Գլխավոր տեղեկություն
Համար
N 803-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.07.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.03/23(198) Հոդ.562
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2002 թվականի N 803-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 116 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 426 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 7-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մրցանակներ շնորհելու մասին» N 1077 որոշման 2-րդ կետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» N 116 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 4-ի N 360 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշմամբ հաստատված` արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակների շնորհման կարգում`

2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ամենամյա մրցանակը (այսուհետև` մրցանակ) շնորհվում է մրցութային կարգով` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերված նշանակալի արդյունքների հիման վրա: Մրցանակաբաշխության ժամանակ առաջնությունը տրվում է այն կազմակերպությանը, որը ներդրել է որակի կառավարման համակարգ` «ԻՍՕ-9000» շարքի միջազգային ստանդարտներին համապատասխան:

Մրցանակների բաշխման չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովը (այսուհետև` մրցանակաբաշխության հանձնաժողով)».

հանել 3-րդ կետի առաջին նախադասությունը.

5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Մրցանակաբաշխության հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա նոյեմբերին մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարում է հաջորդ տարվա համար մրցույթ և հայտնում մրցույթի պայմանները, իսկ յուրաքանչյուր մրցութային տարվա հոկտեմբերին հրապարակում է մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը».

կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ կետով.

«10. Չի թույլատրվում արտադրանքի կամ դրա շահագործման (օգտագործման) փաստաթղթերում գործածել որակի հուշանշանի խորհրդանիշը:

Որակի մրցանակ ստացած կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը որակի հուշանշանի խորհրդանիշը կարող է գործածել իր գովազդային նյութերում` առանց ժամկետի սահմանափակման».

բ) որոշմամբ հաստատված` արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կանոնադրության 4-րդ կետի «բ» ենթակետում «գիտնականների և մասնագետների» բառերը փոխարինել «գիտնականների, մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների» բառերով.

գ) որոշմամբ հաստատված` արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում`

«ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար» բառերով.

«ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար» բառերը փոխարինել «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար» բառերով.

«ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերով,

«ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ» բառերը փոխարինել «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ» բառերով,

հանձնաժողովի կազմը «ՀՀ կրթության և գիտության նախարար» տողից հետո լրացնել «ՀՀ պետական եկամուտների նախարար» տողով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի «Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամյա մրցանակների հուշանշանի նմուշը և նկարագիրը հաստատելու մասին» N 426 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշման վերնագրում, տեքստում ու որոշմամբ հաստատված` մրցանակների հուշանշանի նկարագրի վերնագրում «մատուցման որակի ասպարեզում» բառերը փոխարինել «որակի ապահովման բնագավառում» բառերով.

բ) որոշմամբ հաստատված` ամենամյա մրցանակների հուշանշանի նկարագրի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամյա մրցանակների հուշանշանը խորհրդանշում է որակ: Հուշանշանը պատրաստված է օբսիդիանի (վանակատ) ապարից` հավասարակողմ եռանկյուն (կողմի երկարությունը` 120 մմ) հիմքով, 150 մմ բարձրությամբ բուրգի տեսքով: Բուրգը կայունության խորհրդանիշն է: Բուրգի կենտրոնում գտնվում է որակի խորհրդանիշը, որը պատրաստված է արծաթից և մասամբ ոսկեջրված է: Բուրգի այդ նիստի վրա ոսկեջրված տառերով գրված են «ՀՀ կառավարության մրցանակ` որակի ապահովման բնագավառում» բառերը և մրցանակի` հանձնման տարեթիվը: Այսպես`»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 14
Երևան