«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2001 թվականի N 1281
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2002 թվականի պետական ծրագիրը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 27-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
Հայաստանում փոքր ԵՎ միջին ձեռնարկատիրության զարգացման 2002 թվականի
I. Ծրագրի մշակման հիմքերը
Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման 2002 թվականի պետական ծրագրի (այսուհետև` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը.
բ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2001 թվականի պետական ծրագիրը.
գ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի բյուջետային ուղերձը.
ե) Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեն:
II. Ծրագրի խնդիրները
Ծրագրի խնդիրներն են`
ա) ՓՄՁ-ի սուբյեկտների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը և զարգացումը.
բ) ՓՄՁ-ի սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը և արտահանման խթանումը.
գ) իրավական դաշտի հետագա բարելավումը.
դ) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային աջակցության հնարավորությունների ընդլայնումը.
ե) ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարումը.
զ) ՓՄՁ-ի սուբյեկտներին անհրաժեշտ տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններից, ուսուցողական ու կադրերի վերապատրաստման համակարգի ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովումը:
III. Ծրագրային միջոցառումների համակարգը
2002 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները՝
1. ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի հիմնադրումը
Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի պետական քաղաքականության և ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար կհիմնադրվի «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» ոչ առևտրային կազմակերպություն՝ իրավաբանական անձի կարգավիճակով (այսուհետև՝ կենտրոն): Կենտրոնը կունենա հիմնադրամի կարգավիճակ:
Կենտրոնը կմասնակցի պետության կողմից իրականացվող ՓՄՁ-ի ոլորտի համակարգման ու կարգավորման գործընթացներին՝ համապատասխան առաջարկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Հաշվի առնելով առկա հնարավորությունները՝ սկզբնական փուլում կենտրոնի գործունեությունը հիմնականում կուղղվի խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների դաշտի ընդլայնմանը, կրթական ծրագրերի մշակմանը:
Բանակցություններ կվարվեն միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ (Համաշխարհային բանկ (WB), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն (JICA), Գերմանիայի տեխնիկական համագործակցության կազմակերպություն (GTZ), Հունաստանի զարգացման նախարարություն և այլն)՝ 2002 թվականին և հետագայում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով: Դրանք Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի զարգացման պետական քաղաքականության և տարեկան ծրագրերի մասը կկազմեն: Կենտրոնը կիրականացնի «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը:
ՓՄՁ-ի ոլորտում կհիմնադրվեն կենտրոնի մասնաճյուղեր՝ Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:
2. ՓՄՁ-ի տեղեկատվական և խորհրդատվական ապահովումը
Պետական կառավարման մարմինները, բիզնես-աջակցող կառույցները և ՓՄՁ-ի սուբյեկտները պետք է ապահովվեն համապատասխան տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ:
Կենտրոնի աջակցությամբ նախատեսվում է ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվական ծառայությունների մատուցում հետևյալ ուղղություններով՝
իրավական,
ընկերությունների կառավարման,
ֆինանսական/վարկային և ներդրումային,
շուկաների (ներքին և արտաքին) ուսումնասիրման,
գործարար ծրագրերի կազմման,
որակի կառավարման,
այլ խորհրդատվական ծառայություններ:
Ձեռնարկատերերի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ է օպերատիվ տեղեկատվություն Հայաստանում արդեն իսկ գործող միջազգային ծրագրերի վերաբերյալ, որոնք աջակցում են ՓՄՁ-ի սուբյեկտներին իրենց գործունեության տարբեր բնագավառներում:
Ծրագրով` կենտրոնի կողմից՝
կիրականացվեն աշխատանքներ գործող տեղեկատվական համակարգերում Հայաստանի Հանրապետության ՓՄՁ-ի սուբյեկտներին ներկայացնելու և այդ համակարգերի տեղեկատվությունը նրանց տրամադրելու ուղղությամբ.
կհրատարակվի ՓՄՁ-ին աջակցող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու ծրագրերի տեղեկագիր:
3. ՓՄՁ-ների վիճակագրություն
ՓՄՁ-ի սուբյեկտները յուրաքանչյուր երկրի տնտեսական և սոցիալական կայունության հիմնական երաշխիքն են: Սակայն դրանց ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման վրա դժվար է գնահատել առանց այդ ոլորտի առանձնացված վիճակագրական հաշվառման: Նման վիճակագրական տեղեկատվության առկայությունը հնարավորություն կընձեռի ոչ միայն գնահատել ոլորտի դերը երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործում, այլ նաև հաշվի առնել այդ տվյալները ոլորտի զարգացման և աջակցման պետական ծրագրեր մշակելիս:
Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարման նախապատրաստում: Աշխատանքներ կիրականացվեն վիճակագրության վարման գործընթացը և դրա շարունակականությունն ապահովելու համար:
IV. Ծրագրի իրականացման սկզբունքները
Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման 2002 թվականի պետական ծրագիրն իրականացվում է սույն ծրագրով նախատեսված ՓՄՁ-ին աջակցող կառույցների միջոցով՝
1. Նպատակային ենթածրագրերը մշակվում են Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից` համապատասխան այլ պետական մարմինների և նոր ստեղծվող ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի մասնակցությամբ: Ենթածրագրերի մշակման աշխատանքներում կներգրավվեն նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունները:
2. Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ՓՄՁ-ի զարգացման տարեկան ծրագրի իրականացման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում՝ առանձին տողով:
3. Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման 2002 թվականի պետական ծրագրի իրականացման միջոցառումները (ցանկը կցվում է) մշակում և համակարգում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը:
4. 2002 թվականի ընթացքում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում կարող են իրականացվել ՓՄՁ-ի աջակցման համատեղ ծրագրեր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ց Ա Ն Կ
Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման 2002 թվականի պետական ծրագրի իրականացման միջոցառումների
NN ը/կ | Միջոցառման անվանումը | Կատարողը | Կատարման ժամկետը |
1. | Իրավաբանական անձի կարգավիճակով, որպես ոչ առևտրային կազմակերպություն, ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի հիմնադրում: Կենտրոնի 2002 թ. աշխատանքների կազմակերպում | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն | 2002 թ. հունվար |
2. | ՓՄՁ-ի զարգացմանը նպաստող իրավական ակտերի ընդունում | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն, ՀՀ շահագրգիռ նախարարություններ և գերատեսչություններ | 2002 թ. |
3. | ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարման նախապատրաստում | ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ) | 2002 թ. I-ին կիսամյակ |
4. | ՓՄՁ-ին աջակցող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու ծրագրերի տեղեկագրի հրատարակում | ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոն | 2002 թ. II-րդ եռամսյակ |
5. | ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվական, տեղեկատվական և մարքետինգային ծառայությունների տրամադրում, ներքին և արտաքին շուկաներում ապրանքների ու ծառայությունների իրացմանն աջակցություն | ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոն | 2002 թ. |
6. | Տեղեկատվական համակարգերին ՓՄՁ-ի ոլորտի ինտեգրացման աշխատանքների իրականացում | ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոն | 2002 թ. |
7. | ՓՄՁ-ի զարգացման ծրագրերի մշակում՝ միջազգային դոնորներին ներկայացնելու համար | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն, ՀՀ շահագրգիռ նախարարություններ և գերատեսչություններ ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոն |
2002 թ. |
8. | Միջազգային կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ ծրագրերի մշակում և իրականացում | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն, ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոն |
2002 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|