ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 փետրվարի 2016 թ. |
N 10 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի 18.01.2016թ. թիվ 533 դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Դիմումատուի իրավական դիրքորոշումը և ներկայացված պահանջը
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը սույն թվականի հունվարի 19-ին կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված թիվ 533 դիմումով խնդրել է տալ պաշտոնական պարզաբանում, «...թե արդյո՞ք վստահված անձը իրավունք ունի առանց պատճեններ կամ քաղվածքներ անելու անարգել ծանոթանալու ընտրողների ստորագրած ցուցակներին:»:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունները) և եզրահանգումը
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն.
«Իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, իրավաբանական ուժ ունենալու հարցերի պարզաբանման, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում»:
Նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն. «Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով»:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:
Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է.
«1. Վստահված անձն իրավունք ունի՝
2) անարգել ծանոթանալու քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի` ընտրողին տրամադրած համապատասխան տեղեկանքին, ստանալու դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքներ (բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ ընտրողների ստորագրած ցուցակներից.»:
Պարզաբանելով վերը նշված դրույթը` դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, ակնհայտ է, որ օրենսդիրը «(բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների)» ձևակերպմամբ սահմանված սահմանափակումը վերագրել է բացառապես «դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքներ» ստանալուն, այլապես «(բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների)» բառերը զետեղված կլինեին նաև նույն կետում` «տեղեկանքին» բառից հետո:
Հարկ ենք համարում հիշատակել նաև «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով պաշտոնական պարզաբանման մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 26-ի N 66 որոշմամբ տրված պարզաբանումը, համաձայն որի դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, վստահված անձն ընտրողների ստորագրած ցուցակներին կարող է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` տեղամասային ընտրական հանձնաժողովում ներկա լինելով հանձնաժողովի ընտրողների գրանցումն իրականացնող, իսկ քվեարկության արդյունքներն ամփոփելու ժամանակ` ցուցակներում ընտրողների ստորագրությունները հաշվող անդամների մոտ` չմիջամտելով նրանց աշխատանքներին և քվեարկության կազմակերպմանը: Նշված պարզաբանման շրջանակներում արդեն իսկ վկայակոչվում է դիտորդի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցչի` ընտրողների ստորագրած ցուցակներին ծանոթանալու իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է.
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը պետք է ընկալել դրանցում պարունակվող բառերի տառացի նշանակությամբ` չփոխելով իմաստը և բառերը, այն է. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված «(բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների)» բառերը վերաբերում են դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքներ ստանալուն:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|