ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
15 հունիսի 2015 թ. |
N 8 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածով սահմանվում է օրենքի կարգավորման առարկան և գործողության շրջանակը, որի մասով օրենքի գործողությունը տարածվում է նաև ԱԱՀ-ին փոխարինող՝ շրջանառության հարկ վճարող համարվողների վրա:
Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը և (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավորելու համար արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում արտահանողի լրացրած՝ արտահանման հարկային հայտարարագիրը և ներմուծողի հաշվառման վայրի հարկային մարմնի հաստատած՝ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը:
Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում (բացառությամբ Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի) արտահանված ապրանքների՝ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված մաքսային արժեքի նկատմամբ առաջադրվում է ԱԱՀ՝ 20 % դրույքաչափով:
Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները սահմանված են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով:
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի համաձայն շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար շրջանառության հարկը հաշվարկում են հարկվող օբյեկտի նկատմամբ կիրառելով համապատասխան դրույքաչափ:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.
Օրենքով սահմանված փաստաթղթերի չներկայացման դեպքում ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման գործարքը հարկային օրենսդրության տեսանկյունից դիտվում է որպես Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի մատակարարում և ենթակա է ԱԱՀ 20 % դրույքաչափով հարկման, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1. Եթե ապրանքների իրացման գործարքները «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի համաձայն ազատված են ԱԱՀ-ից և արտահանվում են ԵՏՄ անդամ պետություններ, հարկային մարմին արտահանման հարկային հայտարարագիրը և ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում ԱԱՀ չի առաջադրվում: Տվյալ գործարքներին վերաբերող ձեռքբերումների մասով մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային կամ ներմուծման հարկային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները միացվում են ապրանքների ձեռքբերման գնին կամ արտադրության շրջանառության ծախքերին:
2. Շրջանառության հարկ վճարողների կողմից ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման գործարքների մասով արտահանման հարկային հայտարարագիրը և ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում ԱԱՀ չի առաջադրվում, քանի որ շրջանառության հարկ վճարողների համար ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մասով հաշվարկվում է շրջանառության հարկ` «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափով:
3. Քանի որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները ազատված են ընտանեկան ձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերից, հետևաբար վերջիններիս մոտ ընտանեկան ձեռնարկատիրության մասով ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման գործարքի համար հարկային պարտավորություններ չեն առաջանում:
Նախարար` |
Գ. Խաչատրյան |