ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
3 հոկտեմբերի 2014 թ. |
N 01/17.2/6125-14 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԽԱԽՈՏԻ ՏՈՒՓԻ ՎՐԱ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՏԵՔՍՏԵՐԸ ԶԵՏԵՂԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման հավելվածի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) 15-րդ կետի ը) ենթակետի համաձայն ծխախոտային արտադրատեսակների ծխախոտի տուփի յուրաքանչյուր միավորը, ինչպես նաև բոքսը և ծխամորճի ու ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթում տեղադրվող ներդիր թերթիկը պետք է պարունակեն ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական և լրացուցիչ նախազգուշացումները՝ նույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ և 17-րդ կետերին համապատասխան:
Տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանվում են մարդու առողջության վրա ծխախոտի ունեցած բացասական ազդեցության մասին հիմնական և լրացուցիչ նախազգուշացման տեքստերը: Տեխնիկական կանոնակարգի 17-րդ կետի համաձայն՝ ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստը պետք է զետեղվի ցանկացած տուփի 2 առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը` մյուսի վրա: Նախազգուշացման տեքստերը պետք է ներառվեն սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնեն ծխախոտային արտադրատեսակների մեծածախ ու մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) 2 առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը, ներառյալ շրջանակը, և համապատասխանեն նույն տեխնիկական կանոնակարգում տրված օրինակներին (NN 1 և 2 ձևեր) և նշված կետով սահմանված պահանջներին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով՝ պաշտոնապես պարզաբանում եմ՝
Տեխնիկական կանոնակարգով սահմանված NN 1 և 2 ձևերը նախատեսված են սահմանված հիմնական և լրացուցիչ նախազգուշացման տեքստերը ծխախոտային արտադրատեսակների ծխախոտի տուփի վրա զետեղելու հարցում ուղղորդելու համար: Ծխախոտային արտադրատեսակների ծխախոտի տուփի վրա զետեղված հիմնական և լրացուցիչ նախազգուշացման տեքստերը պետք է զետեղվեն NN 1 և 2 ձևերում բերված օրինակներով, բայց ոչ պարտադիր արտատպեն դրանք` պահպանելով տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները:
Կ. Ճշմարիտյան |