Գլխավոր տեղեկություն
Համար
N 995-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.07.2002-18.04.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2002 թվականի N 995-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մասին» N 338 որոշման 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոց ստեղծելու մասին» N 240 որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման 6-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցը հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, իսկ» բառերը հանել, իսկ «ինստիտուտը`» բառը փոխարինել «ինստիտուտը հանձնել» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 


16 հուլիսի 2002 թվական

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հուլիսի 4-ի N 995-Ա որոշման

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան (այսուհետ` ակադեմիա) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:

Ակադեմիան Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի իրավահաջորդն է:

2. Ակադեմիան ստեղծվել և գործում է առանց ժամկետային սահմանափակման:

3. Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

4. Ակադեմիայի հիմնադիր փաստաթուղթը սույն կանոնադրությունն է:

5. Ակադեմիան ձեռք է բերում և իրականացնում իր նպատակների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ: Ակադեմիան հիմնադրի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է զբաղվել վճարովի ուսումնական, գիտահետազոտական, փորձագիտական, խորհրդատվական, հրատարակչական աշխատանքներով, ինչպես նաև տպագիր նյութերի իրացմամբ:

6. Ակադեմիան այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ: Ակադեմիան ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, մեդալ, խորհրդանշան, ձևաթուղթ և այլ անհատականացման միջոցներ:

7. Ակադեմիայի անվանումն է`

հայերեն` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա.

ռուսերեն` Академия государственного управления Республики Армения.

անգլերեն` Public Administration Academy of the Republic of Armenia:

8. Ակադեմիայի գտնվելու վայրն է 375028, քաղ. Երևան, Կիևյան 8:

 

II. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Ակադեմիայի գործունեության առարկան և նպատակն են`

ա) մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը, լրացուցիչ և հետբուհական կրթական ծրագրերի իրականացումը.

բ) պետական կառավարման ոլորտում գիտական հիմնարար և կիրառական հետազոտությունների, փորձագիտական արժևորումների, ինչպես նաև խորհրդատվությունների իրականացումը.

գ) պետական կառավարման ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը.

դ) պետական կառավարման ոլորտի տեղեկատվավերլուծական ապահովումը:

10. Ակադեմիան`

ա) կազմակերպում է ընդունելություն և ուսուցում, շրջանավարտներին տալիս է ավարտական վկայականներ (դիպլոմներ).

բ) կազմում է ուսումնական պլաններ և ծրագրեր.

գ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, իր լիազորությունների սահմաններում, իրականացնում է երկկողմ և բազմակողմ ուղղակի կապեր Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա գիտական և ուսումնական հաստատությունների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ.

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սահմանված կարգով իրականացնում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը.

ե) շնորհում է ակադեմիայի պատվավոր կոչումներ, սահմանում մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում ակադեմիայի մեդալով.

զ) կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ և այլն.

է) տնօրինում է իր ֆինանսական միջոցները.

ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իր նպատակներից բխող և իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

III. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

11. Ակադեմիայի ընդհանուր կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը, որն ապահովում է ակադեմիայի բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ անպատշաճ կատարման համար:

12. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը`

ա) իրականացնում է ակադեմիայի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

բ) օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ակադեմիայի ռեկտորին.

գ) ակադեմիայի ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է ակադեմիայի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունները.

դ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ակադեմիայի գործադիր և այլ մարմինների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, այլ որոշումներ.

ե) լսում է ակադեմիայի գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.

զ) վերահսկողություն է իրականացնում ակադեմիային ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

է) վերահսկողություն է իրականացնում ակադեմիայի սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն տալիս դրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.

ը) հաստատում է ակադեմիայի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

13. Ակադեմիայի գիտական խորհուրդն ակադեմիայի ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող և կարգավորող կառավարման մարմին է:

Ակադեմիայի գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

14. Ակադեմիայի գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր աշխատակարգը.

բ) կրթության պետական կառավարման լիազորված մարմին ներկայացնելու համար ունկնդիրների, հայցորդների, ասպիրանտների և դոկտորանտների ընդունելության կանոնների վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ է ներկայացնում նոր մասնագիտությունների և մասնագիտացումների անվանացանկի, ինչպես նաև նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու մասին առաջարկություններ` կրթության պետական կառավարման լիազորված մարմին ներկայացնելու համար.

դ) իրեն հատկացված ընդունելության ընդհանուր տեղերի թվի սահմաններում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, հաստատում է վճարովի հիմունքներով ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերը.

ե) հաստատում է ուսումնական պլանները` ըստ մասնագիտությունների.

զ) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում հաշվետվություններ ու գիտական հաղորդումներ կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

է) ընդունում է «Ակադեմիայի պատվավոր դոկտոր», «Ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր», «Ակադեմիայի վաստակավոր պրոֆեսոր», «Ակադեմիայի վաստակավոր գիտաշխատող» կոչումները շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, մեդալով պարգևատրելու մասին որոշումներ.

ը) իր սահմանած ընթացակարգով իրականացնում է ակադեմիայի ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրությունը` փակ, գաղտնի քվեարկությամբ.

թ) շնորհում է ակադեմիայի դոցենտի և պրոֆեսորի կոչումներ.

ժ) լուծում է սույն կանոնադրությունից բխող ուսումնական, մեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր.

ժա) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

15. Ակադեմիայի գիտական խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են ակադեմիայի ռեկտորը (նախագահ), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, ուսումնական մասով ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, ակադեմիայի մասնաճյուղերի, հիմնարկների, ներկայացուցչությունների ղեկավարները, ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև, ակադեմիայի ռեկտորի նշանակմամբ, ակադեմիայի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ակադեմիայի առանձին դասախոսներ և գիտաշխատողներ, գիտության և կրթության առաջատար մասնագետներ:

Ակադեմիայի գիտական խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել ակադեմիայի աշխատողների թվի 30 տոկոսը:

16. Ակադեմիայի գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

Ակադեմիայի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների երկու երրորդի ներկայության դեպքում:

17. Ակադեմիայի գիտական խորհրդի որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում ակադեմիայի ռեկտորի հրամաններով:

18. Ակադեմիայի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է ակադեմիայի գործադիր մարմինը` ակադեմիայի ռեկտորը (այսուհետ` ռեկտոր):

19. Ռեկտորը`

ա) ղեկավարում է ակադեմիայի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական և այլ գործունեությունը.

բ) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի դռնբաց նիստերին.

գ) տարեկան հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ.

դ) հրավիրում է ակադեմիայի գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր.

ե) ապահովում է ակադեմիայի գիտական խորհրդի որոշումների կատարումը.

զ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանն է ներկայացնում ակադեմիայի պետական պատվերի տարեկան ծախսերի, արտաբյուջետային միջոցների եկամուտների և ծախսերի նախահաշիվը.

է) սահմանում է ակադեմիայի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

ը) հաստատում է ակադեմիայի աշխատողների թիվը և հաստիքացուցակը.

թ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ` հաստատում է ընդունելության և ավարտական քննական հանձնաժողովների կազմերը.

ժ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է պրոռեկտորներին, կատարում է աշխատանքի բաշխում պրոռեկտորների միջև.

ժա) հաստատում է ակադեմիայի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.

ժբ) նշանակում է ակադեմիայի հիմնարկների, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին.

ժգ) որոշում է իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորներից մեկի վրա դնելու հարցը.

ժդ) հաստատում է ակադեմիայի ներքին աշխատանքային կարգապահության կանոնները.

ժե) սույն կանոնադրությանը համապատասխան ընտրված ակադեմիայի ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ կնքում է աշխատանքային պայմանագրեր.

ժզ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ակադեմիայի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի միջոցներ և կարգապահական տույժեր.

ժէ) արձակում է հրամաններ.

ժը) առանց լիազորագրի հանդես է գալիս ակադեմիայի անունից, ներկայացնում է նրա շահերը.

ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ակադեմիայի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

ի) տալիս է ակադեմիայի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

իա) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

իբ) կնքում է գործարքներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ` նաև խոշոր գործարքներ.

իգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

20. Ռեկտորը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով ակադեմիային պատճառված վնասի համար:

21. Ռեկտորի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:

22. Ակադեմիայի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Այն ակադեմիայի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, իր աշխատակարգով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, քննարկում է ակադեմիայի ընթացիկ գործունեությանը և ակադեմիայի գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքին վերաբերող հարցերը:

23. Ակադեմիայի ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ուսումնական մասով ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, գլխավոր հաշվապահը, ակադեմիայի մասնաճյուղերի, հիմնարկների, ներկայացուցչությունների ղեկավարները, ֆակուլտետների դեկանները:

24. Ակադեմիայի ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով:

25. Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումներն են ֆակուլտետները, ամբիոնները, ուսումնագիտական և գիտահետազոտական կենտրոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտաուսումնական գրադարանը, հրատարակչությունը և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ:

Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումները գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և իրենց կանոնադրությունների հիման վրա:

 

IV. ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

26. Ակադեմիայում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկության ձևերով:

27. Ակադեմիայի ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով: Յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

28. Սահմանվում են ակադեմիայում ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունք, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա, ինչպես նաև գործնական հմտությունների ձեռքբերում համապատասխան մարմիններում:

29. Ակադեմիայի ունկնդիրներին տրվում է պետական կրթաթոշակ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով և չափով:

30. Ակադեմիայի ունկնդիրներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ), որի նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

31. Ակադեմիայում գիտական աստիճաններ շնորհում են մասնագիտական խորհուրդները` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը:

32. Ուսումնամեթոդական աշխատանքներն ու գործընթացները մշակվում և համակարգվում են ակադեմիայի գիտական խորհրդի կողմից, ինչպես նաև` ֆակուլտետների կանոնադրություններով սահմանված կարգով:

33. Ակադեմիայի աշխատողների, ունկնդիրների, հայցորդների, ասպիրանտների և դոկտորանտների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

34. Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար ակադեմիայի աշխատողներին շնորհվում են մրցանակներ:

 

V. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

35. Ակադեմիան իրավունք ունի իրականացնելու միջազգային համագործակցություն հետևյալ ձևերով`

ա) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների մասնագետների ու դասախոսների հրավիրում` ակադեմիայի ուսումնագիտական աշխատանքներին մասնակցելու համար.

բ) գիտամանկավարժական աշխատանքներ իրականացնելու նպատակով ակադեմիայի դասախոսների գործուղում օտարերկրյա ուսումնական հաստատություններ.

գ) ուսուցման և ստաժավորման նպատակով ակադեմիայի աշխատողների, ունկնդիրների, հայցորդների, ասպիրանտների ու դոկտորանտների գործուղում օտարերկրյա ուսումնական հաստատություններ.

դ) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա ուսումնական հաստատությունների հետ համատեղ գիտական հետազոտությունների իրականացում.

ե) օտարերկրյա քաղաքացիների ուսուցում և վերապատրաստում.

զ) միջազգային և օտարերկրյա պատվիրատուներին խորհրդատվությունների տրամադրում.

է) միջազգային համաժողովների, խորհրդակցությունների, սեմինարների կազմակերպում և դրանց մասնակցություն.

ը) միջազգային միավորումների և կազմակերպությունների գործունեությանը մասնակցություն.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջազգային համագործակցության իրականացում:

 

VI. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

36. Ակադեմիան որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

37. Ակադեմիան կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:

38. Ակադեմիան իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու իրեն պատկանող գույքը: Ակադեմիան իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու կամ հանձնելու անհատույց օգտագործման:

39. Ակադեմիայի սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

40. Ակադեմիայի միջոցները գոյանում են հետևյալ աղբյուրներից`

ա) պետական գույք, որն ամրացվել է ակադեմիային` անհատույց և անժամկետ օգտագործման.

բ) որպես սեփականություն ակադեմիային հատկացված հիմնական միջոցներ.

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետական պատվերի համար, ինչպես նաև այլ ձևերով հատկացված միջոցներ.

դ) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումներ, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումներ, կտակված գույք.

ե) վճարովի ուսումնական, հետազոտական, գիտաարտադրական, խորհրդատվական, փորձագիտական, հրատարակչական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից գոյացող միջոցներ:

41. Ակադեմիան իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության:

42. Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված շահույթն ակադեմիայի սեփականությունն է:

43. Ակադեմիայի բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

44. Ակադեմիայի սեփականության պահպանման հոգսը կրում է ակադեմիան:

45. Ակադեմիան հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով և չափով:

46. Ակադեմիայի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:

 

VII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

47. Ակադեմիայի վերակազմակերպումը (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են օրենքով սահմանված կարգով, հիմնադրի որոշմամբ:

48. Ակադեմիայի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան