Գլխավոր տեղեկություն
Համար
N 668
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.07.2001-08.08.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.595
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2001

040.0668.20.07.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2001 թվականի N 668
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթն իրականացնել մասնակիցների նախնական որակավորմամբ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 20-ի N 668 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ի սկզբանե նախաորակավորված համարել նախկինում նախաորակավորված 4 ընկերության մայր կազմակերպությունները (EDF, Union Fenosa Acex, ABB AB, AES Corporation): Նշված մայր ընկերությունների կողմից երաշխիքներ տրամադրվելու դեպքում դրանց փոխարեն նախաորակավորված կարող են համարվել նրանց 100 տոկոսանոց դուստր ընկերությունները:

2. Նոր ընկերությունների նախաորակավորման համար սահմանել հետևյալ պահանջները`

ա) էլեկտրաէներգետիկայի բնագավառում (արտադրություն, տեղափոխում, բաշխում) առնվազն 100 մլն ԱՄՆ-ի դոլարի շրջանառություն նախորդ 4 ֆինանսական տարիներից ցանկացած 3 լրիվ ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի ընթացքում.

բ) ընկերության սեփական կապիտալը 1999 կամ 2000 ֆինանսական տարվա ընթացքում պետք է կազմի առնվազն 250 մլն ԱՄՆ-ի դոլար.

գ) ներկայացնել աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները (IAS կամ GAAP) նախորդ 4 ֆինանսական տարիներից ցանկացած 3 լրիվ ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի համար, ընդ որում, վերջին տարվա համար ներկայացված աուդիտորական հաշվետվությունը պետք է լինի առանց վերապահումների: Աուդիտորը պետք է ներկայացնի անկողմնակալության և որակավորման ապացույցներ:

3. Եթե 2-րդ կետում նշված նախաորակավորման պահանջները բավարարող ընկերությունը 250 մլն ԱՄՆ-ի դոլարի երաշխիք ներկայացնի իր 100 տոկոսանոց դուստր ընկերության համար, ապա այդ դուստր ընկերությունն իրավունք ունի ճանաչվելու նախաորակավորված:

4. Եթե որևէ ընկերություն բավարարում է 2-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում ներկայացված նախաորակավորման պահանջները և չի բավարարում 2-րդ կետի «բ» ենթակետի պահանջը, ապա նա կարող է նախաորակավորվելու համար մեկ այլ ընկերության հետ կազմել կոնսորցիում, որը բավարարում է 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի պահանջները, և եթե 2 ընկերությունն էլ ստանձնում են լրիվ պատասխանատվություն կոնսորցիումի գործունեության համար:

5. Եթե որևէ ընկերություն բավարարում է նախաորակավորման պահանջները, ապա նա կարող է նախաորակավորվել` ցանկացած այլ ընկերության (ընկերությունների) հետ կազմելով կոնսորցիում, եթե նախաորակավորման պահանջները բավարարող ընկերությունն ստանձնում է ամբողջ պատասխանատվությունը, և եթե նրա մասնակցությունը կոնսորցիումում առնվազն 60 տոկոս է:

6. Մինչև մրցույթին մասնակցելը նյութեր և մրցույթին մասնակցելու առաջարկություններ կարող են ստանալ, ինչպես նաև կարող են Հայաստանի Հանրապետության կառավարություն ու մրցութային հանձնաժողովին առաջարկություններ ներկայացնել և տեղում բաշխիչ ցանցերի գործունեությանը ծանոթանալ`

ա) ցանկացած նախաորակավորված ընկերություն.

բ) ցանկացած նախաորակավորված կոնսորցիում:

7. Մրցույթին ֆինանսական առաջարկ կարող են ներկայացնել`

ա) ցանկացած նախաորակավորված ընկերություն.

բ) ցանկացած նախաորակավորված կոնսորցիում.

գ) ցանկացած կոնսորցիում` կազմված նախաորակավորված ընկերությունից և (կամ) նախաորակավորված կոնսորցիումներից.

դ) կոնսորցիում` կազմված նախաորակավորված ընկերությունից կամ նախաորակավորված կոնսորցիումից (բացառությամբ 5-րդ կետում նշված կոնսորցիումի) և ցանկացած այլ ընկերությունից (ընկերություններից), եթե նախաորակավորման պահանջները բավարարող ընկերությունը կամ կոնսորցիումն ստանձնում է ամբողջ պատասխանատվությունը, և եթե նրա մասնակցությունը կոնսորցիումում առնվազն 60 տոկոս է: