ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 հունվարի 2013 թ. ք. Երևան |
N 2 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի վերաբերյալ
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Դեղերի շրջանառությամբ զբաղվող մասնագետների համար դեղերի մասին տեղեկատվությունը կարող է ներկայացվել մենագրությունների, տեղեկատուների, գիտական հոդվածների, այլ հրատարակությունների, գիտաժողովների և նման այլ միջոցառումների ժամանակ ներկայացված զեկուցումների, ինչպես նաև դեղեր դուրս գրելու իրավունք ունեցող բժիշկների համար նախատեսված հրահանգների ձևով»: Տվյալ իրավիճակում տարաբնույթ է ընկալվում նշված հոդվածով սահմանված «դեղերի մասին տեղեկատվություն» հասկացությունը արդյո՞ք ընդգրկում է դեղերի անվանմամբ տեղեկատվական թերթիկների, գրիչների, բրոշյուրների, նոթատետրերի, տոպրակների, նշումների թղթերի, բժշկական արտահագուստի և այլ նման իրերի պատրաստումը և տարածումը բուժաշխատողների շրջանում, թե՞ դրանք դիտարկվում են որպես դեղի գովազդ:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը տարբերակում է դեղի վերաբերյալ տեղեկատվության տարածման և գովազդի իրականացման ձևերը: «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը սպառիչ թվարկում է դեղերի մասին տեղեկատվության տարածման ձևերը, համաձայն որի տեղեկատվությունը կարող է ներկայացվել մենագրությունների, տեղեկատուների, գիտական հոդվածների, այլ հրատարակությունների, գիտաժողովների և նման այլ միջոցառումների ժամանակ ներկայացված զեկուցումների, ինչպես նաև դեղեր դուրս գրելու իրավունք ունեցող բժիշկների համար նախատեսված հրահանգների ձևով: Իսկ նույն հոդվածի 4-րդ մասով որպես դեղերի գովազդի ձևեր նշվում են ռադիոն, հեռուստատեսությունը, թերթերը, հանդեսները, ցուցանակները, ազդագրերը, լուսային և գովազդային այլ ձևերը: Ըստ այդմ, դեղերի անվանմամբ գրիչների, բրոշյուրների, նոթատետրերի, տոպրակների, նշումների թղթերի, բժշկական արտահագուստի և այլ նման իրերի պատրաստումը և տարածումը, այդ թվում և բուժաշխատողների շրջանում, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկատվության տարածման ձևեր չեն հանդիսանում: Դրանք հանդիսանում են գովազդային ձևեր, քանի որ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն, գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ: Ելնելով դրանից, գովազդային այլ ձևերի (տեղեկատվական միջոցների), այն է` գրիչների, բրոշյուրների, նոթատետրերի, տոպրակների, նշումների թղթերի, բժշկական արտահագուստի և այլ նման իրերի օգնությամբ դեղի մասին տեղեկությունների տարածումը անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է հետաքրքրություն ձևավորելու կամ պահպանելու տվյալ դեղի նկատմամբ, հանդիսանում է գովազդ:
Առողջապահության նախարար՝ |
Դ. Դումանյան |