Գլխավոր տեղեկություն
Համար
N 25
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.02.2001-08.08.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.01.31/3(135) Հոդ.82
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.01.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.08.2002

040.0025.16.01.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2001 թվականի N 25
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմիններին` մեկամսյա ժամկետում իրենց ենթակայության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության պահանջներին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունվարի 16-ի N 25 որոշմամբ

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի   Կ Ա Ն Ո  Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունը` քոլեջը, ուսումնարանը (այսուհետև` ՄՄՈՒՀ) պետական հիմնարկ է, որն իրականացնում է միջին մասնագիտական մեկ կամ մի քանի կրթական ծրագիր և ապահովում սովորողների (ուսանողների) (այսուհետև` սովորողներ) ուսուցումն ու դաստիարակությունն այդ ծրագրերի պահանջներին համապատասխան:

2. ՄՄՈՒՀ-ի հիմնական խնդիրներն են`

ա) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` կրտսեր մասնագետների պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.

բ) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը:

3. ՄՄՈՒՀ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է:

4. ՄՄՈՒՀ-ն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:

5. ՄՄՈՒՀ-ի կանոնադրությունը սույն կանոնադրության հիման վրա հաստատում է (են) հիմնադիրը (հիմնադիրները):

6. ՄՄՈՒՀ-ն ստեղծվում, գործում և լուծարվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան:

ՄՄՈՒՀ-ի լուծարումը, որպես կանոն, իրականացվում է ուսումնական տարվա վերջում:

7. ՄՄՈՒՀ-ն իրավունք ունի իրականացնելու միջազգային համագործակցություն միջին մասնագիտական և համապատասխան լրացուցիչ կրթության, մանկավարժական գործունեության և կրթության այլ բնագավառներում:

8. ՄՄՈՒՀ-ի լրիվ անվանումն է`

հայերեն ____________________________________________

ռուսերեն ___________________________________________

անգլերեն ___________________________________________

9. ՄՄՈՒՀ-ի գտնվելու վայրն է`______________________________

 

II. ՄՄՈՒՀ-ի ընդունելության եվ ուսումնական գործունեության կազմակերպումը

 

10. ՄՄՈՒՀ-ն ընդունելությունը կատարում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տվյալ ուսումնական տարվա համար հաստատված ընդունելության կանոններին համապատասխան:

11. ՄՄՈՒՀ-ի կրթական գործունեությունը կանոնակարգվում է միջին մասնագիտական պետական կրթական չափորոշիչների հիման վրա:

12. ՄՄՈՒՀ-ում դասավանդումը և դաստիարակությունն իրականացվում են «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

13. ՄՄՈՒՀ-ի ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով: Յուրաքանչյուր կիսամյակի վերջում սովորողներն ատեստավորվում են:

14. ՄՄՈՒՀ-ի ուսումնական գործունեությունը կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, ուսումնական ժամանակացույցով և դասացուցակներով:

ՄՄՈՒՀ-ը մշակում է իր ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն` հաստատման:

15. ՄՄՈՒՀ-ում ուսուցումը կարող է կազմակերպվել առկա, հեռակա և դրսեկության ձևերով:

16. ՄՄՈՒՀ- ը կարող է իրականացնել նաև հանրակրթական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր:

17. ՄՄՈՒՀ-ը կրթական ծրագրերի արդյունավետ յուրացման նպատակով ուսուցման առաջավոր ձևերի, մեթոդների և միջոցների ընտրությամբ սովորողների համար ստեղծում է անհրաժեշտ պայմաններ:

ՄՄՈՒՀ-ի սովորողների և ունկնդիրների արտադրական պրակտիկան, որպես կանոն, անցկացվում է կազմակերպություններում, հիմնարկներում` դրանց և ՄՄՈՒՀ-ի միջև կնքված պայմանագրերի հիման վրա:

18. ՄՄՈՒՀ-ում ուսումնական պարապմունքներն իրականացվում են խմբերով, հոսքերով, անհատական` հետևյալ հիմնական ձևերով` դաս, դասախոսություն, սեմինար, գործնական աշխատանք, լաբորատոր աշխատանք, ստուգողական աշխատանք, անհատական աշխատանք, ինքնուրույն աշխատանք, խորհրդատվություն, պրակտիկա, կուրսային նախագծում (կուրսային աշխատանք), դիպլոմային նախագծում (դիպլոմային աշխատանք): ՄՄՈՒՀ-ը կարող է կիրառել նաև ուսումնական պարապմունքների այլ ձևեր (էքսկուրսիա, դերային խաղերի դաս, կոնֆերանս, տնային աշխատանք, պրակտիկում և այլն): Լսարանային պարապմունքների բոլոր ձևերի համար սահմանվում է ակադեմիական ժամ` 45 րոպե տևողությամբ:

19. Առկա և հեռակա ուսուցմամբ սովորողների համար տարեկան առնվազն երկու անգամ սահմանվում են արձակուրդներ` 8-11 շաբաթ ընդհանուր տևողությամբ, այդ թվում`

ամառվա շրջանում` 6-9 շաբաթ:

20. Սովորողների միջին շաբաթական բեռնվածությունն ուսումնական պարապմունքներով, որպես կանոն, չպետք է գերազանցի 36 ուսումնական ժամը: Ուսումնական պարապմունքների տարբեր ձևերի և արտադրական ուսուցման ժամկետները սահմանվում են ուսումնական պլաններով:

Առաջադիմության միջանկյալ ատեստավորման ու ընթացիկ վերահսկողության ձևերը, կարգը և պարբերականությունը սահմանվում են ՄՄՈՒՀ-ի կողմից` ուսումնական պլանների հիման վրա:

21. ՄՄՈՒՀ-ի ուսումնական խմբում սովորողների թիվը սահմանվում է` առկա ուսուցման համար` 20-25 հոգի, հեռակա ուսուցման համար` 15-20 հոգի, եթե տվյալ մասնագիտության ուսումնական պլանով այլ թիվ նախատեսված չէ:

Լաբորատոր աշխատանքներին, գործնական ու սեմինար պարապմունքներին, ֆիզիկական դաստիարակության պարապմունքներին, ՄՄՈՒՀ-ի կողմից սահմանված առանձին առարկաների գծով ուսումնական պարապմունքներին, ինչպես նաև կուրսային նախագծման և արհեստանոցներում (վարժահրապարակներում, տնտեսություններում) արտադրական ուսուցման ժամանակ ուսումնական խումբը բյուջետային ֆինանսավորման դեպքում կարող է բաժանվել ենթախմբերի` յուրաքանչյուրում առնվազն 8 սովորող, եթե տվյալ մասնագիտության ուսումնական պլանով այլ թիվ նախատեսված չէ:

Ելնելով ուսումնական հաստատության յուրահատկությունից` համապատասխան միջոցների առկայության պայմաններում ուսումնական պարապմունքներ կարող են անցկացվել նաև առանձին սովորողների հետ (անհատական պարապմունքներ, ուսուցման անհատական-ստեղծագործական ձևեր և այլն):

22. Ուսումնական պլանի, առարկայական ծրագրերի բոլոր պահանջները կատարած սովորողին թույլատրվում է մասնակցել ամփոփիչ ատեստավորմանը, որի արդյունքների հիման վրա որոշվում է նրան միջին մասնագիտական կրթության մասին փաստաթուղթ (վկայական, դիպլոմ) և (կամ) որակավորում տալու հարցը:

23. ՄՄՈՒՀ-ը շրջանավարտին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնում է միջին մասնագիտական կրթության մասին պետական նմուշի համապատասխան փաստաթուղթ:

Տվյալ կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է համապատասխան տեղեկանք:

24. ՄՄՈՒՀ-ում հանրակրթական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացումը վկայագրվում է պետական նմուշի համապատասխան փաստաթղթով:

25. ՄՄՈՒՀ-ը հիմնադրի սահմանած կարգով կարող է իրականացնել նպատակային գիտափորձ և մանկավարժական ծրագիր, կազմակերպել նախապատրաստական դասընթացներ, մասնագետների վերապատրաստում ու որակավորման բարձրացում:

26. ՄՄՈՒՀ-ն իր գործունեությունն իրականացնում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական, արտադրական ու ոչ արտադրական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ, գիտագործնական սեմինարներ, օլիմպիադաներ և այլն:

27. ՄՄՈՒՀ-ը միջոցներ է ձեռնարկում սովորողների (ունկնդիրների) ինքնազարգացման, առողջության պահպանման, բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, սանիտարահիգիենիկ նորմերի ապահովման և սննդի կազմակերպման համար:

 

III. ՄՄՈՒՀ-ի կառավարումը

 

28. ՄՄՈՒՀ-ի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան, միանձնյա ղեկավարման և ինքնավարության սկզբունքների զուգորդմամբ:

29. ՄՄՈՒՀ-ի հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են բաժինը, ամբիոնը, լաբորատորիան, կաբինետը, արհեստանոցը, գրադարանը:

30. ՄՄՈՒՀ-ի կառավարման մարմինն է ՄՄՈՒՀ-ի խորհուրդը:

ՄՄՈՒՀ-ի խորհրդի լիազորությունների ժամկետը երեք ուսումնական տարի է:

31. ՄՄՈՒՀ-ի խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են տնօրենը, տնօրենի տեղակալները գլխավոր հաշվապահը, ամբիոնների ղեկավարները, կրթական ծրագրերի ղեկավարները, ինչպես նաև սովորողների խորհրդի նախագահը: Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել ՄՄՈՒՀ-ի այլ աշխատողներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ:

Խորհրդի անհատական կազմը հաստատում է պետական կառավարման լիազորված մարմինը` ՄՄՈՒՀ-ի տնօրենի ներկայացմամբ:

32. Խորհուրդը`

ա) ընտրում է նախագահի տեղակալ (տեղակալներ) և քարտուղար.

բ) հաստատում է ՄՄՈՒՀ-ի զարգացման ծրագիրը, ուսումնադաստիարակչական աշխատանքի պլանը և դրա կատարման տարեվերջյան արդյունքները.

գ) քննարկում և սահմանված կարգով հիմնադրի հաստատմանն է ներկայացնում ՄՄՈՒՀ-ի կանոնադրությունը կամ դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկությունները.

դ) հաստատում է իր աշխատակարգը.

ե) քննարկում է ՄՄՈՒՀ-ի ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի նախագծերը.

զ) քննարկում է սահմանված կարգով հիմնադրի հաստատմանն է ներկայացնում ՄՄՈՒՀ-ի տարեկան ծախսերի նախահաշիվը.

է) հիմնադրի հետ համաձայնեցնելով` սահմանում է մեկ սովորողի համար ուսման վճարի չափը.

ը) քննարկում է ՄՄՈՒՀ-ի տնօրենի, նրա տեղակալների հաղորդումները, մյուս վարչական աշխատողների և դասախոսների հաշվետվություններն ու հաղորդումները.

թ) հաստատում է ՄՄՈՒՀ-ի կառուցվածքը և հաստիքացուցակը.

ժ) հաստատում է իր և ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական կանոնները, հետազոտական գործունեության վերաբերյալ հարցեր.

ժա) առաջադրում է ավարտական ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները.

ժբ) հաստատում է աշխատողների ատեստավորման արդյունքները.

ժգ) քննարկում է ՄՄՈՒՀ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

33. Խորհրդի նախագահը տնօրենն է:

34. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր:

Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումների ընդունման ձևը և կարգը որոշվում են տվյալ խորհրդի աշխատակարգով:

35. Խորհրդի նիստերը, որպես կանոն, բաց են: Խորհրդի նիստերին, ըստ անհրաժեշտության, խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել հասարակայնության, կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծնողներ, սովորողներ, ՄՄՈՒՀ-ի աշխատողներ:

36. Խորհրդի որոշումների հիման վրա ՄՄՈՒՀ-ի տնօրենն արձակում է համապատասխան հրաման, տալիս է հրահանգ, հանձնարարություն: Խորհրդի և տնօրենի միջև տարաձայնության առկայության դեպքում հարցը քննարկվում է պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ:

37. ՄՄՈՒՀ-ի անմիջական կառավարումն իրականացնում է տնօրենը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

Տնօրենի ատեստավորման կարգը որոշում է պետական կառավարման լիազորված մարմինը:

38. ՄՄՈՒՀ-ի տնօրենը`

ա) կազմակերպում և ղեկավարում է ՄՄՈՒՀ-ի գործունեությունը, գործում է նրա անունից և այն ներկայացնում պետական ու այլ կազմակերպություններում.

բ) սահմանված կարգով տնօրինում, օգտագործում է ՄՄՈՒՀ-ի գույքն ու միջոցները, բանկում բացում հաշիվներ, հանդիսանում է վարկի կարգադրիչ.

գ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է տնօրենի տեղակալներին, գլխավոր հաշվապահին ու կրթական ծրագրերի (հանրակրթական, արհեստագործական) ղեկավարներին, մասնաճյուղի ղեկավարին` համաձայնեցնելով պետական կառավարման լիազորված մարմնի հետ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, մանկավարժական և մյուս աշխատողներին.

դ) ապահովում է մանկավարժական կադրերի ընտրությունը և տեղաբաշխումը, անհրաժեշտ պայմաններ է ստեղծում նրանց մասնագիտական ու մեթոդամանկավարժական մակարդակի բարձրացման համար.

ե) վերահսկողություն է իրականացնում ուսուցման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, դաստիարակչական աշխատանքի կազմակերպման նկատմամբ.

զ) սահմանում է աշխատողների պարտականությունները, ապահովում ներքին աշխատանքային կարգապահական կանոնների, սանիտարական նորմերի, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահանջների կատարումը, կիրառում խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

է) ղեկավարում է ՄՄՈՒՀ-ի խորհուրդը, ապահովում կառուցվածքային ստորաբաժանումների ներդաշնակ աշխատանքը, համայնքի և ծնողների հետ արդյունավետ համագործակցությունը.

ը) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս հրահանգներ ու հանձնարարություններ, որոնց կատարումը պարտադիր է բոլոր աշխատողների և սովորողների համար.

թ) սահմանված կարգով տարեկան մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում պետական կառավարման լիազորված մարմին.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ՄՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

39. Տնօրենի բացակայության ժամանակ, պետական կառավարման լիազորված մարմնի հրամանով (կարգադրությամբ), նրա պարտականությունները կատարում է տնօրենի տեղակալներից մեկը:

40. ՄՄՈՒՀ-ի տնօրենը չի կարող միաժամանակ զբաղեցնել այլ պետական պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

41. Սովորողների կրթության և դաստիարակության որակի կատարելագործման, մեթոդական աշխատանքների, դասախոսների մանկավարժական վարպետության բարձրացման, առաջավոր փորձը կիրառելու նպատակով ՄՄՈՒՀ-ում ստեղծվում են առարկայական (ցիկլային) հանձնաժողովներ, մանկավարժական, ուսումնամեթոդական, գիտամեթոդական, այլ խորհուրդներ, որոնց հիմնական խնդիրները, գործառույթներն ու աշխատակարգը որոշվում են ՄՄՈՒՀ-ի կանոնադրությամբ կամ այդ կառույցների` տնօրենի հաստատած առանձին կանոնակարգերով:

42. ՄՄՈՒՀ-ում գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և հիմնադրի հաստատած հրահանգին համապատասխան:

43. Միջին մասնագիտական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունը, ՄՄՈՒՀ-ի տեսչական ստուգումը, պետական ատեստավորումը և հավատարմագրումն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

44. ՄՄՈՒՀ-ի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության, նրա կանոնադրության պահանջների կատարման, կրթական ու ֆինանսատնտեսական գործունեության անմիջական վերահսկողությունն իր իրավասության սահմաններում իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմինը:

 

IV. ՄՄՈՒՀ-ի աշխատողները

 

45. ՄՄՈՒՀ-ի աշխատողներն իրավունք ունեն`

ա) կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ՄՄՈՒՀ-ի կառավարմանը.

բ) միասնական պետական կրթական չափորոշչի շրջանակներում ընտրելու և օգտագործելու կրթական գործընթացի ապահովման համար անհրաժեշտ ուսուցման ու դաստիարակության մեթոդիկաներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր, գիտելիքների գնահատման մեթոդներ (մանկավարժական աշխատողները).

գ) սահմանված կարգով օգտվելու ՄՄՈՒՀ-ի տեղեկատվական ֆոնդերից, ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային, բուժական և այլ ծառայություններից, տեխնիկական հնարավորություններից.

դ) կատարելու այլ աշխատանքներ ու պարտականություններ, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներից.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու ՄՄՈՒՀ-ի ղեկավարության հրամանները (կարգադրությունները):

Աշխատողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, պայմանագրով, ՄՄՈՒՀ-ի կանոնադրությամբ չարգելված այլ իրավունքներ:

46. ՄՄՈՒՀ-ի աշխատողը պարտավոր է`

ա) կատարել ՄՄՈՒՀ-ի կանոնադրության պահանջները և պահպանել ներքին կարգապահության կանոնները.

բ) հետևել մասնագիտական բարոյականության նորմերին, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և արտահայտություններից, որոնք կարող են հանգեցնել հաստատության անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի վատացմանը.

գ) բարեխղճորեն կատարել իր աշխատանքային պարտականությունները.

դ) ապահովել իր գործունեության պատշաճ մասնագիտական մակարդակը.

ե) չկիրառել դաստիարակության այնպիսի մեթոդներ, որոնք կհանգեցնեն սովորողի անձի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեկան բռնության:

47. ՄՄՈՒՀ-ի թափուր մանկավարժական աշխատատեղի համար խորհրդի որոշմամբ կարող է անցկացվել մրցութային ընտրություն:

48. ՄՄՈՒՀ-ի մանկավարժական ու ինժեներատեխնիկական աշխատողներին իրենց մեթոդամանկավարժական և մասնագիտական գիտելիքների ու հմտությունների կատարելագործման նպատակով` սահմանված կարգով պարբերաբար վերապատրաստվում են: ՄՄՈՒՀ-ի ղեկավարությունը պատասխանատվություն է կրում մանկավարժական և ինժեներատեխնիկական աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման համար:

 

V. ՄՄՈՒՀ-ի սովորողները եվ ունկնդիրները

 

49. ՄՄՈՒՀ-ի սովորողները միջին մասնագիտական կրթական ծրագրեր յուրացնելու համար տնօրենի հրամանով, մրցութային հիմունքով ընդունված անձն է, որին տրվում են սահմանված նմուշի սովորողի տոմս և ստուգման գրքույկ:

50. ՄՄՈՒՀ-ի ունկնդիրը ՄՄՈՒՀ-ի տնօրենի հրամանով ընդունված անձն է` նախապատրաստական դասընթացներում, մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման բաժանմունքում սովորելու համար: Ունկնդիրը կրթական ծառայություններ ստանալու մասով օգտվում է սովորողի իրավունքներից:

51. ՄՄՈՒՀ-ը սովորողի հետ կնքում է պայմանագիր, որի պայմաններն առանց փոփոխության գործում են մինչև սովորողի` ուսումնական պլանով նախատեսված ժամկետում ավարտելը: Պայմանագրի ձևը հաստատում է ՄՄՈՒՀ-ի խորհուրդը:

52. ՄՄՈՒՀ-ի սովորողի իրավունքներն ու պարտականությունները որոշվում են ՄՄՈՒՀ-ի կանոնադրությամբ, ներքին կարգապահության կանոններով, համապատասխան այլ ակտերով:

53. ՄՄՈՒՀ-ի սովորողն իրավունք ունի`

ա) ստանալու կրթություն` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, և ձեռք բերելու գիտության, տեխնիկայի ու մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխան գիտելիքներ.

բ) վճարովի հիմունքով ստանալու երկրորդ մասնագիտություն կամ օգտվելու լրացուցիչ (այդ թվում` վճարովի) կրթական ծառայություններից.

գ) ստեղծելու սովորողների ինքնակառավարման մարմիններ, խմբակներ, ակումբներ.

դ) անվճար օգտվելու ՄՄՈՒՀ-ի գրադարանից, տեխնիկական միջոցներից.

ե) մասնակցելու ՄՄՈՒՀ-ի գիտահետազոտական, կոնստրուկտորական աշխատանքների կատարմանը.

զ) մասնակցելու ՄՄՈՒՀ-ի կարևորագույն հարցերի քննարկմանն ու լուծմանը.

է) խղճի ազատության, սեփական հայացքների ու համոզմունքների ազատ արտահայտման.

ը) սահմանված կարգով ստանալու պետական կամ այլ կրթաթոշակ:

54. ՄՄՈՒՀ-ի առկա ուսուցմամբ պետական պատվերով սովորողն ստանում է պետական կրթաթոշակ:

55. Առկա ուսուցմամբ սովորողներն իրավունք ունեն ուսումնառությունից ազատ ժամանակ աշխատելու ցանկացած կազմակերպական-իրավական ձևի կազմակերպությունում:

56. ՄՄՈՒՀ-ի սովորողը պարտավոր է`

ա) կատարել ՄՄՈՒՀ-ի կանոնադրության պահանջները և պահպանել ներքին կարգապահության կանոնները.

բ) խնամքով վերաբերվել հաստատության գույքին.

գ) հարգել աշխատողների և սովորողների իրավունքներն ու արժանապատվությունը.

դ) սահմանված կարգով վճարել ուսման վարձը.

ե) կատարել միջին մասնագիտական կրթության ծրագրերի պահանջները:

57. Բարձր առաջադիմություն, փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներում գործուն և արդյունավետ մասնակցություն ցուցաբերած սովորողների համար սահմանվում են նյութական ու բարոյական խրախուսման տարբեր ձևեր:

58. Ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի պահանջները չկատարելու, ՄՄՈՒՀ-ի կանոնադրությամբ նախատեսված պարտականությունները, ներքին կարգապահական կանոնները խախտելու համար սովորողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական ներգործության միջոցներ` ընդհուպ ՄՄՈՒՀ-ից հեռացումը:

Սովորողների հեռացման, վերականգնման, տեղափոխման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

59. ՄՄՈՒՀ-ը պարտավոր է սովորողին տեղեկություն տալ զբաղվածության ոլորտի վիճակի մասին:

 

VI. ՄՄՈՒՀ-ի գույքը եվ ֆինանսատնտեսական գործունեությունը

 

60. ՄՄՈՒՀ-ն իր կանոնադրական գործունեությունն ապահովելու նպատակով տիրապետում, օգտագործում և տնօրինում է հիմնադրի կողմից իրեն ամրացված շենքերը, շինությունները, սարքավորումները և այլ անհրաժեշտ գույք:

61. ՄՄՈՒՀ-ը պետական կառավարման լիազորված մարմնի առջև պատասխանատու է իրեն ամրացված սեփականության պահպանման և արդյունավետ օգտագործման համար:

62. ՄՄՈՒՀ-ը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, պատասխանատու է բնապահպանական նորմերի պահպանման համար:

63. ՄՄՈՒՀ-ն ունի հաշվեկշիռ, նախահաշիվ և բանկային հաշիվ:

64. ՄՄՈՒՀ-ի ծախսերն ու եկամուտները նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված նախահաշվին համապատասխան:

65. ՄՄՈՒՀ-ի գույքի և դրա գործունեության ֆինանսավորման աղբյուր են`

ա) կրթական գործունեության ապահովմանն ուղղված պետական բյուջետային միջոցները.

բ) վճարովի ուսուցման դիմաց ստացված միջոցները.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ ձևերից գոյացած միջոցները.

դ) իրավաբանական և ֆիզիկական անձանց կամավոր նվիրատվությունները, նպատակային վճարները և կատարած ներդրումները.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

66. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ՄՄՈՒՀ-ի ֆինանսավորումն իրականացվում է հիմնադրի կողմից` պետական պատվերով մասնագետների պատրաստման չափաքանակի սահմաններում:

67. ՄՄՈՒՀ-ը հիմնարկների, կազմակերպությունների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա կարող է մատուցել վճարովի կրթական ծառայություններ, իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինել այդ գործունեությունից ստացված եկամուտները: Վճարովի կրթական ծառայությունները չեն կարող իրականացվել բյուջետային ֆինանսավորմամբ նախատեսված հիմնական կրթական գործունեության շրջանակներում և դրա փոխարեն:

68. ՄՄՈՒՀ-ն իրավունք ունի իր կանոնադրական գործունեության իրականացման նպատակով պատվիրելու աշխատանքներ և ծառայություններ` այդ նպատակի համար նախատեսված միջոցների սահմաններում:

69. ՄՄՈՒՀ-ն աշխատանքի վարձատրության համար ունեցած միջոցների սահմաններում` սահմանված կարգով որոշում է աշխատանքի (ծառայության) դիմաց վճարման ձևն ու համակարգը, հավելավճարի, պարգևատրումների և խրախուսական բնույթի այլ վճարումների չափերը:

70. ՄՄՈՒՀ-ն իրականացնում է իր աշխատանքի արդյունքների օպերատիվ և հաշվապահական հաշվառում, սահմանված կարգով վարում է վիճակագրական և հաշվապահական հաշվետվություն, հիմնադրին է ներկայացնում տարեկան միջոցների մուտքերի և ծախսերի մասին հաշվետվություն:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.06.2002, N 1009-Ն 08.08.2002, N 25
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան