Գլխավոր տեղեկություն
Համար
N 1728-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.11.2002-30.06.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.27/51(226) Հոդ.1198
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1728-Ն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոստիկանությունում ծառայության անցնող անձանց երդում տալու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 6
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1728-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանում է ոստիկանությունում ծառայության անցնող անձանց երդում տալու ընթացակարգը:

2. Ոստիկանությունում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ երդում է տալիս անհատապես և այն հաստատում անձնական ստորագրությամբ:

3. Ոստիկանության ծառայողի երդում (այսուհետ՝ երդում) տալիս են՝

ա) ոստիկանության ավագ և կրտսեր խմբի պաշտոններում առաջին անգամ ընդունվող ծառայողները՝ համապատասխանաբար վերապատրաստման և ուսումնական փորձաշրջանի արդյունքներով պաշտոնի նշանակվելուց ու ծառայության վայր ներկայանալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում.

բ) ոստիկանության ուսումնական հաստատություններում սովորողներն ուսումնական հաստատությունն ավարտելիս և պաշտոնի նշանակվելիս.

գ) պաշտպանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների և դատախազության ծառայողները՝ ոստիկանության թափուր պաշտոններում նշանակվելուց հետո՝ 1 ամսվա ընթացքում.

դ) երդումը տրվում է մեկ անգամ, այն չի կրկնվում հետագայում (ծառայությունը փոխելիս, աշխատանքում վերականգնվելիս, կրկին անգամ ոստիկանությունում ծառայության նշանակվելիս և այլն):

4. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում երդում տվողների հետ, մինչև երդման արարողության օրը, տարվում է բացատրական աշխատանք, որի ընթացքում պարզաբանվում են երդման նշանակությունը, ոստիկանությունում ծառայության առանձնահատկություններն ու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երդման տեքստի բովանդակությունը, և հայտարարվում է երդման արարողության վայրն ու օրը:

5. Նշանակված ժամին ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը ոստիկանության նշանակության, խնդիրների և պարտականությունների մասին ներածական խոսքից հետո հայտարարում է երդման արարողությունն սկսելու մասին:

6. Երդման արարողությունն անցկացվում է հանդիսավոր պայմաններում, Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև, ոստիկանության ստորաբաժանման ղեկավարության մասնակցությամբ:

7. Երդում տվողները հերթականությամբ կանչվում են շարքից և նրանցից յուրաքանչյուրը շարքի առջև բարձրաձայն ընթերցում է օրենքով սահմանված երդման տեքստը, ստորագրում ազգանվան դիմաց և գրավում իր տեղը շարքում: Այնուհետև ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը շնորհավորում է ոստիկանության ծառայողներին երդում տալու, իսկ ստորաբաժանմանը՝ նոր համալրման կապակցությամբ, որից հետո հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:

8. Ոստիկանության ծառայողի կողմից ստորագրված երդման ձևաթուղթը (ձևը կցվում է) հետագայում կադրային ստորաբաժանման կողմից կցվում է նրա անձնական գործին:

9. Ոստիկանությունում ծառայության անցնող անձանց երդում տալու արարողակարգը կազմակերպում և իրականացնում է ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարությունը:

10. Որպես կանոն, երդման արարողությունն անցկացվում է բացօթյա պայմաններում, ոչ բարենպաստ կլիմայական պայմանների դեպքում՝ դահլիճում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

Ե Ր Դ ՈՒ Մ

 

Ես՝__________________________, ծառայության անցնելով

    (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, երդվում եմ՝

հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը:

Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս:

 

_____________________

(ստորագրությունը)

 

____ ___________ 200  թ.