Գլխավոր տեղեկություն
Համար
N 2
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (01.02.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.02.15/4(547)
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
01.02.2016
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

1 փետրվարի 2016 թ.

N 2

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 4-րդ պարբերության համաձայն, ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար Օրենքով սահմանված մնացած բոլոր պայմանները բավարարված համարվելու դեպքերում ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները կարող են հաշվանցել նաև առանց մատակարարներին կամ ծառայություն մատուցողներին վճարում կատարելու`

ա. 2015 թվականի հունվարի 1-ից` այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրականացված` Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների հարկվող շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 100 միլիոն դրամը,

բ. 2016 թվականի հունվարի 1-ից` այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրականացված` Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների հարկվող շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 500 միլիոն դրամը,

գ. 2017 թվականի հունվարի 1-ից` բոլոր ԱԱՀ վճարողները:

2. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-186-Ն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, անձինք առանց ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների դիմաց վճարում կատարելու ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կարող են կատարել միայն նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված համապատասխան ժամկետներից հետո կատարվող ձեռքբերումների մասով, իսկ մինչև համապատասխան ժամկետները կատարված ձեռքբերումների մասով ԱԱՀ-ի գծով հաշվանցումները կատարվում են մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով:

Հարկային օրենսդրության վերոնշյալ դրույթների կիրառության ընթացքում տարաբնույթ է ընկալվում առանց մատակարարներին կամ ծառայություն մատուցողներին վճարում կատարելու ձեռքբերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների գծով հաշվանցում կատարելու հնարավորությունը օրացուցային տարվա ընթացքում նոր ստեղծված (պետական գրանցում ստացած, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված կամ որպես նոտար նշանակված) անձանց մասով, ինչպես նաև այն դեպքերում, երբ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների հարկվող շրջանառությունը 2014 թվականի ընթացքում չի գերազանցել 100 միլիոն դրամը, իսկ 2015 թվականի ընթացքում գերազանցել է 500 միլիոն դրամը:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով` պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Օրացուցային տարվա ընթացքում նոր ստեղծված (պետական գրանցում ստացած, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված կամ որպես նոտար նշանակված) ԱԱՀ վճարողը Օրենքով սահմանված մնացած բոլոր պայմանները բավարարված համարվելու դեպքում ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները կարող է հաշվանցել առանց մատակարարներին կամ ծառայություն մատուցողներին վճարում կատարելու:

2. Օրենքով սահմանված մնացած բոլոր պայմանները բավարարված համարվելու դեպքում ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարողը 2016 թվականի հունվարի 1-ից կարող է հաշվանցել առանց մատակարարներին կամ ծառայություն մատուցողներին վճարում կատարելու նաև այն դեպքերում, երբ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների հարկվող շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) 2014 թվականի ընթացքում չի գերազանցել 100 միլիոն դրամը, իսկ 2015 թվականի ընթացքում գերազանցել է 500 միլիոն դրամը:

 

Նախարար` 

 Գ. Խաչատրյան