Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (20.03.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.04.01/8(487)
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.03.2014
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2014

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 մարտի 2014 թ.

ք. Երևան

թիվ 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ հեռուստառադիոհեռարձակում՝ էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածում հաղորդագծով (ներառյալ՝ կաբելային (մալուխային) կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որ այդ պատկերները կամ հնչյունները հասանելի լինեն հասարակությանը։

Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հեռուստառադիոծրագրերի հեռարձակումն իրականացվում է լիցենզիայի հիման վրա։ Առանց լիցենզիայի հեռարձակում իրականացնում են Հանրային հեռուստառադիոընկերությունը և միջպետական պայմանագրի հիման վրա հեռարձակողները։

Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն՝ հեռուստառադիոհեռարձակման լիցենզիա՝ գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս իրականացնելու հեռուստառադիոծրագրերի հեռարձակում (վերահեռարձակում)։

Օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ պարբերության համաձայն՝ հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն և (կամ) ռադիոընկերություն)՝ իրավաբանական անձ, որը հեռարձակում կամ վերահեռարձակում է հեռուստառադիոծրագրեր և պատասխանատվություն է կրում սույն օրենքի և իրավական այլ ակտերի կատարման համար։

Օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ պարբերության համաձայն՝ լիցենզավորված անձ՝ սույն օրենքի համաձայն՝ հեռուստառադիոհեռարձակման (վերահեռարձակման) լիցենզիա ստացած անձ։

Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել հեռուստառադիոծրագրերի հեռարձակում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի։

Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման համար լիցենզիա չի պահանջվում, եթե սփռման և սպասարկման տարածքը սահմանափակվում է իրավաբանական անձին պատկանող շենքերով ու տարածքներով, բացառությամբ հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) պաշտոնապես պարզաբանում է.

Օրենքը չի արգելում հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստացած հեռուստառադիոընկերության կողմից պայմանագրային հիմունքներով հեռուստառադիոծրագրերի հեռարձակումը (վերահեռարձակումը) կաբելային (մալուխային) ցանցի միջոցով։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ

Գ. Բունիաթյան