«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2003 թվականի N 111-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երրորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մեկամսյա ժամկետում հաստատել ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման (որակավորման) ծախսերի չափը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ։
3. Սույն որոշմամբ սահմանված կարգը ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի համար գործում է 2003 թվականի սեպտեմբերի 1-ից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. փետրվարի 4 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 111-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ (ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի, ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման կամ օտարերկրյա պետությունում կազմակերպված վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը:
2. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերը փոխհատուցում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում՝ ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար ծախսերի նախահաշվով մեկ սովորողի համար նախատեսված ամբողջական գումարի չափով։
3. Ուսման կամ վերապատրաստման (որակավորման) գործուղվող ոստիկանության ծառայողի կամ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի և պետական կառավարման լիազոր մարմնի միջև կնքվում է պայմանագիր, որտեղ պարտադիր ընդգրկվում են՝
ա) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված այն պայմանները, որոնց դեպքում ուսումնական ծախսերը փոխհատուցվում են.
բ) փոխհատուցման գումարի չափը.
գ) փոխհատուցման ժամկետը, որը չի կարող ավելի լինել, քան ուսումնառության կամ վերապատրաստման ժամանակահատվածը.
դ) հետուսումնառության պարտադիր ծառայության սահմանված ժամկետները՝ համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանված պայմանների.
ե) 18 տարին չլրացած անչափահաս սովորողների ծնողների կամ որդեգրողների ու հոգաբարձուի պարտականությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1068-րդ հոդվածի։
4. Ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդն ընդունելության փաստաթղթեր ներկայացնելիս գրավոր տեղեկացվում է սովորողի՝ սույն կարգով նախատեսված ծախսերի փոխհատուցման պայմաններին:
5. Ուսման կամ վերապատրաստման (որակավորման) գործուղվող ոստիկանության ծառայողի հետ պայմանագիրը կնքվում է մինչև համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը, իսկ քննությունները հանձնած և մրցույթով անցած դիմորդների հետ՝ մինչև ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց՝ որպես սովորող հրամանագրումը:
6. Ուսումնառության ընթացքում ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար սահմանված ծախսերի փոփոխման դեպքում ուսումնական հաստատությունում սովորողի կամ ոստիկանության ծառայողի և պետական կառավարման լիազոր մարմնի միջև կնքվում է նոր պայմանագիր:
7. Սույն կարգով նախատեսված դեպքերում պայմանագրով սահմանված ժամկետում փոխհատուցման գումարը փոխհատուցողի կողմից կանխիկ կամ փոխանցումով վճարվում է պետական կառավարման մարմին, ընդ որում՝ արտարժույթով կատարված ծախսերը փոխհատուցվում են վճարման օրվա արտարժույթի հաշվարկային փոխարժեքով:
8. Ուսումնառության ժամանակաշրջանում ուսումը կամ վերապատրաստումը (որակավորումը) դադարեցրած սովորողները փոխհատուցում են ուսուցման փաստացի ժամանակահատվածի համար:
9. Մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով և դատարանում որպես հայցվոր կամ պատասխանող կողմ հանդես է գալիս պետական կառավարման մարմինը:
10. Ոստիկանության ավագ և կրտսեր խմբերի պաշտոններում նշանակվելու համար ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստում կամ ուսումնական փորձաշրջան անցնող քաղաքացիները պետության կատարած ծախսերը փոխհատուցում են սույն կարգով նախատեսված պայմաններով:
11. Ոստիկանության ծառայողը կամ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը չի փոխհատուցում ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերը «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|