Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (16.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.12.25/30(666).1
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2019
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.12.2019

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 դեկտեմբերի 2019 թ.
ք. Երևան

թիվ 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) դիմել է «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) 2020 թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթների («Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի հունիսի 19-ի ՀՕ-91-Ն ՀՀ օրենք) կիրառման մասով պարզաբանում տրամադրելու վերաբերյալ։ Հաշվի առնելով այն փաստը, որ Հանձնաժողովը նշված փոփոխության նախագծի վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ է ներկայացրել, որոնք հաշվի չեն առնված «Գովազդի մասին» օրենքի փոփոխության մեջ, ինչի հետևանքով իրավական դրույթը ոչ բավարար հստակ և տարաբնույթ կարող է ընկալվել՝ Հանձնաժողովը գտնում է, որ կարիք կա պաշտոնական պարզաբանելու այն:

Ընկերությունը ներկայացրել է հետևյալ փաստարկները. «հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գովազդի մասին» օրենքի վերը նշված փոփոխությունն ուժի մեջ է մտնելու 2020 թ-ի հունվարի 1-ից և այն հեռուստաընկերության կողմից ՀՀ օրենսդրության սահմաններում կիրառելու համար առաջացել են հստակություն պահանջող հարցեր՝ խնդրում ենք Ձեզ պարզաբանել մեր Ընկերության կողմից բարձրացված հետևյալ հարցերը։

Արդյոք ճիշտ ենք հասկանում, որ.

1. Ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր վիճակախաղի կամ յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի մասին գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում՝ գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները չի կարող գերազանցել 3 րոպեն և յուրաքանչյուր վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում՝ գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ավելի, և յուրաքանչյուրի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը։

2. Տարբեր իրավաբանական անձանց կողմից կարող են պատվիրվել նույն վիճակախաղի կամ նույն վիճակախաղի կազմակերպչի մասին գովազդային ծառայություններ և յուրաքանչյուր գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում՝ գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները չի կարող գերազանցել 3 րոպեն։

3. Ժամը 07:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում մարզական միջոցառումների հեռարձակումների ժամանակ վիճակախաղի գովազդը թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ անգամ, իսկ ցանկացած այլ գովազդ թույլատրվում է անսահմանափակ։

4. Ժամը 07:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում մարզական միջոցառումների հեռարձակումների ժամանակ յուրաքանչյուր հաղորդումից հետո միայն հովանավոր կազմակերպության անվան հիշատակման ժամանակի սահմանափակում չկա։

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

«Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասը, 2020 թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տարբերակը, սահմանում է. «Յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը թույլատրվում է ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով` ժամը 08:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում: Գովազդը չի թույլատրվում մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունն, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի, և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

Հեռուստահաղորդմամբ ժամը 07:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում մարզական միջոցառումների հեռարձակումների ժամանակ գովազդ թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ անգամ` յուրաքանչյուր հաղորդումից հետո և միայն հովանավոր կազմակերպության անվան հիշատակմամբ:

Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության հեռարձակում կարող է իրականացվել լիազոր մարմնի հետ համաձայնեցված` վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված պարբերականությամբ, ընդ որում այն կարող է հեռարձակվել հեռուստահաղորդմամբ ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, և դրա ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն:»։

«Գովազդի մասին» օրենքի 15 -րդ հոդվածի 10-րդ մասի, գործող տարբերակը սահմանում է. «Յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները նրանց մասին, 24 ժամվա ընթացքում չի կարող գերազանցել 9 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի և չի կարող գերազանցել 60 վայրկյանը:»։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից։»։

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

 

Ընկերության կողմից առաջարկվող պարզաբանման տարբերակներին Հանձնաժողովն անդրադառնում է նույն հերթականությամբ։

1. Համադրելով պարզաբանման ենթակա նորմի գործող տարբերակը նոր ուժի մեջ մտնող տարբերակի հետ, հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից՝ պարզ է դառնում, որ «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությունը պետք է կարդալ ընդհանուր համատեքստում։ Մասնավորապես, առանձին կարդալու և մեկնաբանելու դեպքում «յուրաքանչյուր վիճակախաղ» բառակապակցության օգտագործումն իրավական իմաստ չի արտահայտի, եթե ժամանակային սահմանափակումները դրանց վրա չկիրառվի։ Այս դեպքում պետք է այն կարդալ այն համատեքստում, որ յուրաքանչյուր վիճակախաղի գովազդն, օրենքով թույլատրելի ժամանակահատվածում, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի, և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը։

2. Պարզաբանման ենթակա նորմում տարբեր իրավաբանական անձանց կողմից գովազդ պատվիրելու վերաբերյալ դրույթը բացակայում է, և այս մասով տվյալ դրույթի տարաբնույթ ընկալման կամ իմաստի պարզմանն ուղղված, ինչպես նաև այլ իրավական պարզման հարցեր չկան, ուստի դրա պարզաբանման կարիք չկա։

3. Այս մասով պարզաբանման կարիք չկա, քանի որ պարզ է, որ այս դրույթը կարգավորում է վիճակախաղի և շահումով խաղերի վերաբերյալ գովազդի հետ կապված իրավահարաբերությունները, իսկ գովազդի մյուս տեսակի հետ կապված իրավահարաբերությունները հեռուստատեսությամբ և ռադիոյով կարգավորվում են ինչպես «Գովազդի մասին» օրենքի, այնպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով։

4. Ընկերության կողմից այս հարցադրումը հիմնավոր չէ, քանի որ հովանավոր կազմակերպության անվան հիշատակման ժամանակային սահմանափակումները ևս կարգավորվում են «Գովազդի մասին» օրենքով և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով։

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հիմք ընդունելով վերոգրյալը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով` Հանձնաժողովը պաշտոնապես պարզաբանում է.

Յուրաքանչյուր թվային եթերային հեռուստածրագրի եթերում ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոծրագրի եթերում` ժամը 08:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի, և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

Վիճակախաղի գովազդը չի թույլատրվում մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում:

Հեռուստահաղորդմամբ ժամը 07:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում մարզական միջոցառումների հեռարձակումների ժամանակ միայն մեկ վիճակախաղի գովազդ է թույլատրվում՝ յուրաքանչյուր հաղորդումից հետո և միայն այն դեպքում, երբ նշվում է հովանավոր կազմակերպության անվանումը։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար

Վ. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան