Գլխավոր տեղեկություն
Համար
N 194
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2002-02.01.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.195
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.01.2004

040.0194.02.03.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 2002 թվականի N 194
քաղ. Երևան

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների գրանցամատյանի վարման կարգը (կցվում է).

բ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրի ձևը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մարտի 2-ի N 194 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների գրանցամատյանի վարման

 

1. Սույն կարգով սահմանվում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետև՝ ընկերություն) մասնակիցների գրանցամատյանի վարման, դրանում փոփոխությունների կատարման, փոփոխությունների կատարումը մերժելու հիմքերն ու կարգը:

Սույն կարգի դրույթները չեն կանոնակարգում ընկերություն հանդիսացող բանկերի մասնակիցների գրանցամատյանի վարման, դրանում փոփոխությունների կատարման, փոփոխությունների կատարումը մերժելու հետ կապված հարաբերությունները:

2. Ընկերության մասնակիցների գրանցամատյանի վարումը, դրանում փոփոխությունների կատարումը կամ փոփոխությունների կատարումը մերժելն իրականացվում են իրավաբանական անձի գրանցման վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման կողմից:

Ընկերության վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման) պայմանավորված՝ ընկերության մասնակիցների կամ նրանց բաժնեմասերի (դրանց փոփոխությունների) գրանցումը ընկերության մասնակիցների գրանցամատյանում կատարվում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից՝ սույն կարգին համապատասխան:

3. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումների և կենտրոնական մարմնի գրանցամատյանների տեղեկությունների հիման վրա պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը վարում է ընկերության մասնակիցների միասնական գրանցամատյան, որում պարունակվող տեղեկությունները՝ կատարված փոփոխությունների հաշվառմամբ, արդիականացվում են առնվազն յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ:

4. Անձը համարվում է ընկերության մասնակից՝ սույն կարգով սահմանված կարգով ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա, որպես այդպիսին, գրանցվելու պահից:

Անձը համարվում է ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցված՝ սույն կարգի 13-րդ կետում նշված տեղեկությունները գրառելու պահից:

Ընկերության մասնակիցների գրանցամատյանում կատարված գրանցումը հավաստվում է բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրով (այսուհետև՝ վկայագիր):

5. Ընկերության մասնակիցների գրանցամատյանի տեղեկությունները պետական ռեգիստրի կողմից չեն կարող փոփոխվել, բացառությամբ սույն կարգում նշված դեպքերի:

6. Գրանցամատյանում ընկերության մասնակիցների վերաբերյալ առաջին գրանցումը կատարվում է ընկերության գրանցման պահին:

7. Ընկերության մասնակիցների գրանցամատյանում առաջին գրանցումը կատարելու նպատակով ընկերության պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միաժամանակ ներկայացվում են՝

ա) տեղեկություններ մասնակիցների մասին՝ իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման տվյալները (պետական գրանցման համարը, իրավաբանական անձի կոդը, պետական գրանցման վկայականի սերիան և համարը, այսուհետև՝ պետական գրանցման տվյալներ), գտնվելու վայրը (փոստային հասցեն), ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային տվյալները և բնակության վայրը.

բ) տեղեկություններ յուրաքանչյուր մասնակցի բաժնեմասի չափի մասին:

Սույն կետում նշված տեղեկությունները ներկայացվում են ընկերության բոլոր մասնակիցների ստորագրությամբ:

8. Ընկերության մասնակիցների գրանցամատյանում փոփոխությունների գրանցում կատարվում է, եթե մասնակցի կամ նրա բաժնեմասի փոփոխություն է կատարվել: Ընկերության ֆիրմային անվանման կամ պետական գրանցման տվյալների փոփոխություններով պայմանավորված՝ ընկերության մասնակիցների գրանցամատյանի գրանցումները կատարվում են փոփոխությունների գրանցման հետ միաժամանակ՝ հիմք ընդունելով պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթերը:

9. Ընկերության մասնակիցների գրանցամատյանում փոփոխություններ գրանցելու համար ներկայացվում են՝

ա) բաժնեմասի (բաժնեմասերի) կամ դրա (դրանց) մասերի օտարման դեպքում՝

դիմում,

բաժնեմասի կամ դրա մասի օտարման հիմքը (պայմանագիր, դատարանի վճիռ և այլն),

գործարքի կողմ հանդիսացող մասնակիցների վկայագրերը,

ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը, եթե ընկերությունը կողմ է հանդիսանում,

պետական գրանցման վկայականի (եթե տվյալ կողմն իրավաբանական անձ է) կամ անձնագրի (եթե տվյալ կողմը քաղաքացի է) պատճենը.

բ) ընկերության գույքի հաշվին կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում՝

դիմում,

ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը,

ընկերության տեղեկանքը կանոնադրական կապիտալը լրիվ վճարված լինելու և ընկերության զուտ ակտիվների մեծության մասին,

ընկերության բոլոր մասնակիցների վկայագրերը.

գ) ընկերության մասնակիցների կամ ընկերություն ընդունվող երրորդ անձանց ավանդների հաշվին կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում՝

դիմում,

ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը,

ընկերության տեղեկանքը կանոնադրական կապիտալը լրիվ վճարված լինելու մասին,

ավանդ ներդրող բոլոր մասնակիցների վկայագրերը.

դ) ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման (բաժնեմասերի անվանական արժեքների նվազեցման միջոցով) դեպքում՝

դիմում,

ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը,

ընկերության տեղեկանքն ընկերության պարտատերերի առարկությունների բացակայության մասին,

ընկերության բոլոր մասնակիցների վկայագրերը.

ե) ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման (ընկերությանը պատկանող բաժնեմասերի մարման միջոցով) դեպքում՝

դիմում,

ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը,

ընկերության՝ մարվող բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը,

ընկերության տեղեկանքն ընկերության պարտատերերի առարկությունների բացակայության մասին.

զ) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի երրորդ մասով նախատեսված դեպքում՝

դիմում,

դատարանի վճիռը և կատարողական թերթիկը։

10. Ընկերության մասնակիցների ժառանգներին կամ իրավահաջորդներին բաժնեմասի փոխանցմամբ պայմանավորված՝ գրանցում կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել ժառանգ կամ իրավահաջորդ հանդիսանալու մասին համապատասխան փաստաթուղթ, ինչպես նաև ընկերության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը կամ հավաստում ընկերության տնօրենից գրավոր մերժումների բացակայության մասին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է, որ նման գործարքը հնարավոր է միայն մասնակիցների համաձայնությամբ:

11. Ընկերության մասնակիցների գրանցամատյանում օտարերկրյա իրավաբանական անձի կողմից բաժնեմասի ձեռքբերմամբ պայմանավորված՝ փոփոխության գրանցում կատարելու համար ներկայացվում է նաև քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա ներդրողի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ՝ վավերացված և հայերեն թարգմանված:

12. Ընկերության մասնակցի բաժնեմասի փոխանցմամբ (օտարմամբ) պայմանավորված՝ գրանցում կատարելու համար սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև ընկերության տնօրենի գրավոր հավաստումը (ստորագրված և կնքված ընկերության կնիքով) ընկերության մասնակիցների նախապատվության իրավունքի իրականացման՝ օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանելու մասին: Եթե ընկերության մասնակցի բաժնեմասի փոխանցումն իրականացվում է նոտարական կարգով վավերացված պայմանագրով, ապա սույն կետում նշված հավաստումը չի ներկայացվում:

Սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերը տրամադրվում են ընկերության տնօրենի կողմից (ստորագրված և կնքված ընկերության կնիքով):

13. Ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները՝

ա) ընկերության լրիվ ֆիրմային անվանումը և պետական գրանցման տվյալները.

բ) մասնակից՝ իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային հասցեն), ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային տվյալները և բնակության վայրը.

գ) բաժնեմասի չափը.

դ) բաժնեմասի ձեռքբերման հիմքերը.

ե) գրառում կատարվելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը:

14. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետական ռեգիստր ներկայացվելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարվելուց հետո ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը պետք է կատարի գրանցում և դիմողին տրամադրի համապատասխան վկայագիր:

Սույն կարգով սահմանված դեպքերում պետական ռեգիստր ներկայացվում է վկայականի բնօրինակը, իսկ դրա կորստի դեպքում՝ իրավաբանական անձանց մասին տեղեկություններ հրապարակող մամուլում տրված հայտարարությունը վկայագրի կորստի հետևանքով այն անվավեր ճանաչելու մասին:

Մինչև իրավաբանական անձանց մասին տեղեկություններ հրապարակող մամուլի միջոցի հիմնադրումը՝ հայտարարությունը տրվում է առնվազն 2500 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի միջոցով:

15. Վկայագիրը, որպես ընկերության մասնակիցների գրանցամատյանում կատարված գրանցումը հավաստող փաստաթուղթ, ենթակա է հատուկ հաշվառման, որում նշվում են՝

ա) ընկերության պետական գրանցման տվյալները, լրիվ ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը.

բ) կանոնադրական կապիտալի չափը.

գ) ընկերության մասնակիցների մասին տեղեկություններ՝ իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային հասցեն), ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային տվյալները և բնակության վայրը.

դ) բաժնեմասի չափը.

ե) բաժնեմասի ձեռքբերման հիմքերը.

զ) գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը:

16. Գրանցումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում պարունակվում են տեղեկություններ, որոնք հակասում են օրենքի կամ ընկերության կանոնադրության պահանջներին:

17. Գրանցումը մերժվելու դեպքում մերժման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն վերադարձվում:

18. Գրանցման մերժման մասին պետական ռեգիստրի որոշումը պետք է լինի պատճառաբանված և պարունակի հղում օրենքի, սույն կարգի կամ ընկերության կանոնադրության այն կոնկրետ նորմերին, որոնց պահանջները խախտվել են:

19. Գրանցման մերժման մասին տրվում է համապատասխան տեղեկանք, որն ստորագրում է տարածքային ստորաբաժանման ղեկավարը: Այն վավերացվում է տվյալ տարածքային ստորաբաժանման կնիքով: Սույն կարգի 2-րդ կետի երկրորդ մասում նշված դեպքերում մերժման մասին տեղեկանքն ստորագրում է պետական ռեգիստրի ղեկավարը կամ նրա տեղակալը:

20. Գրանցումը մերժելը, ինչպես նաև գրանցումից խուսափելը կարող են բողոքարկվել դատարան:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մարտի 2-ի N 194 որոշմամբ

Ձև

 

Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր

 

N 000000

 

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի
նկատմամբ սեփականության իրավունքի

 

_____________________________________________________ ՍՊԸ-ի

(լրիվ ֆիրմային անվանումը)

պետական գրանցման համարը _________ գտնվելու վայրը ______________

կանոնադրական կապիտալի չափը ________________________________ դրամ։

Մասնակից ______________________________________________

(իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը
(փոստային հասցեն), ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային տվյալները և բնակության վայրը)

 

_____________________________________________________,

բաժնեմասի չափը ___________ (տոկոսներով կամ մասերով),

 

բաժնեմասի ձեռքբերման հիմքը _________________________________։

 

Գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ___________________________

 

Պետական ռեգիստրի _______________________տարածքային բաժնի պետ

___________        ______________________________________

   (ստորագրությունը)                                              (անունը, ազգանունը)

  

Կ.Տ.