Գլխավոր տեղեկություն
Համար
N 282-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2003-05.08.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.09/18(253) Հոդ.335
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.03.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2003 թվականի N 282-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայական տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայականի նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ճամփորդական փաստաթուղթ տալու կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` երկամսյա ժամկետում կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց վկայականի և ճամփորդական փաստաթղթի պատրաստման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 27
Երևան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 282-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը հաստատվել է «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայական տալու կարգը:

2. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայականը (այսուհետ` վկայական) քաղաքական ապաստանի իրավունք ստացածի անձը հաստատող փաստաթուղթ է Հայաստանի Հանրապետությունում:

3. Վկայականը Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվում է մեկ տարի ժամկետով: Գործածության համար պիտանի վկայականի ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

4. Ժամկետանց վկայականներն անվավեր են և ենթակա չեն նորով փոխանակման:

5. Վկայականը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն:

6. Վկայականում նշվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի մասին հետևյալ տեղեկությունները`

ա) ազգանունը, անունը, հայրանունը,

բ) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

գ) սեռը,

դ) ազգությունը,

ե) քաղաքացիությունը,

զ) Հայաստանի Հանրապետությունում բնակության կամ հաշվառման վայրը:

 

II. ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼԸ, ԱՅՆ ՓՈԽԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

7. Վկայականը, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի կամ կորած վկայականի փոխարեն նոր վկայական տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը (այսուհետ` վարչություն):

8. Վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում` վկայական ստանալու համար,

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի որոշումը` անձին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք տալու մասին,

գ) անձնագիր,

դ) 35 x 45 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր),

ե) անձնագրի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթուղթ:

Վկայականը տրվում է սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում:

9. Վարչության կամ վկայականի տիրոջ նախաձեռնությամբ վկայականը կարող է փոխանակվել նոր վկայականով, եթե դրանում պարունակվող տեղեկությունները փոփոխվելու, կատարված գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու կամ մաշվածության, կամ որևէ այլ պատճառով օգտագործելու համար այն դարձել է ոչ պիտանի:

10. Վկայականի փոխանակման համար վարչություն ներկայացվում է փոխանակման ենթակա վկայականը և 2 գունավոր լուսանկար:

Եթե փոխանակման համար հիմք է հանդիսացել վկայականում որևէ տեղեկության փոփոխումը կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելը, ապա ներկայացվում են նաև համապատասխան փոփոխություններն ու անճշտությունները հաստատող փաստաթղթեր:

11. Վկայականը կորցնելու դեպքում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը պարտավոր է դրա մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին և վարչությանը:

Կորած վկայականի փոխարեն վարչությունը նոր վկայական կարող է տալ միայն այն դեպքում, երբ կորած վկայականի գործողության ժամկետը չի լրացել:

Նոր վկայական տալու դեպքում կորած վկայականը անվավեր է ճանաչվում:

 

III. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՆՁՆԵԼԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐ ՎԱՐԵԼԸ

 

12. Վկայականը ենթակա է վարչություն հանձնման, եթե`

ա) լրացել է վկայականի գործողության ժամկետը.

բ) անձը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի դադարեցման համար.

գ) վկայական ունեցող անձը որոշել է մեկնել Հայաստանի Հանրապետությունից.

դ) վկայականի տերը մահացել է:

Սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում վկայականը հանձնվում է վարչություն` դրա տիրոջ կամ նրա կողմից սահմանված կարգով լիազորված անձի կողմից:

Սույն կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքում վկայականը ներկայացվում է մահվան ակտը գրանցող պետական մարմին, որը մահվան գրանցումը կատարելուց հետո վկայականն ուղարկում է վարչություն:

13. Վերադարձված, գտնված, անվավեր ճանաչված վկայականները պահպանվում են վարչությունում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Վկայականների հաշվառումը, ինչպես նաև տրված, անվավեր ճանաչված, փոխանակված և վերադարձված վկայականների գրանցամատյանների վարումն իրականացվում է վարչության սահմանած կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 282-Ն որոշման


Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայականը (այսուհետ` վկայական) 88 x125 մմ չափսի 12 էջից բաղկացած փաստաթուղթ է:

Վկայականի շապիկը մուգ կանաչ գույնի է: Շապիկի երեսի վերևի մասում հայերեն գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև տպագրվում են «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը:

Վկայականի շապիկի հակառակ երեսի կենտրոնում գունավոր պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», ներքևի մասում` «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ ներքևում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» նախադասությունը:

Վկայականի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, էջի ձախ մասից մինչև լուսանկարի համար նախատեսված տեղը տպագրվում են «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ լուսանկարի աջ կողմից հաջորդականությամբ` «ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ», «ԾՆՆԴԱՎԱՅՐԸ», «ԾՆՎԵԼ Է», «ՍԵՌԸ», «ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ», «ԵՐԿԻՐԸ», «ՏՐՎԵԼ Է», «ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ», «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ», «ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԻՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը:

Վկայականի 1-ին էջի ձախ մասում «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերից ներքև տեղ է հատկացվում վկայականի տիրոջ` 35 x 45 մմ չափսի լուսանկարի համար:

Վկայականի 2-րդ և 3-րդ էջերի վերևի մասում տպագրվում են «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը, 4-րդ և 5-րդ էջերում` «ԵՐԵԽԱՆԵՐԸ» բառը, որից ներքև` «ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ, ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵԹԻՎԸ», 6-րդ և 7-րդ էջերում` «ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ», 8-12-րդ էջերում` «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ» բառերը:

Վկայականի 3, 5, 7, 9 և 11-րդ էջերի ներքևի մասում տպագրվում են վկայականի սերիան և համարը:

Վկայականի շապիկի վերջին էջի ներսի վերևի մասում տպագրվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ», «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է», իսկ ներքևի մասում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ ԲԱՂԿԱՑԱԾ Է 12 ԷՋԻՑ» բառերը:

Լուսանկարը փակցվելուց հետո վկայականը կնքվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կնիքով:

Վկայականի բոլոր էջերը համարակալվում են:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 282-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը հաստատվել է «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ճամփորդական փաստաթուղթ (այսուհետ` փաստաթուղթ) տալու կարգը:

2. Ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացածի անձը հաստատող փաստաթուղթ է օտարերկրյա պետությունում:

3. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին փաստաթուղթ տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը (այսուհետ` վարչություն)` մեկ տարի ժամկետով: Ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով` Հայաստանի Հանրապետությունում` վարչության, իսկ եթե անձը ճամփորդական փաստաթղթով գտնվում է օտարերկրյա պետությունում և այդ փաստաթղթի ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն է առաջացել` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից, եթե անձի քաղաքական ապաստանի իրավունքն օրենքով սահմանված կարգով չի դադարեցվել:

4. Ժամկետանց փաստաթուղթն անվավեր է և ենթակա է փոխանակման` սահմանված կարգով:

5. Փաստաթուղթը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն, ռուսերեն և անգլերեն:

6. Փաստաթղթում նշվում են քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի մասին հետևյալ տեղեկությունները`

ա) ազգանունը, անունը, հայրանունը,

բ) սեռը,

գ) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

դ) քաղաքացիությունը (կամ դրա բացակայությունը):

7. Փաստաթղթում կարող են կատարվել հետևյալ նշումները`

ա) փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգվելու մասին` վարչության կողմից.

բ) օտարերկրյա պետություններ ժամանակավորապես մեկնելու և վերադառնալու մասին` սահմանային ծառայությունների կողմից:

Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի փաստաթղթում այլ նշումներ կատարելն արգելվում է:

8. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը փաստաթուղթ ստանալու համար վճարում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

II. ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏԱԼԸ, ԱՅՆ ՓՈԽԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

9. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը փաստաթուղթ ստանալու համար վարչություն է ներկայացնում`

ա) դիմում` Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր մեկնելու համար,

բ) քաղաքական ապաստանի իրավունքի վկայականը,

գ) 35 x 54 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր),

դ) անդորրագիր պետական տուրք վճարելու մասին:

10. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի հետ ճամփորդող յուրաքանչյուր երեխայի համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) ծննդյան վկայականը.

բ) 35 x 54 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր):

11. Փաստաթուղթը տրվում է դիմումն ստացվելուց հետո մեկամսյա ժամկետում:

Փաստաթուղթ տալը կարող է մերժվել «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:

12. Փաստաթուղթը կարող է փոխանակվել դրանում պարունակվող տեղեկությունները փոխվելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու, օգտագործելու համար ոչ պիտանի լինելու դեպքերում:

13. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը փաստաթղթի փոխանակման համար ներկայացնում է փոխանակման ենթակա փաստաթուղթը, սահմանված ձևի դիմում և 35x54 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր):

Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի փաստաթղթում որևէ տեղեկություն փոխվելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու պատճառով այն փոխանակելիս ներկայացվում է նաև փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթուղթ:

14. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը պարտավոր է փաստաթուղթը կորցնելու դեպքում 10-օրյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը և վարչությանը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար կամ այլ պատճառով քաղաքական ապաստանի իրավունքը դադարեցվելու դեպքում անձը փաստաթուղթը հանձնում է վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

16. Օտարերկրյա պետությունում մշտական բնակություն հաստատելու դեպքում անձը փաստաթուղթը հանձնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

17. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած` մահացած անձի փաստաթուղթը քաղաքական ապաստանի իրավունքի վկայականի հետ միասին հանձնվում է մահվան գրանցումը կատարող մարմին: Մահվան գրանցումը կատարվելուց հետո փաստաթուղթն ուղարկվում է վարչություն:

18. Օտարերկրյա պետությունում մահացած` քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի փաստաթուղթը հանձնվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, որն այն հանձնում է վարչություն: Գտնված փաստաթղթերը հանձնվում են վարչություն:

19. Կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը կամ կալանքը, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած` ազատազրկման դատապարտված անձանց փաստաթղթերը վերցվում են հետաքննության, նախաքննության մարմինների կամ դատարանի կողմից:

20. Խափանման միջոցի վերացման դեպքում կասկածյալների և մեղադրյալների փաստաթղթերը վերադարձվում են տերերին:

21. Պատիժը կրելուց հետո քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին կարող է տրվել նոր փաստաթուղթ` սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:

22. Փաստաթուղթը վերցնելը (բացառությամբ 17-րդ կետում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը և գրավ դնելն արգելվում են:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան