Գլխավոր տեղեկություն
Համար
N 469
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.05.2002-15.07.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.05.10/14(189) Հոդ.342
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.07.2010

040.0469.27.04.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2002 թվականի N 469
քաղ. Երևան

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲԱՑԻ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բացի այլ աղբյուրներից ֆինանսավորման կարգը (կցվում է)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 27-ի N 469 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բացի այլ աղբյուրներից ֆինանսավորման

 

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (այսուհետև՝ դիվանագիտական ծառայության մարմիններ)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից բացի այլ աղբյուրներից ֆինանսավորման (այսուհետև՝ արտաբյուջետային ֆինանսավորում) հարցերը։

2. Արտաբյուջետային ֆինանսավորման նպատակն է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով դիվանագիտական ծառայության մարմինների պահպանման համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված բյուջետային ֆինանսավորման հայտով նախատեսված գումարի չափից պակաս գումար (այսուհետև՝ չֆինանսավորվող ծախսեր) նախատեսելու դեպքում պակաս գումարի չափով անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը։

3. Արտաբյուջետային ֆինանսավորում են համարվում օտարերկրյա պետություններում հայկական համայնքների և հայ անհատ բարերարների (այսուհետև՝ նվիրատու) կողմից դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության համար կատարված նվիրատվությունը կամ նվիրաբերությունը (գույք կամ դրամական միջոցներ), ինչպես նաև դիվանագիտական ծառայության մարմիններին մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների, դիվանագիտական ծառայության մարմինների վարձակալած շենքերի և շինությունների վարձավճարների համար ծառայություններ մատուցողներին, աշխատանքներ կատարողներին կամ վարձատուներին նվիրատուների կողմից կատարված վճարումները։

4. Նվիրատվության կամ նվիրաբերության առաջարկություն ստանալիս դիվանագիտական ծառայության մարմինները համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով գրավոր դիմում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ դիմումին կցելով սույն կարգի 6-րդ կետում նշված նախահաշիվը։ Անհետաձգելի դեպքերում դիմումը կարող է լինել նաև բանավոր՝ հետագայում գրավոր հաստատելու պայմանով։

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը քննարկում է սույն կարգի 4-րդ կետում նշված առաջարկությունը և, ելնելով տվյալ դիվանագիտական ծառայության մարմնի չֆինանսավորվող ծախսերի ծավալներից և (կամ) կոնկրետ պահանջներից, թույլտվություն է տալիս կնքելու նվիրատվության կամ նվիրաբերության պայմանագիր՝ նշելով ֆինանսավորման օգտագործման առաջնայնությունները (եթե նվիրատուի կողմից դրամական միջոցների նպատակային օգտագործում չի սահմանվել կամ ուղղակի վճարում չի առաջարկվել), ինչպես նաև ավելացած գումարների և գույքի տնօրինման վերաբերյալ ցուցումները։

6. Դրամական միջոցները մուտքագրվում են այդ նպատակով համապատասխան տարածքային գանձապետական բաժանմունքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համար բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվում։ Արտաբյուջետային հաշվի միջոցների տնօրինման նախահաշիվը կազմվում է ըստ դիվանագիտական ծառայության մարմինների ներկայացրած նախահաշիվների և հաստատվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից՝ այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ։

7. Նվիրված գույքը սահմանված կարգով արտացոլվում է համապատասխան դիվանագիտական ծառայության մարմնի հաշվեկշռում և գույքագրման ակտում։

Նվիրված գույքը, ինչպես նաև սույն կարգի 3-րդ կետում նշված՝ նվիրատուի կողմից կատարված վճարումները ևս նախատեսվում են սույն կարգի 6-րդ կետում նշված նախահաշիվներում։

8. Դրամական միջոցները չի թույլատրվում օգտագործել դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների դրամական բավարարման և ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման վճարները ֆինանսավորելու համար։

9. Դիվանագիտական ծառայության մարմիններն իրականացնում են արտաբյուջետային ֆինանսավորմամբ ստացված միջոցների, գույքի և խնայված գումարների առանձին հաշվառում և ներկայացնում են սահմանված ձևի հաշվետվություն՝ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի կրկնօրինակներով։

10. Սույն կարգի 9-րդ կետում նշված հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տարածքային գանձապետական բաժանմունք է ներկայացնում արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն։

11. Սույն կարգի պահանջների կատարման համար պատասխանատվություն է կրում համապատասխան դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը։

12. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.07.2010, N 820-Ն 15.07.2010, N 469
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան