Գլխավոր տեղեկություն
Համար
N 931-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2002-27.06.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.31/28(203) Հոդ.658
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2002 թվականի N 931-Ն

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրումն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 27-ի N 931-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում անվտանգության կարգավորման ենթակա բնութագրեր ունեցող միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները՝ ապահովելու համար մարդկանց, սեփականության և շրջակա միջավայրի պաշտպանվածությունն իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից:

Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգության կարգավորման ենթակա բնութագրերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի «Միջուկային և ռադիացիոն նյութերի փոխադրման հատուկ կանոնները հաստատելու մասին» N 1263 որոշմամբ հաստատված միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման հատուկ կանոններով (այսուհետ՝ հատուկ կանոններ):

2. Կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած փոխադրամիջոցով միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման և դրա հետ կապված ցանկացած գործունեություն իրականացնող իրավաբանական ու ֆիզիկական անձանց վրա:

3. Ռադիոակտիվ նյութերի ներկրման ու արտահանման, միջուկային նյութերի արտահանման ու տարանցիկ փոխադրման, մաքսային ռեժիմի պահպանման հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով:

4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

ներքին փոխադրում՝ Հայաստանի Հանրապետության տարածքով մաքսային սահմանը չհատող փոխադրում.

տարանցիկ փոխադրում՝ Հայաստանի Հանրապետության տարածքով մաքսային հսկողության ներքո տեղափոխումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկու կետի միջև՝ առանց բեռնագիր փոխելու.

հատուկ պայմաններում իրականացվող փոխադրում՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման հատուկ կանոններից և անվտանգության նորմերի պահանջներից շեղումներով փոխադրում:

 

II. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Հայաստանի Հանրապետությունում միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումներն իրականացվում են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորող մարմնի (այսուհետ՝ կարգավորող մարմին) կողմից տրված անվտանգ փոխադրման թույլտվության առկայության դեպքում:

6. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման թույլտվության ձևը սահմանում է կարգավորող մարմինը:

7. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի՝ ներքին կամ մաքսային սահմանով յուրաքանչյուր փոխադրման համար անվտանգ փոխադրման թույլտվություն ստանալու նպատակով միջուկային և ռադիոակտիվ նյութեր պարունակող բեռն առաքողը պետք է կարգավորող մարմին ներկայացնի հայտ, որում պետք է նշված լինեն՝

ա) բեռն առաքողի անվանումը.

բ) բեռն առաքողի գտնվելու վայրը.

գ) առաքվող միջուկային կամ ռադիոակտիվ նյութի (նյութերի) տեսակը և քանակը.

դ) բեռան տրանսպորտային ինդեքսը, իսկ միջուկային նյութ պարունակող բեռան համար՝ նաև կրիտիկականության տեսակետից անվտանգության ինդեքսը.

ե) հատուկ պայմաններում իրականացվող փոխադրման համար՝ նշում դրա մասին.

զ) բեռան կարգը (կատեգորիան).

է) փաթեթի վրա նշված ՄԱԿ-ի համարը.

ը) բեռն ստացողի անվանումը.

թ) բեռն ստացողի գտնվելու վայրը.

ժ) բեռան առաքման հիմքը (պայմանագիր, համաձայնագիր և այլն).

ժա) բեռան փոխադրման միջոցը (բազմափուլ փոխադրման դեպքում՝ բոլոր փոխադրամիջոցները).

ժբ) բեռը փոխադրողի (փոխադրողների) անվանումը (անվանումները).

ժգ) բեռը փոխադրողի (փոխադրողների) գտնվելու վայրը.

ժդ) բեռան փոխադրման ժամանակահատվածը.

ժե) բեռան փոխադրման նախատեսվող երթուղին:

8. Հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը՝

ա) միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ գործունեության համար՝ բեռն ստացողի լիցենզիայի պատճենը.

բ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման համար՝ բեռը փոխադրողի լիցենզիայի պատճենը.

գ) բեռան փաթեթի սերտիֆիկատի պատճենը.

դ) հատուկ պայմաններում իրականացվող փոխադրման դեպքում՝ հատուկ կանոնների և անվտանգության նորմերի պահանջներից շեղումների անվտանգության ապահովման նպատակով փոխհատուցմանն ուղղված ցանկացած հատուկ տեխնիկական և վարչական միջոցառման մասին տեղեկանք.

ե) բեռան փոխադրման վթարային քարտի (վթարային քարտերի) պատճենը (պատճենները).

զ) բեռան փոխադրման ժամանակ ճառագայթային պաշտպանության ծրագիրը.

է) բեռն առաքողի հայտարարագրի պատճենը:

9. Կարգավորող մարմինը հայտի և կից փաստաթղթերի ստացման պահից 15-օրյա ժամկետում քննարկում և ընդունում է որոշում հայտարարված փոխադրումը թույլատրելու կամ մերժելու մասին:

10. Կարգավորող մարմնի կողմից միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը թույլատրելու կամ մերժելու մասին հայտատուին գրավոր տեղեկացվում է որոշման ընդունման օրվանից եռօրյա ժամկետում: Հայտատուն կարող է միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը մերժելու մասին կարգավորող մարմնի որոշումը բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կարգավորող մարմինը հայտարարված փոխադրումը մերժելու մասին որոշում է ընդունում՝

ա) եթե ներկայացված փաստաթղթերում առկա են այնպիսի տվյալներ, որոնք չեն համապատասխանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության, միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին.

բ) եթե ներկայացված փաստաթղթերում առկա են անճշտություններ կամ տվյալների աղավաղումներ.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

11. Միջուկային նյութի Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում բեռն առաքողը, ի լրումն սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերի, պետք է կարգավորող մարմին ներկայացվող հայտին կից ներկայացնի նաև միջուկային նյութի արտահանման և տարանցիկ փոխադրման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված թույլտվության պատճենը:

12. Եթե բեռն առաքողը նախատեսում է բազմակի անգամ նույն փոխադրամիջոցով նույն տեսակի ու քանակի միջուկային և ռադիոակտիվ նյութեր փոխադրել նույն բեռն ստացողին, ապա կարգավորող մարմինն իրավասու է բեռն առաքողին տալու անվտանգ փոխադրման ընդհանուր թույլտվություն՝ այդ փոխադրումների համար: Անվտանգ փոխադրման ընդհանուր թույլտվություն ստանալու համար բեռն առաքողը պարտավոր է կարգավորող մարմին ներկայացվող հայտում նշել փոխադրումների բազմակի բնույթի մասին, իսկ հայտին կից՝ ներկայացնել փոխադրումների ժամանակացանկը՝ մինչև երեք տարվա ժամանակահատվածի համար:

13. Եթե միջուկային և ռադիոակտիվ նյութերը փոխադրման ընթացքում, գրավոր համաձայնությամբ, փոխանցվում են մեկ այլ անձի, ապա բեռան հետագա փոխադրումը դիտվում է որպես նոր փոխադրում, և որպես առաքող է հանդես գալիս բեռն ընդունած անձը: Այս դեպքում բեռն ընդունած անձը փոխադրման համար պետք է ունենա սույն կարգի 5-10-րդ կետերի համաձայն ստացած անվտանգ փոխադրման թույլտվություն:

 

III. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

14. Բեռն առաքողը պարտավոր է միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման սկզբից ոչ ուշ, քան 5 օր առաջ կարգավորող մարմին ներկայացնել՝

ա) հատուկ կանոնների 4.60, 7.18 և 7.21-րդ կետերին համապատասխան տեղեկություններ պարունակող ծանուցագիր և 4.2-րդ կետին համապատասխան մինչև փոխադրումն իրականացված անվտանգության միջոցառումների ու պարտադիր փորձարկումների անցկացման մասին տեղեկանք.

բ) ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և բնապահպանության բնագավառներում պետական լիազորված մարմինների հետ համաձայնեցված փոխադրման երթուղու սխեման և փոխադրման ծրագիրը.

գ) օդային տրանսպորտով փոխադրման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օդային տրանսպորտի բնագավառում պետական լիազորված մարմնի հետ համաձայնեցված փոխադրման երթուղին և փոխադրման ծրագիրը:

15. Բեռն առաքողը պարտավոր է միջուկային և ռադիոակտիվ նյութերի յուրաքանչյուր փոխադրման սկզբից ոչ ուշ, քան 5 օր առաջ հայտնել նախատեսվող փոխադրման մասին և կարգավորող մարմնի կողմից տրված թույլտվության պատճենը ներկայացնել՝

ա) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառում պետական լիազորված մարմնի ղեկավարին.

բ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազորված մարմնի ղեկավարին.

գ) մաքսային սահմանով կամ տարանցիկ փոխադրման դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնի ղեկավարին:

16. Բեռն առաքողը և բեռն ստացողը միասին պարտավոր են միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ավարտից հետո 5-օրյա ժամկետում կարգավորող մարմին ներկայացնել ծանուցագիր՝ բեռան փոխադրման ավարտի մասին:

 

IV. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Բեռն առաքողը միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ պատասխանատու է հատուկ կանոնների պահանջներին համապատասխան բեռան փաթեթավորման, փորձարկման, պիտակավորման և նշագրման համար:

18. Բեռը փոխադրողը միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ պատասխանատու է՝

ա) փոխադրամիջոցի սարքին վիճակում լինելու համար.

բ) փոխադրամիջոցում հատուկ կանոնների պահանջներին համապատասխան բեռան ամրացման, փոխադրամիջոցի վրա անհրաժեշտ պիտակների և տարբերանշանների տեղադրման համար.

գ) փոխադրումն իրականացնող անձնակազմի պատրաստվածության համար:

19. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառում պետական լիազորված մարմինը միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ պատասխանատու է՝

ա) փոխադրվող միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության ապահովման գործողությունների համակարգման համար.

բ) ավտոմոբիլային տրանսպորտով միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման դեպքում՝ բեռը փոխադրողի հետ փոխադրման երթուղու ճշտման և այդ երթուղով բեռան անարգել փոխադրման պայմանների ապահովման համար:

20. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների բնագավառում պետական լիազորված մարմինը պատասխանատու է միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ հնարավոր վթարների դեպքում ազդակիր տարածքների բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգման համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան