Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.08.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.08.2023
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

08 օգոստոսի 2023 թվականի

թիվ 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով մի շարք իրավական դրույթների («Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մաս և 7-րդ հոդվածի 4-րդ մաս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդված, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետ) ոչ հստակ և տարաբնույթ ընկալման, ինչպես նաև իրավական ակտերի միջև հակասության (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 98-րդ և 111-րդ հոդվածներ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդված) կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հասցեագրված գրությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը սույն պաշտոնական պարզաբանմամբ անդրադառնում է ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի վերաբերյալ հետևյալ հարցերին.

 

1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում ընթացիկ արժութային գործարքների դիմաց անկանխիկ վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային անկանխիկ գործարքները կարող են իրականացվել նաև արտարժույթով`

ա) իրավաբանական անձանց միջև.

բ) անհատ ձեռնարկատերերի միջև.

գ) սույն մասի «ա» և «բ» կետերում նշված սուբյեկտների միջև»: Սակայն, քանի որ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում բացակայում է որևէ դրույթ ներդրումային ֆոնդերի մասին, հստակ չէ` ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդի փայերի գնանշումը արդյո՞ք ընկնում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի ներքո և, համապատասխանաբար, արդյո՞ք ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերի փայերը հնարավոր է գնանշել արտարժույթով:

 

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց կանոնադրական և բաժնեհավաք կապիտալում դրամական (փողային) ներդրումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով: Ակնհայտ է, որ վերոնշյալ արժութային սահմանափակումը կիրառելի է բացառապես իրավաբանական անձանց կապիտալում իրականացվող ներդրումների նկատմամբ:

 

Հասկանալու համար, թե այս արժութային սահմանափակումը կիրառելի՞ է արդյոք ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերի նկատմամբ, պետք է հասկանալ` ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդն ունի՞ արդյոք իրավաբանական անձի կարգավիճակ:

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 968.1 հոդվածի համաձայն՝ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագիրը քաղաքացիաիրավական պայմանագիր է, որի համաձայն՝ մի կողմը պարտավորվում է կառավարել մյուս կողմի դրամական միջոցները:

 

Այսինքն` ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդն ակտիվների համախումբ է, որը կարգավորվում է քաղաքացիաիրավական պայմանագրով և իր բնույթով իրավաբանական անձ չի հանդիսանում: Հետևաբար, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արժութային սահմանափակումը, որը կիրառելի է բացառապես իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում իրականացվող ներդրումների նկատմամբ, չի կարող տարածվել ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդի փայերի գնանշման վրա:

 

Հաշվի առնելով վերոնշյալ պարբերությունը` անհրաժեշտ է նաև պարզել` արդյո՞ք ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդի վրա տարածվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը, որը թույլատրում է արտարժույթով անկանխիկ գործարքների կնքումը, միայն եթե գործարքի մի կողմը ռեզիդենտ իրավաբանական անձ է (կամ անհատ ձեռնարկատեր), իսկ մյուսը` ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ (կամ անհատ ձեռնարկատեր):

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում արտարժույթով լայնածավալ գործարքների թույլատրումը կարող է ֆինանսական համակարգի կայունության և տնտեսական ռիսկեր առաջացնել, հարցին պատասխանելու համար առաջարկում ենք անդրադառնալ օրենքի կարգավորման նպատակին:

 

Օրենքի կարգավորման նպատակներն են.

● ՀՀ ռեզիդենտների միջև արտարժույթով գործարքների արգելումը,

● ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց միջև ոչ ձեռնարկատիրական նպատակ ունեցող գործարքներն արտարժույթով գնանշելու բացառումը,

● ձեռնարկատիրական, բիզնես ոլորտի գործարքների արտարժույթով թույլատրումը, այն դեպքում, երբ դրանք անհրաժեշտ են:

 

Վերջին նպատակի համար օրենքը ընտրել է որպես չափանիշ երկու բիզնես սուբյեկտների միջև ձեռնարկատիրական բնույթ ունեցող գործարքները:

 

Կարևոր է, որ ֆոնդի կառավարման պայմանագիրն ինքնին հանդիսանում է ձեռնարկատիրական բնույթ ունեցող գործարք. այն հիմնում է ձեռնարկատիրական գործունեություն: Այս պայմանագիրն իր ձեռնարկատիրական լինելու բնույթը չի փոխում, անկախ այն հանգամանքից՝ կողմերը իրավաբանական, թե ֆիզիկական անձինք են:

 

Գործարքի առարկան ֆինանսական միջոցների մասնագիտացված կառավարումն է, ինչը ենթադրում է, որ գործարքը պետք է ազատականացված լինի գործարքների արժութային ստանդարտ կարգավորումից: Ֆիզիկական անձը` որպես ներդրող, իրավունք ունի իր արտարժութային դրամական միջոցները հանձնել կառավարման այնպես, ինչպես ՀՀ դրամով արտահայտված միջոցները:

 

Ֆինանսական համակարգի կայունության պահպանման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ռիսկերի կանխարգելման շրջանակներում կարևոր է նաև, որ տվյալ գործարքը և դրան հետևող ամբողջ գործունեությունը լինեն թափանցիկ և մշտադիտարկվող:

 

Հաշվի առնելով վերոնշյալը` ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի փայերի գնանշումն ընկնում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի ներքո և, համապատասխանաբար, ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերի փայերը հնարավոր է գնանշել արտարժույթով, եթե գործարքն անկանխիկ է, և ներդրողներից առնվազն մեկն օտարերկրյա անձ է, ընդ որում, անկախ այն հանգամանքից` ֆիզիկական, թե իրավաբանական անձ է:

 

2. Արդյո՞ք հնարավոր է ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի կողմից ՀՀ-ում գրանցված կազմակերպություններին մեզանին ֆինանսավորման (mezzanine finance) տրամադրումը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 98-րդ և 111-րդ հոդվածների և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի համադրությունը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն` բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը վճարելու պարտականությունից բաժնետիրոջն ազատել` ներառյալ ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, չի թույլատրվում: Օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն` չի թույլատրվում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցին ազատել ընկերության կանոնադրական կապիտալում ավանդ ներդնելու պարտականությունից` ներառյալ ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով: Նույն դրույթները կրկնվում են «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:

 

Միևնույն ժամանակ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածը նախատեսում է, որ ընկերությունը կարող է թողարկել փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր, որոնք տալիս են ընկերության պարտատոմսերը և այլ արժեթղթերը բաժնետոմսերի փոխարկման կամ բաժնետոմսերի արտոնյալ ձեռքբերման իրավունք: Այսպիսով` օրենսդրությունը մի կողմից՝ արգելում է պարտավորության դիմաց բաժնետոմսերով «վճարելու» հնարավորությունը, իսկ մյուս կողմից՝ թույլատրում է փոխարկելի պարտատոմսերով գործարքները: Սակայն Քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածների համադրումը անորոշ է թողնում այն հարցը, թե արդյոք հնարավո՞ր է մեզանին ֆինանսավորման տրամադրումը, ինչն այնպիսի գործարք է, որն ի սկզբանե և իր բնույթով նախատեսում է պարտավորությունը չկատարելու դեպքում այն կապիտալում մասնակցության փոխարկելու հնարավորություն:

 

Քաղաքացիական օրենսգրքի 98-րդ և 111-րդ հոդվածներն ուղղված են այնպիսի գործարք արգելելուն, որն իր բնույթով և ի սկզբանե չէր ենթադրում բաժնետիրացում: Հակառակը` միայն պարտավորության չկատարման ուժով որոշում է կայացվել պարտավորությունը մարել` այն փոխարկելով կապիտալում մասնակցության: Այսպիսի գործարքները պետք է արգելվեն հնարավոր չարաշահումների և բաժնետերերի ու այլ պարտատերերի իրավունքների պաշտպանության նպատակով: Այլ է հարցը, երբ ի սկզբանե այնպիսի գործարք է կնքվում, որտեղ նախատեսված է փոխարկման հնարավորությունը:

 

Հաշվի առնելով կարգավորման այս տրամաբանությունը, կարելի է եզրակացնել, որ քանի որ մեզանին ֆինանսավորումն ի սկզբանե և իր բնույթով նախատեսում է պարտավորությունը չկատարելու դեպքում այն կապիտալում մասնակցության փոխարկելու հնարավորություն, թույլատրելի է: Ընդ որում, կարգավորման տեսանկյունից ընկերության կազմակերպաիրավական ձևը որևէ նշանակություն չպետք է ունենա նմանատիպ գործարքների կնքման օրինականության հարցում: Նմանատիպ գործարքում պարտադիր պահանջ պետք է լինի միայն այն, որ այդ գործարքի հաստատման համար կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգերը պահպանված լինեն (օրինակ` բաժնետերերի ընդհանուր ժողովում քվեարկություն և այլն):

 

Ուստի, ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերը կարող են Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող կազմակերպություններին մեզանին ֆինանսավորում տրամադրել (mezzanine finance) և, հետևաբար, ձեռք բերել այդ կազմակերպությունների բաժնետոմսերը այդ կազմակերպության նկատմամբ պահանջների հաշվանցով, եթե գործարքն ի սկզբանե և իր բնույթով նախատեսում է պարտքի դիմաց կապիտալի մասնակցության հնարավորություն, և գործարքը հաստատվել է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգերով:

 

3. Մեզանին ֆինանսավորումը պարտքային գործիք է, որն իր բնույթով նախատեսում է հետագայում կապիտալում մասնակցության փոխարկվելու հնարավորություն: Միևնույն ժամանակ, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց կանոնադրական և բաժնեհավաք կապիտալում դրամական (փողային) ներդրումներն իրականացվում են ՀՀ դրամով: Արդյոք կարո՞ղ է ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպություններին արտարժույթով մեզանին ֆինանսավորում տրամադրել՝ հաշվի առնելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը և մեզանին ֆինանսավորման` հետագայում կապիտալում մասնակցության փոխարկվելու հնարավորությունը:

 

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց կանոնադրական և բաժնեհավաք կապիտալում դրամական (փողային) ներդրումներն իրականացվում են ՀՀ դրամով:

 

Միևնույն ժամանակ, մեզանին ֆինանսավորումը պարտքային գործիք է, որն իր բնույթով նախատեսում է պարտավորությունները չկատարելու դեպքում կապիտալում մասնակցության փոխարկելու հնարավորություն: Այստեղից էլ անհրաժեշտություն է առաջանում պարզաբանել՝ արդյո՞ք մեզանին ֆինանսավորման տրամադրումը արտարժույթով կհամարվի «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում, քանի որ ի սկզբանե հայտնի է, որ պարտավորությունները չկատարելու դեպքում այն կարող է փոխարկվել կապիտալում մասնակցության:

 

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 51 մասը նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների:

 

Հարկ է նշել, որ արժութային կարգավորման տեսանկյունից կարևորվում է գործարքի էությունը` անկախ այդ գործարքի կնքման ձևից և օգտագործվող գործիքներից: Ուստի, փոխառության հասկացությունը ներառում է նաև այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ստորադաս փոխառությունները, մեզանին ֆինանսավորումը (mezzanine finance) և այլ պարտքային գործիքները: Հետևաբար, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 51 մասը տարածվում է նաև մեզանին ֆինանսավորման` որպես պարտքային գործիքի մի տեսակի վրա, և, համապատասխանաբար, մեզանին ֆինանսավորումը կարող է տրամադրվել արտարժույթով:

 

Սպառողական փոխառության բացառությանն անդրադառնալով` նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերը կամ այլ պարտքային գործիքները չեն կարող որակվել որպես սպառողական, քանի որ հետապնդում են ձեռնարկատիրական նպատակ:

 

Հարկ ենք համարում հղում կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հունիսի 12-ի թիվ 5 պաշտոնական պարզաբանմանը, որտեղ նշվում է, որ «միայն կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված կամ ազդագրի («Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն ազդագրի հրապարակման պահանջից բացառությունների և/կամ ոչ հրապարակային թողարկման դեպքում` թողարկման պայմանների) համաձայն` կարգավորվող շուկայում առևտրին թույլատրման ենթակա պարտատոմսերի արտահայտումը արտարժույթով, ներառյալ` անվանական արժեքի նախատեսումը, այդ պարտատոմսերի ձեռքբերման ժամանակ վճարումները և այդ պարտատոմսերի մարումը կարող են կատարվել արտարժույթով»:

 

Այսպիսով` ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերը ՀՀ-ում գրանցված կազմակերպություններին կարող են արտարժույթով տրամադրել մեզանին ֆինանսավորում, սակայն, քանի որ կապիտալ ներդրումները և կապիտալի գնանշումը «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրականացվում են միայն ՀՀ դրամով, մեզանին ֆինանսավորումը կապիտալի փոխարկման պահին պետք է գնանշվի ՀՀ դրամով:

 

4. Արդյո՞ք ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագիրը կարող է կարգավորվել օտարերկրյա իրավունքով` հաշվի առնելով դրա պայմանագրային բնույթը:

 

Ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագիրը քաղաքացիաիրավական պայմանագիր է, որը կնքվում է երկու մասնավոր սուբյեկտի միջև:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1284-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագիրը կարգավորվում է կողմերի համաձայնությամբ ընտրված պետության իրավունքով:

 

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կատարված հարցումները ցույց են տալիս, որ իրավաբանների միջև բացակայում է միասնական կարծիք` արդյո՞ք այս դրույթը կիրառելի է ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերի նկատմամբ, և արդյո՞ք դրույթը շարունակում է կիրառելի լինել այն դեպքում, երբ քաղաքացիաիրավական պայմանագրում բացակայում է որևէ օտարերկրյա տարր:

 

Ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագիրը քաղաքացիաիրավական պայմանագիր է, որը կնքվում է երկու մասնավոր սուբյեկտի միջև: Հարաբերության բնույթից հետևում է, որ սուբյեկտներն օգտվում են պայմանագրի ազատության իրավունքից: Դա ենթադրում է, որ կողմերը կարող են ընտրել իրենց քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող իրավունքը` անկախ որևէ հանգամանքից: Իսկապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը թույլատրում է պայմանագրի կարգավորումը օտարերկրյա իրավունքով կողմերի համաձայնության դեպքում (ՀՀ քաղ. օր. 1284-րդ հոդված): Ընդ որում, այս իրավունքը կողմերին տրված է անկախ իրենց քաղաքացիությունից, գրանցման վայրից, գործունեության վայրից կամ որևէ այլ կապից այս կամ այն պետության հետ:

 

Հատկապես կարևորվում է այն հանգամանքը, որ 2016թ. հոկտեմբերի 27-ին ընդունված «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նոր լրացվող 3.1 հոդվածով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատեց հիշյալ քաղաքականությունը և ուղղակիորեն իրավասություն վերապահեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին կանոնակարգել տվյալ ոլորտը ֆինանսական շուկաների համար:

 

Կիրառելի իրավունք ընտրելու իրավունքը պայմանագրի ազատության սկզբունքից է բխում և չի կարող սահմանափակվել: Այլ հարց է, թե այն պետությունը, որը կիրառելու է տվյալ համաձայնությունն իր մարմինների միջոցով, ինչ սահմանափակումներ է նախատեսում տվյալ իրավունքի կիրառման ոլորտում: Նմանատիպ համաձայնություն կիրառող յուրաքանչյուր մարմնի կողմից օգտագործվող սահմանափակումները տարբերվում են` կախված տվյալ մարմնի յուրիսդիկցիայում գործող օրենսդրությունից: Հայաստանի Հանրապետությունում կիրառող դատարանների համար այդ սահմանափակումները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով (հանրային կարգի վերապահումը և իմպերատիվ նորմերը): Ի հաստատում վերոնշյալի՝ անդրադառնանք միջազգային փորձին, մասնավորապես, Եվրամիության (այսուհետ` ԵՄ) կարգավորմանը: Հռոմ I ԵՄ կանոնակարգը1, որը կարգավորում է ԵՄ տարածքում պայմանագրային հարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավունքը, ամրագրում է պայմանագրի ազատության սկզբունքը և կիրառելի իրավունք ընտրելու կողմերի իրավունքը: Ի հավելումն, այն նախատեսում է, որ եթե իրավահարաբերության (իրավիճակի) բոլոր մյուս տարրերը իրավունքի ընտրության ժամանակ գտնվում են այլ պետությունում, քան ընտրված իրավունքի պետությունն է, ապա կողմերի ընտրությունը չի խափանի այդ պետության այն իրավանորմերը, որոնցից չի կարելի վերապահում նախատեսել2: Նորմն ինքնին նշանակում է, որ նույնիսկ եթե գործարքի բոլոր տարրերը գտնվում են մի պետության սահմաններում, նրա նկատմամբ, այնուամենայնիվ, կարող է կիրառվել այլ պետության իրավունքը, եթե կողմերի միջև այդ մասին առկա է համաձայնություն, և եթե դրա կիրառման հետևանքները չեն հակասում պետության իրավունքի իմպերատիվ նորմերին կամ իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին): Եզրակացությունն այն է, որ կողմերը կարող են ընտրել ցանկացած իրավունք, նույնիսկ եթե այն որևէ օբյեկտիվ կապ չունի պայմանագրի հետ3:

 

Վերոգրյալը հաշվի առնելով` ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագիրը կարող է կարգավորվել օտարերկրյա իրավունքով` կողմերի համաձայնության դեպքում, այնքանով, որքանով դրա կիրառման հետևանքները չեն հակասում Հայաստանի Հանրապետության իրավունքի իմպերատիվ նորմերին կամ Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին):

 

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «իէ» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Պաշտոնապես պարզաբանում է.

 

1. Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի փայերի գնանշումն ընկնում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի ներքո և, համապատասխանաբար, ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերի փայերը հնարավոր է գնանշել արտարժույթով, եթե գործարքն անկանխիկ է, և ներդրողներից առնվազն մեկը օտարերկրյա անձ է, ընդ որում, անկախ այն հանգամանքից` ֆիզիկական, թե իրավաբանական անձ է:

2. Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերը կարող են Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող կազմակերպություններին մեզանին ֆինանսավորում տրամադրել (mezzanine finance) և, հետևաբար, ձեռք բերել այդ կազմակերպությունների բաժնետոմսերը այդ կազմակերպության նկատմամբ պահանջների հաշվանցով, եթե գործարքն ի սկզբանե և իր բնույթով նախատեսում է պարտքի դիմաց կապիտալի մասնակցության հնարավորություն, և գործարքը հաստատվել է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգերով:

3. Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերը Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպություններին կարող են արտարժույթով տրամադրել մեզանին ֆինանսավորում, սակայն, քանի որ կապիտալ ներդրումները և կապիտալի գնանշումը «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իրականացվում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով, մեզանին ֆինանսավորումը կապիտալի փոխարկման պահին պետք է գնանշվի ՀՀ դրամով:

4. Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագիրը կարող է կարգավորվել օտարերկրյա իրավունքով` կողմերի համաձայնության դեպքում, այնքանով, որքանով դրա կիրառման հետևանքները չեն հակասում Հայաստանի Հանրապետության իրավունքի իմպերատիվ նորմերին կամ Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին):

____________________________

1 Regulation (EC) No 593/2008 of the European Parliament and of the Council of 17 June 2008 on the law applicable to contractual obligations (Rome I)

2 Regulation (EC) No 593/2008, Article 3.3

3 Garcimartin Alferez, The Rome I Regulation: Much ado about nothing? EurLF 2008, I-61 (I-65) para 22

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ

Ա. Նուրբեկյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 օգոստոսի 2023 թվական: