«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2002 թվականի N 1298-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի N ՆՀ-1064 հրամանագրով հաստատված կարգի 4-րդ կետը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 201 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է պետական գույքի կառավարման, մասնավորեցման և պետական մասնակցությամբ ընկերությունների լուծարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են՝
ա) պետական գույքի կառավարման (այդ թվում` մասնավորեցման) արդյունավետության բարձրացումը.
բ) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառման, պահպանման, արդյունավետ կառավարման, տնօրինման և օգտագործման պետական միասնական քաղաքականության հիմնադրույթների մշակումը և դրանց իրականացման կազմակերպումը.
գ) սեփականության տարբեր ձևերի օպտիմալ համամասնությունների ձևավորման աշխատանքներին աջակցելն ու նպաստելը.
դ) իր իրավասության սահմաններում տնտեսության պետական սեփականության արդյունավետ օգտագործման քաղաքականության հիմնադրույթների մշակումը և այդ ոլորտին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կատարման աշխատանքների կազմակերպումը.
ե) իր իրավասության սահմաններում արժեթղթերի շուկայի զարգացմանը, ներդրումների ներգրավմանն աջակցելը.
զ) պետական գույքի արդյունավետ կառավարման միջոցով պետական եկամուտների ավելացմանը նպաստելը.
է) պետության կողմից ձեռնարկատիրության զարգացման նպատակով իրականացվող միասնական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը և իր ոլորտում ներդրմանը մասնակցությունը.
ը) պետական գույքի կառավարման (այդ թվում` մասնավորեցման) գիտամեթոդական ապահովումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործմանը մասնակցությունը:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) պետական գույքի կառավարման ոլորտում՝ իր իրավասության սահմաններում՝
օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախարարության տնօրինությանը, տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) պետական գույքի կառավարում,
պետական գույքի կառավարման (այդ թվում` մասնավորեցման), ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքի սեփականության իրավունքի ճանաչման և արդյունավետ օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,
պետական գույքի կառավարմանը վերաբերող հարցերի լուծում, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների, տարածքների արդյունավետ օգտագործման և սպասարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,
պետական գույքի գույքագրման աշխատանքների համակարգում, համապատասխան պետական կառավարման մարմինների հետ համատեղ դրա անցկացում և պետական գույքի գույքագրման արդյունքների ու վիճակի փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն հաշվետվություններ ներկայացնելը,
պետական գույքի հաշվառման աշխատանքների համակարգում և պետական գույքի հաշվառման ռեեստրի վարում,
պետական սեփականություն հանդիսացող հողի, ընդերքի, անտառների, ջրային և այլ բնական ռեսուրսների տնօրինման ու օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների մշակմանն աջակցություն,
ձեռնարկատիրության զարգացմանն աջակցություն,
միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների հետ համագործակցություն,
Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ու ներդրումների իրականացման ծրագրերի մշակմանը և դրանց իրագործմանն աջակցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարություն պետական գույքի օգտագործումից և մասնավորեցումից ստացվելիք միջոցների վերաբերյալ կանխատեսումներ ներկայացնելը և դրանց ապահովման համար միջոցառումների իրականացում,
առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասի (բաժնետոմսերի) մասնավորեցման և այդ կազմակերպությունների լուծարման, վարձակալությամբ տրված կամ տրվող պետական գույքի, այդ թվում՝ անշարժ գույքի կառավարման քաղաքականության մշակում և իրականացում,
պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորությունների իրականացում,
օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով՝ համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) մշակում ու ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրության վարում.
բ) մասնավորեցման ոլորտում` իր իրավասության սահմաններում՝
պետական գույքի մասնավորեցման ծրագրերի (այսուհետ՝ ծրագիր), ինչպես նաև այդ ծրագրում առաջարկվող լրացումների և փոփոխությունների նախագծերի մշակում և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը,
պետական գույքի մասնավորեցման իրականացում,
պետական գույքի մասնավորեցման ժամանակ պետական սեփականություն հանդիսացող համապատասխան հողամասերի սահմանված կարգով օտարման իրականացում,
մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարչի նշանակում, փորձագետների վարձում և մասնագիտացված կազմակերպությունների հրավիրում,
մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունների ընդունում, դրանց քննարկում և ընթացք տալը,
պետական գույքի մասնավորեցման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի մշակում և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը,
մասնավորեցման ենթակա «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցների հաստատում՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված մեկ քառակուսի մետրի արժեքը և այդ գործակիցների նվազագույն ու առավելագույն չափերը,
մասնավորեցվող և օտարվող պետական գույքի արժեքի հաշվարկման (գնահատման և վերագնահատման) աշխատանքների համակարգում,
Հայաստանի Հանրապետության անունից մասնավորեցման գործարքների կնքում,
իր կողմից կնքված պայմանագրով մյուս կողմի համար նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն,
մասնավորեցվող պետական գույքի մասին տեղեկությունների (այդ թվում` ազդագրերի) հրապարակման կազմակերպում,
պետական գույքի մասնավորեցման, տնօրինման, ինչպես նաև հաշվառման գործընթացների վերլուծում և դրանց վերաբերյալ առաջարկությունների ամփոփում,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորությունների իրականացում.
գ) պետական մասնակցությամբ ընկերությունների լուծարման և ֆինանսական առողջացման ոլորտներում՝ իր իրավասության սահմաններում՝
ծրագրում ընդգրկված պետական մասնակցությամբ ընկերությունների լուծարման վերաբերյալ առաջարկությունների մշակում և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը,
պետական մասնակցությամբ ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակի վերլուծություն և դրանց ֆինանսական առողջացման, ինչպես նաև պարտքերի վերակառուցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորությունների իրականացում:
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարը (այսուհետ՝ նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
12. Նախարարը՝
ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ.
զ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններում.
է) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
ը) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
թ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
ժա) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժբ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
ժգ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժդ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
ժե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժէ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
14. Նախարարի տեղակալը՝
ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.
ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության աշխատակազմ:
26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 2:
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը։
32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ:
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:
35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը՝ նախարարի հրամանով:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝
ա) առանց լիազորագրի՝ իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
թ) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
46. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Իրավաբանական վարչություն
Պետական գույքի կառավարման քաղաքականության վարչություն
Մասնավորեցման վարչություն
Պետական բաժնեմասի կառավարման վարչություն
Անշարժ գույքի կառավարման վարչություն
Պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկման վարչություն
Միջազգային համագործակցության վարչություն
Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Ամփոփ վերլուծությունների բաժին
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.06.2003, N 822-Ն | 09.08.2003, N 1298-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|