար այնքան ժամանակ, քանի դեռ նա անձամբ չի կատարել որևէ պատժելի արարք (տե՛ս վերևում հիշատակված՝ Էզելինի գործը, § 53, և վերևում հիշատակված՝ Գալստյանի գործը, § 115)։ Նույն կերպ, միջոցառման կազմակերպիչները չպետք է ենթարկվեն պատասխանատվության՝ դրա մասնակիցների վարքագծի համար այնքան ժամանակ, քանի դեռ նրանք անձամբ չեն կատարել, հրահրել կամ արտոնել որևէ պատժելի արարք (տե՛ս Մեզութ YildizՅըլդըզը և YildizYildizYildizայլք ընդդեմ Թուրքիայի [Mesut Yıldız Yildizand Others v. Turkey], թիվ 8157/10, § 34, 2017 թվականի հուլիսի 18)։ Այս մոտեցումը գործում է նույնիսկ այն դեպքում, երբ ցույցերի արդյունքում պատճառվում է վնաս, կամ դրանք հանգեցնում են այլ անկարգության (տե՛ս Տարանենկոն ընդդեմ Ռուսաստանի [Taranenko v. Russia], թիվ 19554/05, § 88, 2014 թվականի մայիսի 15)։

51. Սույն գործով Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուն վիճարկել է իրեն մեղավոր ճանաչելու փաստական հիմքերը՝ պնդելով, որ իր և ընդդիմության մյուս մասնակիցների ու կողմնակիցների նկատմամբ հարուցված քրեական գործն ունեցել է քաղաքական շարժառիթներ։ Դատարանը, այնուամենայնիվ, բազմիցս շեշտել է, որ գիտակցում է իր ոչ առաջնային դերը և ընդունում է, որ պետք է զգուշավորություն ցուցաբերի փաստերի կապակցությամբ որոշում կայացնելու հարցում առաջին ատյանի դեր ստանձնելու գործում, եթե դա անխուսափելի չէ՝ գործի որոշակի հանգամանքներից ելնելով։ Որպես ընդհանուր կանոն, եթե ներպետական մակարդակում իրականացվել են վարույթներ, ապա Դատարանի խնդիրը չէ փաստերի վերաբերյալ իր գնահատականը փոխարինել ներպետական դատարանների գնահատականով. իրենց տրամադրության տակ եղած ապացույցների հիման վրա այդ փաստերը հաստատելը ներպետական դատարանների խնդիրն է, թեև կարող են լինել հանգամանքներ, որոնց դեպքում Դատարանը կարող է շեղվել ներպետական դատարանների կողմից փաստերի վերաբերյալ արած եզրահանգումներից (տե՛ս Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի [Jhangiryan v. Armenia]), թիվ 44841/08 և 63701/09, §§ 114 և 123, 2020 թվականի հոկտեմբերի 8, և Սմբատ Այվազյանն ընդդեմ Հայաստանի [Smbat Ayvazyan v. Armenia], թիվ 49021/08, §§ 119 և 129, 2020 թվականի հոկտեմբերի 8, որոնցից երկուսն էլ վերաբերել են նույն բողոքի շարժմանը, ինչ սույն գործը):

52. Դատարանն անհրաժեշտ է համարում նախ և առաջ հաշվի առնել սույն կոնկրետ գործի ընդհանուր համատեքստը։ Դատարանը նշում է, որ դիմումատուն եղել է ընդդիմադիր քաղաքական գործիչ և պարոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի ակնառու անդամ, որը մասնակցել է 2008 թվականի փետրվարի 19-ի ենթադրյալ ոչ արդար նախագահական ընտրություններից հետո Հայաստանի մայրաքաղաքում սկսված և 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձություններով ավարտված ցույցերին (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 226-255, Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի [Ter-Petrosyan v. Armenia], թիվ 36469/08, §§ 61-65, 2019 թվականի ապրիլի 25, վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, §§ 70-82, վերևում հիշատակված՝ Ջհանգիրյանի գործը, §§ 112-128, և վերևում հիշատակված՝ Սմբատ Այվազյանի գործը, §§ 117-134)։ Իշխանությունների՝ դրան հետևած արձագանքը, այդ թվում՝ ընդդիմության տասնյակ կողմնակիցների ձերբակալումն ու կալանավորումը, դատապարտվել է ԵԽԽՎ-ի կողմից և նկարագրվել որպես «ընդդիմության նկատմամբ փաստացի դաժան հետապնդում», իսկ նրանց դեմ բերված մեղադրանքներից շատերի, հատկապես՝ ՔՕ-ի 225-րդ և 300-րդ հոդվածներով առաջադրվածների մասով արտահայտվել է կասկած առ այն, որ դրանք «արհեստական և քաղաքական շարժառիթներով պայմանավորված» են։ Ինչպես ԵԽԽՎ-ի, այնպես էլ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից բազմիցս արտահայտվել են մտահոգություններ այդ հոդվածներով առաջադրված մեղադրանքների բնույթի վերաբերյալ՝ բազմիցս հիշատակելով դիմումատուի կոնկրետ գործը (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը, իսկ ավելի կոնկրետ, վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, §§ 55 և 56)։ Թեև Դատարանը կոչված չէ դատական գնահատական տալու ընդհանուր համատեքստի վերաբերյալ, այնուամենայնիվ, այն համարում է, որ այս նախնական տեղեկությունները չափազանց կարևոր են սույն գործի համար, և կոչ է անում հատկապես մանրամասն ուսումնասիրել դիմումատուին մեղավոր ճանաչելու համար հիմք հանդիսացած փաստերը (տե՛ս, mutatis mutandis, նույն տեղում՝ § 70, որտեղ դիմումատուն ընդդիմադիր յոթ հայտնի գործիչներից մեկն է եղել, որոնք մինչև իրենց վերաբերյալ գործերի առանձնացումը սույն գործով դիմումատուի հետ դատարանի առջև են կանգնել այսպես կոչված «Յոթի գործով» (տե՛ս վերևում՝ 23-րդ և 25-րդ պարբերությունները)։ Բացի այդ, ինչպես նշվել է վերևում, Դատարանն արդեն քննել է մի շարք գանգատներ, որոնք վերաբերում են Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների խախտմանը և քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումներին` կապված Հայաստանում 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած հետընտրական բողոքի ակցիաների հետ: Դիմումատուի գործը, ըստ երևույթին, ընթացել է ընդդիմության կողմնակիցների նկատմամբ իրականացված քրեական հետապնդման նույն օրինակով, ինչը Դատարանը մտահոգիչ է համարում: Այդուհանդերձ, ինչպես նշված է Մուշեղ Սաղաթելյանի գործում, Դատարանը չունի այն դերը կամ պարտականությունը որոշելու, թե արդյոք դիմումատուին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են եղել, թե՝ ոչ, և ներպետական դատարանների պարտականությունն է ստուգելու դրա հիմքում ընկած փաստերի հավաստիությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 252)։ Այս առնչությամբ Դատարանը կրկին նշում է ներպետական դատարանների՝ իրենց որոշումների համար հիմնավորումներ ներկայացնելու պարտավորությունը, որը սույն գործի համատեքստում մեկնաբանվում է որպես 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված հատուկ պարտավորություն՝ ներպետական դատարաններից պահանջելով միջամտության համար ներկայացնել «համապատասխան» և «բավարար» հիմնավորումներ։

 

53. Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ դիմումատուն՝ որպես ընդդիմության առաջնորդներից մեկը, մեղավոր է ճանաչվել ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանում տեղի ունեցած հետընտրական բողոքի ակցիաների, այդ թվում՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կապակցությամբ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշվել է վերևում, Դատարանը գտել է, որ Ազատության հրապարակում անցկացված ցույցերը եղել են խաղաղ հավաքներ և փաստացի, քաղաքական նշանակություն ունեցող հասարակական այնպիսի հարցի մասին արտահայտվելու հարթակ, որն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության իրականացման հետ և լուրջ մտահոգության առարկա է եղել Հայաստանի հասարակության լայն հատվածի համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 230-233 և § 246, և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 72)։ Ներպետական դատարանները, թեև արտահայտելով այն դիրքորոշումը, որ դիմումատուն Ազատության հրապարակում հավաքված ամբոխին պատրաստել էր բռնություն գործադրելու և անհնազանդություն դրսևորելու համար՝ չեն տրամադրել նման վարքագծի կոնկրետ օրինակներ, որոնք Դատարանի կարծիքով կարող էին բնութագրվել որպես բռնության հրահրում (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը)։ Փաստորեն, միայն այն արարքները, որոնք պարզվել է, որ դիմումատուն կատարել է այդ ծրագրի իրականացման համար, բավարար չեն Դատարանի համար` եզրակացնելու, որ դրանք դիմումատուի` խաղաղ հավաքների ազատության և կարծիքի արտահայտման իր իրավունքների իրավաչափ իրականացման օրինակներ են նախագահական ընտրությունների անցկացման հանրային բանավեճի՝ ներառյալ այդ առումով հնչած քննադատությունների համատեքստում (որպես համեմատություն տե՛ս վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 73)։

54. Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում զենքի ենթադրյալ կուտակմանը` զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով, ապա ներպետական դատարանների վճիռներում առկա չեն կոնկրետ ապացույցներ այս ենթադրյալ արարքներում դիմումատուի մասնակցության վերաբերյալ: Այն, ինչն առավել կարևոր է՝ Դատարանն արդեն հաստատել է, որ առկա չեն համոզիչ ապացույցներ առ այն, որ Ազատության հրապարակում զենք է կուտակվել, և մերժել է այն պնդումները, թե ոստիկանությունը տեղակայվել է հրապարակում զենքի ստուգում իրականացնելու համար՝ գտնելով որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության գործողության հիմնական, եթե ոչ միակ նպատակը եղել է հավաքը ցրելը (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 230 և 245, և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 80)։

55. Անվիճելի է, որ խաղաղ բողոքի ակցիաներից ինն օր անց՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին, Երևանում բռնկվել է բռնություն այն բանից հետո, երբ ցուցարարներին դուրս են հանել Ազատության հրապարակից, և մեծ բազմություն է հավաքվել Մյասնիկյանի արձանի տարածքում և հարակից մի շարք փողոցներում, որտեղ ինչպես պարզ է դառնում, բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի որոշ մասնակիցների և իրավապահ մարմինների միջև, ինչպես նաև վնասվել է պետական և մասնավոր գույք (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, դիմումատուի՝ քննարկվող բռնության գործադրման համար ենթադրյալ պատասխանատու լինելու վերաբերյալ ներպետական դատարանների եզրահանգումները ձևակերպվել են շատ ընդհանրական և վերացական եզրույթներով՝ առանց որևէ կոնկրետ փաստական մանրամասների, որոնք համոզիչ կերպով կմատնանշեին դիմումատուի կողմից կատարված որևէ իրավախախտում։ Չնայած նշվում է, որ դիմումատուն «կազմակերպել և ղեկավարել է ... զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և մասնակիցների գործունեությունը», ներպետական դատարանների վճիռներում նման արարքների վերաբերյալ որևէ կոնկրետ տվյալ չկա։ Դիմումատուի կողմից ենթադրաբար տրված «հրամանների» վերաբերյալ մանրամասներ նույնպես չեն ներկայացվել, այդ թվում՝ այն մասին, թե արդյոք այդ ենթադրյալ հրամանները պարունակել են բռնության հրահրում, թե՝ ոչ (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը)։

56. Ընդհանրացնելով կարելի է ասել, որ ներպետական դատարանները չեն տրամադրել բողոքի շարժմանը և նախագահական ընտրություններից հետո Հայաստանում սկիզբ առած ցույցերին ներգրավված լինելու ընթացքում դիմումատուին վերագրվող որևէ դատապարտելի արարքի, այդ թվում՝ բռնության հրահրման կամ դրդման կոնկրետ օրինակներ (տե՛ս որպես համեմատություն վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 249-53, և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, §§ 71-79)։ Ըստ էության, դիմումատուն պատասխանատվության է ենթարկվել ընդդիմության ակտիվ անդամ լինելու և խաղաղ հավաքների ազատության իր իրավունքից օգտվելու համար, այլ ոչ թե պատժելի արարքներ կատարելու համար (տե՛ս որպես համեմատություն վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 250)։

57. Վերջապես, Դատարանն այն կարծիքին է, որ, ինչպես նշված է Մյասնիկ Մալխասյանի գործում, ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից լրջորեն կասկածի տակ է դրվել այն վարկածը, ըստ որի՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններն ընդդիմության առաջնորդների՝ պետական իշխանությունը բռնի զավթելու կամ այլ կերպ ասած՝ հեղաշրջում կատարելու ծրագրված և կազմակերպված փորձի մասն են կազմել, և փաստորեն այդ քրեական հետապնդումներն ամենայն հավանականությամբ համարվում են զգալի քաղաքական շարժառիթներ ունեցող։ Ավելին, մի շարք արժանահավատ զեկույցներով ենթադրվել է, որ Մյասնիկյանի արձանի տարածքում մարդկանց հավաքվելը, այդ թվում՝ հետագայում նրանց զինվելը, եղել են ինքնաբուխ և նախապես չկազմակերպված զարգացումներ, և որ այդ օրը բռնության սրման պատճառը կարող էր լինել ավելի վաղ Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելը, այդ թվում՝ դրա ինտենսիվ բնույթը, ինչպես նաև մի շարք այլ նմանատիպ կամ անվերահսկելի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել այդ օրը (նույն տեղում՝ § 80)։ Դատարանը նշում է, որ Կառավարությունը սույն գործով չի ներկայացրել որևէ ապացույց, որը կարող էր իրենց ստիպել կասկածի տակ դնել վերոնշյալ զեկույցները կամ այդ գործով արված եզրակացությունները։

58. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանները չեն կատարել իրենց որոշումների համար հիմնավորումներ ներկայացնելու իրենց պարտականությունը, և որ դիմումատուների՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտությունը հիմնավորելու համար ներկայացված պատճառաբանությունները «համապատասխան և բավարար» չեն եղել։

59. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում։

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

60. Դիմումատուն բողոք է ներկայացրել նաև առ այն, որ իր նկատմամբ քրեական հետապնդման հարուցման և իրեն մեղավոր ճանաչելու շարժառիթը եղել են իր քաղաքական հայացքները, որը հանգեցրել է խտրականության՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտմամբ, որով նախատեսվում է հետևյալը.

«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:

61. Կառավարությունը վիճարկել է այդ բողոքը։

62. Հաշվի առնելով Կոնվենցիայի 11-րդ հոդվածի կապակցությամբ իր կողմից կատարված եզրահանգումները (տե՛ս վերևում՝ 51-59 պարբերությունները)՝ Դատարանն այս բողոքը հայտարարում է ընդունելի, սակայն համարում է, որ չկա անհրաժեշտություն սույն գործով քննելու, թե արդյոք տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում՝ 11-րդ հոդվածի հետ համակցությամբ, թե՝ ոչ (տե՛ս, mutatis mutandis,, վերևում հիշատակված՝
Տեր-Պետրոսյանի գործը, § 69, վերևում հիշատակված՝ Ջհանգիրյանի գործը, §
 131, և վերևում հիշատակված՝ Սմբատ Այվազյանի գործը, § 137

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

63. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

 

Ա. Վնասը

64. Դիմումատուն պահանջել է 25 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

65. Կառավարությունն առարկել է դիմումատուի բողոքի դեմ՝ պնդելով, որ այն անհիմն է։

66. Դատարանը համարում է, որ հայտնաբերված խախտումների հետևանքով դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս։ Հետևաբար այն դիմումատուին շնորհում է 9 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։

 

Բ. Ծախսերը և ծախքերը

67. Դիմումատուն նաև պահանջել է 2 130 եվրո և 2 800 ֆունտ ստերլինգ՝ Դատարանում կրած ծախսերի և լրացուցիչ 3 269.05 ֆունտ ստերլինգ՝ թարգմանության և այլ վարչական ծախքերի համար։

68. Կառավարությունը պնդել է, որ պահանջը պատշաճ հիմնավորված չէ և չափազանցված է։ Ավելին, դիմումատուի սկզբնական բողոքների մի մասը հայտարարվել էին անընդունելի, և նա վարձել է անհարկի մեծ թվով իրավաբաններ։

69. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործով Դատարանը համարում է, որ դիմումատուն ցույց չի տվել, որ պահանջվող բոլոր ծախսերը եղել են անհրաժեշտ և ողջամիտ։ Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերը նշված չափորոշիչները՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 2 600 եվրո՝ որպես Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է վճարվի ֆունտ ստերլինգով՝ Միացյալ Թագավորությունում նրա ներկայացուցիչների բանկային հաշվին։

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

70. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Որոշում է տուժող չհանդիսանալու մասին նախնական առարկությունը միացնել գործի ըստ էության քննությանը և մերժում է այն.

2. Հայտարարում է դիմումատուի՝ ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իրավունքներին միջամտության, ինչպես նաև քաղաքական հայացքի հիման վրա դիմումատուի նկատմամբ ենթադրյալ խտրական վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ բողոքներն ընդունելի.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում.

4. Վճռում է, որ ներկայացված բողոքը Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն քննելու անհրաժեշտություն չկա.

5. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները՝

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 9 000 եվրո (ինը հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 600 (երկու հազար վեց հարյուր եվրո) եվրո՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի ֆունտ ստերլինգի՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, և վճարվի Միացյալ Թագավորությունում դիմումատուի ներկայացուցիչների բանկային հաշվին.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2021 թվականի օգոստոսի 31-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Իլզե Ֆրայվիրտ

Թիմ Այքը

Քարտուղարի տեղակալ

Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան