ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 հոկտեմբերի 2013 թ. |
N 2 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ՀՕ-193 ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ 14-ՐԴ ԿԵՏԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետը որպես լիցենզավորման ենթակա գործունեություն է սահմանում վտանգավոր թափոնների վերամշակումը, վնասազերծումը, պահպանումը, փոխադրումը և տեղադրումը:
Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել և հարց է առաջացրել՝ արդյոք վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիան պարտադիր է միայն նշված գործունեության բոլոր բաղադրիչների (վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում) միաժամանակյա իրականացման պարագայում, թե որևէ բաղադրիչի առկայությունն արդեն պարտադիր է դարձնում լիցենզիայի ստացումը:
Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում:»:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:
Վերը նշված նորմի տառացի նշանակությամբ մեկնաբանությունից բխում է, որ Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործունեության բոլոր թվարկված տեսակներից յուրաքանչյուրով զբաղվելու համար անհրաժեշտ է լիցենզիայի ստացում, անկախ այն հանգամանքից՝ դրանք միավորված են մեկ միասնական լիցենզիայում, թե ոչ:
Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետում թվարկված գործունեության տեսակների ստորակետով տարանջատումը սահմանում է ոչ թե թվարկված գործունեության բոլոր տեսակների միաժամանակյա պարտադիր առկայության պահանջը, այլ այն հանգամանքը, որ դրանց համար տրվում է մեկ միասնական լիցենզիա: Լիցենզիա ստացած անձը կարող է զբաղվել վտանգավոր թափոնների վերամշակմամբ, վնասազերծմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ և տեղադրմամբ միաժամանակ կամ դրանցից մի քանիսով կամ մեկով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետում թվարկված գործունեության տեսակների ստորակետով տարանջատումը սահմանում է ոչ թե թվարկված գործունեության բոլոր տեսակների միաժամանակյա պարտադիր առկայության պահանջը, այլ այն հանգամանքը, որ դրանց համար տրվում է մեկ միասնական լիցենզիա:
2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործունեության տեսակներից մեկով կամ մի քանիսով կամ բոլորով զբաղվելը, անկախ այն հանգամանքից, որ դրանք միավորված են մեկ միասնական լիցենզիայում, պարտադիր է դարձնում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիայի ստացումը:
Ա. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|