«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2001 թվականի N 90
քաղ. Երևան
«ՀԱՅԱՊԱԿԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 30-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների մասին» N 613 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Հայապակի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 717166 հազ. դրամ, որը համապատասխանում է 717166 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով (մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը կազմում են 80 տոկոս):
2. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 573733 հազ. դրամ, որը համապատասխանում է 573733 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3. «Հայապակի» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Նազիկ Ամիրյանին (այսուհետև` գնորդ, անձնագիր` AE 044044 057):
4. Սահմանել մասնավորեցման ենթակա «Հայապակի» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 145000 հազ. դրամ:
5. Բաժնետոմսերի վաճառքի գինը գնորդի կողմից ամբողջովին վճարվում է մասնավորեցման պայմանագրի կնքման պահից 10 բանկային օրվա ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայապակի» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մասին պայմանագիր կնքել գնորդի հետ:
7. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել գնորդի կողմից ստանձնվող հետևյալ պարտավորությունները`
ա) առաջիկա 3 տարվա ընթացքում ֆինանսական ներդրումները պետք է կազմեն 250 մլն դրամ, այդ թվում` մինչև առաջին տարվա ավարտը` 100,0 մլն դրամ, մինչև երկրորդ տարվա ավարտը` 80,0 մլն դրամ և մինչև երրորդ տարվա ավարտը` 70 մլն դրամ.
բ) սոցիալական երաշխիքների համար` մինչև առաջին տարվա ավարտը պետք է ապահովի 350 աշխատատեղ և 50,0 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձ, մինչև երկրորդ տարվա ավարտը` 500 աշխատատեղ և 51,0 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձ, մինչև երրորդ տարվա ավարտը` 700 աշխատատեղ և 55,0 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձ:
8. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել և հաստատել «Հայապակի» փակ բաժնետիրական ընկերության ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումների սահմանաքանակներն ու նրա հետ կնքել համապատասխան պայմանագիր:
9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 7-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |