«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2155-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության մարզական կենտրոններ և ակումբներ պետական հիմնարկները (այսուհետ՝ պետական հիմնարկներ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններ)՝ համաձայն հավելվածի։
2. Մինչև Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության պետական հիմնարկների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը՝ այդ հիմնարկներին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով, տվյալ հիմնարկներին սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներ ներկայացված վճարման հանձնարարագրերի, կանխիկ գումարի ստացման հայտերի հիման վրա՝ առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու՝ այդ հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում։
3. Պետական հիմնարկների տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող 17406,5 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության սահմանած չափերով, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին։
Պետական հիմնարկների տնօրինության՝ 92887,5 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության սահմանած չափերով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր։
4. Սահմանել, որ՝
ա) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակը ֆիզկուլտուրային-առողջարարական և սպորտային (մարզական) գործունեության իրականացումն է.
բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնական գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով։
5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը։
6. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին՝ մեկամսյա ժամկետում.
ա) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.
բ) ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցումը.
գ) սահմանել պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը։
7. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԵՎ ԱԿՈՒՄԲՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
NN |
Պետական հիմնարկի անվանումը |
Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը |
1. |
Հեծանվային սպորտի մարզական կենտրոն «Էրեբունի» | Հեծանվային սպորտի «Էրեբունի» մարզական կենտրոն |
2. |
Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի կենտրոն | Ազգային հավաքական թիմերի կենտրոն |
3. |
Տ. Պետրոսյանի անվան Հայաստանի շախմատի կենտրոնական տուն | Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն |
4. |
Լեռնագնացների «Արագած» հանրապետական ակումբ | Լեռնագնացների «Արագած» ակումբ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |