Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (04.03.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.04.15/9(552)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.03.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 մարտի 2016 թ.

թիվ 3

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԳԵԼԱԴՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) բազմաթիվ միջնորդություններ է ստանում ՀՀ տարածքում գործող բանկերից և ՀՀ քաղաքացիներից՝ խնդրելով պարզաբանել արդյո՞ք հարկադիր կատարողի կողմից ուղարկված էլեկտրոնային հաղորդագրության հիման վրա արգելադրման ենթակա են՝

1. առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցումների իրականացման վճարահաշվարկային համակարգերի միջոցով փոխանցված դրամական միջոցները (այսուհետ՝ Անհաշիվ դրամական փոխանցում),

2. բանկի կողմից հաճախորդին տրամադրված անհատական պահատեղում (այսուհետ՝ Պահատեղ) պահվող արժեքները,

3. բանկի հաճախորդի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով գրավադրված գույքը՝ ապահովված պարտավորությունները կատարելուց հետո:

Ընդունելով այն հանգամանքը, որ թե Անհաշիվ դրամական փոխանցումները, թե Պահատեղի վարձակալության գործարքները, և թե բանկում գրավադրված արժեքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված արգելադրման ենթակա միջոցների շրջանակում ընդգրկվածության տեսանկյունից հստակեցման կարիք ունեն և նպատակ ունենալով ապահովել Բանկերի կողմից կիրառվող արգելադրումների ընթացակարգի միասնական կիրառումը, Կենտրոնական բանկը հիմնավոր և արդարացված է համարում նշված պայմաններում պաշտոնական պարզաբանման տրամադրումը:

Վերը բարձրացված հարցադրումները պարզաբանելու համար անհրաժեշտ է ըստ հերթականության վերլուծել վերը նշված գործարքները՝ առանձին-առանձին անդրադառնալով վերը թվարկված բոլոր արժեքների արգելադրման հետ կապված հարցերին:

 

1. Անհաշիվ դրամական փոխանցումների արգելադրումների հետ կապված հարցեր

 

Սույն հարցադրումը պարզաբանելու համար Կենտրոնական բանկն առաջին հերթին անհրաժեշտ է համարում անդրադարձ կատարել Անհաշիվ դրամական փոխանցման էությանը, պարզելու համար արդյո՞ք վերջինը որևէ կերպ կարող է ընդգրկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված արգելադրման ենթակա դրամական միջոցների շրջանակում, թե ոչ:

Անհաշիվ դրամական փոխանցումն իրենից ենթադրում է դրամական միջոցի փոխանցում մեկ անձից մյուսին՝ առանց այդ ընթացքում որևէ բանկային կամ այլ հաշվի բացման և/կամ դրա վրա գումարի մուտքագրման: Այսինքն՝ Անհաշիվ դրամական փոխանցման ժամանակ որևէ հաճախորդի անունով չի բացվում որևէ բանկային հաշիվ, իսկ բանկն, իր հերթին, որևէ անձի անունով դրամական փոխանցման առկայության մասին կարող է տեղեկանալ բացառապես վերջինիս ներկայանալու և վճարումը անհատականացնող կոդը տրամադրելու պարագայում:

Ավելին, Անհաշիվ դրամական փոխանցումները չեն հանդիսանում այդ փոխանցման շահառուի սեփական միջոցները՝ մինչ դրա փաստացի տրամադրումը հասցեատիրոջը: Այսինքն, մինչ համապատասխան գումարի վճարումը շահառուին, որևէ պարագայում հնարավոր չէ պնդել, որ դրանք հանդիսանում են պարտապանի (շահառուի) դրամական միջոցները: Նշված պնդումը հիմնավորվում է նաև հետևյալով.

վճարահաշվարկային համակարգերի կանոններով, որոնք հանդիսանում են վճարահաշվարկային համակարգերի գործունեության հիմնական կարգավորող փաստաթուղթը, տարբեր մանրամասնություններով, նախատեսված է հնարավորություն հետ կանչել Անհաշիվ դրամական փոխանցումը մինչ դրա փաստացի տրամադրումը հաճախորդին, ինչպես նաև սահմանված է բանկի պարտավորությունը՝ նախատեսված որոշակի ժամկետի ավարտից հետո հաճախորդի չներկայանալու դեպքում փոխանցված գումարները հետ վճարել փոխանցումը նախաձեռնած անձին: Այսինքն՝ Անհաշիվ դրամական փոխանցման արգելադրման պարագայում կստացվի, որ արգելադրվել են ոչ թե պարտապանի, այլ երրորդ անձի դրամական միջոցները:

Այժմ, փորձելով վերը նշված գործարքը համադրել ՀՀ օրենսդրությամբ սահմանված արգելադրվող դրամական միջոցների հետ, անհրաժեշտ է նախ նշել, որ համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 46-րդ և 47-րդ հոդվածների 2-րդ մասերի՝ հարկադիր կատարողի կողմից ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների հիման վրա բանկերը արգելանքներ են կիրառում բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա:

Օրենքի 46-րդ և 47-րդ հոդվածների 2-րդ մասերով սահմանվում է նաև, որ հարկադիր կատարողի կողմից ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

Արձանագրելով, որ Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտը չի կարող հակասել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին, անհրաժեշտ է նշել, որ Օրենքի վերը նշված կարգավորումից բացի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 520-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված հարկադիր կատարողի կողմից բանկին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերով ընդամենը մանրամասնեցվում և հստակեցվում են Օրենքով նախատեսված արգելադրման ենթակա դրամական միջոցների ներգրավման գործիքների տեսակները:

Հարկ է շեշտադրել, որ ի տարբերություն բանկային հաշիվների վարման կամ ավանդների ընդունման գործառույթի, Անհաշիվ դրամական փոխանցումները կարող են իրականացվել նաև համապատասխան լիցենզիա ստացած վճարահաշվարկային կազմակերպության միջոցով: Այսինքն` վճարահաշվարկային կազմակերպությունների բացակայությունը արգելանք կիրառող անձանց շարքից, իր հերթին, նույնպես վկայում է այն մասին, որ Անհաշիվ դրամական փոխանցումների արգելադրումը չի բխել օրենսդրի կողմից որդեգրած քաղաքականությունից: Այլապես ստացվում է, որ եթե ներկայում Անհաշիվ դրամական փոխանցումները մեկնաբանվեն որպես բանկի կողմից արգելադրման ենթակա դրամական միջոցներ, ապա վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով հնարավոր կլինի առանց որևէ արգելանքի կիրառման վտանգի իրականացնել Անհաշիվ դրամական փոխանցումներ, ինչն էլ իր հերթին, անընդունելի անհավասար մրցակցային պայմաններ կստեղծի երկու տարբեր ֆինանսական կազմակերպությունների համար:

 

2. Պահատեղում պահվող արժեքների արգելադրման հետ կապված հարցեր

 

Անդրադառնալով Պահատեղի վարձակալության գործարքի էությանը, պետք է նշել, որ նշված գործարքը, որպես բանկի կողմից մատուցվող ծառայություն, առաջին հերթին սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Մասնավորապես, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 848-րդ հոդվածի 1-ին մասի՝ Բանկը կարող է ի պահ ընդունել արժեթղթեր, թանկարժեք մետաղներ և քարեր, այլ թանկարժեք գույք ու այլ արժեքներ, ներառյալ՝ փաստաթղթեր: Բանկի նույն գործառույթը սահմանված է նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով:

Այս տեսանկյունից նախ հարկ է նշել, որ վերը նշված հոդվածները որևէ կերպ չեն սահմանափակում Պահատեղում պահպանման ենթակա հնարավոր գույքի տեսակները՝ միմիայն սահմանափակվելով դրա՝ բանկի հաճախորդի համար արժեք ներկայացնելու հանգամանքով: Հետևաբար, չեն բացառվում դեպքեր, որ Պահատեղում պահվող առարկաները արժեք ներկայացնեն միմիայն դրա տիրապետողի կամ այլ անձի համար, սակայն միաժամանակ որևէ իրական շուկայական արժեք չներկայացնեն՝ այդ գույքը լիկվիդային միջոցի վերածելու առումով: Ավելին, անհրաժեշտ է նշել, որ հնարավոր են դեպքեր, երբ Պահատեղերում պահպանվեն այնպիսի առարկաներ (գույք), որոնց նկատմամբ՝ համաձայն ՀՀ օրենսդրության, արգելանք կիրառվել ընդհանրապես չի կարող:

Բացի այդ, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 849-րդ հոդվածի 2-րդ մասի՝ բանկի անհատական պահատեղում արժեքների պահատվության պայմանագրով հաճախորդն իրավունք ունի առանց որևէ մեկի (ներառյալ՝ բանկի) հսկողության արժեքներն անձամբ տեղադրել պահատեղում և հանել այնտեղից: Դրա համար հաճախորդին տրամադրվում են պահատեղից ինքնուրույն օգտվելու համար անհրաժեշտ միջոցներ: Նույն հոդվածով սահմանվում է նաև, որ պայմանագրով կարող է նախատեսվել պահատեղում տեղադրված արժեքների հետ աշխատելու հաճախորդի իրավունքը:

Այսպես, Պահատեղը պայմանագրային պարտավորությունների շրջանակից դուրս օգտագործելու վերաբերյալ կասկածների պարագայում անգամ բանկի և հաճախորդի միջև կնքվող պահատեղի վարձակալության պայմանագրերում, որպես կանոն, նախատեսվում է մինչ Պահատեղի բացումը հաճախորդին նախապես ծանուցելու ընթացակարգ, որպեսզի Պահատեղը բացվի հաճախորդի ներկայությամբ:

Հատկանշական է, որ անգամ Պահատեղի վարձակալության գործարքի կնքման ժամանակ բանկերը չեն տիրապետում անհատական պահատեղի պարունակությանը և, հետևաբար, չեն տիրապետում որևէ տեղեկատվության այն մասին, արդյո՞ք Պահատեղում պահվում է բռնագանձման ենթակա գույք, թե ոչ: Ավելին, որևէ օրենսդրական դրույթ չի արգելում բանկի հաճախորդին Պահատեղում պահպանել նաև այլ անձի պատկանող գույք, այդ թվում՝ անհատապես որոշվող: Նման պարագայում Պահատեղի արգելադրումը կարող է առնչվել և սահմանափակել արդեն այլ անձանց իրավունքները և խնդիրներ առաջացնել Օրենքի 45-րդ հոդվածի կարգավորման շրջանակում՝ բռնագանձման գործողության տեսանկյունից:

 

3. Բանկում գրավադրված գույքի արգելադրման հետ կապված հարցեր

 

Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե արդյո՞ք բանկում, վերջինիս հանդեպ առկա հաճախորդի պարտավորությունների կատարումն ապահովող գրավը, այդ պարտավորությունների կատարումից հետո ենթակա է արգելադրման, ապա առաջնահերթորեն հարկ ենք համարում անդրադառնալ գրավի ինստիտուտին և դրա էությանն ընդհանրապես:

Այսպես, գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մաս):

Միևնույն ժամանակ սահմանված է, որ գրավը ակցեսոր պարտավորություն է (լատ. accessorius - լրացուցիչ, լրացնող), ինչը նշանակում է, որ վերջինիս գործողությունը կախված է բացառապես հիմնական պարտավորության, ի ապահովումն որի այն տրված է, գործողությունից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մաս): Այսինքն՝ եթե ինչ-ինչ պատճառներով հիմնական պարտավորությունը դադարել է (օրինակ՝ դրա կատարման հետևանքով), հետևաբար առկա չէ նաև ի ապահովումն այդ պարտավորության տրամադրված գույքի գրավը:

Դեռ ավելին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը սահմանում է, որ գրավով ապահովված պարտավորության կատարման հետևանքով կամ գրավատուի պահանջով (237 հոդվածի 3-րդ կետ) գրավը դադարելու դեպքում գրավառուն, որի մոտ գտնվել է գրավ դրված գույքը, պարտավոր է այն անհապաղ վերադարձնել գրավատուին:

Վերը նշվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ ցանկացած պարագայում հիմնական պարտավորությունը բանկի հանդեպ կատարած լինելու դեպքում բանկը ոչ միայն իրավունք չունի իր մոտ պահել գրավը (կամ դրա նկատմամբ որևէ այլ գործողություն կատարելու, բացառությամբ դրա վերադարձի), այլ այլևս առկա չէ այն իրավահարաբերությունը, որի հիմքով բանկում գրավադրվել է որոշակի արժեք:

 Հակառակ դեպքում ստացվում է, որ այն իրավիճակում, երբ օրինակ, հաճախորդը բանկում որոշակի գործարք կատարելուց հետո պատահաբար բանկում թողնի որոշակի գույք և առկա լինի ԴԱՀԿ համապատասխան որոշում, ապա բանկը պարտավորված կլինի արգելանք կիրառել այդ գույքի նկատմամբ՝ հրաժարվելով այն հետ տրամադրել սեփականատիրոջը:

Ավելին, գույքի պահատվությունը հանդիսանում է բանկի կողմից մատուցվող առանձին ծառայության տեսակ, որի գծով բանկը կատարում է որոշակի ծախսեր, ուստի ստացվում է, որ բանկը գույքի պահատվության համար կարող է անգամ վճարներ գանձել՝ կամ գույքի սեփականատիրոջից կամ հարկադիր կատարողից:

Ուստի, այս պայմաններում բանկի կողմից արդեն նախկին պարտավորությունների հանար գրավադրված և դեռևս բանկում պահվող գույքի արգելադրումը ոչ միայն կնշանակի բանկի կողմից օրենքով սահմանված պարտավորության խախտում, այլև կհակասի գրավի ինստիտուտի էությանն ամբողջությամբ:

Անհրաժեշտ է նշել նաև, որ Օրենքով վերը նշված գույքի բռնագանձման հետ կապված հարցերը կարգավորում են 49-րդ հոդվածով, ըստ որի պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձումը տարածվում է ընդհանուր կարգով` այդ գույքը պարտապանին պատկանելու վերաբերյալ փաստաթղթային տվյալների առկայության դեպքում:

Այսինքն, պարտապանի գույքի հայտնաբերումը, այդ թվում՝ այլ անձանց մոտ պահվող, և դրա նկատմամբ որոշակի գործողություններ կատարելը հանդիսանում է բացառապես հարկադիր կատարողի պարտավորությունը և ի տարբերություն Օրենքի 46-րդ և 47-րդ հոդվածներով ամրագրված արգելադրման գործողությունների, չի միջնորդավորվում բանկի կողմից, և հետևաբար, դուրս է բանկի կողմից արգելադրմանն ուղղված գործողությունների շրջանակից:

Հարկ ենք համարում նշել, որ սույն պաշտոնական պարզաբանմամբ նկարագրված Պահատեղում գույքի պահատվության և Անհաշիվ դրամական փոխանցումների գործարքների մասով սահմանվող մոտեցման համար հիմք է ծառայել նաև այս խնդրի շուրջ իրականացված միջազգային փորձի ուսումնասիրությունը, որը նույնպես վկայում է այն մասին, որ ինչպես Անհաշիվ դրամական փոխանցումները, այնպես էլ Պահատեղերում պահվող արժեքները բանկի կողմից արգելադրման ենթակա չեն (օրինակ՝ ԱՄՆ, Գերմանիա Դաշնային Հանրապետություն, Ֆրանսիայի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստանի Հանրապետություն):

Այսպես, Ֆրանսիայի դատական ակտերի հարկադիր կատարումը կարգավորող օրենքի L612-1 հոդվածի համաձայն՝ դատական ակտի հարկադիր կատարման համար բռնագանձում կարելի է տարածել միայն պարտապանի բոլոր բանկային հաշիվների վրա: Այնուամենայնիվ, այս կանոնից բացառություն են կազմում դեպո հաշիվները և պահատուփերում պահվող իրերը, որոնց համար նախատեսվում է առանձին ընթացակարգ:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրությամբ նույնպես արգելանքներ չեն կարող կիրառվել Անհաշիվ դրամական փոխանցումների նկատմամբ՝ դրա անհնարինության պատճառով:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 700.510 հոդվածի համաձայն՝ Պահատեղերում պահվող արժեքները կարող են բռնագանձվել բացառապես օրենքով սահմանված հատուկ կարգով: Մասնավորապես, ԱՄՆ հարկադիր կատարման մարմինը կամ քննիչը պարտավոր է Պահատեղի նկատմամբ բռնագանձում տարածելու մասին որոշումն անձամբ հանձնել պարտապան ֆիզիկական անձին և բանկին: Այնուհետև, հարկադիր կատարողը կամ քննիչը, ֆիզիկական անձի հետ ներկայանում է բանկ և հետևում պահատուփի բացման և դրա պարունակության առգրավման ամբողջ ընթացքին: Այս դեպքում բանկը, որպես բռնագանձման գործողության մասնակից, հաշվի առնելով Պահատեղի բացման համար անհրաժեշտ 2-րդ բանալու առկայությունը բանկի մոտ, իրականացնում է բացառապես Պահատեղի բացման գործառույթ և որևէ այլ կերպ չի միջնորդում հարկադիր կատարողի բռնագանձման գործառույթին:

«Կատարողական վարույթի մասին» Ռուսաստանի Դաշնության օրենքի համաձայն բանկերի կամ այլ վարկային կազմակերպությունների կողմից արգելադրման են ենթակա պարտապանի բանկային հաշիվները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակցի հաշիվները, պարտապանի արժեթղթերի հատուկ հաշիվները, պարտապանի դեբիտորական պարտավորությունները կամ պարտապանի առևտրային կամ քլիրինգային հաշիվներում առկա միջոցները:

Այսպիսով, Կենտրոնական բանկը գտնում է, որ Անհաշիվ դրամական փոխանցումների, Պահատեղի բռնագանձման (դրանց նկատմամբ արգելանքի կիրառման մասով), ինչպես նաև բանկում հաճախորդի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված և այնուհետև հիմնական պարտավորության դադարման արդյունքում դեռևս բանկում մնացած այդ գույքի արգելադրման գործողությունները չեն կարող դրվել բանկի վրա:

Ուստի, հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև Օրենքի ընդունման նպատակները և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պաշտոնապես պարզաբանում է.

1. Անհաշիվ դրամական փոխանցումները չեն հանդիսանում այդ գործարքում նշված ստացող անձի սեփականությունը՝ մինչ դրամական միջոցների փաստացի տրամադրումը հասցեատիրոջը, և հետևաբար, բանկի կողմից ենթակա չեն արգելադրման:

2. Օրենքի 46-րդ և 47-րդ հոդվածների հիման վրա ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների հիման վրա բանկի կողմից արգելադրման ենթակա չէ՝

1) Պահատեղում պահվող հաճախորդի գույքը,

2) բանկի հաճախորդի հիմնական պարտավորության դադարումից հետո ի ապահովումն այդ պարտավորության գրավադրված գրավի առարկան, որը դեռևս գտնվում է բանկի պահպանության (տիրապետման) ներքո:

 

ՀՀ կենտրոնական բանկի 
 նախագահ 

Ա. Ջավադյան


  2016 թ. մարտի 11
Երևան