Գլխավոր տեղեկություն
Համար
N 377
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.04.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.26/13(188) Հոդ.300
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2002 թվականի N 377
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգի IV բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«IV. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

48. Սույն կարգի իմաստով բյուջետային երաշխիք (այսուհետև` երաշխիք) է համարվում այլ անձի (պրինցիպալ) քաղաքացիաիրավական պարտավորությունների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության (այսուհետև` երաշխավոր) ստանձնած գրավոր պարտավորությունը` պրինցիպալի պարտատիրոջը (այսուհետև` բենեֆիցիար) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բենեֆիցիարի պահանջով որոշակի գումար վճարելու վերաբերյալ: Երաշխիքի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 383-394-րդ հոդվածներով:

49. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխիք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա` նախարարության կողմից:

50. Երաշխիքը տրամադրվում է գրավոր փաստաթղթի ձևով և հանդիսանում է միակողմ գործարք:

51. Երաշխիքում նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) պրինցիպալի անվանումը, գտնվելու վայրը,

բ) երաշխավորի անվանումը` Հայաստանի Հանրապետություն` ի դեմս նախարարության,

գ) երաշխիքի գումարը,

դ) երաշխիքի գումարի վճարման պայմանները, ներառյալ երաշխավորին պահանջի ներկայացման կարգը,

ե) երաշխիքի գործողության ժամկետը,

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:

Սույն կետի պահանջներին չհամապատասխանող փաստաթուղթը երաշխիք չի համարվում:

52. Երաշխիքով երաշխավորը բենեֆիցիարի հանդեպ կրում է սահմանափակ պատասխանատվություն` դրանով ապահովված հիմնական պարտավորության կատարման համար:

53. Բենեֆիցիարի նկատմամբ երաշխավորի պատասխանատվությունը սահմանափակվում է երաշխիքում նշված գումարով:

54. Երաշխիքի կատարումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հատկացումների հաշվին:

55. Երաշխիքներ տրամադրելու նպատակով երաշխավորը պրինցիպալի հետ կնքում է երաշխիք տալու մասին պայմանագիր: Պայմանագրով պետք է նախատեսվի, որ երաշխիքի գումարը կամ դրա մի մասը երաշխավորի կողմից բենեֆիցիարին վճարելու հետևանքով ծագող հետադարձ պահանջի գումարը համարվում է երաշխավորի կողմից պրինցիպալին տրամադրված վարկ, որի տարեկան տոկոսադրույքը հավասար է բանկային տոկոսի հաշվարկային դրույքին:

56. Սույն կարգի 55-րդ կետի համաձայն տրամադրված վարկի մարման ժամկետ է համարվում երաշխավորի կողմից բենեֆիցիարին վճարված գումարի (դրա մի մասի) վճարման օրվան հաջորդող օրվանից հաշվված մեկամսյա ժամկետը, բայց ոչ ավելի, քան տվյալ բյուջետային վերջին օրը, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա նախարարության կողմից ավելի երկար ժամկետ չի առաջարկվել:

57. Պրինցիպալը, մինչև վարկի մարման ժամկետի ավարտը, պարտավոր է երաշխավորին վճարել վերջինիս կողմից բենեֆիցիարին երաշխիքով վճարված ամբողջ գումարը ու հաշվարկված տոկոսագումարը:

58. Երաշխավորին պրինցիպալի կողմից վարկի գումարի և տոկոսագումարի վճարումն ապահովելու նպատակով պրինցիպալը երաշխիք տալու մասին պայմանագիրը կնքելուց հետո 15-օրյա ժամկետում երաշխավորին տրամադրում է ապահովման միջոց (գրավ, պահում, բանկային երաշխիք): Ապահովման չափը չի կարող փոքր լինել երաշխիքի գումարի մեծությունից:

59. Եթե պրինցիպալը պայմանագրով սահմանված ժամկետներում չի վերադարձնում վարկի և (կամ) տոկոսների գումարը, ապա երաշխավորը ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողություններ` իր պահանջի իրավունքի իրականացման համար:

60. Երաշխավորը երաշխիքի գործողության ամբողջ ընթացքում կարող է պայմանագրով սահմանված հաճախականությամբ և կարգով պրինցիպալից պահանջել տեղեկատվություն վերջինիս գործունեության վերաբերյալ:

61. Պրինցիպալի կողմից` պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման դեպքում երաշխավորն իրավունք ունի պայմանագրով սահմանված կարգով պրինցիպալի մոտ կատարելու ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ:

62. Նախարարությունն իրականացնում է երաշխիքներով ապահովված պարտավորությունների հաշվառում` ըստ պրինցիպալի, բենեֆիցիարի, երաշխավորված պարտքային պարտավորության մեծության, պրինցիպալի կողմից ներկայացված ապահովման միջոցի ձևի և չափի, պրինցիպալի կողմից ինքնուրույն կատարված ու երաշխավորի կողմից կատարված վճարումների, ձևակերպված վարկի տոկոսադրույքների և մարման ժամկետի, պրինցիպալի կողմից կատարված մարումների ու կետանցված պարտավորության»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 10-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան