«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2001 թվականի N 332
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2001 թվականի պետական ծրագիրը (կցվում է):
2. Հաստատել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2001 թվականի պետական ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2001 թվականի պետական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 21-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման 2001 թվականի պետական ծրագրի (այսուհետև` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը,
բ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի բյուջետային ուղերձը:
II. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ծրագրի խնդիրներն են`
ա) ՓՄՁ-ի սուբյեկտների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը և զարգացումը.
բ) ՓՄՁ-ի սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը և արտահանման խթանումը.
գ) իրավական դաշտի հետագա բարելավումը.
դ) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային աջակցության հնարավորությունների ընդլայնումը.
ե) ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարումը.
զ) ՓՄՁ-ի սուբյեկտներին անհրաժեշտ բիզնես-տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններից, բիզնես-ուսուցողական և կադրերի վերապատրաստման համակարգի ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովումը:
III. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
2001 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները.
1. ՓՄՁ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ
Հայաստանում ՓՄՁ-ի պետական քաղաքականության և ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար կհիմնադրվի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն ոչ առևտրային կազմակերպություն` իրավաբանական անձի կարգավիճակով:
Բանակցություններ կվարվեն միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ (Համաշխարհային բանկ (WB), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն (JICA), Հունաստանի զարգացման նախարարություն և այլն)` 2001 թվականին և հետագայում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով: Դրանք մաս կկազմեն Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի զարգացման պետական քաղաքականության և տարեկան ծրագրերի: Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը կիրականացնի «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը:
ՓՄՁ-ի ոլորտում Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային քաղաքականության առավել արդյունավետ իրականացման նպատակով աղետի գոտում և սահմանամերձ շրջաններում կհիմնադրվեն ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի մասնաճյուղեր:
2. ՓՄՁ-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Պետական կառավարման մարմինները, ինչպես նաև բիզնես-աջակցող կառույցները և ՓՄՁ-ի սուբյեկտները պետք է ապահովվեն համապատասխան տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ:
Այս ուղղությամբ նախատեսվում է`
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարում.
ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնում ՓՄՁ-ի աջակցման կազմակերպությունների, ծրագրերի, ձևերի ու մեխանիզմների, գործող օրենսդրական և այլ իրավական ակտերի վերաբերյալ բիզնես-տեղեկատվական բազայի ստեղծում.
ՓՄՁ-ին աջակցող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու ծրագրերի տեղեկագրի հրատարակում:
Բանակցություններ կվարվեն ճապոնական համապատասխան կազմակերպությունների հետ Հայաստանում վենչուրային բիզնեսի վարկավորման և արտահանման խթանման գրասենյակներ բացելու վերաբերյալ:
3. ՓՄՁ-Ի ՀԱՄԱՐ ԿԱԴՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ՓՄՁ-ի համար կադրերի մասնագիտական ուսուցումը և վերապատրաստումը ենթադրում է կադրերի մասնագիտական ուսուցման և վերապատրաստման համակարգի ձևավորում: Այս ուղղությամբ նախատեսվում է`
բիզնես-կրթական ծրագրերի և մեթոդական ձեռնարկների մշակում,
ՓՄՁ-ի ոլորտը ներկայացնող ձեռնարկատերերի և մասնագետների վերապատրաստում` իրականացվելիք համատեղ ծրագրերի շրջանակներում:
Ծրագրերը կիրականացվեն ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի կողմից:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
ՓՄՁ-ի զարգացման 2001 թվականի պետական ծրագրի իրականացման մեխանիզմները գործադրվում են սույն ծրագրով նախատեսված ՓՄՁ-ին աջակցող կառույցների միջոցով.
1. Նպատակային ենթածրագրերը մշակվում են Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից` նոր ստեղծվող ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի և համապատասխան այլ պետական մարմինների մասնակցությամբ: Ենթածրագրերի մշակման աշխատանքներում կներգրավվեն նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունները:
2. Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ՓՄՁ-ի զարգացման տարեկան ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առանձին տողով: Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեն ընդունվել է ավելի վաղ, քան «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և առանձին տողով Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում չի արտացոլվել: Այդ կապակցությամբ 2001 թվականի ծրագրի ֆինանսավորումը նպատակահարմար է իրականացնել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից:
3. Նպատակային ենթածրագրերը համակարգում են համապատասխան պետական կառույցները, ի դեմս Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության (որպես ՓՄՁ-ի զարգացման պետական քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմին) և նոր ստեղծվող ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի (որպես ՓՄՁ-ի զարգացման պետական քաղաքականությունն ու զարգացման ծրագրերն իրականացնող հիմնական կառույց):
4. Ենթածրագրերի իրականացմանը մասնակցում են պետական կառույցներ (կրթական, գիտահետազոտական հաստատություններ և այլն), ինչպես նաև մասնավոր կառույցներ (բիզնես-խորհրդատվական, ուսուցողական, տեղեկատվական և բիզնես- ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ): Դրանք ընտրվում են բաց մրցույթի միջոցով, որն անցկացնում են ենթածրագրերը համակարգող մարմինները:
5. Ենթածրագրերի իրականացման փուլում դրանց ընթացիկ վիճակն ու արդյունքները գնահատում են ծրագրերի տեխնիկական առաջադրանքով որոշված ղեկավարող և համակարգող մարմինները, ինչպես նաև տվյալ կազմակերպության լիազոր ներկայացուցիչները` արտաքին դոնորների առկայության դեպքում:
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՓՄՁ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումը |
Կատարողը |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
1. | Իրավաբանական անձի կարգավիճակով որպես ոչ առևտրային կազմակերպություն ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի հիմնադրման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն | 2001 թ. սեպտեմբեր |
2. | ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարման նախապատրաստում | ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ) | 2001 թ. ընթացքում |
3. | ՓՄՁ-ին աջակցող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու ծրագրերի տեղեկագրի հրատարակում | ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոն | 2001 թ. IV եռամսյակ |
4. | Բիզնես-կրթական ծրագրերի և մեթոդական ձեռնարկների մշակում | ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոն | 2001 թ. IV եռամսյակ |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |