Գլխավոր տեղեկություն
Համար
N 926-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2002-21.08.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.31/28(203) Հոդ.655
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2002 թվականի N 926-Ն

 

«ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ԵՎ «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել՝

ա) «Շիկահող» պետական արգելոցի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ՝

ա) «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Շիկահող» պետական արգելոցի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, բնության տարեգրության վարման ապահովումն է.

բ) «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

գիտաճանաչողական զբոսաշրջության, այդ թվում՝ էկոզբոսաշրջության կազմակերպում.

գիտական և գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում.

բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար նախադրյալների ապահովում.

էկոլոգիական և գիտաճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.

«Շիկահող» պետական արգելոցին վերաբերող գովազդի կազմակերպում.

տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.

«Շիկահող» պետական արգելոցի պահպանական գոտու տարածքում տարածաշրջանին բնորոշ արժեքավոր, հազվագյուտ և անհետացող կենդանիների ու բույսերի տեսակների վերարտադրության կազմակերպում.

գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկի տնօրինության շենքերը և շինությունները՝ համաձայն N 3 հավելվածի, ինչպես նաև համապատասխան հողատարածքը՝ ըստ անտառաշինական նախագծերի, «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով.

դ) մինչև վերակազմակերպումը «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրում:

4. «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝

ա) «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել դրա պետական գրանցումը.

բ) «Շիկահող» պետական արգելոցի անտառաշինական քարտեզների հիման վրա մեկ տարվա ընթացքում՝ սահմանված կարգով ապահովել «Շիկահող» պետական արգելոցի տարածքի քարտեզագրումը, արգելոցի ու դրա պահպանական գոտու սահմանների ճշտումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո՝ հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝

ա) սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության 1999-2001 թվականների պետական բյուջեների կատարման արդյունքներով «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկի ֆինանսավորման գծով առաջացած պարտքերը մարելու վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա՝ «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 9
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 926-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Շիկահող» պետական արգելոցը (այսուհետ՝ արգելոց) ստեղծվել է Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայկական ՍՍՌ բնության պահպանության մասին» օրենքի կիրառման մասին» N 341 որոշմամբ։

2. Արգելոցի ստեղծման նպատակներն են՝

ա) Ծավ և Շիկահող գետերի ավազանների ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանությունը.

բ) հարավային Հայաստանին բնորոշ հազվագյուտ և անհետացող վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց ապրելու միջավայրի պահպանությունը.

գ) բնական լանդշաֆտների, դրանց առանձին տարրերի, բնական գործընթացների ու երևույթների գիտական ուսումնասիրությունը՝ ուղղված արգելոցի տարածքի բնական էկոհամակարգերում ընթացող գործընթացների կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, բնության պահպանության գիտական հիմունքների մշակմանը, արգելոցի հարակից տարածքների համար բնության պահպանության և օգտագործման արդյունավետ ձևերի մշակման համար բազայի ապահովմանը.

դ) էկոլոգիական դիտանցի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը,

ե) գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ապահովումը.

զ) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

3. Արգելոցի տարածքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողերը՝ ներառյալ ջրերը, ընդերքը, կենդանական և բուսական աշխարհը:

4. Արգելոցի անվանումն է՝

հայերեն լրիվ՝ «Շիկահող» պետական արգելոց,

հայերեն կրճատ՝ «Շիկահող» ՊԱ,

ռուսերեն լրիվ՝ Государственный заповедник "Шикахох",

ռուսերեն կրճատ՝ ГЗ "Шикахох",

անգլերեն լրիվ՝ Shikahogh State Reserve,

անգլերեն կրճատ՝ Shikahogh SR։

 

II. ԱՐԳԵԼՈՑԻ ՌԵԺԻՄԸ

 

5. Արգելոցի տարածքում արգելվում են՝

ա) ջրային պաշարների շահագործումը և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

բ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելոցի բնականոն գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների և ճանապարհների շինարարության).

գ) որսորդությունը, ձկնորսությունը, կենդանիների ապրելու միջավայրի բնական պայմանների խախտումը.

դ) կենդանիների և բույսերի առանձին տեսակների թվի ավելացման նպատակով իրականացվող ցանկացած աշխատանք, ինչպես նաև դրանց նոր տեսակների ներմուծումը.

ե) հավաքածուների ստեղծման նպատակով նյութերի հավաքումը (բացառությամբ արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված նյութերի).

զ) վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի և հողերի պարարտացման նպատակով թունաքիմիկատների ու պարարտանյութերի օգտագործումը.

է) երկրաբանահետախուզական աշխատանքներ, որոնք ուղեկցվում են փորձնական հանույթներով, մակաբացումներով, պայթեցումներով և բնական միջավայրը խախտող այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ.

ը) օգտակար հանածոների մշակումը, հողային ծածկույթի խախտումը, հանքաշերտերի, հանքելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը.

թ) ծառահատումները, բույսերի, ծաղիկների ու սերմերի մթերումը, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ.

ժ) մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը՝ թույլատրված ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

ժա) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է արգելոցի բնական էկոհամակարգերն ու օբյեկտները կամ վտանգ է ստեղծում գիտական և (կամ) մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանության համար:

6. Արգելոցի տարածք մուտքը թույլատրվում է՝

ա) գիտահետազոտական աշխատանքների կատարման, ինչպես նաև արգելոցի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունների համար.

բ) զբոսաշրջության համար:

7. Արգելոցի տարածք մուտքը թույլատրվում է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի կամ լիազորված պետական մարմնի կողմից տրված անցագրերով:

 

III. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Արգելոցի պահպանությունն իրականացնում է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

IV. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

 

9. Արգելոցի պահպանական գոտին ընդգրկում է արգելոցին հատկացված տարածքում Ծավ և Շիկահող գետերի ջրհավաք ավազանների ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքը: Պահպանական գոտու տարածքում կարող են ընդգրկվել տարբեր սեփականատերերի պատկանող հողամասեր, այդ թվում՝ համայնքների վարչական տարածքներում ներառվածը: Դրանց օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

10. Արգելոցի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է արգելոցի էկոհամակարգին և դրա բնականոն զարգացմանը չվնասող՝ լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված ցանկացած տնտեսական գործունեություն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 926-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական, գիտահետազոտական, գիտաճանաչողական (էկոկրթական) կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ հիմնադիր):

3. Կազմակերպության կանոնադրությունը դրա հիմնադիր փաստաթուղթն է:

4. Կազմակերպությունը «Շիկահող» պետական արգելոցի (այսուհետ՝ արգելոց) տարածքում ապահովում է արգելոցի կանոնադրությամբ ամրագրված պահանջների կատարումը:

5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Կազմակերպության անվանումն է՝

հայերեն լրիվ՝ «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ՝ «Շիկահող» ՊԱ ՊՈԱԿ,

ռուսերեն լրիվ՝ Государственная некоммерческая организация "Государственный заповедник "Шикахох",

ռուսերեն կրճատ՝ ГНО ГЗ "Шикахох",

անգլերեն լրիվ՝ Shikahogh State Reserve, State Non-Commercial Organization,

անգլերեն կրճատ՝ Shikahogh SR SNCO։

7. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, գ. Շիկահող։

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

8. Կազմակերպության առարկան և նպատակն արգելոցի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, բնության տարեգրության վարման ապահովումն է: Այդ նպատակով կազմակերպությունը՝

ա) ապահովում է Ծավ և Շիկահող գետերի ավազաններում բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանությունը, կազմակերպում և իրականացնում է դրանց գիտական ուսումնասիրությունը.

բ) կազմակերպում և իրականացնում է բնական էկոհամակարգերի ու դրանց առանձին բաղադրիչների, բուսական և կենդանական աշխարհի հաշվառումն ու նախապատրաստում կադաստրի վարման համար անհրաժեշտ նյութերը.

գ) իրականացնում է էկոլոգիական դիտանց, վարում բնության տարեգրությունը և կազմակերպում բնության թանգարանի գործունեությունը: Թանգարանում պահպանվում ու ցուցադրվում են արգելոցի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի էկոհամակարգերի ու դրանց տարրերի վերաբերյալ ցուցանմուշներ, հավաքածուներ և տեղեկատվություն.

դ) կանխարգելում է մարդու գործունեության հետևանքով արգելոցի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացները.

ե) կազմակերպում է գիտաճանաչողական զբոսաշրջություն (այդ թվում՝ էկոզբոսաշրջություն).

զ) սահմանված կարգով իրականացնում է հրդեհային անվտանգության միջոցառումներ.

է) ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արգելոցի կանոնադրությամբ սահմանված դրույթների կատարումը.

ը) իր իրավասության սահմաններում իրականացնում է բնակչության էկոլոգիական կրթությանն ու դաստիարակությանն ուղղված միջոցառումներ.

թ) ծրագրում և կազմակերպում է գիտահետազոտական աշխատանքներ.

ժ) անդամակցում է միջազգային բնապահպանական կազմակերպություններին, մասնակցում միջազգային բնապահպանական ծրագրերին.

ժա) պատրաստում ու հրատարակում է գիտական և գիտաճանաչողական գրականություն ու տեղեկատվական նյութեր.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

9. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) գիտաճանաչողական զբոսաշրջության, այդ թվում՝ էկոզբոսաշրջության կազմակերպում.

բ) գիտական ու գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում.

գ) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար նախադրյալների ապահովում.

դ) էկոլոգիական և գիտաճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,

ե) արգելոցին վերաբերող գովազդի կազմակերպում.

զ) տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.

է) արգելոցի պահպանական գոտու տարածքում տարածաշրջանին բնորոշ արժեքավոր, հազվագյուտ և անհետացող կենդանիների ու բույսերի տեսակների վերարտադրության կազմակերպում:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, դրա լիազորված պետական մարմինը և գործադիր մարմինը՝ տնօրենը:

11. Կազմակերպության հիմնադիրն ունի դրա գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնականապես լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

12. Հիմնադրի լիազորությունները սահմանվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

13. Պետական լիազորված մարմնի լիազորություններն են՝

ա) կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների սահմանված կարգով ստեղծումը.

բ) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.

գ) կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

դ) կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ե) կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

զ) կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննարկելը.

է) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ը) կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

թ) կազմակերպության լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

ժ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործառույթների իրականացումը:

14. Կազմակերպության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը: Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի ու լիազորված մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն՝ օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

15. Տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման՝ օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

16. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

17. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

18. Տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

19. Տնօրենի բացակայության դեպքում, լիազորված պետական մարմնի գրավոր որոշման համաձայն, այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

20. Տնօրենի տեղակալները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են լիազորված պետական մարմնի կողմից՝ տնօրենի ներկայացմամբ։

21. Տնօրենը՝

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում դրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

թ) ապահովում է կազմակերպության գործունեության մասին համապատասխան հաշվետվությունների կազմումը և դրանք սահմանված կարգով ներկայացնում լիազորված պետական մարմին.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է միջոցներ՝ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից արգելոցի ռեժիմի խախտման հետևանքով բնությանը պատճառված վնասը հատուցելու համար.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմինների չվերապահված այլ լիազորություններ:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

22. Արգելոցի պահպանությունն իրականացվում է կազմակերպության պահպանության ծառայության՝ պահպանության բաժնի և տեղամասային տեսուչների միջոցով: Պահպանության բաժնի ղեկավարն ի պաշտոնե նաև տնօրենի տեղակալն է:

23. Պահպանության ծառայության աշխատողները՝

ա) ապահովում են արգելոցի կանոնադրությամբ սահմանված բնապահպանական նորմերի և կանոնների կատարումն արգելոցի տարածքում.

բ) ստուգում են արգելոցի տարածք մուտք գործող անձանց անցագրերը.

գ) կանխում են արգելոցի ռեժիմը խախտող ցանկացած գործողություն.

դ) կազմում են արգելոցի ռեժիմի խախտումների մասին արձանագրություններ, դրանք ներկայացնում տնօրենին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալու համար.

ե) իրավախախտողի անձը խախտման վայրում պարզելու անհնարինության դեպքում կարող են նրան բերել մոտակա ներքին գործերի մարմին.

զ) օրենքով սահմանված դեպքերում վերցնում են արգելոցի ռեժիմը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող իրերն ու փաստաթղթերը.

է) ապահովում են արգելոցի պահպանական գոտու տարածքում գտնվող ֆիզիկական անձանց և կազմակերպությունների կողմից արգելոցի կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարումը:

24. Պահպանության ծառայության աշխատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի կրելու համազգեստ և օգտագործելու քաղաքացիական ու ծառայողական զենք:

25. Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ պահպանության ծառայության աշխատողների առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

26. Կազմակերպության կողմից իրականացվող գիտական հետազոտություններն ուղղվում են արգելոցի տարածքի բնական էկոհամակարգերի ուսումնասիրմանը, գործընթացների և երևույթների դիտանցին, դրանց կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, էկոլոգիական վիճակի գնահատմանն ու կանխատեսմանը։

27. Արգելոցի տարածքում գիտահետազոտական աշխատանքները կազմակերպում է գիտության բաժինը, որի ղեկավարն ի պաշտոնե նաև տնօրենի տեղակալն է:

28. Կազմակերպության գիտության բաժինը՝

ա) կազմակերպում և իրականացնում է արգելոցի էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների ուսումնասիրությունը.

բ) արգելոցի տարածքում կազմակերպում և իրականացնում է շրջակա միջավայրի դիտանցը.

գ) պատրաստում և հրատարակում է գիտահետազոտական ու գիտաճանաչողական նյութեր:

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

29. Կազմակերպությունն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում (տիրապետում) է իրեն ամրացված գույքը:

30. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված տրանսֆերտներից և կազմակերպության կողմից միջոցառումների իրականացման ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ մուտքերից:

31. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է կազմակերպության կանոնադրական նպատակներին համապատասխան:

32. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվներ՝ Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ ) արտարժույթով:

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

33. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով:

Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 926-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Շիկահող» պետական արգելոց» ոչ առԵՎտրային կազմակերպությանն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի ԵՎ շինությունների

 

Գույքի անվանումը Քանակը (հատ) Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ)
Տնակ՝ անտառապետի 1 64,0
Ընդամենը 1 64,0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան