Գլխավոր տեղեկություն
Համար
N 1297-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.18/40(215) Հոդ.914
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 օգոստոսի 2002 թվականի N 1297-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված Ճանապարհային երթևեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառման կարգի հետ:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ հաստատել ճանապարհային երթևեկության անվտանգության ցուցանիշների հաշվետվության ձևերը՝ դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 22
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 1-ի N 1297-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է ճանապարհային երթևեկության անվտանգության ցուցանիշների պետական հաշվառումը:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ճանապարհատրանսպորտային պատահար՝ ճանապարհով տրանսպորտային միջոցի շարժման ընթացքում ու դրա մասնակցությամբ առաջացած դեպք, որի ժամանակ զոհվել կամ վիրավորվել են մարդիկ կամ վնասվել են տրանսպորտային միջոցներ, բեռներ, կառույցներ կամ պատճառվել է այլ նյութական վնաս.

ճանապարհ՝ տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված կահավորված կամ դրա համար հարմարեցված հողային գոտի կամ արհեստական կառույցի մակերես: Ճանապարհն իր մեջ ներառում է մեկ կամ մի քանի երթևեկելի մասեր, ինչպես նաև տրամվայի գծեր, մայթեր, կողնակներ և բաժանարար գոտիներ (առկայության դեպքում).

տրանսպորտային միջոց՝ ճանապարհներով մարդիկ, բեռներ կամ վրան տեղադրված սարքավորումներ փոխադրելու համար նախատեսված սարք.

տրանսպորտային միջոցների սեփականատերեր՝ պետական կառավարման մարմիններ, նրանց ենթակայության հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնք սահմանված կարգով տիրապետում, օգտագործում և տնօրինում են տրանսպորտային միջոցները.

զոհված՝ ճանապարհատրանսպորտային պատահարի տեղում կամ դրա հետևանքով մահացած անձ.

վիրավոր՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական վնասվածք ստացած անձ` պայմանավորված՝ դեպքից հետո նրա հոսպիտալացման կամ ամբուլատոր բուժման անհրաժեշտության հետ:

3. Պետական հաշվառման ենթակա են ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնական ցուցանիշները՝ ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով տուժած անձանց, ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների և քրեական հանցագործությունների քանակը, ինչպես նաև այլ ցուցանիշներ, որոնք արտացոլում են ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը:

4. Սահմանվում է ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման միասնական կարգ:

5. Պետական հաշվառման ենթակա են ճանապարհատրանսպորտային բոլոր պատահարները: Ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառումն իրականացվում է դրանց առաջացման պատճառների ու պայմանների ուսումնասիրման և վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:

6. Պետական հաշվառման մեջ չեն ներառվում այն ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տվյալները, որոնք առաջացել են՝

ավտոմոբիլային կամ մոտոցիկլետային սպորտային միջոցառումների (մրցումներ, մարզումներ և այլն) ժամանակ, երբ տուժել են հանդիսատեսները, միջոցառման մասնակիցները և սպասարկող անձնակազմը.

տրանսպորտային միջոցներով ուղևորներ և բեռներ փոխադրելու հետ կապ չունեցող տեխնոլոգիական, արտադրական գործողություններ կատարելիս (խրամատներ քանդելը, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելը, անտառահատումը, բեռնման-բեռնաթափման աշխատանքները, աշտարակների և հենարանների տեղադրումը և այլն).

բնական աղետների հետևանքով.

տրանսպորտային միջոցի շահագործման և անվտանգության տեխնիկայի կանոնների խախտման հետևանքով (շարժիչի գործարկումը փոխանցման տուփի միացված փոխանցումով, տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, հարմարանքների կցման, անջատման ժամանակ և այլն).

ինքնասպանության փորձի հետ կապված կամ անմեղսունակ վիճակում կատարված գործողությունների հետևանքով.

քաղաքացիների կյանքի կամ առողջության դեմ դիտավորությամբ ոտնձգության կամ գույքին վնաս հասցնելուն ուղղված գործողությունների հետևանքով.

տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության հետ կապ չունեցող հրդեհների և այլ տեխնածին աղետների հետևանքով:

7. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացվում է ներքին գործերի մարմինների կողմից` հաշվառած տվյալների հիման վրա:

8. Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով՝ նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության պետական խորհրդի հետ:

9. Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին տվյալները հրապարակման համար համարվում են բաց և սահմանված կարգով տրամադրվում են շահագրգիռ իրավաբանական ու ֆիզիկական անձանց:

 

II. ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ

 

10. Ներքին գործերի մարմիններն իրականացնում են իրենց կողմից սպասարկվող տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառումը:

11. Պետական հաշվառման մեջ ընդգրկման ենթակա յուրաքանչյուր ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ լրացվում է հաշվառման քարտ, որի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի կողմից:

12. Ներքին գործերի մարմինը, հաղորդում ստանալով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին, որի հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ, կատարվածի մասին սահմանված կարգով տեղեկացնում է շահագրգիռ անձանց:

13. Մարզային ներքին գործերի վարչությունների ենթակա ներքին գործերի մարմինների պետավտոտեսչության ղեկավարներն առնվազն ամիսը մեկ անգամ կազմակերպում են ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց տվյալների համեմատություն առողջապահական կազմակերպություններում գրանցված տվյալների հետ: Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների ուսումնասիրման և դրանց կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար տրանսպորտային միջոցների սեփականատերերին ու պետական ճանապարհային մարմիններին հնարավորություն են տալիս կատարելու ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների համեմատություն:

 

III. ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

14. Տրանսպորտային միջոցների սեփականատերերը հաշվառում են իրենց պատկանող կամ իրենց կողմից օգտագործվող, կամ տնօրինվող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները` անկախ դրանց կատարման վայրից:

15. Տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման ձևը որոշում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը՝ այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հետ:

16. Տրանսպորտային միջոցների սեփականատերերն իրենց պատկանող կամ իրենց կողմից օգտագործվող, կամ տնօրինվող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած յուրաքանչյուր ճանապարհատրանսպորտային պատահարի մասին անմիջապես տեղեկացնում են իրենց գտնվելու վայրի տարածքային ներքին գործերի մարմին:

17. Տրանսպորտային միջոցների սեփականատերերը ներքին գործերի մարմինների հետ յուրաքանչյուր ամիս կատարում են իրենց պատկանող կամ իրենց կողմից օգտագործվող, կամ տնօրինվող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների համեմատություն:

 

IV. ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

18. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական ճանապարհային մարմինը, ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհների և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների սեփականատերերը հաշվառում են իրենց տնօրինության տակ գտնվող ճանապարհներին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:

19. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական ճանապարհային մարմինը, ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհների և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների սեփականատերերի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման ձևը որոշում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հետ:

20. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական ճանապարհային մարմինը, ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհների և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների սեփականատերերն իրենց տնօրինության տակ գտնվող ճանապարհներին տեղի ունեցած յուրաքանչյուր ճանապարհատրանսպորտային պատահարի մասին տեղեկացնում են ներքին գործերի մարմին:

21. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական ճանապարհային մարմինը, ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհների և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների սեփականատերերը յուրաքանչյուր ամիս մարզային ներքին գործերի վարչությունների ենթակա ներքին գործերի մարմինների պետավտոտեսչության ստորաբաժանման հետ կատարում են իրենց տնօրինության տակ գտնվող ճանապարհներին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների համեմատություն:

 

V. ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ

 

22. Առողջապահական կազմակերպությունները (անկախ կազմակերպական-իրավական ձևից) հաշվառում են իրենց դիմած կամ բժշկական օգնություն ցույց տալու նպատակով իրենց մոտ տեղափոխված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով վիրավորված, ինչպես նաև իրենց մոտ տեղափոխված զոհված անձանց մասին տվյալները:

23. Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով առողջապահական կազմակերպություններ տեղափոխված վիրավորների և զոհվածների մասին տվյալների հաշվառման ձևը որոշում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հետ:

24. Առողջապահական կազմակերպություններն իրենց գտնվելու վայրի տարածքային ներքին գործերի մարմին անմիջապես հաղորդում են՝

իրենց դիմած կամ բժշկական օգնություն ցույց տալու նպատակով իրենց մոտ տեղափոխված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով վիրավորների, ինչպես նաև իրենց մոտ տեղափոխված զոհվածների մասին տվյալները.

առողջապահական այլ կազմակերպություններ ուղարկված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով վիրավորների մասին:

25. Առողջապահական կազմակերպություններն անհապաղ համապատասխան ներքին գործերի մարմին են հաղորդում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորների մահվան մասին:

26. Առողջապահական կազմակերպությունները հնարավորություն են ընձեռում ներքին գործերի մարմիններին կատարել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների և վիրավորների տվյալների համեմատություն:

27. Առողջապահական կազմակերպությունները ներքին գործերի մարմինների կողմից հարցման դեպքում տեղեկանք են տալիս իրենց դիմած կամ բժշկական օգնություն ցույց տալու համար իրենց մոտ տեղափոխված վիրավորների մասին:

 

VI. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

28. Ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների և քրեական հանցագործությունների հաշվառումն իրականացվում է ներքին գործերի մարմիններում, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության բնագավառում կատարված իրավախախտումների ու քրեական հանցագործությունների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական ավտոտեսչության կողմից։

29. Ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների և քրեական հանցագործությունների հաշվառման կարգն ու պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը:

30. Իրավաբանական անձինք առնվազն ամիսը մեկ անգամ ներքին գործերի մարմիններից կարող են տեղեկատվություն ստանալ իրենց պատկանող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան