Գլխավոր տեղեկություն
Համար
N 2
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (24.08.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.08.2022
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.08.2022
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 օգոստոսի 2022 թ.

քաղ. Երևան

N 2

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 67-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ, 4-5.1-ՐԴ, 9-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը նորմատիվ իրավական ակտի դրույթների իմաստի պարզմանն ուղղված գործընթաց է դրանց ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև՝ նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտության դեպքերում:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի համաձայն.

«(…)

2. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից` (…):

4. Եթե ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը գերազանցում են 5.000 դրամը, ապա փաստացի կատարված ամբողջ ծախսը բռնագանձվում է պարտապանից:

Եթե կատարողական վարույթն ավարտվել է պահանջատիրոջ պահանջով կատարողական թերթը վերադարձնելու դեպքում կամ կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից: Բռնագանձվող գումարի չափը չի կարող պակաս լինել բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոսից:

5. Եթե կատարողական վարույթը կարճվել է պահանջատիրոջ կողմից այն գույքն ստանալուց հրաժարվելու հետևանքով, որն առգրավվել է պարտապանից պահանջատիրոջը հանձնելու վերաբերյալ կատարողական թերթը կատարելիս, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

5.1. Սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված փորձաքննության իրականացման կատարողական ծախսերը բռնագանձվում են պարտապանից, իսկ նույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում` պահանջատիրոջից:

(…)

9. Հայցի և վճռի կատարման ապահովմանն ուղղված կատարողական վարույթների կատարողական ծախսերը բռնագանձվում են այն անձից, որի վրա դատական ակտով դրվել է դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը, իսկ մինչև գործի ըստ էության լուծումը հայցի ապահովումը դատարանի կողմից վերացվելու դեպքում` հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթով պահանջատիրոջից: (…)»:

Պաշտոնական պարզաբանում տալու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Ս. Մեղրյանի կողմից Արդարադատության նախարարին 2022 թվականի հուլիսի 20-ին ուղղված թիվ 01/38/19863-2022 գրության համաձայն՝ առկա է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ, 4-5.1-րդ, 9-րդ մասերի դրույթների կարգավորման կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտություն։

Մասնավորապես, կատարողական վարույթների շրջանակներում հանդիպում են բազմաթիվ դեպքեր, երբ պահանջատեր պետական մարմինը հրաժարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի նշված մասերի հիմքով կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելուց՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ պետական մարմինը նկարագրված դեպքերում կատարողական գործողությունների կատարման ծախսի վճարման պարտականություն չի կարող ունենալ, քանի որ այդ պարտավորությունը Քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածով նախատեսված՝ պարտատիրոջ և պարտապանի համընկնման հիմքով համարվում է դադարած։

Նման պայմաններում, հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի վերը վկայակոչված կարգավորումները, Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը խնդրել է պաշտոնապես պարզաբանել՝ կատարողական վարույթի շրջանակներում կատարողական գործողությունների կատարման ծախսերը կատարողական վարույթի՝ պետական մարմին հանդիսացող կողմից գանձելու հիմքերի առկայության դեպքում դրանք արդյո՞ք պետք է գանձվեն պետական մարմնից, և նման պարագայում կատարողական գործողությունների կատարման ծախսեր վճարելու պարտավորությունը կարո՞ղ է արդյոք դադարած համարվել Քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածի՝ պարտատիրոջ և պարտապանի համընկնման հիմքով:

Քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածի համաձայն՝ պարտատիրոջ և պարտապանի համընկնման դեպքում պարտավորությունը դադարում է:

Նույն օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ մեկ կողմի` մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային` ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը, և այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:

Հարկ է ընդգծել, որ կատարողական գործողությունների կատարման ծախսեր վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես քաղաքացիաիրավական պարտավորություն, քանի որ դրա հիմքում ընկած՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) և կատարողական վարույթի մասնակից պետական մարմնի միջև իրավահարաբերությունները չեն հանդիսանում քաղաքացիական իրավահարաբերություններ, դրանց ծագման հիմքը գործարքը չէ կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների ծագման որևէ այլ հիմք: Այդ հարաբերությունները կատարողական վարույթի՝ որպես վարչարարության, իրականացման առնչությամբ որպես վարչական մարմին հանդես եկող Ծառայության և որպես կատարողական վարույթի մասնակից հանդես եկող պետական մարմնի միջև ծագող հարաբերություններ են, այսինքն՝ վարչաիրավական հարաբերություններ։ Հետևաբար, Քաղաքացիական օրենսգրքի նորմերը, այդ թվում՝ պարտավորությունը պարտատիրոջ և պարտապանի համընկնման հիմքով դադարելու վերաբերյալ նորմը, այդ հարաբերությունների նկատմամբ նույն օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասի ուժով կիրառելի չեն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ նախատեսված է այդ հարաբերությունների նկատմամբ Քաղաքացիական օրենսգրքի կիրառելի լինելը։

Քաղաքացիական օրենսգրքի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ այն չի պարունակում որևէ կարգավորում, որի հիման վրա պարտավորությունների դադարման, այդ թվում՝ պարտավորությունը պարտապանի և պահանջատիրոջ համընկնման հիմքով դադարելու վերաբերյալ նորմերը կարող են կիրառելի համարվել վարչական հարաբերությունների, այդ թվում՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերի գանձման հարաբերությունների նկատմամբ։ Նման կարգավորում առկա չէ նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով և այլ օրենքներով։ Հետևաբար, Քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածը կատարողական գործողությունների կատարման ծախսերի գանձման հարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ։

Վերոգրյալ դիրքորոշումը հիմնավորվում է նաև Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներով, որոնց շրջանակներում բազմիցս արձանագրվել է հանրային իրավահարաբերությունների նկատմամբ, որպես կանոն, քաղաքացիական օրենսդրության նորմերը կիրառելի չլինելու հանգամանքը (օրինակ՝ թիվ ՎԴ/7059/05/08, թիվ ՎԴ/0123/05/09 վարչական գործերով Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումներ)։

Այսպիսով, կատարողական գործողությունների կատարման ծախսերի գանձման իրավահարաբերությունները վարչաիրավական հարաբերություններ են, որոնց նկատմամբ Քաղաքացիական օրենսգրքի նորմերը, այդ թվում՝ նույն օրենսգրքի 429-րդ հոդվածով նախատեսված՝ պարտավորությունը պարտատիրոջ և պարտապանի համընկնմամբ դադարելու վերաբերյալ նորմը, կիրառելի չեն։

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի, Կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի թիվ 1159-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի 7-րդ կետի պահանջներով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ, 4-5.1-րդ և 9-րդ մասերի ուժով կատարողական վարույթի շրջանակում կատարողական գործողությունների կատարման ծախսերը կատարողական վարույթի կողմ հանդիսացող պետական մարմնից գանձելու հիմքերի առկայության դեպքում դրանք պետք է գանձվեն պետական մարմնից, ընդ որում՝ կատարողական գործողությունների կատարման ծախսեր վճարելու պարտավորությունը չի կարող համարվել դադարած Քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածի՝ պարտատիրոջ և պարտապանի համընկնման հիմքով։

 

 

Կ. Անդրեասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2022 թվական: