Գլխավոր տեղեկություն
Համար
N 524-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2003-09.09.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.04/31(266) Հոդ.500
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.10.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 մայիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2003 թվականի N 524-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածների, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2042-Ն որոշման 1-ին կետի «բ» և 2-րդ կետի «ա» ենթակետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության որակի տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության որակի տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մայիսի 15
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 524-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը (այսուհետ` տեսչություն) ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, համապատասխանության հավաստման և առևտրի բնագավառներում պետական կառավարման լիազորված մարմին հանդիսացող Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում սպասարկումների, ծառայությունների և արտադրանքի որակի ապահովման բնագավառներում իրականացնում է վերահսկողական գործառույթներ` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

4. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Տեսչության նպատակները և խնդիրներն են`

ա) արտադրանքի, աշխատանքի, ծառայության որակի ապահովման և սպառողների իրավունքների պաշտպանությունը` արտադրանքի կամ ծառայությունների նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների ու համապատասխանության պարտադիր հավաստման կանոնների պահպանման բնագավառներում.

բ) տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրանքի, աշխատանքի, ծառայության նկատմամբ նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.

գ) արտադրանքի, աշխատանքի, ծառայության համապատասխանության հավաստման և չափագիտական նորմերի պահպանումը:

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափման միջոցների թողարկման, չափումների կատարման մեթոդիկաների, էտալոնների, տիպային և աշխատանքային չափման միջոցների վիճակի ու կիրառման և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

բ) փաթեթավորված, չափածրարված ապրանքների նկատմամբ չափագիտական վերահսկողության իրականացում.

գ) օտարվող ապրանքների նկատմամբ չափագիտական վերահսկողության իրականացում.

դ) արտադրանքն արտադրելու, իրացնելու, օգտագործելու (շահագործելու), պահելու, փոխադրելու և օգտահանելու փուլերում, ինչպես նաև աշխատանքների, ծառայությունների (այսուհետ` ծառայություն) մատուցման ժամանակ արտադրանքի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների և համապատասխանության պարտադիր հավաստման կանոնների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.

ե) սույն կանոնադրությամբ նախատեսված ստուգումների ժամանակ արձանագրված արդյունքների ամփոփում և վերլուծություն.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում, համապատասխան որոշումների ընդունում, ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, համապատասխանության հավաստման և առևտրի բնագավառներում գլխավոր պետական տեսչին (այսուհետ` գլխավոր պետական տեսուչ) համապատասխան պատասխանատվության միջոցներ, այդ թվում` վարչական տուգանքներ կիրառելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

 8. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը (այսուհետ` նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որն ի պաշտոնե հանդիսանում է գլխավոր պետական տեսուչ և պաշտոնի նշանակվում ու պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով: Տեսչության` քաղաքացիական ծառայող համարվող աշխատողները հանդիսանում են նախարարության պետական տեսուչներ:

9. Տեսչության պետը պատասխանատու է սպասարկումների և որակի ապահովման բնագավառներում վերահսկողական գործառույթների իրականացման, տեսչության աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև դրանց` օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

10. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

11. Տեսչության պետը`

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումն ու արդյունքների մասին տեղեկացնում է նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների տարածքային մարմինների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

թ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժ) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժա) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժբ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժգ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

12. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

14. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

15. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 23-ի N 524-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Հաշվառման և փորձաքննության բաժին

 

II. Տարածքային մարմիններ

 

1. Երևանի Կենտրոն համայնքի վերահսկողության բաժանմունք

 

2. Երևանի Նոր Նորք, Նորք-Մարաշ և Ավան համայնքների վերահսկողության բաժանմունք

 

3. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների վերահսկողության բաժանմունք

 

4. Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն համայնքների վերահսկողության բաժանմունք

 

5. Երևանի Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների վերահսկողության բաժանմունք

 

6. Արագածոտնի մարզային վերահսկողության բաժանմունք

 

7. Արարատի մարզային վերահսկողության բաժանմունք

 

8. Արմավիրի մարզային վերահսկողության բաժանմունք

 

9. Գեղարքունիքի մարզային վերահսկողության բաժանմունք

 

10. Լոռու մարզային վերահսկողության բաժանմունք

 

11. Կոտայքի մարզային վերահսկողության բաժանմունք

 

12. Շիրակի մարզային վերահսկողության բաժանմունք

 

13. Սյունիքի մարզային վերահսկողության բաժանմունք

 

14. Վայոց ձորի մարզային վերահսկողության բաժանմունք

 

15. Տավուշի մարզային վերահսկողության բաժանմունք

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան