Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 6
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (10.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.01.08/1(480)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.12.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 6

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՊԱՐՏԱՏԵՐ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԺԱՌԱՆԳԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացվում են բազմաթիվ հարցումներ, որոնցով խնդրվում է պարզաբանել, թե բանկի առջև պարտավորություններ ստանձնած հաճախորդի մահվան դեպքում բանկն ինչպիսի՞ քայլեր կարող է ձեռնարկել վերջինիս նկատմամբ իր պահանջները ժառանգական զանգվածում ներառելու համար, որպեսզի չխախտի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման արգելքը:

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հասցեագրված հարցումներում բարձրացված խնդիրները, նպատակ ունենալով ապահովել անհրաժեշտ պայմաններ բանկային համակարգի կայունության և բնականոն գործունեության համար, միաժամանակ երաշխավորելով բանկային գաղտնիքի հետ կապված հարաբերությունների անխաթարությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը խնդրի պարզաբանման տեսանկյունից ի թիվս այլոց կարևորում է հետևյալ օրենսդրական դրույթների քննարկումը.

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1239-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ժառանգատուի պարտատերերին տեղեկացնելու նպատակով նոտարը մամուլում հաղորդագրություն է հրապարակում ժառանգության բացման վերաբերյալ` պարտատերերին առաջարկելով հաղորդագրությունը հրապարակելու օրվանից վեցամսյա ժամկետում ներկայացնել ժառանգատուի նկատմամբ իրենց պահանջները: Օրենսգրքի 1243-րդ հոդվածի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները: Ընդ որում, պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին: Նշված ժամկետում պահանջի չներկայացումը պարտատիրոջը կարող է զրկել հետագայում ժառանգական գույքից դրանց բավարարում ստանալու հնարավորությունից, հետևաբար բանկը պետք է հնարավորություն ունենա օրենքով չարգելված եղանակներով պաշտպանել իր իրավունքները:

2) Օրենսգրքի 1239-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգների, շահառուների և այլ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության համար ժառանգության բացման վայրի նոտարը ձեռնարկում է սույն օրենսգրքի 1240 և 1241 հոդվածներում սահմանված և ժառանգությունը պահպանելու ու կառավարելու համար անհրաժեշտ այլ միջոցներ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժառանգությունը պահպանելու և կառավարելու միջոցները նոտարը ձեռնարկում է ժառանգի, կտակակատարի, պարտատիրոջ, տեղական ինքնակառավարման մարմնի կամ ժառանգական գույքի պահպանման շահերից հանդես եկող այլ անձանց դիմումի հիման վրա, իսկ անհրաժեշտության դեպքում` իր նախաձեռնությամբ: Ավելին, ըստ հոդվածի 3-րդ մասի` ժառանգության զանգվածը պարզելու և այն պահպանելու նպատակներով նոտարն իրավունք ունի հարցում անել բանկերին և այլ վարկային կազմակերպություններին նրանց ավանդներում, հաշիվներում գտնվող կամ նրանց ի պահ հանձնված` ժառանգատուին պատկանող դրամի (արժույթի), արժութային ու այլ արժեքների վերաբերյալ:

3) Օրենսգրքի 1189-րդ հոդվածի համաձայն` ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է, իսկ եթե ժառանգատուի բնակության վերջին վայրն արտասահմանում է կամ անհայտ է, ապա ժառանգության բացման վայր է համարվում ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի, իսկ անշարժ գույքի բացակայության դեպքում` շարժական գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի գտնվելու վայրը: Սույն կետում մեջբերված դրույթը վկայում է, որ երբեմն կարող են բարդություններ առաջանալ ժառանգության բացման վայրի նոտարին պարզելիս: «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նոտարական պալատը ներկայացնում և պաշտպանում է նոտարների շահերը, նրանց օգնություն է ցույց տալիս նոտարական գործունեություն իրականացնելիս: Հետևաբար, վերոհիշյալ բարդությունների դեպքում պետք է հնարավոր համարվի նոտարական գործողությունների իրականացման` ներառյալ պահանջների ներկայացման գործընթացում ներգրավել նոտարական պալատին` վերջինիս կանոնադրական նպատակների շրջանակներում և ներքին իրավական ակտերին համապատասխան: Այդուհանդերձ, այդպիսի ներգրավումը պետք է լինի հնարավորինս սահմանափակ` հաշվի առնելով «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներն առ այն, որ բանկերը պարտավոր են տեխնիկական այնպիսի միջոցներ ձեռնարկել և կազմակերպական այնպիսի կանոններ սահմանել, որոնք անհրաժեշտ են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:

4) «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն բանկին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ բանկի համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին տվյալ բանկի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը, պայմանով, որ դա անհրաժեշտ է տվյալ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար և, որ այդ անձինք և կազմակերպությունները պարտավոր են ձեռնպահ մնալ այդ օրենքի 8 հոդվածով սահմանված գործողություններից կամ անգործությունից` բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:

5) «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը այն անձի, կազմակերպության, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով` արգելվում է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկային գաղտնիքի պաշտպանության հարաբերություններում մասնագիտացված կազմակերպություն հանդիսանում է բանկը, վերջինը օրենքով սահմանված դեպքերում և կարգով ոչ պետական մարմիններին և անձանց բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ տրամադրելիս պետք է նրանց զգուշացնի սույն կետում վկայակոչված օրենսդրական արգելքի մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «զ» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պաշտոնապես պարզաբանում է.

1. Իր հաճախորդի մահվան մասին ցանկացած եղանակով ծանուցված բանկի կողմից մահացած հաճախորդի` բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների մասին տեղեկությունների հայտնումը ժառանգության բացման վայրի նոտարին (նոտարներին)` ժառանգությունը պահպանելու և կառավարելու միջոցներ ձեռնարկելու և համապատասխան գույքը ժառանգական զանգվածի մեջ ներառելու նպատակով, չի համարվում բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների ապօրինի հրապարակում, եթե համապատասխան գրությունը ներկայացվել է սույն պարզաբանման Հավելված 1-ում նշված օրինակելի ձևին համապատասխան:

2. Բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների ապօրինի հրապարակում չի համարվում նաև ժառանգատուի վերաբերյալ ժառանգական գործի բացման մասին իրեն ծանուցելու նպատակով բանկի կողմից նոտարական պալատ ներկայացրած գրության մեջ ժառանգատու հաճախորդի նկատմամբ բանկի պահանջի առկայության մասին նշումը, եթե բանկի համար անհայտ է, թե ով է ժառանգության բացման վայրի նոտարը: Սույն կետով նախատեսված գրության օրինակելի ձևը ներկայացված է սույն պարզաբանման Հավելված 2-ում:

3. Սույն պարզաբանման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գրությունները բանկը համապատասխանաբար նոտարին և նոտարական պալատ կարող է ներկայացնել բացառապես առձեռն նրանց հանձնելու կամ փակ ծրարով նրանց փոստային հասցեով ուղարկելու միջոցով:

 

ՀՀ կենտրոնական բանկի 
 նախագահ 

Ա. Ջավադյան


 2013 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 10-ի

թիվ 6 պաշտոնական պարզաբանման

 

 

«__» ___________ 20__թ.

Բանկային գաղտնիք

Թիվ

ՀՀ «______» նոտարական գրասենյակի
նոտար _______________________

 

Հարգելի տիկին/պարոն ____________________,

 

«___________________» -ի

(այսուհետ` Բանկ) հաճախորդ

_______________-ը

 

(բանկի անվանումը)

 

(անուն, ազգանունը)

 

 

(անձը հաստատող փաստաթղթի տվյալներ` __________________________________, հասցե`

____________________) մահացել է:

Բանկը հանգուցյալի նկատմամբ ունի հետևյալ պահանջները`

1. _______________________

2. _______________________

3. _______________________

Խնդրում ենք ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1239-րդ հոդվածի 2-րդ մասով` որպես ժառանգատուի ժառանգության բացման վայրի նոտար ձեռնարկել համապատասխան միջոցներ վերջինի ժառանգությունը պահպանելու և կառավարելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ զգուշացնում ենք, որ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը այն անձի, կազմակերպության, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով` արգելվում է: Ուստի խնդրում ենք որպես ժառանգատուի ապագա ժառանգների օրինական ներկայացուցիչ սույն գրությամբ Ձեզ հասցեագրված տեղեկությունները տրամադրել բացառապես ժառանգատուի ժառանգերին` համապատասխան գույքը վերջիններին տրվող ժառանգության իրավունքի վկայագրերում նշելու միջոցով:

 

Հարգանքով,

 

լրացնել պաշտոնը

___________________________
   

 

Կատարող` _____________________

Հեռ.`_________________________

 

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 10-ի

թիվ 6 պաշտոնական պարզաբանման

 

 

«__» ___________ 20__թ.

Բանկային գաղտնիք

Թիվ

ՀՀ նոտարական պալատի նախագահ
___________________________

 

Հարգելի տիկին/պարոն ____________________,

 

«___________________» -ի (այսուհետ` Բանկ) հաճախորդ

_______________-ը

 

(բանկի անվանումը)

 

(անուն, ազգանունը)

 

 

(անձը հաստատող փաստաթղթի տվյալներ` __________________________________, հասցե` ____________________) մահացել է:

Բանկը հանգուցյալի նկատմամբ ունի գույքային պահանջներ:

Խնդրում ենք հիշյալ անձի վերաբերյալ ժառանգական գործ բացվելու դեպքում այդ մասին տեղեկացնել Բանկին` նշելով ժառանգական գործը վարող նոտարի անունը և ազգանունը:

 

Միևնույն ժամանակ զգուշացնում ենք, որ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը այն անձի, կազմակերպության, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով` արգելվում է: Ուստի խնդրում ենք ձեռնպահ մնալ սույն գրությամբ բացահայտված տեղեկություններն այլ անձի, բացառությամբ ժառանգության բացման վայրի նոտարից, տրամադրելուց:

 

Հարգանքով,

 

լրացնել պաշտոնը

___________________________
   

 

Կատարող` _____________________

Հեռ.`_________________________